«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ՝ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ

Ցեղասպանություններ, ջարդեր, կոտորածներ, բռնի տեղահանումներ, պատմական հայրենիքի ու տարածքների կորուստ... Այս ամենի մասին այնքան է գրվել, հարկի ու անհարկի խոսվել, ներարկվել յուրաքանչյուր հայի մեջ, որ վերածվել է ազգային բարդույթի: Ասես Արարիչը մեզ ստեղծել է որպես աշխարհի նահատակ-ժողովուրդ: Ավելորդ է ասել, որ ներկայիս տեղեկատվական պատերազմների օրավուր ահագնացող ժամանակներում ազգային բարդույթը դիտավորյալ, միտումնավոր խորացվում է՝ նպատակ ունենալով մեզ դարձնել նկուն, օտարի կամքին հլու-հնազանդ հաճկատար:
Ի՞նչ կարող ենք և պարտավոր ենք հակադրել մենք: Թեկուզ այն, ինչ արել են «Մեր հաղթանակները» գրքի հեղինակները: Հրատարակությունը լույս է ընծայվել նախագծի հեղինակ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ.Հարությունյանի, գիտական խմբագիր Է.Դանիելյանի, հեղինակներ Ս.Մարտիկյանի և Ա.Մովսիսյանի տարիների ջանքերի շնորհիվ: Ինչի՞ մասին է այն՝ հայոց ռազմական հաղթանակների: Հրատարակությունը լինելու է քառահատոր, և ահա սեղանին է առաջինը, որն ընդգրկում է Հայկի ու Բելի ճակատամարտից (Ք.ա. 2492թ.) մինչև Սասանյանների դեմ Տրդատ Բ-ի պատերազմն (228-232թթ.) ընկած ժամանակները: Հենց սկզբից հարկ եմ համարում նշել, որ գրքարվեստի, գրքային արտադրանքի, նյութի մատուցման տեսանկյունից «Մեր հաղթանակները» անբիծ է, գրեթե իդեալական: Շարադրանքը դյուրընթեռնելի է, ըմբռնելի, զերծ ավելորդ «գիտական» սեթևեթանքներից: Յուրաքանչյուր ճակատամարտ ներկայացված է վիպասքային մեջբերումներով, համապատասխան տեղեկանքներով, տողատակի գիտական ծանոթագրություններով, պատկերներով, զենքերի գծանկարներով (Թ. Հմայակյան) և, որ կարևորն է, քարտեզներով (Տ.Վարդանյան): Իսկ գրքի վերջում զետեղված է ռազմական տերմինների անչափ ուսանելի ու հետաքրքրական բառարան: Այս ամենի ընդհանրական համադրությունից ընթերցանությունը պարգևում է մեծագույն հաճույք, ուրախություն և առաջացնում վաղուց կորսված հպարտության, արժանապատվության զգացում:
Իրավացիորեն ու խիստ ուշացած բողոքում ենք Եթերահրեշի՝ հայկական հեռուստատեսության կործանարար արտադրանքից: Նույնիսկ մոդա է դարձել, գլուխ գովելու «մրցություն» ծավալել, թե ով ինչ հաջողությամբ կարողանում է սեփական երեխաներին զերծ պահել նողկալի սերիալները նայելուց: Կարծում եմ, նոր մրցություն կձևավորվի, և ծնողները կհպարտանան, թե իրենց երեխաները օրական քանի էջ են կարդացել «Մեր հաղթանակները» գրքից:
www.azatamtutyun.amդեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ[25.09.2009]
- ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում) [28.01.2009]
- -ԲՆԱԿ ԲԱՂԱԴՐՅԱԼՈՎ [27.01.2009]
- «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ[15.01.2009]
- ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ[18.09.2008]
- Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը «ՌԱԴՈ-Ս-ԳՐՈՒՊ»[16.06.2008]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ[12.06.2008]
- ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ[06.06.2008]
- Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին[04.06.2007]
- Թուրքական քարոզչություն՝ փոխհատուցման դիմաց[23.04.2007]