• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2016

1991-Ի ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի
փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս,
քաղաքական գիտությունների թեկնածու

Լիանա Բալայան
Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի

Դեկտեմբերի 10-ին լրանում է Արցախի Հանրապետության` սեփական կարգավիճակի հստակեցման նպատակով կազմակերպված հանրաքվեի 25-րդ տարեդարձը: Դրանով, դեռևս գործող ԽՍՀՄ օրենքների և միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան, արցախահայությունն արտահայտեց իր կամքը՝ հավատարմություն հայտնելով այն սկզբունքներին, որոնք բովանդակում է 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագիրը1: Դա բխում էր տվյալ ժամանակաշրջանի ռազմական ու քաղաքական իրողություններից, մասնավորապես՝ Արցախի բնակչությանն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու և բոլոր պետությունների հետ իրավահավասար հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունից2: Այս առթիվ հատկանշական է ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անկախ դիտորդների ընդունած ակտը3, որի վերլուծությունը մի շարք փաստարկների և եզրահանգումների հիմք է տալիս: Այսպես.

1. Տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների՝ ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքների մասին ընդունած ակտի բովանդակությունն առաջին հերթին կարևորվում է նման քաղաքական իրադարձության անաչառության տեսանկյունից: Դիտորդներն այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամաս4, ներկա գտնվել ձայների հաշվառմանը և ընդունած ակտում հավաստագրել, որ «Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում...»: Այսինքն՝ դիտորդները փաստել են, որ ընտրությունները կազմակերպվել են դրա համար պահանջվող իրավական նորմերին համահունչ, չնայած «հանրաքվեն անցկացվում էր ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվում էր Ստեփանակերտ քաղաքի և այլ բնակավայրերի տարբեր զինատեսակների կիրառմամբ չընդհատվող հրետակոծությամբ»:

2. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում պահպանվել են ԼՂՀ տարածքում բնակվող բոլոր ազգությունների քվեարկությանը մասնակցելու իրավունքներն ու պայմանները: Այդ նպատակով քվեաթերթիկները կազմվել են երեք՝ հայերեն, «ադրբեջաներեն» և ռուսերեն լեզուներով: Ընդ որում` կայազորի միջոցով քվեաթերթիկներն ուղարկվել էին նաև ԼՂՀ ադրբեջանաբնակ վայրերը: Տարաբնույթ ընկալումներից ու մեկնաբանություններից խուսափելու, ինչպես նաև ընտրողներին հստակորեն կողմնորոշելու նպատակով քվեաթերթիկը պարունակել է «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն ...» հարցը և «ԱՅՈ» ու «ՈՉ» բառերը՝ անցանկալին ջնջել նշումով»: Այսինքն՝ հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմքում գերակայել է ժողովրդի կամքի արտահայտությունը, որը հանդիսանում է ինքնուրույն պետություն ստեղծելու ժամանակակից աշխարհի կարևորագույն չափանիշը:

3. Անկախ դիտորդներն իրենց ընդունած ակտում անհրաժեշտ են համարել նշելու, որ «Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ»: Այս բոլորը հիմք են հանդիսացել նրանց եզրահանգման համար, ըստ որի. «Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները՝ անկախ դիտորդները հայտարարում են. ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ»: Այսինքն՝ անկախ դիտորդները փաստել են, որ հանրաքվեն համապատասխանել է և՛ տվյալ ժամանակ երկրում գործող ներպետական իրավական ակտերին, և՛ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, և՛ միջազգային իրավունքի դրույթներին:

4. Չափազանց կարևոր է, որ հանրաքվեն անցկացվել է մինչև ԼՂՀ-ից ադրբեջանցի թուրքերի հեռանալը, որոնց մի մասը քվեարկությանը չի մասնակցել Բաքվի հրահանգով: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմն անկախության հանրաքվեին ներկայացնում է ինչ-ինչ վերապահումներ, որոնցից առավել «ծանրակշիռն» այն է, որ հանրաքվեին չի մասնակցել ադրբեջանական բնակչությունը: Մինչդեռ, ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել է 108736 մարդ կամ բնակչության ընտրական իրավունք ունեցողների 82,2%-ը: Քանի որ այդ ժամանակ «ադրբեջանցիները» կազմում էին ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող բնակչության մոտ 25%-ը, ապա ակնհայտ է, որ «ադրբեջանցիների» մի մասը նույնպես մասնակցել է հանրաքվեին: Բայց նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ բոլոր «ադրբեջանցիները» մասնակցել և դեմ են քվեարկել անկախությանը, ապա այդ դեպքում ևս ակնհայտ է, որ այն հանրաքվեի վերջնական արդյունքների վրա չի կարող ազդեցություն ունենալ: Հետևաբար, ինչպես հաստատել են մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հանրաքվեն անցել է անթերի:

Ինչպես արդեն նշվեց, ուղիղ 25 տարի է անցել այն օրից, ինչ արցախահայությունն իր ճակատագիրը տնօրինելու ընտրություն է կատարել, որը հետագայում հաստատվել է 2006թ. համաժողովրդական քվեարկութամբ ընդունված սահմանադրության և բազմիցս տեղի ունեցած իշխանության մարմինների ընտրությունների ընթացքում: Սակայն պարզվում է, որ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած տարբերակներում (ոչ պաշտոնական) իր ուրույն տեղն է գտել «հետաձգված հանրաքվեի» գաղափարը5: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և կամարտահայտությանն առնչվող «կազանյան» փաստաթղթում առկա ձևակերպումները հակասում են ոչ միայն հակամարտության իրավական հիմքերին, այլև իրականությանն առհասարակ: Մանրամասնենք ըստ փաստաթղթում ներկայացված համապատասխան դրույթների:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ. «Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են»: Վերլուծելով մադրիդյան փաստաթղթի համապատասխան դրույթը՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ Ա.Մանասյանն իրավամբ նկատում է. «Բայց ո՞վ ասաց, որ սոցիալական ու տնտեսական կենսագործունեության իրավունքը խլված է ԼՂՀ ժողովրդից, որ շնորհվի կամ վերադարձվի նրան, ո՞վ ասաց, որ ԼՂ ժողովուրդն այսօր հրաժարվել է միջազգային իրավունքից, կամ հակառակը՝ միջազգային իրավունքը մինչև խնդրի կարգավորումը երես է թեքել ԼՂ ժողովրդից: Դրանք մարդու ու մարդկանց հանրությունների անկապտելի իրավունքներ են, և ոչ մեկին դրանք նրանցից օտարելու կամ շնորհելու արտոնություն չի տրված»6:

Այնուհետև փաստաթղթում գրված է. «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատությունն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներն արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով»:

Այս առթիվ Ա.Մանասյանը նորից նկատում է. «Այստեղ ևս նախատեսվում է ԼՂ ժողովրդին տալ այն, ինչ ինքն արդեն ունի և ինչ իրեն հասնում է ըստ միջազգային իրավունքի…»7: Իսկ հաջորդ կետում հետևյալն է նշված. «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

Նորից մեզ նվիրվում է այն, ինչն ամրագրված է 1992թ. ԵԱՀԽ-ի կողմից ընդունված փաստաթղթում և միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներում: Եվ դա կատարվում է ոչ թե հենց այնպես, այլ հայկական կողմից իրականացվող լուրջ զիջումների դիմաց, որի վերաբերյալ ձևակերպումն արդեն իսկ արձանագրված է Ազատ կամարտահայտություն ենթավերնագրի ներքո, որտեղ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական հասկացությունը նույնացվում է ԼՂԻՄ-ի հետ՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

«Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն8»:

Եվ այսպես, ինչ վտանգներ է պարունակում «հետաձգված հանրաքվեն»: Առաջին հայացքից նոր հանրաքվեի կազմակերպումը որևէ իրական վտանգ չի ներկայացնում՝ հաշվի առնելով, որ ազատ ու անկախ ապրելու արցախահայության կամքն անշրջելի է, ենթակա չէ կասկածի, և նրա արդյունքներն այդ առումով ակնհայտ են: Սակայն տեսականորեն նոր հանրաքվեի անցկացումն ընդհանրապես կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության 25-ամյա գոյության ու արցախահայության՝ իր ճակատագիրն անկախ տնօրինելու նպատակով բազմիցս ցուցաբերած կամարտահայտության, այդ թվում նաև տեղական և կենտրոնական մարմինների ընտրությունների օրինականությունը: Բացի այդ, գործնականում իրական վտանգը ոչ միայն նոր հանրաքվեի կազմակերպման, այլև «հետաձգված հանրաքվեի» մեջ է: Դա էր գլխավոր պատճառներից մեկը, որ եթե «մադրիդյան» անվանումը ստացած փաստաթղթի սկզբնական տարբերակում հետաձգված հանրաքվեի վերաբերյալ դրույթները տեղադրված էին առաջին կետում, ապա դրա նորացված կամ «կազանյան» փաստաթղթում Բաքվի պահանջով դրանք տարվել են հետ, և կատարվել են որոշակի այլ փոփոխություններ:

Բանն այն է, որ ադրբեջանական կողմը քաջ գիտակցում է, թե ինչպիսին են լինելու և՛ ներկայիս, և՛ 1988թ. դրությամբ գոյություն ունեցող ազգաբնակչության ընդգրկմամբ կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքները: Այդպիսի հանրաքվե 1991-ին տեղի է ունեցել, և նրա արդյունքները հայտնի են, որի մասին վերն արդեն նշվել է և շեշտվել, որ նույնիսկ բոլոր ադրբեջանական թուրքերի ԼՂՀ անկախությանը դեմ քվեարկելու դեպքում նրա արդյունքները չէին փոխվի: Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական կողմը զրկված է այդ հարցում արացախահայության քվեն ստանալու հնարավորությունից, հենց Բաքվի՝ հայ բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող հայատյաց քաղաքականության պատճառով: Հետևաբար, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք նման հանրաքվեի կազմակերպումը կհետաձգեն անորոշ ժամանակով, նպաստավոր պայմաններ ստեղծելով Բաքվի հետագա հավակնությունների համար: Այդպիսիք կարող են լինել ինչպես ուժի ցուցադրման, այնպես էլ տարբեր մեթոդներով բնակչության էթնիկական կազմը հօգուտ Ադրբեջանի փոխելուն ուղղված քայլերը:

Եթե մինչև ապրիլյան իրադարձությունները հայկական պաշտոնական շրջանակներում այս հարցի վերաբերյալ առկա էր համաձայնողական դիրքորոշում, ապա քառօրյա պատերազմը վեր հանեց դրա վտանգավորությունը՝ փոխելով հետաձգված հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական շրջանակների դիրքորոշումը: Մասնավորապես, ՀՀ ԱԳ փոխնախարար Շ.Քոչարյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ հետաձգված հանրաքվեի վերաբերյալ միջնորդների առաջարկի իմաստն այն է, որ ԱՀ իշխանությունը կարողանա փրկել իր դեմքը և ներկայացնել իր հասարակությանը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը: Սակայն, նրա խոսքով, ժամանակը ցույց տվեց, որ Բաքուն այդ ժամանակն օգտագործում է ոչ թե իր դեմքը փրկելու և հասարակությանը հանրաքվեի անխուսափելիությունը ներկայացնելու համար, այլ գործում է լրիվ հակառակ ուղղությամբ:

«Այս հարցում նման դիրքորոշումը ստիպում է բանակցություններ վարել այլ մոտեցումների շուրջ: Ընդ որում, չի կարող գոյություն ունենալ այնպիսի դիրքորոշում, որն Ադրբեջանը կարողանա ընկալել որպես իր սանձազերծած ագրեսիայի խրախուսում: Մենք հետևողական կլինենք այդ հարցում»,- ասել է Շ.Քոչարյանը9։

1 Այս մասին մանրամասն տե՛ս Փաշայան Հ., Բալայան Լ., Արցախի անկախացումը՝ ազգերի ինքնորոշման դասական օրինակ, Գլոբուս, թիվ 7(76), էջ 21-26։

2 Ըստ միջազգայնագետ Զ. Տոդուայի՝ «Բոլոր պետությունները ծնվել են արյամբ: Բայց հետո, որպեսզի չանհետանան, նրանք պետք է ստեղծարար կյանք սկսեն, ստեղծեն տնտեսություն, կառուցեն տներ, ձեռնարկություններ, կազմակերպեն առևտուր, ստեղծեն պայմաններ բնակչության բարեկեցության բարելավման համար: Այլապես, նոր պետության գոյության ժամկետը մեծ չէ...» (Тодуа З., Экспансия исламистов на Кавказе и в Центральной Азии, М., 2006. с. 52).

3 Статус Нагорного Карабаха в политико-правовых документах и материалах, Ереван, 1995г., с. 85-87.

4 Ընդհանուր առմամբ ստեղծվել էր 81 ընտրատարածք, որոնցից 11-ում հանրաքվեն չի կայացել (դրանցից 10-ը ադրբեջանական բնակչությամբ էր, իսկ մեկը կապված էր հրետակոծության առաջացրած պայմանների հետ)։ Տե՛ս Ակտ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում կայացած հանրաքվեի մասին, ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, g. 2, գ. 332, թ. 10-11:

5 Այդպիսի ձևակերպումներ են առկա Մադրիդյան և Կազանյան կոչված փաստաթղթերում, որոնք ոչ պաշտոնապես հրապարակվել են Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի կողմից: Տե՛ս http://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/, http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

6 Տե՛ս Մանասյան Ա., Ի՞նչ է ասված այսպես կոչված մադրիդյան փաստաթղթում կամ ի պաշտպանություն իշխանությունների ու «Սասնա ծռերի», http://www.ditaket.info

7 Նույն տեղում։

8 Տե՛ս http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

9 http://newsarmenia.am/am/news/nagorno_karabakh/artsakhum_hetadzgvats_hanraqvei_antskatsman/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր