• am
  • ru
  • en
Версия для печати
18.11.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ներքաղաքական իրադարձությունների տեսություն)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս,
քաղաքական գիտությունների թեկնածու

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է լիագումար նիստին նախորդած քննարկումների ընթացակարգը՝ ընդգծելով, որ հանրապետության վարչապետի մասնակցությամբ երկու փուլով հանձնաժողովներին և խմբակցություններին անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել ներկայացված օրինագծի վերաբերյալ: «Մենք թևակոխել ենք տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը, որն ընթացիկ բուջետային տարվա եզրափակիչ փուլն է: Ըստ այդմ՝ ընդունել ենք կառավարության առաջարկը և ճիշտ ենք համարում վերջին եռամսյակի հենց սկզբին հստակեցնել ԱԺ դիրքորոշումը ներկայացված օրինագծի վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարությանը ժամանակին իրականացնել այդ փոփոխությունները»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Բյուջեում սպասվող փոփոխությունները խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Կառավարության լիազոր ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ առաջարկված փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ու մի շարք հատկացումների նվազեցմանը և կապիտալ ներդրումների ծրագրի համար պլանավորված միջոցների ավելացմանը: Մտքերի փոխանակությունից և քննարկումից հետո խորհրդարանը 28 կողմ ձայնով հավանություն է տվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքին:

Հոկտեմբերի 9-ին՝ վեցերորդ անգամ, համաժողովրդական տոնախմբությամբ Արցախում նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և ողջ օրը շարունակվել է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ: Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց մթերքն ու արտադրանքը: Նախորդ տարվա 430-ի փոխարեն տոնավաճառին մասնակցել է 600-ից ավելի մարդ: Ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։ Այս տարի գյուղատնտեսության աշխատողի տոնը տարբերվում է նրանով, որ ավելացել են նաև ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին ու քանակը: Տոնը հնարավորություն է տալիս, որ անմիջական շփում ստեղծվի արտադրողի և սպառողի միջև:

Մարտավարական զորավարժություն. Հոկտեմբերի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժությունը ներառում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական տարրեր, որի ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման գործողությունների, մխրճված հակառակորդի ջախջախման ու հետապնդման և կորցրած դիրքերի վերականգնման դրվագներ: Զորավարժության ընթացքում արձանագրվել են կրակային խոցման բարձր արդյունքներ, իրականացվել է զորքերի անընդհատ ղեկավարում, փոխգործակցությունն ու ներդաշնակ գործողությունները ենթակա և տրված ստորաբաժանումների միջև գումարտակի հրամանատարի կողմից կազմակերպվել են պահանջվող չափանիշներին համապատասխան: Առանձին դրվագներում զորախաղերին մասնակից հրամանատարները բանակի հրամանատարի կողմից ստացել են նաև անհրաժեշտ մեթոդական ցուցումներ:

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ սահմանադրության նախագծի քննարկումները թևակոխել են վերջնական ճշգրտումների փուլ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով և առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ: Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետության նախագահին պետք է ներկայացվի մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները:

Գյուղատնտեսությանը՝ նոր հայեցակարգ. Կարևորելով գյուղատնտեսության դերը Արցախի զարգացման գործընթացում՝ կառավարության կողմից նախաձեռնվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման և ընդունման գործընթացը: Այդ նպատակով Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շրջաններում և մայրաքաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, գյուղացիների, ֆերմերների, քաղաքական կուսակցությունների և հասարակական շրջանակների հետ: Հանդիպումների ընթացքում վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքները և ուղղությունները: Արայիկ Հարությունյանը տնտեսության զարգացման մեջ գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու պատճառը պայմանավորել է հանրապետությունում այդ բնագավառի հեռանկարային զարգացման մեծ նախադրյալների առկայությամբ: Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ցայսօր գյուղատնտեսության բնագավառում զգալի ծրագրեր են իրագործվել, որոնք տեսանելի արդյունքներ են տվել՝ բազմապատկելով ոլորտի համախառն ներքին արդյունքը և որոշակիորեն նպաստելով բնակչության բարեկեցության մակարդակի բարելավմանը: Սակայն, մյուս կողմից, տարիների ընթացքում, ինտենսիվ ու էքստենսիվ զարգացմանը զուգահեռ, վեր են հանվել մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծմանն է միտված մշակվող փաստաթուղթը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր մոտեցումներն Արցախի գյուղատնտեսության զարգացման հաջորդ փուլի հիմքերը կդնեն, որտեղ հիմնարար դերակատարում կունենան գիտական մեթոդները և արդի տեխնոլոգիաները:

Միջազգային գիտաժողովներ՝ նվիրված ԼՂՀ 25-ամյակին. Հոկտեմբերի 22-ին Արցախի պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված ԼՂՀ հռչակման 25-ամյակին: Մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի ու Հայաստանի շուրջ երկու տասնյակ բուհերի և կազմակերպությունների, հեռակա կարգով՝ ԱՊՀ չճանաչված երկրների, Ռուսաստանի Դաշնության և արտերկրի բուհերի ներկայացուցիչները: ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր բացմանը և լիագումար լիստին հնչեցված զեկույցներից հետո գիտաժողովն աշխատանքները շարունակեց 8 մասնախմբերում: Սա Արցախի մայր բուհում մեկ ամսվա ընթացքում երկրորդ միջազգային գիտաժողովն էր: Մինչ այդ՝ հոկտեմբերի 5-ին, համանուն խորագրով միջազգային գիտաժողով էր անցկացվել ուսանողների ընդգրկմամբ:

Հոկտեմբերի վերջին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016թ. հունվար-սեպտեմբերի արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության հիմնական ցուցանիշները:

Արդյունաբերություն. 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 39563,1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,0%: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26,9%, մշակող արդյունաբերություն` 34,5%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 37,3%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,3%: 2016թ. հունվար-սեպտեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 39388,5 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի 99,7%-ը:

Գյուղատնտեսություն. 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 6525.5 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 41111.5 տոննա կաթ, 32856.8 հազ. հատ ձու: 2015թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ մսի արտադրությունն աճել է 13,2%-ով, իսկ կաթի և ձվի արտադրության ծավալները նվազել են համապատասխանաբար՝ 5,2 և 9,2%-ով:

Շինարարություն. 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել են 26379.9 մլն դրամի շինարարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4,2%-սով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր