ՀՀ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
Դիանա Գալստյան«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության որոշումն արձագանքներ ունեցավ ինչպես տեղի մեդիա-դաշտում, այնպես էլ սփյուռքի հայկական ԶԼՄ-ում։ Այս խնդրի շուրջ սփյուռքի լրատվամիջոցներում առկա դիրքորոշումներն ուսումնասիրելու նպատակով մեր կողմից կատարվել է սփյուռքի 19 լրատվամիջոցի1 բովանդակության վերլուծություն: Դիտարկվել են 2013թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հոդվածները։ Իրականացված հետազոտության2 որոշ արդյունքներ կքննարկենք այս հոդվածի շրջանակներում՝ անդրադառնալով, մասնավորապես, ՀՀ և ԼՂՀ անվտանգության հարցերին տրվող գնահատականներին։
Հարկ է նշել, որ Սփյուռքի լրատվամիջոցներում այս թեմայով ծավալված դիսկուրսը շատ դեպքերում հիմնված է ՀՀ լրատվամիջոցներում տեղ գտածի վրա։ Հայաստանյան լրատվամիջոցների պես, սփյուռքի ԶԼՄ-ում ևս ՀՀ ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման առանցքում գտնվում էին տնտեսական և անվտանգության հարցերը։
ՀՀ անվտանգության ապահովման հարցն ի սկզբանե պաշտոնական աղբյուրների կողմից ներկայացվեց որպես ՀՀ ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտության ծանրակշիռ հիմնավորում (տե՛ս Աղյուսակ 1)։ Երկրորդ խումբ աղբյուրները շրջանառում էին այն տեսակետը, որ ոչ թե ՄՄ անդամակցության արդյունքում ՀՀ-ն կամրապնդի իր անվտանգությունը, այլ պարզապես կնվազեցնի չանդամակցելու դեպքում հնարավոր ռիսկերը։



Չկարգավորված հակամարտության պայմաններում անվտանգության ապահովման խնդիրը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, և այն ընկալվում է, ըստ էության, ՀՀ-ին իրական ընտրության հնարավորությունից զրկող օբյեկտիվ գործոն. «Ինչ-որ հանգրուանում, ելնելով առկայ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնուած Մաքսային միութեանը եւ ներգրաււելու էր Եւրասիական տնտեսական միութեան ձեւաւորման գործընթացում» («Արձագանք» օրաթերթ, 05.09.2013, «Մամլոյ Հաղորդագրութիւն»):
Մաքսային միության օգտին ընդունված որոշմանը կողմ լինելու հարցում մեծ դեր է խաղում նաև Ռուսաստանից ՀՀ կախվածության գիտակցումը՝ ոչ միայն ռազմական և անվտանգության առումով, այլև մնացած այլ ոլորտներում նույնպես. «...Թուրքիոյ եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ռուս սահմանապահները, եւ այս երկրից է մշտապէս համալրւում մեր զէնքի ու զինամթերքի գրեթէ ողջ պաշարը: Ռուսաստանից է ստացւում Հայաստանում իրացուող կազի մեծ ծաւալը, եւ ատոմակայանի հումքը: Այս երկրի հետ է իրականացւում Հայաստանի ամենամեծ առեւտրային շրջանառութիւնը: Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի տնտեսական, ելեկտրակական եւ հաղորդակցութեան կարեւորագոյն ու ռազմավարական ձեռնարկութիւնների: Եւ դեռ այսքանով չեն սահմանափակւում նշուած ոլորտներում եղած բազմակողմանի կապերը» («Հայրենիք», 25.09.2013, «Հայաստանի հեռանկարներ. իրողութիւններ եւ եզրայանգումներ»):
Այս և նման պատկերացումները մշտապես ելնում են ՌԴ-ից ՀՀ բարձր կախվածության առկա պայմաններից։ Դրանք երբևէ չեն հարցադրում փոխհարաբերությունների գոյություն ունեցող կարգի փոփոխման հնարավորությունը կամ անհրաժեշտությունը։ Արդյունքում՝ ստեղծված պայմաններում Ռուսաստանի պատժիչ հետևանքներից խուսափելու միակ ելքը Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական միությանն անդամակցությունն է դիտարկվում։
ԼՂՀ կարգավիճակի հարցը և հնարավոր պատերազմը
ՄՄ-ին անդամակցության շուրջ ծավալված քննարկումներում ՀՀ անվտանգության հարցն անմիջականորեն կապվում է ԼՂ հարցի հետ երկու տեսանկյունից՝ անվտանգության ապահովման և ԼՂՀ կարգավիճակի։ Ընդ որում՝ Ռուսաստանի դերակատարմանն այս երկու դեպքում էլ մեծ կարևորություն է տրվել։
Առաջին խմբին (տե'ս Աղյուսակ 2) պատկանող աղբյուրները (հիմնականում ՀՀ և ՌԴ պաշտոնական և այլ աղբյուրներ) շրջանառում են այն տարբերակը, որ ՄՄ-ին անդամակցությունը կամրապնդի ԼՂՀ անվտանգությունը և առհասարակ կնպաստի ամբողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը։
Մյուս խումբը, որտեղ որպես աղբյուր հանդես են եկել տարբեր երկրների փորձագետներ, գտնում է, որ այս անդամակցության արդյունքում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսային սահմանը կարող է հանգեցնել բացասական, նույնիսկ աղետալի հետևանքների՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխության և նոր պատերազմի։ Այս խմբի տեքստերը պարունակում են այն իմաստավորումը, որ Ռուսաստանի դերը ԼՂՀ հարցում միանշանակ չէ։ Ռուսաստանի համար չկարգավորված հակամարտությունը հանդես է գալիս որպես լծակ, անհրաժեշտության դեպքում օգտագործվում է որպես ճնշման միջոց Հայաստանի վրա։ Այս տեսակետի կողմնակիցներն իրենց փաստարկները ծավալում են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցույց տրվող աջակցության շուրջ։ Օրինակ. «У Кремля было множество рычагов давления, и он их использовал. Первый – это угроза новой войны, которую может начать Азербайджан. Москва дала понять, что готова поддержать Баку в этом конфликте, в том числе политически. Вспомним, что совсем недавно Россия продала Азербайджану на один миллиард долларов наступательного вооружения, и поймем, что вот он – мощный рычаг давления на Армению» (Ноев Ковчег, 01.10.2013, «Давид Шахназарян: России понадобилось притормозить движение Армении к Европе»).
Հետաքրքիր է նկատել, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը «կողմ» փաստարկումներն այնքան էլ միանշանակ չեն իրենց ձևակերպումներով, դրանք թերահավատության, մտահոգության երանգ են պարունակում՝ ՄՄ կազմում ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հստակության բացակայությամբ պայմանավորված։ Այդ փաստարկներն ավելի շուտ նմանվում են ՄՄ-ին անդամակցության որոշման «արդարացումների», քան հանդես են գալիս իբրև հիմնավորումներ։
Ամփոփելով՝ նշենք. սփյուռքի լրատվամիջոցներում ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին առնչվող դիսկուրսի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինչպես Մաքսային միությունը, այնպես էլ Եվրասիական միությունը հաճախ նույնացվում են Ռուսաստան պետության հետ։ Հետևաբար և քննարկումներն ընթանում են հենց այս համատեքստում։ Տպավորությունն այնպիսին է, որ «միություն»-ը՝ որպես այդպիսին, երկրորդ պլանում է։ Առաջին պլանում Ռուսաստանն է, և Մաքսային միությանն անդամակցության որոշումը պայմանավորված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով։ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար այս անդամակցության ընձեռած զարգացման հեռանկարերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով, թե՛ հնարավոր բացասական հետևանքների տեսանկյունից, կրկին գերազանցապես կապված են Ռուսաստան պետության հետ։
1 Դիտարկվել են «Ալիք», «Լույս», «Araxs Weekli», «Ազդակ», «Արձագանք», «Gibrahayer (Armenian-Cypriots) weekly», «Ազատ օր», «Գանձասար» շաբաթաթերթ, «Եվրոպական անկախ ամսագիր Օրեր», «Ախալցխայի տեղեկատվական կայք», «Հորիզոն» շաբաթաթերթ, «Ноев Ковчег», «Yerkramas», «Analitikaua.net», «Nouvelles d’Arménie», «Hairenik», «Massis Weekly», «Azbarez.com» լրատվամիջոցները։
2 Հոդվածում օգտագործվել են «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից ՀՀ Սփյուռքի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» հետազոտական ծրագրի շրջանակներում անցկացված մոնիթորինգի տվյալները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[14.11.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[02.07.2018]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[21.02.2018]
- ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[26.12.2017]
- ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[19.05.2017]
- ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[09.01.2017]
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ[16.09.2016]
- «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարբեր երկրների փորձը)[01.07.2016]
- «ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ[06.05.2016]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[13.10.2015]
- ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ[02.06.2015]