• am
  • ru
  • en
Версия для печати
15.01.2021

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

Արամ Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս բորբոքված պատերազմը, Հայաստանի պարտությունը, Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայության մեծացումը, ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում, Հայաստանի հասցեին թուրք-ադրբեջանական սպառնալիքները եւ մի շարք այլ հանգամանքներ հիմնավորապես թելադրում են հայ հասարակական-քաղաքական մտքին մշակել նոր ռազմավարություններ եւ մարտավարություններ, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի զարգացումը եւ նրա արժանապատիվ ներկայությունն իբրեւ լիարժեք տարածաշրջանային խաղացող:

Այս հոդվածը ստեղծված իրավիճակի վերլուծության, ինչպես նաեւ մեր հասարակության այն ուժերին աջակցության փորձ է, որոնք լրջորեն մտահոգվել են Հայաստանի Հանրապետության ապագայով, որպես ինքնիշխան եւ կենսունակ պետություն:

Սպառնո՞ւմ է արդյոք Թուրքիան Հայաստանի անվտանգությանը

Իր նեոօսմանական հավակնություններում Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր համար կարեւոր է Հարավային Կովկասի ուղղությամբ ընդլայնումը եւ «Մեծ Թուրանի» տրամաբանությամբ, այնուհետեւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ շարունակումը: Հայաստանը, որը վերջին հարյուր տարում ուղղակիորեն կարծես թե չի բախվել հարեւան Թուրքիայի նկրտումների հետ, որը չունի մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ եւ, ավելին, պաշտոնական Անկարան մեր երկրի հետ արդեն գրեթե 28 տարի իրագործում է առեւտրատնտեսական էմբարգո փակված սահմանների պայմաններում, ամենօրյա կյանքում կարծես թե բաց է թողել տեսադաշտից, որ ահա այս նոր տարածաշրջանային տերությոունը (որը մեր հանդեպ թշնամաբար է տրամադրված) դարձել է մեր տարածաշրջանի գերակա ուժերից մեկը: Ադրբեջանը, որի ռազմավարության մեջ Ռուսաստանին հրավիրելը խաղաղապահ առաքելությանՙ անպայմանորեն զուգակցվում է Թուրքիային հրավիրելու հետ ունենալու ռազմական ներկայություն հակամարտության գոտում, ամփոփում է այս ընդլայնման պատկերը, որտեղ Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս իբրեւ ակտիվ խաղացող, այլ նաեւ Ադրբեջանի հովանավոր:

Լավ կլիներ, որ մեր ռազմավարություն մշակողները իմանային, որ Եվրոպական Միության անդամության մասին խոսակցությունների եւ տեսլականների հետեւում հարեւան Վրաստանը փաստացի վերջին 20-30 տարիների ընթացքում իրականում հայտնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի անդառնալի տնտեսական եւ քաղաքական ազդեցության տակ: Եվ այստեղից հարց. չե՞ն հանգեցնի արդյոք մեր տարածաշրջանում բացվող սահմանները, ազատ տնտեսական գործընթացները, մինչեւ վերջերս փակված տրանսպորտային կոմունիկացիաների լիարժեք գործունեության վերսկսումը այն բանին, որ Հայաստանը եւս (եթե հայտնի տրամաբանությամբ բացվեն փակ սահմանները արեւմտյան հարեւանի հետ) ընկնի թուրքերից տնտեսական կախվածության մեջ: Մեր քաղաքական գործիչներին խնդրում ենք մեկ անգամ եւս կարդալ Բաթումի (1918թ.) եւ Ալեքսանդրապոլի (1920թ.) պայմանագրերը, հատկապես ենթադրվող սահմանների եւ տրանսպորտային կոմունիկացիաների գործարկման մասով: Միամտություն է կարծել, որ վերաբացվող տրանսպորտային մայրուղիները կկապեն Ադրբեջանը Նախիջեւանին, իսկ Հայաստանըՙ Հյուսիսային Կովկասին եւ Իրանին, սակայն Հայաստանը Թուրքիային կապող երկաթուղին եւ ավտոմայրուղին կմնան փակված: Բայց այստեղ էլ մեծ հարց կա. ո՞վ է առաջ մղելու սահմանները բացելու հարցը եւ, ընդհանրապես, այդ ամենը ի՞նչ կարող է տալ մեր երկրին: Կարծում ենք, որ հարկավոր է մանրուքներում բծախնդիր կերպով մշակված քաղաքական-դիվանագիտական ակտիվություն, որը համաձայնեցված կլինի Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եւ որը ընթացող գործընթացներին համարժեք կկարողանա մշակել դիրքորոշումներ, որոնք հասկանալի եւ ընդունելի կլինեն միջազգային հանրության համար: Կուզենայինք հիշեցնել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» (2009-2010թթ.) նախաձեռնման ժամանակ հայկական իշխանությունները կատարված փաստի առաջ կանգնեցրին դաշնակից ռուսական դիվանագիտությանը, որն այն ժամանակ կամացուկ տարակուսում էր:

Թվում է, որ ահռելի ծավալներ ստացած կեղծիքից, ինքնախաբեությունից, հասարակական կարծիքի աճպարարություններից հետո մեզանում շատերն են սկսում հասկանալ, որ Հայաստանը (եթե ցանկանում է պահպանել տարածաշրջանային ինքնուրույն խաղացողի կարգավիճակը) չի կարող ունենալ ռուսաստանյանից տարբերվող արտաքին քաղաքական ռազմավարություն եւ այն քիչ թե շատ հաջող առաջ մղել ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով:

Ավելին, ամենուրեք ավելի բարձր են հնչում պահանջներ Հայաստանը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ: Կցանկանայինք ասել, որ չնայած դա մեր փոքրիկ երկրի համար ավելի մեծ անվտանգության համակարգ է տնտեսության զարգացումն ապահովելու համար, սակայն մի շարք պատճառներով ուղղակի իրատեսական չէ: Նույնիսկ եթե Հայաստանի բնակիչների մեծամասնությունը պատրաստ լինի քվեարկելու այդ գաղափարի օգտին որպես քայքայումից եւ կոլապսից փրկվելու ձեւի, եւ եթե դա տեղի ունենա (ասենք իբրեւ պարզ բարի ցանկություն), ապա անպայմանորեն կգտնվեն ուրիշ հայեր, որոնք ազգային-ազատագրական շարժում կծավալեն, կհամախմբեն հայկական սփյուռքի մի հատվածը եւ այդ ամենը նոր զենք կդարձնեն գլոբալ Արեւմուտքի ձեռքում Ռուսաստանը վարկաբեկելու եւ թուլացնելու համար: Եվ այստեղ կուզենայինք հարցնել. իսկ հարկավո՞ր է արդյոք դա Ռուսաստանին: Չէ՞ որ նորից կստացվի հայտնի պատկերը` երբ ուզում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ: Ոչ, դա չէ ամենաճիշտ ճանապարհը ստեղծված հանգամանքներում: Ամենալավ ճանապարհը, որը թելադրված է վերջին ճակատագրական ամիսների իրողություններով, ամրապնդելն ու խորացնելն է դաշինքը Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդմանը այլընտրանք չլինելու մասին

Որպեսզի չքայքայվի հայկական պետականությունը, այն դառնա ավելի կենսունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, մեր քաղաքական ու հասարակական գործիչները առաջարկում են ստեղծել Ռուսաստանի եւ Հայաստանի Դաշնային պետություն: Հայաստանը կարող է խնդրել միանալ Ռուսաստանի եւ Բելառուսի դաշինքին, կարող է եւ գտնվել Ռուսաստանի հետ զուգահեռ ռազմաքաղաքական դաշինքում: Մենք կարող ենք մշակել մեր դիվանագիտության, բանակի, հատուկ ծառայությունների, տեղեկատվական ցանցերի համագործակցության պրագմատիկ ալգորիտմ Ռուսաստանի համակարգային գործընկերների հետ եւ դրանով հետաքրքիր լինել մեր դաշնակցին:

Հասարակական քննարկումների սկիզբը դրված է: Քաղաքական կուսակցությունների մի ամբողջ շարք, բազմաթիվ հասարակական գործիչներ կանգնած են այս դիրքերում: Սակայն թվում է, թե այսօրվա ռեսուրսները նման ծրագիր կենսագործելու համար այնուամենայնիվ անբավարար են: Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ մի տեղ չի հեռացել 90-ական թթ. ուլտրալիբերալների սերունդը: Շարունակում են համախմբվել ռազմատենչ մերօրյա ուլտրալիբերալները, որոնք ավերում են ազգային, հոգեւոր արժեհամակարգի հիմքերը, ծրագրում են ներկա գտնվել եւ հաջորդ խորհրդարանում: Հավաքական Արեւմուտքը 2021թ. հատկացնում է առնվազն 30 մլն. դոլար Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Իրենց հակառուսական հայացքներով եւ աշխարհաքաղաքական նախապատվություններով հայտնի գործիչները անգլիական եւ այլ դեսպանատների ուղղորդումով ակտիվորեն շարունակում են բորբոքել հակառուսական տրամադրություններ եւ ստվեր գցել Ռուսաստանի խաղաղապահ գործողության վրա Լեռնային Ղարաբաղում: Բոլոր այս թվարկված ուժերը ամեն ինչ կանեն թույլ չտալու համար զարգացնելու Ռուսաստանի հետ դաշինքը խորացնելու գաղափարը եւ այն դարձնելու գլխավորներից մեկը Հայաստանի քաղաքական օրակարգում: Ի՞նչ պետք է անել: Համախմբվել: Դարձնել հայ-ռուսական դաշինքի համակողմանի ամրապնդման թեման գլխավորներից մեկը գալիք ընտրություններում: Ժողովրդին ազնվորեն, պարզ եւ ճշմարիտ պետք է ցույց տալ այս գաղափարին այլընտրանք չլինելը, եթե ուզում ենք պահպանել կենսունակ հայկական պետականություն: Եվս մեկ բան: Հարավային Կովկասում թուրքական նոր խամաճիկի դերին (որը կարող է տեսանելի հեռանկարում ստանձնել Հայաստանը) կա այլընտրանք: Մեր հասարակության ահռելի ջանքերով դարձնել մեր երկիրը Եվրասիական զարգացող տարածքի ինտեգրված մասնիկ: Բայց այս մասին մենք կխոսենք մեր հաջորդ հոդվածում:

Azg.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր