• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կյանքը մայիսին բավական ակտիվ էր՝ կապված Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող իրադարձությունների հետ: Այս ընթացքում շարունակվեցին ինչպես Հայաստանի Հանրապետության պետական և քաղաքական գործիչների, այնպես էլ եվրոպական գործընկերների այցելություններն Արցախ, նրանց հանդիպումները ԼՂՀ պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը կրկին հայտնվեց ինչպես խորհրդարանի, այնպես էլ հանրային օրակարգում: Այս ընթացքում հայ հասարակության և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին հայտնվել մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումները՝ նվիրված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերին: Քառօրյա պատերազմի հետ կապված՝ Արցախը մայիսին շարունակում էր մնալ արտերկրի տարբեր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հայաստան – Արցախ. Ակտիվ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան ՀՀ-ԼՂՀ հարաբերություններում: Մայիսի 7-ին կայացավ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը՝ «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով: Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես եկան Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը և Արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ»): Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ տվեցին պատգամավորների հարցերին: Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվեց ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրին մի շարք առաջարկություններ ԼՂՀ-ի և ՀՀ-ի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկումների արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա:

Մայիսի սկզբին «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ-ի կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Եվ օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, ԼՂՀ անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու համար:

Կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն տվեց օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա¬խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հան¬դես կգա արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ: «ԼՂՀ-ն արդեն իսկ կայացած պետություն է, ինչը փաստ է, սակայն, դրա ժամանակը չէ: Պետք չէ միակողմանի քայլեր անել՝ անհարմար վիճակում դնելով գործընկներին»,- ասաց Արտակ Զաքարյանը: Կառավարության ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ կառավարությունը հաստատել է օրինագծին կից ներկայացված կառավարության եզրակացությունը, ինչը չի նշանակում, թե հաստատել է պատգամավորների օրինագիծը: Պաշտոնյայի խոսքով՝ կառավարության դիրքորոշումն այն է, որ այս պահին նպատակահարմար չէ ճանաչել Արցախի անկախությունը, քանզի այն կարող է վտանգել բանակցային գործընթացը: Մինչ քվեարկությունը՝ մայիսի 16-ին, ԱԺ նիստերի դահլիճում ելույթ ունեցան խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն ու անհատ պատգամավորներ: Հնչեցին իրարամերժ կարծիքներ, և քվեարկության արդյունքում 12 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը չընդգրկվեց 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգ:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև կապերի ամրապնդման և երկու երկրների հասարակական-քաղաքական կյանքին առնչվող կարևորագույն իրադարձություններից մեկը կապված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ մայիսի 21-22-ը Ստեփանակերտում կայացած Հայկական քաղաքական կուսակցությունների 2-րդ ֆորումի հետ։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետության 10 և Արցախի Հանրապետության 5 խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ անցկացվեց երկու նիստ: Առաջինն ընթացավ «Հայկական կուսակցությունների զարգացման հեռանկարները» թեմայի քննարկմամբ, որի ընթացքում նշվեցին Հայաստանում բազմակուսակցական համակարգի կայացման հետ կապված խնդիրներն ու սահմանադրական փոփոխություններն այդ ուղղությամբ օգտագործելու հնարավորությունները: Երկրորդ նիստը նվիրված էր արցախյան հիմնախնդրին և արտաքին քաղաքականության մեջ կուսակցությունների դերին։ Շեշտվել է, որ միջազգային հարթակներում կուսակցական խողովակները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան զսպված դիվանագիտությանը: Հատկապես անելիքներ շատ կան ՀՀ քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ, որոնք պետք է յուրօրինակ խոսափող դառնան Արցախի ձայնն արտաքին աշխարհում ներկայացնելու համար: Ելույթներով հանդես եկան Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Կարծիքը մեկն էր. միասնական ջանքերի համադրումով միայն կկարողանանք իսկապես արմատական փոփոխություններ իրականացնել և հասնել երկու հայկական պետականությունների կայացմանը, այդ դեպքում արժանիորեն հարգած կլինենք այն երիտասարդների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին երկու հայկական պետությունների պաշտպանության համար։

Արցախ – Եվրամիություն. Արցախի Հանրապետությունը շարունակելով դասվել միջազգայնորեն չճանաչված երկրների շարքին՝ մշտապես փորձել է զարգացնել արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, իր հերթին գտնվելով տարբեր երկրների ուշադրության ներքո: Դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ նրա անկախության միջազգային ճանաչման հեռանկարների տեսանկյունից: Դրանք օտարերկրացիներին թույլ են տալիս սեփական աչքերով տեսնել և իրենց երկրներում ներկայացնել Արցախում ընթացող սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և ժողովրդավարացման գործընթացները: Վերջինս իր հերթին հնարավորություն կընձեռի տարբեր երկրների որդեգրել համարժեք դիրքորոշում Արցախի քաղաքական ապագայի հարցում:

Այս համատեքստում են տեղի ունենում տարբեր պաշտոնյաների շարունակական այցելությունները ՀՀ և ԼՂՀ: Մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի՝ ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ: Կարեն Միրզոյանը տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին՝ ընդգծելով, որ այն 1994թ․հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Արտգործնախարարը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները՝ Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Կ.Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատության բացակայությունը Բաքվում ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն և ճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար: ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար: Կողմերը նշել են իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետություն այցելեցին երեք եվրոպական պատվիրակություններ՝ Die Linke կուսակցության պատվիրակությունը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Ելպքեի գլխավորությամբ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն ու «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռնե Ռուքեն, ինչպես նաև Բուլղարիայի խորհրդարանականներ՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ: Երեք երկրների պատգամավորների և ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի ու հասարակական-քաղաքական շրջանակների հետ տեղի ունեցան հանդիպումներ, որոնցում քննարկվեցին Գերմանիայի, Ֆրանսիայի և Բուլղարիայի հետ Արցախի խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատել եվրոպացի պատգամավորների ցանկությունը՝ տեղեկանալու ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Ղարաբաղյան հակամարտություն. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ին տարածած հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում, միջազգային հանրության և փորձագիտական շրջանակների ուշադրությունը կրկին սևեռեց Ղարաբաղյան հակամարտության վրա: Մայիսի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի և համանախագահների եռյակի մասնակցությամբ կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Մինսկի խումբը հրապարակեց հայտարարություն, որում, նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են 1994 և 1995թթ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ձեռք են բերվել հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մասնակցությամբ։ Դրանով փաստորեն տապալվեցին Ադրբեջանի վաղուց ձեռնարկվող փորձերը հիշյալ համաձայնությունների չեղարկման և Երևանի ու Բաքվի միջև երկկողմ նոր համաձայնության կնքման համար, բնականաբար՝ ադրբեջանական կողմի համար նպաստավոր հետևություններով։ Հայտարարությունից տրամաբանորեն հետևում է այն եզրահանգումը, որ Լեռնային Ղարաբաղը, հակառակ Բաքվի ցանկության, որպես հակամարտության լիիրավ կողմ, պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Ավելի ուշ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը: «Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձևականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Չէ՞ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պետք է ապրեն այնտեղ»,- հայտնել է Իգոր Պոպովը: Երկրորդ կարևոր շեշտադրումն առնչվում է ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությանն ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու պահպանմանը: Հանդիպմանը ձեռք բերված այս պայմանավորվածությունների իրականացման դեպքում, իրոք, հնարավոր կլինի վերջ դնել իրավիճակի՝ դեռևս շարունակվող ռազմական սրացմանը և վերականգնել բանակցային գործընթացը, որին Ադրբեջանի կողմից շոշափելի հարված է հասցվել։ Վիեննայի հանդիպման մեկ այլ կարևոր հանգամանք է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մշակման և ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Ինչպես հայտնի է, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը միջնորդների տվյալ նախաձեռնությանը սատարել էին, ու միայն Ադրբեջանն էր մշտապես խոչընդոտում դրա կենսագործմանը, ինչը նրան թույլ էր տալիս անպատիժ խախտել հրադադարի ռեժիմը։ Ըստ երևույթին, Վիեննայում Ի.Ալիևը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործադրած ճնշման արդյունքում համաձայնեց նույն այդ մեխանիզմի ներդրմանը, որը Բաքվի մեղքով տարիներ շարունակ տապալվում է։ Հակամարտության գոտում դիտորդական առաքելության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչը թույլ կտա կատարելագործել շփման գծում իրավիճակի դիտարկման ներկայումս գործող մեխանիզմը։ Սակայն, հաշվի առնելով պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի ղեկավարության գործելաոճը, և արդեն այդ ուղղությամբ Բաքվում հնչեցված հակասական մեկնաբանությունները, Վիեննայի հանդիպման արդյունքներին հարկ է մոտենալ զգուշավոր լավատեսությամբ։ Ենթադրելի է, որ Բաքուն այս անգամ ևս տարբեր պատրվակներով կխուսափի պայմանավորվածությունները կատարելուց և կշարունակի հիմնախնդրի ուժային լուծմանը միտված իր ապակառուցողական քաղաքականությունը։ Հետևաբար, նորից արդիական է դառնում «խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի» դարավոր ճշմարտությունը:

ԼՂՀ – Սփյուռք. Մայիսին Արցախը շարունակեց գտնվել համայն հայության ուշադրության և հոգածության կենտրոնում: Սփյուռքի տարբեր գործիչներ, այցելելով ԼՂ,Հ, իրենց նյութական, բարոյական և քաղաքական աջակցությունն էին հայտնում այս կարևորագույն համազգային խնդրի լուծմանը: ԼՂՀ նախագահը մայիսի 5-ին ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, մայիսի 23-ին՝ Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Կրիկորյանին: Հանդիպմանն արծարծվել են հետևյալ հարցերը. պետություն-եկեղեցի, Արցախի ներքին և արտաքին քաղաքականություն, Հայրենիք-Սփյուռք կապեր, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներ և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներ և այլն:

Արցախ-Սփյուռք հարաբերությունների համատեքստում առավել նշանակալիցը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի աշխատանքների շարունակումն էր Արցախում։ Մայիսի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գումարվեց երկրորդ նիստը: Ներկա էին օրենսդիր ու գործադիր իշխանության, քաղաքական ու հանրային շրջանակների ներկայացուցիչներ: Ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան օրերին հայության ներուժը կենտրոնացավ Արցախում՝ ծառայելով ազգային շահերին: ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դ.Իշխանյանի խոսքով՝ Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողության բանալին Արցախի սահմաններում է և ամփոփված է հայ զինվորի ոգու մեջ: Այստեղից կարող են ուժ ստանալ բոլոր քաղաքական ու պետական գործիչները, այստեղ կարող են նաև սրբագրվել բոլոր այն գաղափարները, որոնք ծնունդ են առնում յուրաքանչյուր հայի մեջ: Բացման խոսք ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ կառույցի ընդհանուր աշխատանքներն ամփոփելով չորս կետերի մեջ: Առաջին. Արցախին առնչվող աշխատանքները, որոնք տարվում են ամբողջ աշխարհում՝ ինքնորոշման իրավունքի շեշտադրումով, գումարած Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարը: Քառօրյա պատերազմից հետո այդ ուղղությամբ ավելի մեծ թափով ծավալվեցին աշխատանքները. ազգը մեկ բռունցք դարձավ, և այդպես էլ պիտի լիներ: Երկրորդ կետում նա նշեց Հայաստանի հետ կապված աշխատանքներն աշխարհում՝ նրա միջազգային վարկանիշը բարձր պահելու ուղղությամբ, նաև պայքարը միջազգային ատյաններում և այլ երկրներում թուրք-ադրբեջանական հարձակումների դեմ: Երրորդ՝ նոր էջի բացում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, այն է՝ պահանջատիրություն, որի կարևորագույն հանգրվանն Արցախն է: Չորրորդ՝ Հայ դատի քաղաքական ուժի հզորացում աշխարհով մեկ, և հատկապես Սփյուռքում հայ երիտասարդության քաղաքական գործունեության ակտիվացում: Իր զեկույցում ԼՂՀ արտգործնախարարը խոսեց արտաքին քաղաքականության ճակատում Արցախին ուղղված մարտահրավերների մասին: Կ.Միրզոյանի խոսքով՝ չորսօրյա պատերազմը նոր մարտահրավեր էր, որը նոր խնդիրների և դժվարությունների հետ մեկտեղ բերեց նաև նոր հնարավորություններ ու հորիզոններ, ինչի վրա պետք է կենտրոնացնել ընդհանուր ջանքերը: Դիրքորոշումների վերանայման, նոր մարտավարությունների մշակման և դրանց կիրառման խնդիր է առաջացել, ասաց նա: Հակամարտության կարգավորման առնչությամբ մեր դիրքորոշումն անսասան է. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, վերադարձ անցյալին թե՛ կարգավիճակի և թե՛ տարածքների առումով անհնար է: Կ.Միրզոյանն այնուհետև ընդգծեց բանակցային գործընթացի բոլոր փուլերին արցախյան կողմի լիարժեք մասնակցության անխուսափելիությունը, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղ կարգավորման: Միաժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Ճանաչումը պարունակում է Արցախի համար կարևոր մի շարք գործոններ: Այն անվտանգության հզոր երաշխիք կլինի Արցախի և նրա բնակչության համար և թույլ կտա օգտագործել միջազգային անվտանգության այն մեխանիզմները, որոնցից օգտվում են միջազգայնորեն ճանաչված բոլոր պետությունները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր