• am
  • ru
  • en
Версия для печати
21.01.2008

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԴՂԱԿ» (CONFLICT BAROMETER)

   

Կարեն Վերանյան

barometer (original) Միջազգային հակամարտությունների հետազոտությունների Հեյդելբերգի ինստիտուտը (այսուհետ՝ ՄՀՀՀԻ) գործում է Հեյդելբերգի համալսարանի քաղաքագիտության բաժանմունքի ենթակայության ներքո (University of Heidelberg- http://www.uni-heidelberg.de/research)։ Այն մասնավոր կազմակերպություն է, որի գործունեությունը կենտրոնանում է ազգային, միջազգային քաղաքական հակամարտությունների կամ հիմնախնդիրների փաստագրման և վերլուծությունների շուրջ։ ՄՀՀՀԻ-ն հիմնադրվել է 1991թ.՝ նպատակ հետապնդելով շարունակել Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Ռ.Պֆեթչի գլխավորած «COSIMO/Conflict Simulation Model/» հետազոտական նախագծի աշխատանքները։ Վերոնշյալ նախագիծը մասամբ ֆինանսավորվում էր հայտնի «Գերմանական հետազոտությունների հիմնադրամ»-ի (German Research Foundation-http://www.dfg.de/en/) կողմից1։ ՄՀՀՀԻ-ն շարունակաբար հետազոտություններ է իրականացնում այս ուղղությամբ, որոնց արդյունքները հրատարակվում են հայտնի «Conflict barometer/Հակամարտությունների սանդղակ» կոչվող տարեկան հաշվետվություններում։ «Հակամարտությունների սանդղակ» տարեկան հաշվետվություններում նկարագրվում են գլոբալ հակամարտությունների, առկա լարվածության զարգացման միտումները։

Մեթոդաբանական խնդիրներ

ՄՀՀՀԻ-ն հակամարտությունների ուսումնասիրման մեթոդաբանության հիմքում դնում է հակամարտության և պատերազմի որակական սահմանումը, որտեղ տոկոսային համեմատաբար ցածր լարվածությամբ կամ ինտենսիվությամբ պատերազմներն ու հակամարտությունները որակվում են իրականացված բռնությունների, այլ ոչ թե մահացության դեպքերի թվաքականով։ Այս մեթոդաբանությունը հաստատում է, որ եթե նույնիսկ հակամարտությունների զարգացման մեջ պատմական փոփոխություններ են տեղի ունեցել, այնուհանդերձ, հակամարտությունը շարունակում է զարգանալ։ Հարկ է նշել նաև, որ, նախորդ տարիների կտրվածքով միջազգային հակամարտությունների նկատմամբ մեթոդաբանական մոտեցումները զգալի փոփոխություն են կրել։ Ներկայումս փորձագետների ուշադրության կենտրոնում է գտնվում ոչ այնքան ներպետական, ինչպես նախկինում էր, որքան պետությունների և այլ միջազգային սուբյեկտների միջև ծագած հակամարտությունների ուսումնասիրությունը։ Արդյունքում՝ վերաձևակերպվել են նաև ՄՀՀՀԻ մեթոդաբանական ընկալումները։

ՄՀՀՀԻ հակամարտության ուղղությամբ իրականացվող հետազոտությունների մեթոդաբանությունը, ըստ կազմակերպության տեղեկատվության, ժամանակագրական առումով բաժանվում է երկու մասի՝ մինչև 2002թ. և 2003թ. սկսած։ Մինչև 2002թ. կազմակերպության մեթոդաբանական մոտեցումներում «Հակամարտության սանդղակը» տարբերակվում է երկու կատեգորիաներով՝ հակամարտություն բռնություններով և հակամարտություն առանց բռնությունների։ Ուսումնասիրության օբյեկտ կարող է հանդիսանալ նաև այն հակամարտությունը, որտեղ դադարել են բռնությունները, սակայն հետևողական մոնիթորինգի անհրաժեշտություն է նկատվում։ Մինչև 2002թ. մեթոդաբանությունում հակամարտությունների ինտենսիվության աստիճանը ներկայացվում է հետևյալ 4 կատեգորիաներով՝

  • լատենտային հակամարտություններ (ամբողջությամբ առանց բռնությունների)
  • ճգնաժամեր (գերակշիռ մասով՝ առանց բռնությունների)
  • սուր ճգնաժամեր (բռնությունների ժամանակ առ ժամանակ, անկանոն կիրառում)
  • պատերազմներ (բռնությունների կանոնավոր և հավաքական բռնությունների ու կանոնավոր զորքերի կիրառում)։

Նկատենք նաև, որ նախկին մեթոդաբանական մոտեցումներում «հակամարտություն» տերմինը սահմանվում էր որպես շահերի (տարբեր դիրքորոշումների) բախումներ՝ պայմանավորված ազգային արժեքներով (անկախություն, ինքնորոշում, սահմաններ և տարածք)։ 2003թ. սկսած՝ «հակամարտություն» տերմինի սահմանները ստացել են առավել լայն կիրառություն։ Հակամարտությունը շահերի (տարբեր դիրքորոշումների) բախում է ներկայացնում՝ կապված ազգային արժեքների հետ (տարածք, անջատողականություն, ապագաղութացում, ինքնավարություն, համակարգ/գաղափարախոսություն, պետական հեղաշրջում, ազգային ուժ, տարածաշրջանային գերիշխանություն, միջազգային ուժ, ռեսուրսներ և այլն)։ Նոր մեթոդաբանության համաձայն՝ հակամարտության ինտենսիվության աստիճանը բաժանվում է ոչ թե 4, այլ 5 կատեգորիաների, ինչը խոսում է կազմակերպության մեթոդաբանական մոտեցումներում հակամարտության որակական գնահատականների ու վարկանիշների խստացման մասին, այն է՝

  1. լատենտային հակամարտություն (առանց բռնությունների հակամարտություն)
  2. նկատելի (մանիֆեստային) հակամարտություն (առանց բռնությունների հակամարտություն)
  3. ճգնաժամ (հակամարտություն բռնություններով)
  4. սուր ճգնաժամ (հակամարտություն բռնություններով)
  5. պատերազմ (հակամարտություն բռնություններով)։

Հակամարտությունների զարգացման միտումների շուրջ

«Հակամարտության սանդղակ» հաշվետվություններում փաստավիճակագրական տեղեկատվություն է ներկայացվում համաշխարհային հակամարտությունների վերաբերյալ, որը թույլ է տալիս ոչ միայն ընդհանուր պատկերացումներ, այլև որոշակի եզրահանգումներ կատարել դրանց գլոբալ և մասնակի դեպքերի դինամիկայի ու հեռանկարների վերաբերյալ։ Այսպես, 1997թ. հաշվետվությունում 1993-1997թթ. բռնություններով ուղեկցվող հակամարտությունների ընդհանուր թվաքանակը, 80-90-ականների սկզբներին կտրուկ աճման համեմատ, զգալիորեն նվազել է։ Եվ սա՝ այն պարագայում, երբ հակամարտությունների քանակը սույն ժամանակաշրջանում աստիճանական աճ է արձանագրել։ Բռնություններով հակամարտությունների մեծ մասը բաժին է ընկել Մերձավոր Արևելքին (8 հակամարտություն բռնություններով), Աֆրիկայում և Ասիայում՝ 7-ական, իսկ Եվրոպայում՝ 2։ 1997թ. սկսած՝ նկատվում է հակամարտությունների կայուն աճման միտում։ Մասնավորապես, եթե 1997թ. դրությամբ համաշխարհային հակամարտությունների թվաքանակը հաշվվել է 124, ապա արդեն 2002թ.՝ 173, որոնցից 42-ն ուղեկցվել է բռնություններով (13 պատերազմական և 29 սուր ճգնաժամային ելքերով)։ 2004թ. գլոբալ հակամարտությունների թվաքանակը կրկին ավելացել է 2003թ. համեմատ (218-ից դառնալով 230)։ Հաջորդ՝ 2005-2006թթ. դրանց թվաքանակը կազմել է համապատասխանաբար 249 և 278։

Հարավկովկասյան հակամարտությունների առանձնահատկությունների շուրջ

Աշխարհագրական մասնատում

«Հակամարտությունների սանդղակ» հաշվետվություններում հարավկովկասյան հակամարտությունների առանձնահատկություններից մեկը վերաբերում է դրանց աշխարհագրական տեղաբաշխման մեթոդաբանությանը։ Այսպես, 1997թ. և 2002թ. հաշվետվություններում Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացված է «Մերձավոր և Միջին Արևելք» ենթաբաժնի «Կենտրոնական Ասիա» խորագրի ներքո2։ Այն դեպքում, երբ Չեչնիայի, վրաց-աբխազական, վրաց-հարավօսական կամ վրաց-աջարական հակամարտություններն ընդգրկված էին «Եվրոպա» բաժնում։ Աշխարհագրական տեղաբաշխվածության այդ տրամաբանությունը խախտվում է, մասնավորապես, 2003թ. և հաջորդ տարեկան հաշվետվություններում, երբ Ղարաբաղյան հիմնախնդիրը, ի թիվս վրաց-աբխազական, վրաց-հարավօսական կամ Չեչնիայի հակամարտությունների, ընդգրկվում է «Եվրոպա» տարածաշրջանում։

Ինտենսիվության աստիճանավորում

Հարավային Կովկասում առկա հակամարտությունների վիճակագրական լուսաբանման հարցում հարկ է անդրադառնալ նաև դրանց ինտենսիվության կամ աստիճանական դինամիկայի համեմատականների վերլուծությանը։

Ղարաբաղ

Ինստիտուտի երեք՝ 1997, 2002, 2003թթ. տարեկան հաշվետվություններում Ղարաբաղյան հիմնախնդիրն առանձնացել է հակամարտության ինտենսիվության լավագույն ցուցանիշներով (լատենտային հակամարտություն)։ Իսկ հաջորդ՝ 2004թ. հաշվետվությունում հակամարտության ինտենսիվության դինամիկան որոշակի աճ է արձանագրել՝ դասվելով երկրորդ՝ «մանիֆեստային հակամարտություն» կատեգորիային։ Ինտենսիվության աճման միտումը պահպանվում է թե՛ 2005 և թե՛ 2006թթ., երբ Ղարաբաղյան հիմնախնդիրը հինգ սանդղականոց աստիճանակարգում դասվում է բավական բարձր դիրքում՝ «ճգնաժամ» կատեգորիայում։ Սակայն այն տարբերությամբ, որ եթե 2005թ. դրությամբ հակամարտության ցուցիչն արձանագրել է աճման միտում, ապա 2006թ. ցուցիչում հակամարտության ինտենսիվության ընդհանուր դինամիկան մնացել է անփոփոխ։

Հաշվետվություններում Հայաստանին վերաբերող հիմնախնդիրների կամ անկայուն իրավիճակների շարքում առանձնացված է «Թուրքիա-Հայաստան. ցեղասպանություն» ենթախորագիրը։ Նշենք, որ վերջինիս կոնֆլիկտային իրավիճակի ինտենսիվությունը, 2004թ. ներառյալ, արձանագրել է զրոյական ցուցանիշ, իսկ 2005-2006թթ. ունեցել աճման միտում՝ դասվելով «մանիֆեստային հակամարտություն» կատեգորիային (2005թ. աճել է, իսկ 2006թ. մնացել անփոփոխ)։

Վրաց-աբխազական, հարավօսական և աջարական հիմնախնդիրներ

Ի տարբերություն Ղարաբաղյան հիմնախնդրի, վրաց-աբխազական հակամարտության դինամիկան առանձնանում է ինտենսիվության համեմատաբար բարձր ցուցանիշներով։ Այսպես, 1997թ. վրաց-աբխազական հակամարտությունը դասվում է ոչ թե առաջին, այլ երկրորդ՝ «հիմնականում առանց բռնությունների ճգնաժամ» կատեգորիային։ 2002-2006թթ. ամփոփ հաշվետվություններում աբխազական հակամարտությունը, որպես կանոն, վերագրվել է «ճգնաժամ» կատեգորիային։ Սակայն նշված ժամանակաշրջանում, ի տարբերություն 2003թ. վիճակագրության, որտեղ հակամարտության ցուցիչն աճման միտում է ունեցել, մնացած բոլոր տարեկան զեկույցներում այն անփոփոխ է եղել։

Ինստիտուտի ներկայացրած տարեկան հաշվետվություններում վրաց-հարավօսական և աջարական հակամարտություններն ունեցել են ինտենսիվության կամ զարգացման գրեթե նույնանման ցուցանիշներ։ 1997թ. դրանք, ինչպես աբխազական հակամարտությունը, վերագրվել են «հիմնականում առանց բռնությունների ճգնաճամ» կատեգորիային։ 2002-2003թթ. այդ հակամարտությունների ինտենսիվության աստիճանը բնութագրվում է որպես «լատենտային հակամարտություն»։ Իսկ արդեն 2004թ. երկու հակամարտությունների ինտենսիվության աստիճանը կտրուկ աճ է արձանագրում («ճգնաժամ»)։ 2005-2006թթ. վրաց-հարավօսական հակամարտությունը պահպանում է ինտենսիվության «ճգնաժամ» կատեգորիան։

Վրաստան. անկայունության այլ օջախներ

Հաշվետվություններում՝ որպես հակամարտության կամ անկայունության օջախ, առանձնացվում էր նաև «Վրաստան. պետական հեղաշրջում» խորագիրը։ Նշված ժամանակահատվածում ինստիտուտի տարեկան հաշվետվություններում Վրաստանում հեղաշրջման հավանականությունը դիտարկվել է միայն 2003թ. («մանիֆեստային հակամարտություն»)՝ պայմանավորված նոյեմբերյան իշխանափոխությանը նախորդող զարգացումներով։ Հաշվետվություններում առանձին տեղ է հատկացվում նաև «Ռուսաստան-Վրաստան. միջազգային ուժ» հակամարտությանը, որի ինտենսիվության ամենաբացասական ցուցանիշը՝ «սուր ճգնաժամ աճման ցուցիչով», արձանագրվել է 2002թ.։ 2003թ. ի վեր այդ հակամարտության ինտենսիվության աստիճանը կանոնավոր նվազման միտում է ունեցել։ Այսպես, եթե 2003-2004թթ. այն վերագրվել է «ճգնաժամ» կատեգորիային (կրկին պայմանավորված նոյեմբերյան հեղաշրջմամբ), ապա 2005-2006թթ.՝ «մանիֆեստային հակամարտություն» կատեգորիային։

Վրաստանում առկա ներքին հիմնախնդիրներին առնչվելիս անհրաժեշտաբար պետք է առանձնացնել նաև երկրի ազգային փոքրամասնությունների՝ հայերի ու ադրբեջանցիների հիմնահարցը, որը և տեղ է գտել «Հակամարտությունների սանդղակ» հաշվետվություններում՝ «Վրաստան/հայ. փոքրամասնություն-ինքնավարություն» և «Վրաստան/ադրբեջ. փոքրամասնություն-ինքնավարություն» խորագրերի ներքո։ Սույն ժամանակահատվածում Վրաստանում թվարկված երկու ազգային փոքրամասնությունների իրադրության ինտենսիվության աստիճանն ունեցել է զարգացման նույն դինամիկան։ Այսպես, 1997-2005թթ. ընթացքում տեղաբնակ հայերի ու ադրբեջանցիների հետ կապված կոնֆլիկտային իրավիճակը որպես այդպիսին բացակայում է։ 2006թ. ազգային երկու փոքրամասնությունների մոտ էլ արձանագրվում է կոնֆլիկտային իրադրության զարգացման միտում՝ դասվելով «մանիֆեստային հակամարտություն», անփոփոխ ցուցիչ կատեգորիային։

Անվանումների և կատեգորիաների փոխակերպում. Հարավային Կովկաս

Համաձայն ինստիտուտի ներկայացրած տարեկան հաշվետվությունների՝ վրաց-աբխազական հակամարտությունը մինչև 2003թ. ներառյալ ներկայացված է որպես էթնիկական և տարածքային ինքնավարություն։ 2004-2006թթ. հաշվետվություններում հակամարտությունն արդեն ներկայացվում է որպես անջատողական։ Իսկ վրաց-հարավօսական հակամարտությունը վերը նշված բոլոր տարեկան հաշվետվություններում ներկայացվում է որպես միմիայն անջատողական։ 2006թ. տարեկան հաշվետվությունում առանձնացված են նաև Վրաստանի ազգային փոքրամասնություններին՝ հայերին ու ադրբեջանցիներին վերաբերող կետեր (նախորդ հաշվետվություններում դրանք բացակայում են)։ Երկու դեպքում էլ խնդրին տրվում է ինքնավարություն սահմանումը։

Հաշվետվություններում «Ղարաբաղյան հիմնախնդիր» սահմանման փոխարեն կիրառվում է միայն «Հայաստան-Ադրբեջան» հակամարտություն բնորոշիչը։ Գրեթե բոլոր հաշվետվություններում, բացառությամբ 2006թ., Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացվում է որպես տարածքային հիմնախնդիր։ 2006թ. հակամարտությանը տրվում է անջատողական-տարածքային բնորոշիչը։ Նշենք նաև, որ ամփոփ հաշվետվություններում Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացվում է որպես հիմնախնդիր երկու միջազգային սուբյեկտների միջև և կրում է, ինչպես արդեն ասվեց, «Հայաստան-Ադրբեջան» հակամարտություն սահմանումը։ Ի տարբերություն Ղարաբաղյան հիմնախնդրի, թե՛ վրաց-աբխազական, թե՛ վրաց-հարավօսական հակամարտությունները դիտարկվում կամ ձևակերպվում են որպես Վրաստանի ներքին հիմնախնդիրներ (վերջիններս համապատասխանաբար ներկայացված են Վրաստան (Աբխազիա), Վրաստան (Հարավային Օսիա) կամ Վրաստան (Աջարիա) խորագրերով։

1«COSIMO/Conflict Simulation Model/» հետազոտական նախագիծը նախաձեռնվել է 1945թ., իսկ Գերմանական հետազոտությունների հիմնադրամի (ԳՀՀ) կողմից ֆինանսական միջոցներ ստացել է 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում։ ԳՀՀ-ն ֆինանսավորում և իրականացնում է գիտական, գիտահետազոտական աշխատանքներ գիտության ու հասարակագիտության գրեթե բոլոր ոլորտներում։ Հիմնադրամի կարգավիճակը ենթադրում է գիտության և հետազոտական աշխատանքների ոլորտներում խորհրդատվական գործառնությունների իրականացում երկրի դաշնային խորհրդարանների ու պետական իշխանությունների համար։ Նշենք, որ 2005/2006թթ. ԳՀՀ-ին ֆինանսավորող ընդհանուր միջոցները կազմել են €1.351 մլրդ, որի 58%-ը ֆինանսավորել է Գերմանիայի դաշնային կառավարությունը, 41.6%-ը՝ դաշնային հանրապետությունները։ ԳՀՀ ներկայացուցչությունները գործում են Պեկինում (2000թ.), Վաշինգտոնում (2002թ.), Մոսկվայում (2003թ.) և Դելիում (2006թ. նոյեմբեր)՝ երկկողմ գիտահետազոտական հիմնադրամների ու կազմակերպությունների, անհատ գիտնականների միջև կապերի հաստատման ու համագործակցության նպատակներով։

2 Նույն ենթաբաժնում առանձնացված է նաև Թուրքիա-քրդեր (PKK) հակամարտությունը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր