• am
  • ru
  • en
Версия для печати
28.01.2009

ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում)

   

Խաչատուր Դադայան

mass media (original)Վերջին ժամանակներս Հանրային հեռուստատեսության հասցեին հնչած քննադատությանն ի պատասխան Հանրային հեռուստառադիոընկերության պատասխանատուները արտահայտեցին այն միտքը, թե հեռուստատեսությունը հասարակության հայելին է, ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսի էլ՝ հեռուստատեսություն։

Սա ակնհայտ սնանկ պնդում է, որովհետև Հանրայինն ինքը կոչված է հասարակություն ձևավորել։ Ավելին, որպես պետբյուջեից ֆինանսավորվող կառույց, այն պարտավոր է հետապնդել պետական-ազգային շահ, այլ ոչ թե լինել կրավորական հայելի։ Փաստ է ՀՀ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ցուցում-պատգամը, թե կունենանք նոր հեռուստատեսություն, չի կատարվել։ Եթերը նախկինի նման հեղեղված է «աստղերի» ցածրաճաշակ շոուներով, անբովանդակ զրույցներով, չկան վերլուծական, քաղաքական, տնտեսական, մշակութային, Սփյուռքին նվիրված, ազգային լրջմիտ հաղորդումներ (բացառություն է միայն «Հայ ասպետ» ուսումնակրթական հաղորդաշարը)։ Չեն լուսաբանվում-պարզաբանվում կառավարության նախաձեռնությունները, ինչի արդյունքում մարդիկ պարզապես փողոց են դուրս գալիս։

Ի դերև ելան «Արարատ» ալիքի հետ կապված հույսերը։ Այն ոչ մի դերակատարություն չունի պետական-ազգային մշակութային քաղաքականություն մշակելու խնդրում։

Էլ ավելի անմխիթարական է պետբյուջեից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի վիճակը։ Դրանք ամենացածր վարկանիշ, ընթերցողական ամենափոքր լսարան ունեցող լրագրերն են, որոնք հանրային կարծիքի վրա ներազդելու ունակությունից զուրկ են։ Այնինչ, դրանք պետք է ոչ թե հիշեցնեին «գովազդային վահանակներ», այլ լինեին հզոր կռվաններ հիմնադիրների ձեռքում։ Հենց այս երկու թերթերը պետք է մրցակցային հիմունքներով հանդիսանային գաղափարախոսական լուրջ հրատարակություններ՝ ի հակակշիռ ընդդիմադիր մամուլի։

Ավելորդ չենք համարում նշել մի անպատվաբեր երևույթի մասին ևս։ Վերջերս Ադրբեջանում կազմվել է շորթմամբ զբաղվող 36 լրատվամիջոցների ցանկ, սակայն նույն արատն առկա է նաև Հայաստանում։ Դրամաշորթությունը, պատվերով հոդվածներն ու հաղորդումները, մատուցած «ծառայության» դիմաց «պատասխան» պահանջելու պրակտիկան լայն տարածում ունի։ Երբ մասնավոր, «անկախ» կամ կուսակցական ԶԼՄ-ներն են նման մարմաջով առաջնորդվում, դա նախ բարոյականության խնդիր է։ Բայց երբ նույն բանն անում են պետական լրատվամիջոցների ներկայացուցիչները, անթույլատրելի, ուղղակի հարված է պետության, իշխանության հեղինակությանը։

Ազգային անվտանգության ռազմավարության բաղադրյալ հանդիսացող տեղեկատվական անվտանգության հայեցակարգը մշակելուց հետո իրականացման փուլ անցնելիս հարկավոր կլինեն համապատասխան գործիքներ։ Առաջին հերթին դրանք պետք է լինեն պետական լրատվամիջոցները, բայց ոչ նման վիճակով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր