• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 6, 2017 07.11.2017

«21-րդ ԴԱՐ» N 6, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. 6-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ Հայաստանի հեռուստալսարանի դինամիկայի (Ս.Մանուկյան), տեղեկատվական մեթոդներով ԶՈւ անձնակազմի գիտակցության վրա ներազդելու որոշ հարցերի (Ա.Ղալեչյան), Արցախի Հանրապետության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների (Հ.Փաշայան. Լ.Բալայան), Ադրբեջանի Հանրապետության վրա թուրքական կրոնական ազդեցության (Գ.Չոբանյան), ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների (Ա.Մարկոսյան, Է.Մաթևոսյան), կրթական անվտանգության (Ռ.Խաչատրյան, Ֆ.Հակոբյան), Եվրոպայի և եվրոպացիների մասին երևանաբնակ երիտասարդների ընկալումների (Ա.Աթանեսյան, Ն.Մելքոնյան, Լ.Իսկանդարյան, Ա.Խաչիկյան), ԱՄՆ հայ համայնքի (Վ.Հովյան), Եվրոպայում և ՌԴ-ում հայկական սփյուռքի (Վ.Հակոբյան) և Առաջին աշխարհամարտին Իրանի մասնակցության (Դ.Մելիքյան) վերաբերյալ։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ.

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է 2012-2016թթ. ընթացքում Հայաստանի հասարակությունում ինֆորմացիայի տարբեր աղբյուրների, հատկապես հեռուստատեսության կարևորության փոփոխության դինամիկան։ Իրականացված է Հայաստանում դիտվող հեռուստաալիքների սեգմենտավորումն ըստ հեռարձակվող հեռուստահաղորդումների տիպերի, ինչպես նաև Հայաստանի հեռուստալսարանի սեգմենտավորումն ըստ գերադասելի հեռուստահաղորդումների տիպերի։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Արմեն Ղալեչյան

Ամփոփագիր

Նորագույն տեղեկատվական մեխանիզմները և մեդիա-հնարքները կարևոր ազդեցություն ունեն ԶՈւ անձնակազմի գիտակցության, ընկալումների, վերլուծական կարողությունների և գործողությունների, վրա:
Հոդվածում շոշափված են «տեղեկատվական հնարքների» կիրառման արդի հիմնախնդիրները և դրանց կարգավորման մեխանիզմները: Առաջարկվում է անցկացնել «տեղեկատվական հնարքների» կիրառման հարցերի առավել խոր և մասնագիտական հետազոտություններ: Վերլուծության մեջ ներկայացված են նաև զինված ուժերի պատասխանատուների կարծիքն ու մտահոգությունները բարձրաձայնվող հիմնահարցերի վերաբերյալ:
Առաջնահերթ է դարձել նոր «Համահայկական տեղեկատվական ռազմավարության» մշակումը, որը կապահովի ներքին և արտաքին մարտահրավերներին համահունչ նոր միասնական մեդիա-քաղաքականության մշակումն ու իրականացումը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Հրայր Փաշայան, Լիանա Բալայան

Ամփոփագիր

Հոդվածում ցույց է տրվում, որ արցախահայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները, ինչպես վերջին հարյուրամյակում, այնպես էլ տեսանելի ապագայում, հիմնականում կապված են 1918թ. ստեղծված ադրբեջանական պետության ռազմատենչ քաղաքականության հետ: Աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում մեզ սպառնացող ադրբեջանա-թուրքական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ գիտությունն ու երկրի անվտանգությունը, գիտությունն ու արտաքին քաղաքականությունը, գիտությունն ու տնտեսությունը փոխադարձաբար կապված լինեն միմյանց հետ՝ գումարած արդյունավետ կառավարումը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Գայանե Չոբանյան

Ամփոփագիր

Անկախացումից հետո Ադրբեջանը դարձավ աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման թատերաբեմ: Իսլամական գործոնն այդ ուժերի համար քաղաքական ազդեցության հաստատման գործիքներից մեկը դարձավ: Մերձավոր Արևելքի երկրներից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հյուսիսային Կովկասից և Թուրքիայից իսլամական տարբեր կառույցներ թափանցեցին Ադրբեջան: Անկախ այն փաստից, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը իսլամի շիա ուղղության հետևորդներ էին, աշխարհիկ Թուրքիայի «իսլամական մոդելը» համարվում էր ամենահամապատասխանը և չէր ընկալվում որպես քաղաքական սպառնալիք: Թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական իսլամական կառույցները, ստանալով Ադրբեջանի իշխանությունների աջակցությունը, կրոնական, կրթական, տնտեսական ոլորտներում բավական խոր արմատներ էին գցել: Սակայն, իսլամական ծայրահեղական ուղղությունների տարածման սպառնալիքին զուգահեռ, կրոնական կառույցների գործունեությունը, այդ թվում նաև թուրքական, սահմանափակվեց և դրվեց պետական խիստ վերահսկողության ներքո:

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Աշոտ Մարկոսյան, Էլյանորա Մաթևոսյան

Ամփոփագիր

Յուրաքանչյուր երկրի ՀՆԱ մեծության վրա զուտ արտահանումը (արտահանման և ներմուծման տարբերությունը) ունի անմիջական ազդեցություն. Զուտ արտահանման բացասական մեծության դեպքում այդ նույն չափով նվազում է ՀՆԱ մեծությունը, և ընդհակառակը: Այստեղից հետևում է, որ երկրի արտաքին տնտեսական գործունեության հիմնական նպատակ պետք է հանդիսանա արտահանման ծավալների գերազանցումը ներմուծման ծավալների նկատմամբ: Այս խնդիրը հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 1995-2016թթ. ժամանակահատվածի համար կատարված ուսումնասիրության արդյունքներով զուտ արտահանումը մշտապես բացասական մեծություն է եղել, թեև արտահանման ծավալների ավելացման հիմնախնդիրը մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Հեղինակները, ելնելով ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման համեմատական վերլուծությունից, ցույց են տալիս, որ այն կարող է դառնալ արտահանման ավելացման կարևոր ուղի, ինչը նկատելիորեն կնվազեցնի զուտ արտահանման բացասական մեծությունը և դրանով իսկ իրական հնարավորություններ կստեղծի արտաքին առևտրի բարելավման գործում:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ռոբերտ Խաչատրյան, Ֆրիդա Հակոբյան

Ամփոփագիր

Կրթական անվտանգությունը կարևորվում է տնտեսության կայուն զարգացման, պաշտպանական ներուժի ձևավորման և ամրապնդման, ազգային անվտանգության, երկրի մրցունակության ապահովման, պետության և հասարակության մտավոր, հոգևոր, աշխատանքային ներուժի ձևավորման և զարգացման, բնակչության գրագիտության և ֆունկցիոնալ գրագիտության ապահովման տեսանկյունից: Հոդվածի հիմնական նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության դերը կրթական անվտանգության ապահովման գործընթացում՝ վերլուծելով ՀՀ բարձրագույն կրթության համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշներն ու վերջին տարիների ընթացքում դրանցում եղած փոփոխությունները և վերջինի ազդեցությունը կրթական անվտանգության ապահովման գործընթացի վրա: Բարձրագույն կրթությունը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, ձևավորում երկրի աշխատանքային ռեսուրսները, դարձնում աշխատանքն ավելի արդյունավետ, բարձրացնում աշխատակիցների կատարողականը, բարելավում մարդու կյանքի որակը, զարգացնում մարդու ստեղծագործ մոտեցումն աշխատանքին, բարձրացնում նրա գիտելիքների մակարդակն ու հարստացնում մտավոր պաշարը` նպաստելով մարդկային կապիտալի քանակական և որակական աճին:

ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արթուր Աթանեսյան, Նվարդ Մելքոնյան, Լիլիթ Իսկանդարյան, Արմեն Խաչիկյան

Ամփոփագիր

Սույն հետազոտության նպատակը հետխորհրդային հասարակություններում «Եվրոպայի», այդ թվում Եվրամիության, եվրոպական կառույցների, եվրոպական հասարակության և եվրոպացիների կերպարի ընկալման առանձնահատկությունների վերհանումն է։ Ստացված տեղեկատվության կարևորությունը Հայաստանի համար պայմանավորված է ՀՀ բազմավեկտոր կոմպլեմենտար արտաքին քաղաքականության առանձնահատկությամբ, որում եվրոպական ուղղությունը գերակայություններից մեկն է։ Համապատասխանաբար՝ հայ հասարակությունում Եվրոպայի ընկալման առանձնահատկությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն քաղաքական որոշումներ ընդունելու, այլ նաև ազգային ինքնության խորքային հարցերի և բնութագրերի բացահայտման համար։ Հետազոտությունն իրականացվել է Երևանի երիտասարդության օրինակով՝ թիրախային խմբերի բանավեճերի, փորձագիտական հարցազրույցների և փաստաթղթերի վերլուծության մեթոդների օգտագործմամբ։

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՓՈՐՁ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու մասի՝ ինստիտուցիոնալ և անհատական։ Ինստիտուցիոնալ մակարդակում այն հանդես է գալիս ավանդական կուսակցությունների և գլխավորապես՝ լոբբիստական կազմակերպությունների տեսքով։ Անհատական մակարդակում ԱՄՆ հայկական քաղաքական ներուժն իր հերթին բաժանվում է երկու մասի՝ դաշնային (համապետական) և տեղական իշխանություններում ընդգրկված հայազգի գործիչներ։ Դաշնային մակարդակով հայ գործիչներն ընդգրկված են իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ) գործունեության մեջ։ Տեղական մակարդակում հայեր կան ինչպես նահանգային, այնպես էլ քաղաքային իշխանական մարմիններում։
ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժի (անհատական մակարդակով) մաս են կազմում նաև ամերիկյան լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողները։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վլադիմիր Հակոբյան

Ամփոփագիր

Ինչպես և մյուս հայկական համայնքներում, Եվրոպայում և Ռուսաստանում ապրող հայերը նույնպես կանգնած են ուծացման վտանգի առջև։ Հատկապես Ռուսաստանում մեծ է ուծացման վտանգը, քանի որ հայերը տիրապետում են ռուսերենին, ինչի հետևանքով ավելի արագ են ընդունում տեղի կենսակերպն ու արժեհամակարգը՝ հեռանալով ազգային ինքնությունից։ Եվրոպայում և Ռուսաստանում ապրող հայերը նույնպես ազգային ինքնությունը պահպանելու խնդիր ունեն։ Այս խնդրի իրագործմանը նպաստում են համայնքներում գործող ինչպես բազմաթիվ ազգային հաստատություններն ու կազմակերպությունները, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցները, հայկական մամուլը, որը Ռուսաստանում և Եվրոպայում բավական հարուստ պատմություն ունի։ Չէ՞ որ հենց զանգվածային լրատվամիջոցներն են կարող օտար միջավայրով տարված հայերին հաղորդակից դարձնել իրենց ազգայինին։ Այս տեսակետից շատ կարևոր են համարվում Եվրոպայում և Ռուսաստանում հայկական մամուլի մանրազնին ուսումնասիրումն ու վերլուծությունը, մանավանդ որ այդ մամուլի գլխավոր խնդիրը սույն երկրներում ապրող հայերի ազգային ինքնության պահպանումն է։

Ա. ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

Դերենիկ Մելիքյան

Ամփոփագիր

Հոդվածն անդրադառնում է 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմում Իրանի որդեգրած չեզոքության քաղաքականությանը։ Թեև Ահմեդ շահի օրոք երկիրը չեզոքություն էր որդեգրել, սակայն կենտրոնական իշխանության թույլ լինելու պատճառով այն պահել չհաջողվեց: Երկրի հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը յուրային և օտար բանակների գործողությունների ասպարեզ դարձան, հատկապես պատերազմական կիզակետ դարձավ Ատրպատականը։ Արդյունքում՝ 4-ամյա պատերազմական շրջանում երկիրը մեծագույն վնասներ և կորուստներ կրեց:


   

EnglishРуский