• am
  • ru
  • en
Версия для печати
22.11.2017

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

   

«21-ՐԴ ԴԱՐ» N 6, 2017


Հրայր Փաշայան

Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ք.գ.թ., դոցենտ
Լիանա Բալայան
Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի

Արդի գլոբալացվող աշխարհն ունի բնորոշ այնպիսի մարտահրավերներ ու սպառնալիքներ, ինչպիսին են ահաբեկչությունը, բնապաշտպանական հիմնախնդիրները, միջուկային պատերազմի սպառնալիքը, իսլամական ծայրահեղականությունը, կիբեռանվտանգությունը և այլն: Լինելով միջազգային հանրության մի մասնիկը՝ Արցախը, բնականաբար, նույնպես զերծ չէ այդ վտանգներից ու սպառնալիքներից: Սակայն արցախահայությանը սպառնացող հիմնական մարտահրավերը գրեթե 100 տարի շարունակում է մնալ 1918թ. ստեղծված ադրբեջանական պետությունը:

Ձգտելով Ղարաբաղյան հակամարտությունը լուծել թյուրքական ձևով՝ 1990-ականներին ադրբեջանական կողմը բացահայտորեն դիմեց զենքի օգնությանը: 1994թ. հրադադարի պայմանագրի կնքումից հետո շարունակելով որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքուն անընդհատ խախտում է հրադարարի պահպանման ռեժիմը, կազմակերպում հետախուզական-դիվերսիոն հանկարծագրոհներ, նույնիսկ բացահայտ հարձակվում Արցախի Հանրապետության վրա՝ ամենաբարձր մակարդակով հնչեցնելով անթաքույց սպառնալիքներ և տարածքային նկրտումներ [1, էջ 22]:

Արցախի Հանրապետության անկախության հռչակումից շուրջ 26 տարի անց, և տեսանելի ապագայում նույնպես, մեր երկրին սպառնացող հիմնական մարտահրավերները կապված են լինելու Ադրբեջանի Հանրապետության կողմից բացահայտ և Թուրքիայի կողմից առավելապես անուղղակիորեն իրականացվող ռազմատենչ քաղաքականության հետ: Այդ ծրագրերում վերջինիս որոշիչ դերակատարումը կրկին դրսևորվեց 2016թ. ապրիլյան առճակատման օրերին: Թուրքիան միակ պետությունն էր, որը բացահայտ զորակցություն հայտնեց Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը և ողջունեց նրա ագրեսիվ գործողությունները1:

Խորքային առումով թուրք-ադրբեջանական հարաբերությունների վտանգավորությունն այն է, որ եթե անգամ Բաքվում համաձայնեն հակամարտության փոխզիջումային կարգավորմանը, ապա դա անընդունելի կլինի մեծ եղբոր համար: Եվ հակառակը: Երբեք չպետք է մոռանալ, որ ադրբեջանական պետությունն առաջին անգամ Հարավային Կովկասում ստեղծվել է Թուրքիայի ակտիվ աջակցությամբ [2, էջ 94-113]: Հետևաբար, երկիրը ազգայնամոլության և ռասիզմի ճանապարհով ուղղորդող Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի կհամարի հայկական տարրի ուժեղացումը պանթուրքիզմի սեփական ծրագրերի իրականացման համատեքստում: Թերևս, դա է պատճառը, որ անցած տարվա ապրիլյան առճակատման օրերին Թուրքիայի նախկին և ներկա պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների շրջանում կարծես յուրօրինակ մրցույթ էր հայտարարված, թե ով ավելի խրոխտ կեցվածք կընդունի և ավելի բարձրագոչ կարտահայտի իր զորակցությունը եղբայրական Ադրբեջանին [3]:

Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ մեծացնելով նախագահի լիազորությունները՝ Ռ.Էրդողանն ապահովել է նաև առնվազն հաջորդ նախագահական ընտրություններում ընտվելու իր հնարավորությունը: Այսինքն՝ առաջիկա տասնամյակում Թուրքիայի ներկայիս իշխանությունների գործունեության հիմնական ուղղություններից մեկը շարունակելու է մնալ նեոպանթուրքական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ հայկական պետության հնարավորինս թուլացումը կամ վերացումը, ցամաքային կապի ստեղծումը միջինասիական թուրքական պետությունների հետ և այլն: Այս պարագայում նորից արդիական է դառնալու «հայկական սեպի» վերացման խնդիրը: Բայց քանի որ երկիրն առաջիկա տարիների ընթացքում զբաղված է լինելու քրդական, արաբական և ներքին ու արտաքին այլ ռազմաքաղաքական խնդիրներով, վերոնշյալ ծրագրերը Հարավային Կովկասում փորձելու է իրագործել նախևառաջ Ադրբեջանի միջոցով: Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, ինչպես էլ դրանք կոչվեն կամ ում մասնակցությամբ էլ տեղի ունենան, թյուրքական իշխանությունների (թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի իշխանությունների մասին է խոսքը) հակահայկական դիրքորոշման պայմաններում հաջողությամբ չեն կարող պսակվել2: Ավելին՝ Թուրքիան, օգտագործելով ժամանակակից պատերազմների վարման ՆԱՏՕ փորձն ու հմտությունները, ադրբեջանական կողմին հրահրել և հրահրելու է նավթադոլարներով ձեռք բերվող նորագույն զենքերի օգնությամբ դիմելու արկածախնդրությունների: Դա են փաստում 2014թ. հուլիսից առայսօր հակառակորդի կողմից կիրառվող մարտավարական քայլերն ու 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը: Դրա մասին է վկայում թուրքական ռազմական հրահանգիչների թվաքանակի շարունակական ավելացումն Ադրբեջանում և մասնավորապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Հատկապես վերջերս ադրբեջանական մամուլում հաճախակի են հայտնվում Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին ոչ պաշտոնական տեղեկությունները, ինչը, կարծում ենք, պատահական չէ3:

Միաժամանակ, ապրիլյան գործողությունների ընթացքում հակառակորդի կողմից պաշտպանության բանակի հյուսիսային և հարավային ուղղություններում մի քանի դիրքերի գրավումը, ադրբեջանական հասարակության մեջ հաղթանակի էյֆորիայի ներարկումը և Բաքվի շարունակվող ռազմաշունչ հռետորաբանությունն ու ապակառուցողական քաղաքականությունը թույլ են տալիս ենթադրելու, որ առաջիկայում ևս շարունակվելու է եթե ոչ լայնածավալ, ապա ապրիլյան ռազմական գործողություններին համահունչ՝ կարճաժամկետ հատվածներով ու սահմանափակ զորախմբերով ակտիվ հարձակողական քայլերի կիրառումը: Ասվածի մասին են վկայում այս տարվա փետրվարին պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի անհաջող ձեռնարկումն [4, էջ 3-4] ու մայիսի 15-ին ժամանակակից կառավարվող հրթիռներով ՊԲ զինտեխնիկայի ոչնչացմանն ուղղված քայլերը4: Ամենայն հավանականությամբ, դա կրելու է պարբերական բնույթ, որի նպատակը ոչ միայն նոր տարածքների գրավումը կլինի, այլև մեր երկիրը կաթվածահարության հասցնելը:

Այս սցենարի իրականացմանը կնպաստեն արդի աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարբեր տարածաշրջաններում նոր հակամարտային իրավիճակների ձևավորումը: Այդպիսիք կարելի է համարել ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը, Եվրոպական միությունում ծագած խնդիրները, Ռուսաստան-ՆԱՏՕ (մասնավորապես՝ ԱՄՆ) հարաբերությունների նկատելի վատթարացումը, Մերձավոր Արևելքում, արաբական աշխարհում տիրող անկայուն իրավիճակը և այլն:

Մյուս կողմից, չնայած միջնորդների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող դիվանագիտական քայլերին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունը ներկայում ուղղված է բանակցությունների անարդյունավետության «ապացուցմանը», ժամանակի ձգձմանն ու հարմար միջազգային և ներքաղաքական պահ ընտրելուն՝ ռազմական նոր ագրեսիա սկսելու համար: Դրա մասին են վկայում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց հնչեցրած հայտարարություններն ու տարվող քաղաքականությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի սահմանագծում: Հենց այդ նպատակն էր հետապնդում 2016թ. հունիսի 20-ին նախագահների հերթական եռակողմ հանդիպումից հետո Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման կամ, ավելի ճիշտ՝ դրանց ներդրումը բացառելու հետ կապաված5:

Բնականաբար, նման պայմաններում պետք է ուղիներ որոնել ինչպես նշված, այնպես էլ մյուս տեսանելի և անտեսանելի մարտահրավերներին դիմակայելու համար: Որո՞նք են այդ ուղիները: Մեր կարծիքով, դա հնարավոր է իրագործել միայն այն պարագայում, եթե մեր երկրի գործունեության հիմքում դրվի գիտելիքահեն պետության գաղափարն ու քայլեր ձեռնարկվեն գործնականում դրանք կյանքի կոչելու համար: Մեզ սպասվող երկարատև և հյուծիչ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ գիտությունն ու երկրի անվտանգությունը, գիտությունն ու արտաքին քաղաքականությունը, գիտությունն ու տնտեսությունը փոխադարձաբար կապված լինեն միմյանց հետ, ինչը հնարավոր է կենսագործել միայն կառավարման արդյունավետության բարձրացման և բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների ներգրավման դեպքում: Այլ կերպ ասած՝ երկրի համար կարևոր այս ուղղությունները, ըստ անհրաժեշտության, պետք է պատվեր առաջադրեն գիտությանը, իսկ գիտությունն իր հերթին կներկայացնի դրանց լուծման հիմնավոր ու հնարավոր տարբերակներ (տե՛ս Գծապատկեր 1):


Գաղափարի իրականացման արդյունքում մենք կկարողանանք երկարաժամկետ առումով ապահովել մեր երկրի անվտանգությունը, մոտավորապես այն ձևով, որն այսօր կարողանում է կատարել Իսրայելը՝ տարիներ շարունակ շրջապատված լինելով թշնամական երկրներով:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ այսպիսի թշնամական պետությունների հարևանությամբ գոյատևելու այլ տարբերակ մեր հայրենիքը չունի:

1 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016թ. ապրիլի 4-ին թուրքական «Կարմիր մահիկ» կազմակերպության նիստում ունեցած ելույթում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության սրմանը՝ ասել է. «Թուրքիան Ադրբեջանի հարցում մշտապես նրա կողքին է եղել և կշարունակի լինել: Ղարաբաղն անպայման մի օր իր իսկակական տիրոջը կվերադարձվի, Ադրբեջանինը կլինի: Ես հավատում եմ դրան», տե՛ս http://www.ermenihaber.am/am/news/2016/04/04:

2 Ցյուրիխյան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի «գրաված տարածքների վերադարձի» հետ կապելու թուրք պաշտոնյաների հայտարարություններն այս մասին վկայող լրացուցիչ փաստարկ են: Այս մասին տե՛ս Գեղամյան Վ., Հայ-թուրքական հարաբերությունների 2008-2010թթ. հետահայաց ամփոփում, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5338

3 В Нахчыване будет создана военная база Турции? https://haqqin.az/news/99966

4 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն հաղորդագրություն, 15 մայիսի 2017թ., http://nkrmil.am/news/view/1884

5Շարունակելով ապակառուցողական քաղաքականությունը՝ Ի.Ալիևը 2016թ. հունիսի 25-ին հայտարարեց, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառման որևէ անհրաժեշտություն չկա: Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության «սառեցումը» և շփման գծում ինչ-որ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը, Ադրբեջանն, իհարկե, չի գնա այդ քայլին: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ նրա, հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, տե՛ս Ալիևը հրաժարվում է Սանկտ Պետերբուրգում հանդիպման արդյունքներից, https://armenpress.am/arm/print/852334

Հուլիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Օհանյան Ս., ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայման էությունը և նպատակները, «Հայկական բանակ», հ. 3, էջ 22, Երևան, 2015:

2. Փաշայան Հ., Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական ետնախորքը և «ադրբեջանական» պետության ստեղծման անօրինականության հիմքերը, Լրատու, Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտական հոդվածների ժողովածու, թիվ 2(9),Ստեփանակերտ, 2010:

3. Գաբրիելյան Հ., Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականության շուրջ, Գլոբուս, թիվ 4 (73), Երևան, 2016:

4. Փաշայան Հ., Հայ դիրքապահների սխրանքներն ու հակառակորդի հերթական ձախողումը, ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթ, թիվ 9-10 (1235-1236) 4-18 մարտի 2017թ.:



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր