• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2008

Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը «ՌԱԴՈ-Ս-ԳՐՈՒՊ»

   

Խաչատուր Դադայան

image (medium)Հոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի հեծանիվ ուներ, որին բոյը չէր հասնում, ոտքը շրջանակից ներս էր մտցնում, տատը գրկում էր իր կապած ավելները, մի կերպ տեղավորվում հետեւի նստարանին, ու տղան որքան ուժ ուներ պտտում էր ոտնակները. շուկայում պիտի ավելները ծախեին, որպեսզի ընտանիքը հացի փող ունենար: Շուրջ 30 տարի անց Ռադոն կասեր. «Բիզնեսը հեծանվի նման մի բան է, քանի դեռ ոտնակները պտտում ես՝ գնում ես, դադարես պտտել՝ վայր կընկնես»: 8-րդ դասարանում օրական 2000 կոտլետ էր պատրաստում ու բաժանում դպրոցներին, ինչի համար ստացավ «Կուպեց» մականունը:

Առհասարակ նա ամբողջ կյանքում մշտապես ինչ-որ մի բան վաճառել է՝ քաղցրանուշ «բամբակ», տնտեսական ապրանքներ, ձմերուկ, այն ամենն, ինչ կարող էր փող բերել, եւ պատահական չէ, որ արդեն պատանեկան հասակում «կապիտալիստական աշխատանքի հարվածային» էր:

Զորակոչվեց խորհրդային բանակ, ծառայում էր Կրասնոյարսկում, բայց այստեղ էլ հանգիստ չմնաց՝ զինվորներից կազմում էր շինջոկատներ եւ ծածուկ մասնավոր ամառանոցներ կառուցում: Ծառայությունն ավարտելուց հետո սկսեց զբաղվել զբոսաշրջությամբ ու եղավ անծայրածիր ԽՍՀՄ-ի բազում քաղաքներում:

Բայց այն ամենն, ինչով զբաղվում էր «կապիտալիստական աշխատանքի հարվածայինը», կոչվում էր սպեկուլյացիա ու հետապնդվում օրենքով, այդ իսկ պատճառով Ռադոն որոշեց փախչել արտասահման: Այդ նպատակով հայտնվեց Օդեսայում, որպեսզի տեղավորվի որեւէ նավի անձնակազմում եւ առաջին իսկ պատեհ պարագայում մնա օտար ափերում: Բայց սկսվեց գորբաչովյան «պերեստրոյկան», եւ Ռադոն վճռեց սպասել ու տեսնել, թե ինչ է լինելու: Շուտով արձակվեց կոոպերացիայի՝ մասնավոր տնտեսավարման ու մասնակի սեփականատիրության մասին օրենքը, եւ Ռադոն անցավ գործի. Օդեսայում սկսեց արտադրել խաղալիքներ, սանիտարական տեխնիկա, ապա վաճառեց էլեկտրոնային ապրանքներ, սիգարետներ, շամպայն, շաքար, ալյուր, մի խոսքով՝ այն ամենն, ինչ պահանջարկ ուներ: Սակայն դա ոչ թե ստեղծարար աշխատանք էր, այլ ջրի երեսին մնալու ճիգ: Եվ միակ բանը, որ Ռադոն ձեռք բերեց, դա շուկայի փայլուն իմացությունն էր եւ անգնահատելի փորձառությունը, այն, ինչը ոչ թե համալսարաններն են սովորեցնում, այլ՝ կյանքը:

Այժմ անցնենք այն բանին, ինչն այս մարդուն դարձրել է բացառիկ, եզակի, իսկ նրա գործունեությունը՝ աներեւակայելիությանը սահմանակից:

Միանգամայն պատահաբար մեր աչքին ընկավ «Ներդրողների ակումբ» մոսկովյան կայքէջը, որտեղ 2006-ի ապրիլի 19-ին (կխնդրեինք ուշադրություն դարձնել այս տարեթվին) «Rado-S-Group» ընկերության նախագահ Ռադիկ Ռազմիկի Սահակյանը «Անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ» վերնագրով մի հայտարարություն էր զետեղել: Իմաստն այն էր, որ նա իրավաբանական ու ֆիզիկական անձանցից 1000-ից 100 հազար դոլար ներդրում էր խնդրում 1-6 ամիս ժամկետով՝ խոստանալով ամսական 10% հավելավճար: Այդ տոկոսադրույքը բանկայինից այնքան բարձր էր (ավելի քան 10 անգամ), որ սկսվեց ֆինանսական ներդրումների հեղեղ: Բայց Ռադոն ինչպե՞ս պետք է ապահովեր կապիտալի վերադարձը (ինչն, ի դեպ, հետագա երկու տարվա ընթացքում ոչ մի անգամ չխախտեց): Դրա համար նա ուներ մի քանի հենք՝ շուկայի իմացություն եւ ընկերության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմ, ներդրումային նոր տեխնոլոգիաներ ու կապեր, ձեռնարկատիրական ոգի եւ ամեն ինչում առաջինը լինելու բուռն, հարձակողական ցանկություն: Այլ կերպ ասած, Ռադոն գիտեր` որ ոլորտներում փող ներդնի, որպեսզի շահույթ ստանային թե՛ ներդնողը, թե՛ ինքը, գումարած ֆանտաստիկ աշխատասիրությունը:

Արդյու՞նքը: Մեկուկես տարվա ընթացքում՝ 2006-ի ապրիլից, երբ մեկնարկային կապիտալ էր փնտրում, մինչեւ 2007-ի վերջ, Ռադոն ունեցավ շուրջ 15.000 ներդրող, որոնց ֆինանսների շնորհիվ գործունեություն ծավալեց աշխարհի 20 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ուր հիմնեց բիզնեսի 39 ճյուղ: Դիցուք, «Rado-S-Group» հոլդինգը զբաղվում է ալմաստի վերամշակմամբ՝ հումք է ձեռք բերում Կոնգոյից ու Գվինեայից եւ մտադիր է ոսկերչական արտադրություն սկսել Եվրոպայում: Զբաղվում է նավթավերամշակմամբ ու նավթամթերքների վաճառքով: Պերմի մարզից խտացրած գազ է իրացնում Կրասնոդարի երկրամասում եւ շուտով գազալցման կայանների ցանց կստեղծի Ռուսաստանով մեկ: Գնում է անտառափայտ, վերամշակում եւ արտադրում բարձրակարգ կահույք: Ազովի ծովում աճեցնում է թառափաձուկ: Զբաղվում է շոու-բիզնեսով եւ այլն, եւ այլն: Զուր չէ, որ Ռադոն ասում է. «Չկա այնպիսի բնագավառ, որտեղ ես չլինեմ»:

2007-ի հոկտեմբերին մոսկովյան «Элита общества» հեղինակավոր ամսագիրը Ռադիկ Սահակյանի մեծադիր լուսանկարը զետեղեց շապկին ու նրա մասին ծավալուն հոդված հրապարակեց: Նույն թվականի դեկտեմբերին «Forbes» հանդեսի ռուսական հրատարակությունը տպագրեց մի հոդված, որը վերնագրել էր. «Rado-S-Group. նոր առաջատարի ծնունդը»:

2008 թ. փետրվարի 20-ին Կրեմլի Մեծ պալատի Պետրովսկի դահլիճում կայացավ «Տարվա մարդ-2007» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Գրան-պրի» մրցանակի արժանացան ՌԴ վարչապետ Վ. Զուբկովը, արտգործնախարար Ս. Լավրովը, «Նեմիրոֆ հոլդինգի» տնօրենների խորհրդի նախագահ Ա. Գլուսը, երգիչներ Ի. Կոբզոնը եւ Դ. Բիլանը, Ռուսաստանում «Ռենեսանս կապիտալ» ներդրումային խմբի գլխավոր տնօրեն Ռուբեն Աբելի Աղանբեկյանցը եւ այլք: «Բիզնեսում հաջող ռազմավարության համար» անվանակարգում հատուկ մրցանակով պարգեւատրվեց Ռադիկ Ռազմիկի Սահակյանը:

...48-ամյա Ռադոյի հոլդինգը՝ իր 200 աշխատակիցներով, գտնվում է Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի 14-րդ հարկում: Նրա աշխատասեղանին կա շնաձկան արծաթե մի մանրաքանդակ, իսկ ակվարիումում լողում է իսկականը, կենդանին: Ռադոն ասում է. «Իր գոյության բազմադարյա պատմության ընթացքում շնաձուկը ոչ մի անգամ չի դավաճանել սկզբունքներին: Նա խելացի է, նրբագեղ եւ ազնիվ զոհի հանդեպ՝ առանց խորամանկությունների ու այլեւայլության առճակատ հարձակվում է: Ես հիանում եմ այս կենդանիով եւ ձգտում նմանվել նրան, բնականաբար՝ ոչ արյունարբության իմաստով: Ես ուզում եմ դառնալ բիզնեսի իսկական շնաձուկ եւ կդառնամ»:

Ուզում է եւ կդառնա, անկասկած:

AZG Armenian Daily #094, 17/05/2008
http://www.azg.am/AR/2008051730


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր