• am
  • ru
  • en
Версия для печати
25.01.2013

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Արամ Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու


Վերջերս առաջին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայաստանյան եւ վրացական հասարակություններին առիթ տվեց մտորելու հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Լրատվամիջոցներն ու դիտորդները շտապեցին արձանագրել, որ այս այցը գլխավորապես հարգանքի տուրք էր մերձավոր հարեւանին եւ կրում էր ճանաչողական բնույթ: Այցին հետեւած բոլոր շահագրգիռ կողմերը արձանագրեցին, որ խոր անկեղծության եւ բարյացակամության մթնոլորտում անցած այս այցի ընթացքում վարչապետ Իվանիշվիլին կարողացավ ամբողջովին հասկանալ հարեւան Հայաստանի ակնկալիքը երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման դեպքում: Մեր մեծ տարածաշրջանի խնդիրներով զբաղվողները Վրաստանի նոր վարչապետի գլխավորած քաղաքական կոալիցիայից ակնկալում են քայլեր, որոնք կհանգեցնեն նախկինում առաջացած կնճիռների հարթմանը եւ կամրապնդեն հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը: Այս վերլուծականում փորձենք պարզել, թե ի՞նչ է իրականում հնարավոր հայ-վրացական բազմահազարամյա հարաբերությունների այս նոր հնգամյակում, կամ այլ կերպ ասած, ո՞րն է այն հնարավորի սահմանը, որը բաժանում է բարի ցանկությունները իրական գործողություններից:

Քաղաքական վարքի տեսլականը

Մենք առիթ ունեցել ենք «Ազգի» էջերում խոսելու հայ եւ վրաց բարեկամ ժողովուրդների բազմադարյա համակեցության ընթացքում մշակված վարքի կանոնների մասին: Վարչապետ Իվանիշվիլին ասում էր, որ Վրաստանում բոլոր ժամանակներում եղել են ծագումով հայ քաղաքական գործիչներ, եւ նրանք վատ չեն ծառայել Վրաստանին: Վրացիները հայերին, իսկ հայերը վրացիներին իսկապես շատ լավ են ճանաչում, եւ մեր պետությունների միջեւ ձեւավորված հարաբերությունների «բարիդրացիություն եւ համագործակցություն» ձեւակերպումը նվազագույնն է, որը կարելի է տալ: Վարչապետ Իվանիշվիլու մեծ քաղաքական ասպարեզ դուրս գալը, ինչպես մենք տեսանք նաեւ այս այցի արդյունքում, վրացական հասարակության ներսում միանշանակ եւ հանդարտ չի ընդունվել: Երեւանում նրա արած հայտարարությունները առիթ են դարձել նախագահ Սաակաշվիլու խիստ քննադատության համար, եւ դա վկայություններից մեկն է այն իրողության, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններն անցնելու են լարված քաղաքական պայքարի մթնոլորտում: Կարելի՞ էր արդյոք այս առաջին այցելության ընթացքում փոխանակվել լոկ քաղցրախոսություններով եւ բարեկամության հավաստիացումներով, թե՞ իրական հարեւաններին հարիր անկեղծությամբ նրան մատուցել երկկողմ հարաբերությունների քաղաքական օրակարգի ամբողջ համապատկերը, վիճելի հարց է: Ակնհայտ է, որ բարի ցանկություններով թելադրված նրա դատողությունները երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման վերաբերյալ Վրաստանում դիպան բազմաթիվ մարդկանց զգայուն թելերին, որոնք վերստին հայտարարեցին, որ առնվազն այսօրվա վրացիների սերունդը չի հաշտվելու Վրաստանի տարածքային ամբողջականության կորստի հետ, ինչպիսին որ այնտեղ գնահատվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փաստացի անկախացումը: Քիչ հետո կքննարկենք այս խնդրի տնտեսական կողմը, իսկ առայժմ կարեւոր է հասկանալ, որ Վրաստանի վարչապետը Երեւանում անառարկելիորեն տեսավ, իր ձեւակերպմամբ, մեր համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու ճանապարհին ընկած մեծ ու փոքր իրական խոչընդոտները:

Վրաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունի բազմաբնույթ եւ սերտ համագործակցություն, ինչը դիտորդներին հնարավորություն է տալիս ասելու, որ դա նույնիսկ որոշակի կախվածություն է, որը անտեսել հնարավոր չէ: 2008 թվականի օգոստոսյան դեպքերից հետո վրաց-ռուսական հարաբերություններն աննախադեպ վատթարացան, եւ դա ծանր ազդեցություն ունեցավ ոչ միայն Վրաստանի տնտեսության, այլեւ այդ դեպքերի եւ հաջորդած քաղաքական գործընթացներից ուղղակիորեն տուժող Հայաստանի վրա: Վարչապետ Իվանիշվիլին շատ խոշոր եւ շատ հաջողված գործարար է եղել: Նա չի կարող չիմանալ, որ Վրաստանում իսկապես ակնկալում են Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների այնպիսի նորմալացում, որոնց դեպքում վրացական գինիներն ու հանքային ջուրը կվերադառնան ռուսական շուկա, իսկ Ռուսաստանը էական ներդրումներ կկատարի վրացական տնտեսության մեջ: Ինպչես նշվեց, Վրաստանի այսօրվա քաղաքական գործիչների սերունդը եւ հասարակությունն իր ամբողջության մեջ տեսանելի ապագայում չի հրաժարվելու կորցրած տարածքները վերադարձնելու գաղափարից, իսկ սա նշանակում է, որ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների արտակարգ ջերմացում դժվար է սպասել: Սակայն Սաակաշվիլու նախագահությունից հետո ռուս-վրացական հարաբերությունների որոշ ջերմացում ակնկալելը միանգամայն իրատեսական է, եւ սա ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլեւ վրացական հասարակության դրական սպասումներից մեկն է: Հարցն այն է, թե ինչպիսի՞ տնտեսական ներկայություն կարող է խոստանալ Ռուսաստանը Վրաստանին հաղթահարելու կամ առնվազն հավասարակշռելու համար այն կախվածությունը, որը Վրաստանն ունի ադրբեջանական էժան գազից եւ թուրքական ոչ մեծ, բայց շոշափելի ներդրումներից: Նախագահ Սաակաշվիլին եւ նրա քաղաքական թիմը փորձում եւ փորձելու են վեր հանել այն սխալներն ու բացթողումները, որոնք, իրենց կարծիքով, անում կամ անելու է վարչապետ Իվանիշվիլու թիմը: Քաղաքական պայքարում միանգամայն հասկանալի այս մրցակցությունը, սակայն, կարող է պատճառ դառնալ, որ համարձակ քաղաքական քայլեր եւ նոր խոշոր ծրագրեր նախքան ընտրությունները պարզապես չիրագործվեն, այդ թվումՙ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ընդգրկված բազմաբնույթ խնդիրների ուղղությամբ: Քաղաքական հա՞րց է արդյոք, թե՞ ոչ, օրինակ այն, որ Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց վարչապետից աջակցություն խնդրեց Վրաստանի հայկական դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի դասավանդումը վերականգնելու համար: Հայտնի է, որ ժամանակին այդ առարկան հայկական դպրոցներում դասավանդվում էր, իսկ հետո դադարեցվեց: Քաղաքական մեծ կամք է պետք վրացական հասարակության համար անցավ այս կարգի որոշումները առաջ մղելու համար, մասնավորապես նախընտրական պայքարի ժամանակահատվածում: Նույնը վերաբերում է նաեւ Վրաստանում եւ Հայաստանում գտնվող այն վանքերի ու եկեղեցիների խնդրին, որոնք վերջին առնվազն 200 տարում վիճարկվել են որպես Հայ առաքելական կամ քաղկեդոնական (վրացադավան): Պարզ է, որ այս հարցում վերջին խոսքը պատկանելու է ոչ թե վարչապետ Իվանիշվիլուն կամ նախագահ Սաակաշվիլուն, որքան Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, ում քաղաքական հեղինակությունն ու ազդեցությունն ամենամեծն է Վրաստանում: Սակայն, իմ կարծիքով, այս հարցերի, հավասարապես նաեւ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցի արծարծումը երեւանյան պաշտոնական այցի ընթացքում ինքնին դրական երեւույթ է, եւ երկկողմ հարաբերությունների իրական անկեղծության վկայություն:

Տնտեսական իրողությունների թելադրանքը

Վրաստանը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ասպարեզում Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Վրաստանով է անցնում հայկական, նաեւ Հայաստանի համար նախատեսված բեռնափոխադրումների 70%-ը: Հայ վարորդները ամեն ձմեռ Վերին Լարսի անցակետում դիմակայում են բնակլիմայական հերթական աղետներին, եւ ձմեռները նրանց ապավինած մեր ձեռնարկատերերը վնասներ են կրում: Կար ծրագիր, ըստ որի կովկասյան լեռների միջով վրացիներն ուզում էին մի արտակարգ թանկ արժողությամբ թունել փորելՙ ձմեռային չորս ամիսների ընթացքում այդ հատվածում տրանսպորտային հաղորդակցությունը անխափան դարձնելու համար: Սակայն այսօր Վրաստանում խոսում են, որ այդ ծրագրի առաջխաղացումը կասեցված է թանկության պատճառով: Կվերադառնա՞ն արդյոք վրացական իշխանություններն այդ ծրագրին, թե՞ ոչ, տեսանելի հեռանկարում, այս պահին դժվար է ասել: Փոխարենը հաստատ կարելի է ասել, որ վրացական հասարակության մեջ, փաստորեն, սկսված է մեծ քննարկումն այն հարցի, թե ո՞ւմ եւ ինչքանո՞վ է ձեռնտու երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումը: Վրաստանի տնտեսության եւ մասնավորապես տրանսպորտի խնդիրներին քաջատեղյակ փորձագետները վկայում են, որ իր ողջ տնտեսական շահով հանդերձ այս խնդիրը չի կարող անառարկելիորեն գայթակղիչ լինել Վրաստանի համար: Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը նկատում է. «Եթե Հայաստանում կա փոխադրման ենթակա ապրանք, ապա կփոխադրվի: Մենք դժգոհում ենք բեռնափոխադրման գներից եւ ուզում ենք այդ բաղադրիչը էժանացնել: Լավ ենք անում, սակայն չմոռանանք, որ ընդամենը քսան տարի առաջ մեկ կոնտեյների տեղափոխումը եվրոպական խոշորագույն նավահանգիստներ արժեր 4000 ԱՄՆ դոլար, իսկ մեկսենյականոց բնակարանը Երեւանում արժեր նույնքան: Այսօր նույն բեռը նույն նավահանգիստներ հասցնելը արժե երկու անգամ էժան, իսկ նույն բնակարանը` առնվազն հինգ-վեց անգամ թանկ: Կամ ի՞նչ ասեն բեռնափոխադրումների գների մասին, ասենք, Մոսկվայի կամ Ուրալի գործարարները, որոնց բեռները նավահանգիստներ հասցնելը արժե շատ ավելի թանկ, քան Հայաստանի բեռները մոտակա նավահանգիստներ հասցնելը: Ասվածից կարելի է անել մեկ հետեւություն. աբխազական երկաթուղու վերագործարկումը իսկապես ձեռնտու է Հայաստանն, եւ իրական հնարավորություն Ռուսաստանի եւ եվրասիական տարածքի հետ մեր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Բայց սպասել, որ ներկրվող կամ արտահանվող ապրանքները դրանից էապես կէժանանան, արդարացված չէ»:

Կարծում ենք, որ այդ երկաթուղուն առնչվող հարցը շատ ավելի մեծ եւ շատ ավելի խորքային քաղաքական գայթակղիչ հեռանկարների միջոց է: Մենք տեսնում ենք տնտեսական ոլորտի խնդիրները, բայց սկսել ենք մոռանալ Ռուսաստանի եւ Աբխազիայի ծովափեր գնացող մեր հարյուրհազարավոր քաղաքացիների մասին, ովքեր քսաներկու տարի առաջ այդ հնարավորությունը ունեին, իսկ այսօր չունեն: Կամ Ռուսաստանի խոշորագույն քաղաքներ մեկնել ցանկացող ֆինանսական դժվարություններ ունեցող մեր հայրենակիցները կարող էին երթեւեկել հարմարավետ գնացքներով, այլ ոչ թե ավտոբուսներով` անընդհատ գերմարդկային ջանքեր գործադրելով եւ տիտանական դժվարություններ հաղթահարելով: Այլ կերպ ասած, եվրասիական ինտեգրման մեկնարկած գործընթացին Հայաստանի ավելի ակտիվ մասնակցության իրական խնդիրներից մեկը նախկինում խորհրդային տարածքի մաս կազմած մեր երկրի կտրված լինելն է այսօր: Սա մոտավոր դատողություն կարող էր լինել, սակայն, ավելի ճիշտ, ընդհանուր դատողություն է: Որովհետեւ ոչ միայն Հայաստանը կուզենար ավելի սերտորեն կապված լինել եվրասիական շուկաներին, այլեւ, համոզված եմ, վրաց հասարակության մեծամասնությունը: Եվ տնտեսական ու քաղաքական իրողությունների այս շրջապտույտի մեջ մենք կրկին վերադառնում ենք քաղաքական քայլերը իրական-անիրական դարձնելու հարցին:

Ամեն տարի ավելի քան հարյուր հազար հայաստանցիներ մեկնում են Վրաստանՙ Աջարիայի ծովափերում հանգստանալու համար: Վրաստանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում հաջողությամբ տնտեսվարում են Հայաստանի տասնյակհազարավոր քաղաքացիներ: Վարչապետ Իվանիշվիլու կառավարման գալիք հնգամյակից հայաստանցիների եւս մեկ ակնկալիքը մեր տնտեսվարողների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի պահպանման հարցն է: Վրաստանի վարչապետը Երեւանում համակրանքով եւ ջերմությամբ է խոսել վրացահայերի մասին, ասելով, որ ինքը հայ ընկերներ ունի, եւ ոչ միայն Վրաստանում: Վրաստանում ապրում է ավելի քան երեք հարյուր հազար հայ (ամենահամեստ հաշվարկներով): Վրացահայ ընտրազանգվածը կարեւոր դերակատարություն կարող է ունենալ նաեւ գալիք ընտրություններում, եւ սա այն փաստարկներից մեկն է, որը օբյեկտիվորեն գոյություն ունի հայ-վրացական հարաբերություններում, եւ որը կարող է շարունակել դրական ազդեցություն ունենալ կուտակված հարցերը լուծելու համար:

Վերջաբանի փոխարեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին վերաբերող Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ցավ պատճառեց հայաստանցիներին, բայց չդարձավ հակասությունները բորբոքելու թեմա: Շատերն են տեսնում, որ մեծ ազդեցություն եւ հեղինակություն վայելող վարչապետ Իվանիշվիլու թիմում կա քաղաքական փորձի որոշակի պակաս: Բարեկամները հույս ունեն, որ այդ փորձը կուտակելու, ուժեղանալու գործընթացը կզուգակցվի Վրաստանի առջեւ կանգնած բազմաբնույթ խնդիրների գործնականում հաղթահարմամբ: Խոսքը ամբողջովին վերաբերում է նաեւ հայ-վրացական հարաբերություններին: Արտասահմանյան դիտորդները ասում էին, որ նախագահ Սաակաշվիլու կառավարման շրջանի ամենամեծ հաջողությունը Վրաստանի քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն էր: Կփոխվի՞ արդյոք Վրաստանի արտաքին քաղաքականությունն այնպես, որ ավելի հավասարակշռված արձագանք տա մեր օրերի իրողություններին ու հրամայականներին: Սա է այն հարցը, որը հուզում է Վրաստանը սիրող եւ վրացիների հետ բազմադարյա համակեցության կանոններն անգիր իմացող հայաստանցիներիս:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

http://www.azg.am/AM/2013012516

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր