
ԱՐՑԱԽՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒԼԻՍԻՆ
Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու
Սահմանադրական բարեփոխումներ. Հուլիսին ԼՂՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը կապված էր սահմանադրական բարեփոխումների քննարկումների հետ: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապես սահմանված և հետագայում շտկված ժամկետները, որոշվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ անցկացնել քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները ծավալվել են կառավարման համակարգի նախագահական և խորհրդարանական մոդելների շուրջ:
Հուլիսի 30-ին ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը, հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, առաջարկվել է հանրապետության նախագահի հավանությանը: Փաստաթուղթը բաղկացած է նախաբանից և 5 գլուխներից՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ, կառավարման համակարգ, դատական համակարգ, տեղական ինքնակառավարում և հանրաքվե: Մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է կառավարման նախագահական մոդել: Հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ:
Օպերատիվ շտաբի հաշվետվությունը. Հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Աժ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել քառօրյա պատերազմի ժամանակ ձևավորված ԼՂՀ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը: Այնուհետև հրապարակվել է հանգանակված միջոցների ծախսերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները: 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել $4,562,175,600-ին համարժեք ՀՀ դրամ: Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը ստացված գումարի 50%-ը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների կատարման և զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար: Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաև զգալի իրային և պարենային աջակցություն, որը հաշվետու ժամանակահատվածում տրվել է կարիքավոր քաղաքացիներին և պաշտպանության նախարարությանը: 137 նվիրաբերած մեքենաները գլխավորապես փոխանցվել են ՊՆ-ին ու մի շարք այլ պետական մարմինների:
Մարտավարական զորավարժություններ. Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակներում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ: Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անց են կացվում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական զարգացումներին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները: Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն հետախուզական գործողություններով: Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները՝ մեր ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի՝ վերականգնել կորցրած դիրքերը: Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմն արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հուլիսին հրապարակել է արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության 2016թ. հունվար-մայիս ամիսների հիմնական ցուցանիշերը:
Արդյունաբերություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 20263,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 96,4%: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 23,7%, մշակող արդյունաբերություն` 32,5%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42,3%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,5%: 2016թ. հունվար-մայիսին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 20618,0 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի 100,9%-ը:
Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրացվել է 4062.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 24849.7 տոննա կաթ, 16875.5 հազ. հատ ձու, 2015թ հունվար-մայիսի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 24,1 և 0,8%-ներով, իսկ ձվի արտադրությունը նվազել է 12,5%-ով:
Շինարարություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրականացվել են 9541.0 մլն դրամի շինարարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.9%-ով:
Հուլիսի 27-ին պատմական Տիգրանակերտ ամրոցում տեղի ունեցավ ԼՂՀ նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանդիպումը շրջվարչակազմերի ղեկավարների, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարների հետ: Բակո Սահակյանը կարևորեց նման ձևաչափի հաղորդակցությունները բերքահավաքի ժամանակահատվածում՝ հաշվի առնելով այդ գործընթացի ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: Այս տարվա հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատավությունը հանրապետությունում կազմել է 26 ցենտներ: Նախագահի տեղեկատվությամբ՝ ամբարվել է մոտ 150 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր հանրապետությունում 1 շնչի հաշվով կազմում է 1 տոննա: Սա բավական գոհացուցիչ արդյունք է՝ հաշվի առնելով, որ աշխարհում միջին ցուցանիշը կազմում է 400 կգ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ[26.11.2018]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ[22.11.2017]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)[20.12.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադարձությունների տեսություն)[19.12.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)[01.12.2016]
- 1991-Ի ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[30.11.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ներքաղաքական իրադարձությունների տեսություն)[18.11.2016]
- ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[03.11.2016]
- ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[14.10.2016]
- ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ[10.10.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ[29.09.2016]