• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս,
քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական քաղաքականության պատճառով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել: Ավելին՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը: Ականանետերի նմանատիպ զանգվածային կիրառումը, որն Արցախի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում, դարձավ շփման գծում լարվածությունը սրելու՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը։ Նման գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտեցին 1994-1995թթ. եռակողմ հրադադարի մասին համաձայնագիրը և 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև վկայեցին Բաքվի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել, ադրբեջանական կողմը ձգտում է նաև խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը և հարցը տեղափոխել միջազգային այլ հարթակներ, որտեղ ավելի հեշտ կլինի սեփական ցանկություններին համապատասխան որոշումներ ընդունելը։ Պետք է նշել, որ այս ամենի արդյունքում այժմ փաստացի բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն ժամանակավորապես սառեցված կմնա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների փոփոխման պատճառով, քանի որ որոշակի ժամանակահատված կպահանջվի, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան հիմնախնդրին և ներգրավվեն խմբի աշխատանքներին, մանավանդ որ բանակցությունների վերակենդանացման համար, բացի քաղաքական ջանքերից, նոր և թարմ մոտեցումներ են անհրաժեշտ:

Հայաստան-Արցախ. Շարունակվել են հայկական երկու հանրապետությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Արցախ էր ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: ԼՂՀ նախագահի, կառավարության անդամների և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ուշագրավ էր զույգ հայկական պետությունների գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները քննարկելուն ուղղված՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը: Խոորհրդակցությանը ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Ա.Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ. տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին: Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները: Վարչապետ Ա.Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը՝ շեշտադրելով, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամների դերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հանրապետության կառավարության կուտակած փորձով կիսվել ՀՀ գործընկերների հետ: Կ.Կարապետյանը դրական տպավորություն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու և գործունեություն ծավալելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Վերջում, երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Կորյուն Նահապետյանն ամփոփել են նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների այցի ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Նիստի ընթացում պատգամավորները քննարկել են երկու հանձնաժողովների հետագա անելիքները և ուրվագծել մի շարք ուղղություններ: Խորհրդարանականներն այցի ընթացքում եղել են ՊԲ զորամասերում, մարտական դիրքերում, հանդիպումներ են ունեցել շրջանների վարչակազմերի և ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ:

Նոյեմբերին Արցախ այցելեցին նաև Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, արտգործնախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանն ու Կարեն Նազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը: ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի և համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել են նշված ոլորտներում փոխգործակցության և հարաբերությունների շարունակական ամրապնդմանն առնչվող հարցեր:

Արցախ-Սփյուռք. Նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո 19-րդ անգամ մեկնարկեց հեռուստամարաթոն-դրամահավաքը: Արցախի իշխանությունների առաջարկով՝ հիմնադրամի հոգաբարձուների կողմից որոշվել է «Հեռուստամարաթոն 2016»-ի ընթացքում հավաքված միջոցներն ուղղել գլխավորապես Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի հետևանքների վերացմանը, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերի իրականացմանը: Դրան համապատասխան՝ «Հեռուստամարաթոն 2016»-ը կրում էր «Իմ Արցախը» խորագիրը: Չնայած ամբողջ աշխարհում տիրող տնտեսական դժվարություններին, դրամահավաքի արդյունքում հաջողվեց հավաքել $15 մլն 428.777, ինչը վկայությունն է այն բանի, որ աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է համախմբվել Արցախի շուրջ և նպաստել համազգային խնդիրների լուծման գաղափարի իրականացմանը:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման շրջանակներում Արցախ ժամանեցին սփյուռքահայ մի շարք բարերարներ ու մշակութային գործիչներ: Ռուսաստանաբնակ բարերարների նախաձեռնությամբ Արցախի բազմազավակ ու կարիքավոր ավելի քան 30 ընտանիքների որպես աջակցություն տրամադրվել են հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ: Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության նոր՝ ավելի բարձր մակարդակ է ձևավորվում մշակութային ոլորտում: Սփյուռքահայ մեր հայրենակիցներն այցելելով Արցախ՝ կզմակերպում են դասախոսություններ, սեմինար պարապմունքներ, կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը, դրանով իսկ նպաստում ԼՂՀ զարգացմանը: Այդ շրջանակներում Արցախ ժամանեցին ՌԴ ԳԱ ակադեմիկոս Արտեմ Սարգսյանը, ռուսաստանաբնակ հայտնի նկարիչ Յուրի Գրիգորյանը, Օքսֆորդի համալսարանից դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը, արձակագիր Նարինե Աբգարյանը: Նրանց ինքնատիպ ստեղծագործությունների միջոցով հասարակության լայն շրջանակները հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, արժեքներին ու ավանդույթներին՝ նպաստելով նաև Սփյուռքում հայապահպանության գործին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում: Հնագիտական պեղումների իրականացմանը գործուն մասնակցության, «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» գրքի հեղինակման ևւ այն միջազգային գիտական շրջանակներում ներկայացնելու համար Լևոն Եպիսկոպոսյանը (Հայաստանի Հանրապետություն), Փիթեր Ջոն Էնդրյուսը, Տանիա Քրիստինե Քինգը (Մեծ Բրիտանիա), Ջոն Մյուրեյը (Իռլանդիա), Իոլանդա Ֆերնանդես-Խալվոյը (Իսպանիա) պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նրանց հետազոտություններն ունեն մեծ գիտական նշանակություն մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման գործում՝ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար:

Նոյեմբերի 28-ին Արցախում էին «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեն և Ժակ Ռեմիլեն: Նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումներում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր