• am
  • ru
  • en
Версия для печати
15.01.2015

ՀՀ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

EnglishРуский

   

Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ


ՀՀ ինտեգրացիոն քաղաքականության շուրջ սփյուռքյան մամուլի դիսկուրսի միտումները վերհանելու նպատակով 2014թ. հունվար-հոկտեմբերին որակական դիտարկման են ենթարկվել Սփյուռքի 18 ԶԼՄ-ի1 թեմատիկ հոդվածները։

Նշենք, որ եթե նախկինում Եվրասիական միությունը (ԵԱՄ) ԶԼՄ-ում ներկայացվում էր գլխավորապես որպես քաղաքական միավորում, ապա 2014թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում ԵԱՄ-ի մասին քննարկումներն առավելապես տնտեսական միավորում լինելու շեշտադրմամբ են ծավալվել։ Այդ պատճառով առավել հաճախ կիրառվել է Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) ձևակերպումը։

Վերոնշյալի համատեքստում փորձենք առանձնացնել այն հիմնական դիսկուրսները, որոնք բնորոշ են սփյուռքյան մամուլին ընտրված ժամանակահատվածում։

ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրը

ՀՀ ինտեգրացիոն քաղաքականությանն առնչվող քննարկումներում, ինչպես տեղի մեդիա-դաշտում, այնպես էլ Սփյուռքի լրատվամիջոցներում անվտանգության գործոնը ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը «կողմ» հիմնավորումների մեջ ամենածանրակշիռն է։ Սակայն, եթե ՀՀ-ի պարագայում անվտանգության ապահովման հարցը հստակ է դրված (ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է), ապա ԼՂՀ-ի դեպքում այն ներկայացվում է որպես խնդիր, որովհետև ԼՂՀ-ն «չճանաչված» պետություն է, և հետևաբար՝ միության անդամները չեն կարող հանդիսանալ նրա անվտանգության երաշխավոր։ Այս առիթով ակտուալացվել է ՄՄ-ին ԼՂՀ միանալու հարցը։

Լավատեսական դիրքորոշումներում այսպիսի հնարավորության համար որպես նախադեպ է ներկայացվում Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակը, որոնց հետ 2013թ. դեկտեմբերի 22-ին Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեց, որով վերացվում էին նրանց միջև մաքսային սահմանները։

Այսօրինակ ելքի դեպքում ՄՄ տնտեսական միավորմանը ԼՂՀ անդամակցումը կենթադրի ԼՂՀ անկախության անուղղակի ճանաչում, ինչն էլ դրական հիմնավորման առիթ է ծառայում ՄՄ-ին անդամակցության կողմնակիցների համար։ Սակայն քիչ չեն նաև ոչ լավատեսական քննարկումները, ըստ որոնց՝ միությունից ԼՂՀ–ի դուրս մնալը՝ ՀՀ-ի ՄՄ անդամ լինելու պայմաններում, կհանգեցնի ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրմանը՝ դրանից բխող հետևանքներով։ Չնայած պաշտոնական աղբյուրները հերքում են մաքսակետերի տեղադրման մասին լուրերը, այնուամենայնիվ, սա մնում է տագնապային թեմաներից առանցքայինը։

Տնտեսական հարցեր

Սփյուռքի լրատվամիջոցների՝ տնտեսական ոլորտին առնչվող դիսկուրսը հիմնականում ընթացել է հետևյալ խնդիրների շուրջ.

• ՄՄ (ԵՏՄ) ընձեռած տնտեսական հնարավորությունները

• ՀՀ տնտեսական հնարավոր առաջընթացը (հիմնականում կապված տրանսպորտային և էներգետիկ ոլորտների հետ)

• ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ թերահավատությունը

• ՀՀ տնտեսական ինքնուրույնության կորուստն իր բացասական հետևանքներով։

Ընդհանուր առմամբ, տնտեսական խնդիրներին առնչվող քննարկումները դիտարկված ժամանակահատվածում առավել մտահոգ երանգներ են ստացել նույնիսկ ինտեգրացիոն գործընթացի «կողմնակիցների» կարծիքներում։ Մտահոգությունները վերաբերում են ոչ միայն ներքին տնտեսական հարցերին («Ընդ որում, թղթի վրայ տնտեսութիւնը կարող է նոյնիսկ մէկ-երկու տոկոսով աճել (համատարած թանկացումների հաշուին), բայց որ բնակչութեան կենսամակարդակը կտրուկ իջնելու է, դա հաստատ»), այլ նաև արտաքին՝ ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարներին։ Այսինքն՝ ՄՄ-ին անդամակցության հետևանքով Հայաստանը կարող է զրկվել տնտեսական քաղաքականության ինքնուրույնությունից։ Այս առումով բնորոշ է հետևյալ մեկնաբանությունը՝ հիմնված ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հայտարարության վրա. «Հայաստանը չի կարողանայ տնտեսական պայմանագրեր ստորագրել այլ երկրների հետ մինչեւ Մաքսային միութեան գործադիր կոմիտէն հաւանութիւն չտա», և «...այսուհետ Եւրամիութեան հետ բանակցութիւնները Հայաստանի անունից վարելու է Մաքսային միութիւնը» («Մասիս» շաբաթերթ, 08.02.2014):

Տնտեսության զարգացման քննարկումներում (թե՛ էներգետիկ, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում) գերակշռում են դրական հեռանկարի հնարավորության մատնանշումները կամ «եթե»-ներով ձևակերպումները. «եթե խոստացված չափով ներդրումներ լինեն», «եթե Հայաստանը դուրս գա տրանսպորտային շրջափակումից» և այլն. «...Мне кажется, со вступлением в Таможенный союз она получит шанс встать на рельсы устойчивого развития и роста. С помощью инвестиций, с помощью технологического обмена, через решение транспортной проблемы. Появляются перспективы крупных инвестиций в электроэнергетику, в строительство нового атомного энергоблока, нового энергоблока на Разданской ТЭЦ. Эти инвестиции гарантируют не только экономическую стабильность, они могут превратить Армению в страну, экспортирующую электроэнергию в соседние страны, и прежде всего в Иран» («Ноев Ковчег», Таможенный союз поможет Армении выйти из транспортного тупика, № 4 (234) март (1–15) 2014г.)2:

Բացի վերոնշյալ ծավալուն թեմաներից, որոնց շուրջ է ընթացել քննարկումները, մեր կողմից առանձնացվել է նաև թեմաների հետևյալ համախումբը, որոնք թեև ավելի փոքր ծավալով, սակայն արտացոլվել են ՀՀ ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման մեջ։

«Արևմուտքի քաղաքականության քննադատություն»

2014թ. ընթացքում նկատելի է դառնում Արևմուտքի քաղաքականություն քննադատությունը ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի չկայացման և ՄՄ-ին, ԵՏՄ–ին միանալու որոշման հարցում։ ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորվում է Արևմուտքի կողմից ՀՀ-ի համար առանցքային կետերի երաշխավորման բացակայությամբ (անվտանգություն, թուրք-ադրբեջանական շրջափակում, տնտեսական հարաբերություններ)։ Հատկանշական է, որ այսպիսի քննադատությունները ՀՀ ինտեգրման գործընթացների շուրջ Արևմուտքում գործող Սփյուռքի հանրային գործիչների և փորձագետների հավասարակշռված մոտեցումների վկայությունն են։ Որպես բնորոշ օրինակ նշենք 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումից հետո www.TheCaliforniaCourier.com-ի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը3։ Այստեղ նա ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները դիտարկում է եղած «աշխարհառազմավարական և տնտեսական շահերի» ու «իրողությունների» համատեքստում՝ նշելով, որ առկա են «ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառներ», և ավելացնելով. «սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում»: Միաժամանակ, Արևմուտքին կոչ է անում հարկային արտոնություններով և այլ խթաններով աջակցել ՀՀ-ին՝ նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից. «Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե արևմտյան երկրները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, փոխանակ հորդորելու Հայաստանի ղեկավարներին խզելու խիստ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարկային արտոնություններ և այլ խթաններ տրամադրեն իրենց ներդրողներին Հայաստանում՝ դրանով իսկ նվազեցնելով Երևանի կախվածությունը Ռուսաստանից: Նմանապես, Հայաստանին ուղղված ամերիկյան քննադատությունն ու նախազգուշացումները Իրանի հետ նրա ունեցած առևտրային կապերի համար, պարզապես անիմաստ հայտարարություններ են: Ավելի օգտակար կլիներ, եթե Օբամայի վարչակազմը քաջություն ունենար ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության համատեղ շրջափակումը վերացնելու համար, որը շարունակվում է ավելի քան 20 տարի» («Asbarez», «The West Must Offer Armenia Incentives Rather Than Decry Its Ties with Russia», 14.10.14):

«ՄՄ-Թուրքիա համագործակցության վտանգները»

ՄՄ–Թուրքիա կապերի շուրջ մտահոգություններն առարկայական դարձան 2014թ. հուլիսից, երբ ՌԴ և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները քննարկեցին հնարավոր համագործակցության ձևաչափը։ Այն ներառում էր Թուրքիայի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունը։ Այս հայտարարությունից հետո ակտիվացան քննարկումները՝ կապված ՀՀ–ի համար նման համագործակցության բացասական հետևանքների հետ. «Հայաստանի համար բոլորովին ցանկալի չէ նման զարգացումը, քանի որ դա կբերի Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական շահերի էլ ավելի սերտաճման: Հիմա մոտավորապես $20 միլիարդ է այդ երկու երկրների առևտրաշրջանառությունը, բայց նրանք մտադիր են մինչև 100 միլիարդի հասցնել այն. սա հսկայական թիվ է՝ իր բոլոր քաղաքական հետևանքներով» («Asbarez», Turkey-Eurasian Union Partnership, «Will Hurt Armenia», 22.07.2014):

«Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՄՄ-ին»

Բացի Թուրքիայի հետ համագործակցությունից, առկա է նաև ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը, ինչի մասին ՌԴ Սփյուռքի մամուլն է արձագանքում՝ ներկայացնելով այն ռուսական աղբյուրների կողմից դրական մեկնաբանություններով. «Одновременное вхождение Азербайджана и Армении в ЕАЭС означает не только новый интеграционный уровень союза, но и нормализацию отношений между Азербайджаном и Арменией, а также обеспечение стабильности на Южном Кавказе»,– такое мнение высказал директор Института ЕврАзЭС Владимир Лепехин. Некоторое время назад в ходе визита в Баку о гипотетической перспективе присоединения прикаспийской республики к ЕАЭС упомянул министр экономического развития России Алексей Улюкаев, а относительно Турции аналогичное допущение делал тот же Нурсултан Назарбаев»4 («Ноев Ковчег», «Евразийские интеграционные перспективы Армении и карабахский вопрос», 1-15.07.2014).

«ՀՀ-Սփյուռք հարաբերությունները»

2014–ին նկատվել են քննարկումներ Եվրասիական ինտեգրման համատեքստում ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ապագայի վերաբերյալ, որոնցում նշվում են հնարավոր ռիսկերը. «Հայաստանի Հանրապետութիւնը Մաքսային միութեանը միանալով հոգեբանական անջրպետ է ստեղծելու իր եւ Սփիւռքի միջեւ։ Անկասկած, Հայաստանի նման երկրի համար, միանալը տարածաշրջանային որեւէ միութեան, անհրաժեշտ է։ Բայց ո՞նց, ե՞րբ, ի՞նչ գնով եւ ո՞ր միութեանը, դա ազգային-ժողովրդական ընտրութեան հարց է» («Ալիք», «Հայաստանի համաձայնութիւնը, անդամակցելու Եւրասիական մաքսային միութեան՝ եւ նրա հասարակա-հոգեբանական անդրադարձը», 05.01.14)։

2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններ դարձան Սփյուռքի մամուլի լուսաբանման թեմաներ՝ նպաստելով ինտեգրացիոն գործընթացների շուրջ քննարկումների աշխուժացմանը և մտահոգությունների սրացմանը։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին.

«ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը»

ՀՀ կառավարությունը 2014թ. փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով, որը ստորագրվել էր դեռևս 2013թ. դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում, ինչը սփյուռքյան մեդիայում լուսաբանվում է մտահոգ երանգավորմամբ, ինչպես, օրինակ. «Մինչեւ Ասթանա, յստակ է ճամբու քարտէսը… ետքն է հարցականը» («Հայրենիք», «Մաքսային միութեան մուտքի կամ… ճամբու անորոշ քարտէսի սեմին», 08.05.14)։

«Իլհամ Ալիևի նամակը»

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի նամակի ընթերցումը մտահոգությունների տեղիք տվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքյան մեդիա-դիսկուրսում5. «Անակնկալ մը չէր Մայիս 29ին, Ղազախստանի մայրաքաղաք՝ Ասթանայի մէջ, Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի նիստին ընթացքին, հիւրընկալ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւի յիշեցուցածը, մատնանշածը, կարդացած նամակը՝ յանձին Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի գրչին եւ այդ ալ բնականաբար Արցախի հիմնահարցին առնչութեամբ: Նոյնինքն Նազարպայեւ այս գծով իր դիրքորոշումը յայտնած էր, անցեալ տարեվերջին, երբ Մոսկուայի մէջ կ'առնուէին առաջին քայլերը, ստեղծելու Մաքսային միութեան ճամբու քարտէսը: Դեռ աւելին, նախքան այս միութիւնը ստեղծելու գաղափարը, դեռ քանի մը ամիս առաջ ալ, Պաքուի մէջ կայացած թրքալեզու պետութիւններու համագործակցութեան խորհուրդի ժողովին, միեւնոյն գաղափարն է որ արտայայտուեցաւ Նազարպայեւի կողմէ» («Հայրենիք» շաբաթաթերթ, «Ասթանայէն… ազդանշան», 04.06.2014)։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները»

Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը ՄՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա նույնպես մտահոգիչ թեմա է. «Մէկ բան ակնյայտ է կարճաժամկէտ տեսանկիւնից: Այսօր ողջ արեւմտեան աշխարհը դուրս է եկել Ռուսաստանի դէմ եւ կիրառում է պատժամիջոցներ: Նաւթի գները ընկնում են, ռուսական ռուբլին անշեղօրէն արժեզրկւում է: Այս պայմաններում` Հայաստանին ԵՏՄ-ում դժուար օրեր են սպասւում» («Ազդակ», «Չարեաց փոքրագոյնը», 13.10.2014)։

«ՀՀ-Ուկրաինա. համեմատականներ»

ԼՂՀ հակամարտության և ՀՀ, ԼՂՀ անվտանգության առանցքային հարցը Սփյուռքի մեդիա-լուսաբանումներում նոր հուն է մտնում հատկապես 2014–ին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի համատեքստում։ Սփյուռքի ԶԼՄ-ում քննարկման առիթ են Հայաստան–Ուկրաինա համեմատությունները, Հայաստանում ուկրաինական նախադեպի կրկնվելու հավանականության հարցերը և դրա հետևանքները, ինչպես նաև աշխարհաքաղաքական մեծ խաղացողների անփույթ քաղաքականությունը։

Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատականները պայմանավորված են նրանով, որ նույն ժամանակահատվածում երկու երկրներն էլ կանգնած էին «Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն» աշխարհաքաղաքական երկընտրանքի առաջ։ Եթե արժեքային առումով ցանկալի է համարվում եվրոպական ինտեգրացիան, ապա տնտեսական և անվտանգության առումներով մատնանշվում է, որ երկու երկրներն էլ կախված են Ռուսաստանից։ Այս համատեքստում հաճախ քննարկվում են «հնարավո՞ր է արդյոք ուկրաինական սցենարի զարգացումը Հայաստանում, կարո՞ղ է այն հանգեցնել իշխանափոխության, և ի՞նչ հետևանքներ կունենա այդ ամենը Հայաստանի համար» հարցերը։ Հետաքրքրական է, որ «Ноев Ковчег»-ը Սփյուռքի ԶԼՄ-ից ամենաշատն է անդրադառնում այս թեմաներին. մասնավորապես 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին առկա էին մի շարք հոդվածներ. «Майдан» в Армении невозможен, но власти расслабляться не приходится», «Угрожают ли Армении попытки досрочной смены власти?», «Киевский сценарий для Армении неприемлем», «Грозит ли Армении свой «Майдан», или чем олигарх Гагик Царукян хуже олигарха Бидзины Иванишвили?»6 և այլն։

«Ազդակ» օրաթերթը ևս անդրադառնում է այս համեմատությանը. «Որքան Ուքրաինան չէր կարող պատկերացնել, թէ մինչեւ ո՛ւր կարող է հասնել ռուսական արջի կատաղութիւնը, նոյնքան էլ չէր կարող պատկերացնել, թէ մինչեւ որտեղ կարող է հասնել եւրոպական աղուէսի սառնասրտութիւնը: Եւ այս խորապատկերում հարց է առաջանում, թէ ի՞նչ էր լինելու Հայաստանի հետ, եթէ այն եւս որդեգրէր Ռուսաստանից ապահարզանի` ուքրաինական կտրուկ ճանապարհը։ Խնդիրը բացարձակապէս Ռուսաստանի հպատակը դառնալու` ներկայիս քաղաքական ուղեգիծն արդարացնելը չէ: Ուքրաինայի ներկայիս վերաբաժանումը աւելորդ անգամ հաստատում է, որ աշխարհը թեւակոխել է մի դարաշրջան, որտեղ հիմնական խնդիրը, յատկապէս` փոքր ու միջին երկրների համար, դարձել է անվտանգութեան ապահովումը, արտաքին մարտահրաւէրները չէզոքացնելը` սեփական միջոցների հզօրացման եւ զարգացման միջոցով» («Ազդակ», «Ո՞վ է սերտելու Ուքրաինական տխուր դասերը», 16.09.14)։

ԵՏՄ-ին անդամակցության ստորագրումը

Ինչպես հայտնի է, 2014թ. հոկտեմբերի 10–ին Մինսկում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, ՀՀ նախագահը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը ենթակա է վավերացման և կգործի 2015թ. հունվարի 1-ից։ Անդրադառնալով այս իրադարձությանը՝ Սփյուռքի ԶԼՄ-ում խոսվում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության և Ռուսաստանին «ոչ» ասելու անկարողության մասին. «Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցութիւնը պէտք է դիտարկել նախ եւ առաջ հետեւեալ տեսանկիւնից` կարո՞ղ էր Սերժ Սարգսեանը «ոչ» ասել Ռուսաստանի, աւելի ճիշդ` Վլատիմիր Փութինի այս նախաձեռնութեանը: Եթէ «այո», ապա Հայաստանը ի՞նչ գին պիտի վճարէր այդ «ոչ»-ի համար: Ի՞նչ է սպասւում Հայաստանին ԵՏՄ-ում: Այստեղ հարցերն աւելի շատ են, քան պատասխանները: Ի՞նչ է շահելու եւ ի՞նչ է կորցնելու Հայաստանը, եթէ ԵՏՄ-ն կայանայ: Այս հարցն էլ չունի միանշանակ պատասխան: Բայց այստեղ էլ հարցադրումը տեղին չէ: Պէտք է հարցնել` ի՞նչ էր շահելու Հայաստանը եւ ի՞նչ էր կորցնելու, եթէ հրաժարուէր ԵՏՄ-ին անդամակցելուց: Ենթադրենք, թէ Արցախի հարցում Ռուսաստանը չէր որդեգրի ազրպէյճանամէտ դիրքորոշում: Իսկ ինչպէ՞ս էինք դիմագրաւելու տնտեսական հարուածներին: Ի՞նչ գնով էր Ռուսաստանը Հայաստանին կազ վաճառելու, եթէ մենք հրաժարուէինք ԵՏՄ-ից: Հայաստանում հակառուս տրամադրութիւն ունեցողները առաջարկում են` կազ կը գնէինք Իրանից: Լաւ, եթէ այդքան հեշտ է Իրանից էժան կազ գնելը, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չէինք գնում: Հայաստանի համախառն ներքին արդիւնքի քսան առ հարիւրը ձեւաւորւում է Ռուսաստանում: Տարեկան Հայաստան է մտնում շուրջ երկու միլիառ տոլար գումար դրամական փոխանցումների ձեւով, որից 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ միւս 15 տոկոսը` միւս երկրներից: Այսպէս կարելի է շարունակել եւ թուերով ցոյց տալ, թէ ինչպիսի մեծ կախում ունի Հայաստանի տնտեսութիւնը Ռուսաստանից» («Ազդակ», «Չարեաց փոքրագոյնը», 13.10.2014)։

Ամփոփելով նշենք, որ 2014թ. ընթացքում ՀՀ անդամակցության դիսկուրսն առավել հստակ դրսևորվել է մի քանի առանցքային թեմաների՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության, Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության/զարգացման, ներառյալ՝ էներգետիկ հարցերի շուրջ։ Մտահոգիչ թեմաների քննարկումներում տեղ է գտել այն հարցը, թե Մաքսային կամ Եվրասիական միությունում ինտեգրվելը ինչպես կազդի Հայաստան-Սփյուռք ապագա հարաբերությունների և զարգացումների վրա։ ՀՀ ինտեգրումը ԵՏՄ–ին դիտարկվել է որպես հնարավոր խոչընդոտ ՀՀ–Սփյուռք հարաբերությունների համար։ Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսական ապագան Սփյուռքի ԶԼՄ-ում դիտարկվում է՝ ելնելով ստեղծված դրությունից՝ ոչ այնքան դրական հեռանկարների, որքան չանդամակցության դեպքում առաջ եկող բացասական հետևանքների կասեցման տեսանկյունից։ Այդ պատճառով վերոնշված իրադարձություններն արտացոլվել են հիմնականում մտահոգ երանգավորմամբ։

1 Դիտարկվել են «Ալիք», «Լույս», «Արաքս» շաբաթաթերթ, «Ազդակ», «Արձագանգ», «Gibrahayer» (Armenian-Cypriots) շաբաթաթերթ, «Ազատ օր», «Գանձասար» շաբաթաթերթ, «Եվրոպական անկախ ամսագիր Օրեր», «Ախալցխայի տեղեկատվական կայք», «Հորիզոն» շաբաթաթերթ, «Ноев Ковчег», «Еркрамас», «Analitikaua.net», «Nouvelles d’Arménie», «Հայրենիք», «Մասիս» շաբաթաթերթ, «Asbarez» լրատվամիջոցները։

2 «Ինձ թվում է՝ մտնելով ՄՄ, նա կստանա հնարավորություն կանգնել կայուն զարգացման և աճի ուղու վրա։ Ներդրումների, տեխնոլոգիական փոխանակման օգնությամբ, տրանսպորտային խնդիրների լուծման միջոցով։ Հեռանկարներ կան էլեկտրա-էներգետիկայի ոլորտում խոշոր ներդրումների, նոր ատոմային էներգաբլոկի, ՀրազդանՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար։ Այդ ներդրումները երաշխավորում են ոչ միայն տնտեսական կայունություն, դրանք կարող են Հայաստանը վերածել հարևան երկրներին և առաջին հերթին Իրանին էլեկտրաէներգիա մատակարարող երկրի» («Ноев Ковчег», Մաքսային միությունը կօգնի Հայաստանին դուրս գալ տրանսպորտային փակուղուց, № 4 (234) մարտ (1–15) 2014)։

3 «Արևմուտքը պետք է հատուկ արտոնություններ շնորհի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ նրա կապերը դատապարտելու փոխարեն» հոդվածը տե՛ս http://asbarez.com/127820/the-west-must-offer-armenia-incentives-rather-than-decry-its-ties-with-russia/։ Հայերեն թարգմանությամբ տե՛ս http://www.azatutyun.am/content/blog/26638208.html

4 Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մուտքը Եվրասիական միություն նշանակում է ոչ միայն միության նոր մակարդակ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության ապահովում։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵվրԱզէս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։ Ավելի վաղ Բաքու կատարած այցի ժամանակ մերձկասպյան հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու աշխարհաքաղաքական հեռանկարի մասին հիշատակել էր Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ Թուրքիայի վերաբերյալ նմանատիպ վարկած առաջ է քաշել Նուրսուլթան Նազարբաևը։

5
Մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի մասին է հիշատակել, որտեղ Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում։

6
«Մայդան» Հայաստանում հնարավոր չէ, սակայն իշխանությունը չի թուլանում», «Սպառնո՞ւմ է արդյոք Հայաստանին վաղաժամ իշխանափոխության փորձ», «Կիևյան սցենարը Հայաստանի համար անընդունելի է», «Հայաստանին սպառնո՞ւմ է արդյոք սեփական «Մայդանը» կամ՝ ինչո՞վ է օլիգարխ Գագիկ Ծառուկյանն ավելի վատ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլուց»։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր