• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. հունիս)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունն ու Ադրբեջանի Հանրապետության կողմից սպառնացող վտանգը, տարիների ընթացքում անջնջելի հետք են թողել Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա՝ ձևավորելով սեփական առաջնահերթությունները: Դրանցից մեկն էլ կապված է քաղաքական ուժերի համախմբվածության և միմյանց նկատմամբ համաձայնողական վերաբերմունքի հետ, ինչը գործնակում բացառում է որոշ երկրներին բնորոշ՝ իշխանության համար մղվող անզիջում պայքարն ու ներքաղաքական ծայրահեղ դրսևորումները: Ասվածն առավելապես վերաբերում է սահմանային լարվածության և երկրի անվտանգությանն անմիջականորեն սպառնացող ժամանակահատվածին:

Հունիսի սկզբին Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած և վերոնշյալ՝ համաձայնողական տրամաբանության շրջանակներից դուրս կատարված իրադարձություններից մեկն անուղղակիորեն կապված էր ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի հետ: 16 տարի երկրից բացակայելուց հետո Արցախի հերոսը վերադարձավ, իր իսկ խոսքերով՝ «երկրին ինչով կարող էր օգնելու համար»: Ստեփանակերտի մատույցներում դիմավորելուց և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը խորհրդանշող Եղբայրական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհելուց հետո նա և իր շուրջը համախմբված կողմնակիցները խաղաղ երթով անցան դեպի Ազատության հրապարակ՝ հընթացս հանդես գալով իշխանությանն ուղղված քննադատական ելույթներով: Հաջորդ օրն արդեն ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության (ԱՎԿ) նախագահ, Աժ պատգամավոր Հայկ Խանումյանը, մի քանի կողմնակիցներով, ԼՂՀ նախագահականի դիմաց պահանջում էր Պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը՝ հօգուտ Սամվել Բաբայանի: Վերջինիս առաջարկությունները դրական արձագանք չգտան: Սակայն առավել անընդունելին և մեր ժողովրդին անհարիրը ԱՎԿ կուսակցության նախագահի՝ մի խումբ անձանց կողմից առևանգումն ու բռնությունների ենթարկումն էր, որը դատապարտեցին Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, երկրի նախագահն ու Ազգային ժողովը:

Տեղեկանք: Ազգային վերածնունդ կուսակցությունը (ԱՎԿ) հիմնադրվել է 2013թ. փետրվարի 24-ին: Ըստ ծրագրային դրույթների՝ կուսակցությունն ազգային ուղղվածության է և որդեգրել է սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն: Սոցիալ-դեմոկրատական մոտեցումները ենթադրում են պետության կողմից բնակչության և շրջանների նկատմամբ այնպիսի քաղաքականության իրականացում, որը կապահովի Արցախի համաչափ զարգացումը: Կուսակցության առաջնահերթություններից է Արցախի թերբնակեցված շրջաններում բնակչության ավելացումը, գերնպատակը՝ Միացյալ Հայաստանի ստեղծումը: Ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՎԿ-ն որդեգրել է «ոչ մի թիզ հող» սկզբունքը:

Ազգային վերածնունդ կուսակցությունը ներքաղաքական ոլորտում նպատակ ունի ուժեղացնել քաղաքական մրցակցությունը, ժողովրդին առաջարկել այլընտրանք՝ նոր գործիչների և նոր գաղափարների տեսքով: 2015թ. խորհրդարանական ընտրություններում ստացել է մեկ մանդատ:

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների շարքը հունիսին համալրվեց ևս մեկով: Հատկանշականն այն է, որ այս անգամ միավորվել են նախկին մարզային, շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավորները, Ազգային խորհրդի, ՀՀ և ԼՂՀ գերագույն խորհուրդների, ԼՂՀ Աժ տարբեր գումարումների պատգամավորները: Ստեղծվել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ն։ Նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի առաջին գերագույն խորհուրդների մի խումբ պատգամավորներինն է: Նորաստեղծ կազմակերպության՝ հունիսի 17-ին տեղի ունեցած անդրանիկ նիստում նախաձեռնող խմբի անդամները գործընկերներին ներկայացրին միության նպատակներն ու խնդիրները։ ՀԿ նախագահ Համլետ Գրիգորյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրների բարձրաձայնման անհրաժեշտությունը հասունացել է վաղուց։ Հեռու մնալով քաղաքական նկրտումներից՝ պառլամենտականները կփորձեն լինել անաչառ խորհրդատու՝ մատնանշելով բացերը, և նման ձևով կսատարեն իշխանություններին։ Նրա խոսքով՝ նպատակն ամենևին էլ կողմ կամ ընդդիմադիր լինելը չէ. սա ոչ քաղաքական կազմակերպություն է, որն զբաղվելու է սոցիալական, տնտեսական և մարդասիրական հարցերով։ «Կան անհատներ, ովքեր կարող են արտահայտվել տեղին ու խելացի, սակայն նրանց ձայնը հասարակությունը լսել չի կարող՝ քննարկման հարթակ չլինելու պատճառով։ Այն ամենը, ինչ դժվարանում է ի պաշտոնե ասել Արցախի ղեկավարությունը, մենք կբարձրաձայնենք նման երևույթների առնչությամբ։ Այս կառույցը չպետք է աշխատի այն ոճով, որով աշխատում են պետության միջին և ստորին օղակները, նախարարություններն ու տարբեր գերատեսչությունները, հասարակական կազմակերպությունները, անգամ գործող պատգամավորները, որոնք չունեն ինքնուրույնություն։ …Վերջին իրադարձությունները, հատկապես ապրիլյան, ցույց են տալիս, որ կա նման կառույցի անհրաժեշտություն։ Ստեղծելով այս միավորումը՝ կփորձենք համախմբել մեր պատգամավորներին, բանավեճերի, քննարկումների միջոցով վեր հանել ճիշտը, արդարը։ Նման ձևով, կարծում եմ, մենք կաջակցենք մեր ղեկավարությանը»,- ասաց Համլետ Գրիգորյանը։ Պատգամավորները շեշտեցին նաև, որ իրենք նախկին խորհրդարանականներ չեն. ժամանակին ժողովուրդն իրենց ընտրել է, և իրենք ի նպաստ ժողովրդի անելիք ունեն մինչև կյանքի վերջ:

Հունիսի 30-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը։ Գարնանային նստաշրջանի ավարտին ԼՂՀ խորհրդարանականները, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, քննարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականը և ամփոփել նստաշրջանի օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունները։ Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենքներ, ինչպես նաև ԼՂՀ մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, որից հետո բյուջեի կատարողականի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահն ու ԱԺ գլխադասային հանձնաժողովների նախագահները։ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին տեսակետներ են հայտնել նաև ԼՂՀ ԱԺ խմբակցությունները։ Արդյունքում՝ 24 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ խորհրդարանի որոշումը։

Ընդմիջումից հետո, լիագումար նիստին, կանոնակարգի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։ Պատգամավորների՝ կառավարության ներկայացուցիչներին առաջադրած հարցերը վերաբերում էին ռազմական անվտանգության խնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Ղարաբաղյան խնդրի՝ բարձրագույն մակարդակով խորհրդատվական քննարկումներին, սոցիալական հիմնադրամների ծրագրերին, միջքաղաքային ճանապարհների բարեկարգմանը, այս տարվա հացահատիկայինների մթերման գնագոյացմանը և այլ ոլորտների։

Օրակարգային մյուս հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ ֆինանսների նախարարը։ Սպարտակ Թևոսյանը նշել է, որ 2016թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4.4%-ի տնտեսական աճ, ՀՆԱ-ն կազմել է 38.2 մլրդ դրամ։ Գարնանային նստաշրջանի ավարտին խորհրդարանի գործունեությունն ամփոփել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր