Թուրքական քարոզչություն՝ փոխհատուցման դիմաց

Թուրքական կառավարության կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը և այդ խնդրի քաղաքական ու տեղեկատվական հնչեղությունը չեն կարող շփոթության մեջ գցել որևէ մեկի։ Հատկանշական է, որ Սբ. Էջմիածնի և Անթիլիասի կաթողիկոսության դիրքորոշումը հստակ էր՝ չմասնակցել անխաչ Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը։ Միևնույն ժամանակ, մեզ համար շահեկան է թեկուզ այն հանգամանքը, որ եկեղեցին այժմ թանգարան է։ Գուցե կգա մի օր, երբ եկեղեցին ծառայի իր կոչմանը։
Թուրքիան Սբ. Խաչի վերականգնման համար ծախսել է շուրջ $2 մլն, ինչը մի կաթիլ է այն վիթխարի փոխհատուցումից, որ այդ երկիրը պետք է վերադարձնի հայերին։
Հայոց ցեղասպանագիտությունը, ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրելով հայերի զանգվածային բնաջնջման հիմնական շարժառիթները, շատ դեպքերում անուշադրության է մատնել տնտեսական դրդապատճառը։ Բացառությամբ առանձին հեղինակների (Լ.Վարդան, Հ.Ղազարյան), տնտեսական գործոնը հետազոտողների մտածիրից դուրս է մնացել։ Մինչդեռ հայոց ունեցվածքը բռնազավթման մշտական թիրախ էր թե՛ օսմանյան թուրքերի, թե՛ դեռևս ազգային ինքնություն չունեցող ադրբեջանցիների համար։
Այս տեսանկյունից ուշագրավ է պատմաբան Ե.Խաթանասյանի դիտարկումը. «Ի՞նչ է գումարը Թուրքիայի հայության այն հարստության՝ անձնական, ազգային ու հավաքական (միությունների, ընկերությունների և կազմակերպությունների), որ Մեծ Եղեռնի ժամանակ թուրք կառավարությունը գրավեց, կողոպտեց ու փչացրեց։ 1919-ին Հայ Ազգային պատվիրակությունը պաշտոն հանձնեց օտար և հայ մասնագետներից բաղկացած մի հանձնախմբի՝ թրքահայության մինչև Մեծ Եղեռնը ունեցած հարստությունը գնահատելու գործը։ Մանրակրկիտ և բարեխիղճ ուսումնասիրությունից հետո հանձնախումբը վերջնապես և միաձայնաբար հանգեց այն եզրակացության, որ հայությունից Թուրքիայի հափշտակած հարստության արժեքը հասնում է 3 մլրդ 350 մլն դոլարի»1։
50 տարի անց հեղինակն այս գումարին ավելացրել էր տարեկան 5%2 և ստացել $37 մլրդ 145 մլն 641.595 գումար։ (Թվաբանական պարզ գործողությամբ կարելի է ստանալ նոր ցուցանիշ՝ 1965-2007թթ. կտրվածքով)։
1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական զորքը՝ Ադրբեջանի Հանրապետության կառավարության հետ մեկտեղ, գրավեց Բաքուն, և ճիշտ երկու ամիս ադրբեջանցիները թուրք զինվորների օգնությամբ իրականացնում էին հայկական ջարդեր3։ Քաղաքում մնացած 57.380 հայից, ոչ լրիվ հաշվարկներով, երկու ամսում ոչնչացվեց 29.063-ը։
Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքը հետ քաշվեց, և նոյեմբերի 17-ին Բաքու մտավ դաշնակից երկրների զինուժը՝ բրիտանացի գեներալ Թոմսոնի գլխավորությամբ։ Արդեն նոյեմբերի 21-ին Ելիզավետպոլում գտնվող թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Նուրի փաշային Թոմսոնն ուղարկեց հետևյալ հեռագիրը. «Բաքու ժամանելուն պես զեկույցներ են ստացվել օսմանյան զինվորների կողմից թալանի և ունեցվածքին հասցված վնասների մասին։ Բաքվում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից կազմվել է հանձնաժողով՝ ապացուցված վնասների ընդհանուր արժեքի գնահատումը հետաքննելու համար։ Քանի որ ապագա գումարը պետք է փակվի Թուրքիայի հաշվին (ընդգծ.՝ Խ.Դ.), Ձեզ գրում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք վերադարձնելու ունեցվածքը։ Հայտնում եմ Ձեզ, որ անհրաժեշտություն ծագելու դեպքում կձևավորվեն այլ հանձնաժողովներ՝ բողոքները քննարկելու համար։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է Ձեզ և Ձեր գեներալներին տեղեկացնել սույն մտադրության մասին»4։
Դեկտեմբերին ստեղծվեց «Դաշնակից տերությունների վերստուգիչ հանձնաժողով» անվամբ պաշտոնական, միջազգային մի մարմին, որի 30 անդամներից 7-ը հայեր էին։ Հանձնաժողովը Բաքվի ողջ բնակչությանն առաջարկեց ներկայացնել ցուցակ-նախահաշիվներ՝ փոխհատուցման չափը պարզելու նպատակով, ապա ստուգեց դրանց իսկությունը, իսկ 1919թ. ապրիլին վերջացրեց ու հրապարակեց ամփոփիչ տվյալները։ Օրինական վճարման ենթակա ճանաչվեց. հայերին՝ 453 մլն 184.126 ռուբլի, ռուսներին և այլ ազգերի ներկայացուցիչներին՝ 48 մլն 824.531ռ., վրացիներին՝ 3 մլն 995.049ռ., մուսուլմաններին (պարսիկներ, լեզգիներ, ադրբեջանցիներ)՝ 2 մլն 226.822ռ., հավաքական սեփականատերերին (ֆիրմաներ, գործարաններ, ձեռնարկություններ, միություններ)՝ 83 մլն 871.114ռ.։ Ընդ որում, յուրաքանչյուր վնասակրի տրամադրվեց համապատասխան պաշտոնական չեկ՝ փոխհատուցման գումարի նշումով։
Որպեսզի պարզ լինի վերոհիշյալ գումարների ներկա արժեքը, կատարել ենք հետևյալ հաշվարկը։ 1919թ. ֆունտ ստերլինգի և ռուբլու փոխարժեքն ուներ 1։10 հարաբերակցություն, հետևաբար այդ գումարները պակասեցրել ենք 10 անգամ, ապա 1919-2006թթ. ժամանակային ընդգրկմամբ դրանց ավելացրել տարեկան 5% դրույքաչափը և ստացել այսպիսի պատկեր. Թուրքիայի կողմից փոխհատուցման ենթակա գումարը ներկայումս կազմում է 4 մլրդ 552 մլն 032.960 ֆունտ ստերլինգ, որից հայերի մասնաբաժինն է 3 մլրդ 518 մլն 847.403 ֆունտ ստերլինգ։
Սակայն 1918թ. բաքվահայոց ցեղասպանության նյութական փոխհատուցման հարցում իրավական տեսակետից լիովին պատասխանատվություն է կրում նաև ներկայիս Ադրբեջանը։ 1991թ. հոկտեմբերի 18-ին այդ երկրում ընդունվել է «Ադրբեջանական Հանրապետության սահմանադրական ակտը Ադրբեջանական Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին, որի 2-րդ հոդվածում ասված է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյատևած Ադրբեջանական Հանրապետության ժառանգորդն է»։
1918թ. Բաքվի հայության ջարդերն իրականացվեցին ոչ միայն ադրբեջանական կառավարության դրդմամբ ու խրախուսմամբ, այլև ուղղակի մասնակցությամբ։ Եթե ներկայիս Ադրբեջանն իր նախորդի ժառանգորդը, իրավահաջորդն է, ապա պարտավոր է ստանձնել նաև փոխհատուցումը։ Իսկ դա՝ նույնակերպ հաշվարկով, 1918-1920թթ. և 1991-2006թթ. ժամանակային ընդգրկմամբ, ունի հետևյալ տեսքը. Բաքվում սպանված կամ չսպանված, բայց թալանված բնակիչների ժառանգորդներին Ադրբեջանը ներկայումս պարտք է 134 մլն 149.279 ֆունտ ստերլինգ։ Որից հայերին՝ 102 մլն 674.461 ֆունտ ստերլինգ, ռուսներին և այլ ազգերի ներկայացուցիչներին (գերմանացիներ, ավստրիացիներ, հրեաներ, լեհեր, չեխեր, ֆրանսիացիներ, լատվիացիներ և այլք)՝ 11 մլն 062.275, վրացիներին՝ 905.159, մուսուլմաններին՝ 504.529, հավաքական սեփականատերերին՝ 19 մլն 002.855 ֆունտ ստերլինգ։
Պետք է հաշվի առնել, որ թե՛ Ե.Խաթանասյանի և թե՛ մեր հաշվարկներն ունեն թերի կողմ. մենք միայն կատարել ենք թվաբանական պարզ հաշվարկ՝ առանց հաշվի առնելու այնպիսի գործոններ, ինչպիսիք են փողի արժեզրկումը, գնողունակությունը և այլն. այդ դեպքում տոկոսադրույքներն ու ընդհանուր պատկերն այլ կլինեին։ Դա անելու, ճշգրիտ գումար ամրագրելու համար անհրաժեշտ է տնտեսագետների, ֆինանսիստների համադրված աշխատանք։ Համոզված ենք, որ փոխհատուցման գործընթացը5 պետք է իրականացվի միջազգային համապատասխան իրավական ատյաններում։
1 Խաթանասեան Ե., Հայոց թիւը, Բոստոն, 1965թ., էջ 22։
2 Համաշխարհային բանկային պրակտիկայում ընդունված կարգի համաձայն, եթե կողմերի միջև չկային պայմանագրային հարաբերություններ, ապա դրույք էր համարվում 5%-ը։
3 Տե՛ս Իշխանեան Բ., Բագուի մեծ սարսափները, Թիֆլիս, 1920թ.։
4 ՀՀ Ազգային արխիվ, ֆ. 200, ց. 1, գ. 39, թ. 50։
5 Փոխհատուցման հետ կապված շրջանցված են 1989-ից Ադրբեջանի հայության ջարդերը, բռնի տեղահանումները և նրա ունեցվածքին տիրանալու հետ կապված խնդիրները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ[25.09.2009]
- «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ՝ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ [27.02.2009]
- ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում) [28.01.2009]
- -ԲՆԱԿ ԲԱՂԱԴՐՅԱԼՈՎ [27.01.2009]
- «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ[15.01.2009]
- ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ[18.09.2008]
- Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը «ՌԱԴՈ-Ս-ԳՐՈՒՊ»[16.06.2008]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ[12.06.2008]
- ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ[06.06.2008]
- Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին[04.06.2007]