• am
  • ru
  • en
Версия для печати
08.07.2010

«ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿՐՆԵՐ» 2010Թ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ VISION OF HUMANITY. «GLOBAL PEACE INDEX»

Руский

   

Կարեն Վերանյան

Ս.թ. հունիսի սկզբին լույս տեսավ հեղինակավոր «Vision of Humanity» միջազգային կազմակերպության «Խաղաղասեր պետություններ» հերթական՝ 2010թ. վարկանիշային հետազոտությունը։ Կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնության մեկնարկը տրվել է 2007թ.։ Հոդվածում կկենտրոնանանք հիմնականում վերջին՝ 2010թ. վարկանիշային զեկույցի վերլուծության վրա, քանզի ՀՀ-ն, ի տարբերություն հարևան Վրաստանի կամ Ադրբեջանի, ըստ երևույթին համապատասխան տեղեկատվական բազայի բացակայության պատճառով, այս նախաձեռնությունում առաջին անգամ է ընդգրկվել։

Մեթոդաբանական հարցեր

«Խաղաղասեր երկրներ» վարկանիշային հետազոտության համար կազմակերպության կողմից մշակվել են 23 չափորոշիչներ, որոնց հիման վրա ձևավորվում են ցուցակում ընդգրկված երկրների վարկանիշային տարեկան արդյունքները։ Ի դեպ, այդ չափորոշիչները դասակարգվում են երկու գլխավոր՝ արտաքին ու ներքին խաղաղության աստիճանակարգման խմբերում։ Ստորև ներկայացնում ենք «խաղաղության» 23 չափորոշիչների ամբողջական ցանկը.

  • արտաքին և ներքին հակամարտություններ
  • կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների մոտավոր հաշվարկը (արտաքին խաղաղություն)
  • կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների քանակը (ներքին խաղաղություն)
  • կազմակերպված հակամարտության մակարդակը (ներքին)
  • հարաբերությունները հարևան երկրների հետ
  • հասարակությունում հանցագործության մակարդակը
  • տեղահանվածների թվաքանակը՝ ըստ բնակչության տոկոսի
  • քաղաքական անկայունություն
  • մարդու իրավունքների հարգման մակարդակ
  • ահաբեկչությունների պոտենցիալ
  • սպանությունների դեպքերը՝ 100.000 բնակչի հաշվով
  • բռնություններով ուղեկցված հանցագործությունների մակարդակը
  • բռնություններով ուղեկցված զանգվածային ակցիաների հնարավորությունը
  • դատապարտվածների թվաքանակը՝ 100.000 բնակչի հաշվով
  • ներքին անվտանգության սպայակազմի ու ոստիկանության թվաքանակը՝ 100.000 բնակչի հաշվով
  • ռազմական ծախսերը՝ ըստ ՀՆԱ տոկոսադրույքի
  • ԶՈւ անձնակազմի թվաքանակը՝ ըստ 100.000 բնակչի
  • հիմնական սպառազինությունների արտահանումը՝ ըստ 100.000 բնակչի
  • հիմնական սպառազինությունների ներմուծումը՝ ըստ 100.000 բնակչի
  • ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը
  • խոշոր զինատեսակների ընդհանուր քանակը՝ ըստ 100.000 բնակչի
  • փոքր և թեթև զինատեսակների հասանելիությունը
  • ռազմական կարողությունները։

Նկատենք, որ թվարկված վարկանիշային չափորոշիչները գնահատվում են 1-5 սահմանում ընկած միավորներով, որտեղ ցածրագույն միավորները նշանակում են տվյալ երկրի խաղաղասիրության բարձրագույն ցուցանիշը՝ ըստ այս կամ այն չափորոշիչի, իսկ բարձրագույն միավորները՝ խաղաղասիրության ցածրագույն արդյունքները։ Ի դեպ, զեկույցում ներառված երկրների ամփոփ վարկանիշային միավորները նույնպես դասակարգվում են 1-5 միավորների սահմանում։

ՀՀ վարկանիշն այլ երկրների մեջ

Վարկանիշային զեկույցի փորձագետների գնահատականներով, վերջին 4 տարիների կտրվածքով պետությունները դարձել են առավել ագրեսիվ ու ռազմականացված, ինչի արդյունքում խաղաղասիրության մակարդակը նվազել է երկրների շուրջ 62%-ում։

Կազմակերպության «Խաղաղասեր երկրներ» 2010թ. վարկանիշային հետազոտությունում ընդգրկված են 149 երկրներ, որտեղ առաջին 30 երկրները հանդիսանում են ամենախաղաղասեր պետությունները (զեկույցում ներկայացված են գունային տարբերակումով)։ Նշենք, որ ինչպես այլ վարկանիշային հետազոտությունների վերլուծության պարագայում, այնպես էլ այս զեկույցում ՀՀ վարկանիշը կներկայացնենք առանձնացված՝ ԱՊՀ, մերձբալթյան և Արևելա-կենտրոնական Եվրոպայի և այլ երկրների արդյունքների հետ համադրության համատեքստում։ Առաջատար խաղաղասեր երկրների ցուցակում ընդգրկվել են Արևելա-կենտրոնական Եվրոպայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չեխիան, (12-րդ դիրք), Հունգարիան (20), Լեհաստանը (29)։

Ինչպես նկատում ենք Աղյուսակ 1-ում պատկերված վիճակագրությունից, զեկույցում ներառված ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ-ն վարկանիշային ցուցանիշով զբաղեցնում է միջնամասային դիրք (113-րդ դիրք)՝ 2,266 միավոր։ ՀՀ-ին զիջում են Թուրքմենստանը (117-րդ դիրք), Ադրբեջանն (119) ու Ռուսաստանը (143)։ Հարևան երկրներից ՀՀ վարկանիշին զիջում են նաև Վրաստանի ու Թուրքիայի համապատասխան արդյունքները։ Ընդ որում, Վրաստանը, Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանն ընդգրկվել են զեկույցի խաղաղասիրության տեսանկյունից վատագույն երկրների ցանկում, որոնք պատկերված են կարմիր գունանշանով (տե՛ս Աղյուսակ 1)։ Այդ ցանկում է հայտնվել նաև Իսրայելը՝ 144-րդ դիրքով. ի տարբերություն վերջինիս, Իրանը ոչ միայն չի ընդգրկվել այդ խմբում, այլև համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրել՝ գերազանցելով այդ թվում և ՀՀ-ին։

ՀՀ ենթացուցիչների շարքում ցածրագույն միավորներով առանձնացել են, մասնավորաբար, հարաբերությունները հարևան երկրների հետ (5 միավոր) և թեթև զինատեսակների հասանելիությունը (4) չափորոշիչները։ Ի դեպ, նույն տրամաբանությունը նկատելի է նաև Ադրբեջանի պարագայում։ Ի տարբերություն վերջիններիս, Վրաստանի դեպքում ցածրագույն ենթացուցիչների շարքին, ի թիվս առանձնացված երկուսի, ավելանում են նաև կազմակերպված հակամարտության մակարդակը՝ 5 միավոր, քաղաքական անկայունությունը (4,25 միավոր), սպանությունների դեպքերը (4), ինչպես նաև բռնություններով զանգվածային ակցիաների հնարավորությունը (4)։

Անդրադարձել ենք նաև զեկույցում ներառված այնպիսի երկրների վարկանիշներին, որոնք այս կամ այն չափով ներգրավված են միջազգային ռազմաքաղաքական զարգացումներում (ահաբեկչության դեմ պայքար, զանգվածային ոչնչացման զենքի չտարածում և այլ հարցեր)։ Այսպես, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը զբաղեցնելով 31-րդ դիրքը՝ 1,631 միավորով բավական բարձր ցուցանիշ է արձանագրել, համեմատաբար ցածր վարկանիշային արդյունք ունի Միացյալ Նահանգները՝ 85-րդ դիրք, 2,056 միավոր։ Լավագույն ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում է հայտնվել Գերմանիան (16-րդ դիրք), որին զիջել է 32-րդ դիրքում հայտնված Ֆրանսիան։ Զեկույցում ներառված երկրների ցուցակն ամփոփում է Իրաքը, որը զբաղեցնում է 149-րդ դիրքը՝ 3,406 միավորով։

Աղյուսակ 1
ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում, 2010թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր