• am
  • ru
  • en
Версия для печати
16.10.2009

ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀՆԳՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ» ՀԵՏՈ

EnglishРуский

   

Սերգեյ Մինասյան

Armenia-Georgia (original)Հայ-վրացական միջպետական հարաբերությունները 1991թ. երկու երկրների անկախության ձեռքբերումից հետո բավական հագեցած և, միևնույն ժամանակ, բարդ ճանապարհ են անցել: Երկկողմ հարաբերությունների յուրաքանչյուր փուլ վերջին գրեթե երկու տասնամյակում շատ բանով կախված է եղել ինչպես Հայաստանի և Վրաստանի ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից: Բացառություն չէ նաև հայ-վրացական հարաբերությունների զարգացումը 2008թ. օգոստոսի 8-ից հետո ընկած շրջանում:

Ավելի քան մեկ տարի է անցել Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոսյան «Հնգօրյա պատերազմից»: Այն լուրջ ազդեցություն է թողել ոչ միայն ռազմական հակամարտության մեջ ներգրավված կողմերի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների փոխհարաբերությունների վրա: Բնականաբար, այն անդրադարձել է նաև Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների վրա` էական ազդեցություն գործելով դրանցում նոր միտումների ձևավորման վրա: Սակայն Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերլուծությունը «Հնգօրյա պատերազմից» հետո ընկած ժամանակաշրջանում անհնար է առանց Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր տարածաշրջանային համատեքստի ընկալման:

Հարավային Կովկասը «Հնգօրյա պատերազմից» մեկ տարի հետո

2008թ. օգոստոսի «Հնգօրյա պատերազմը» փոխեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ձևաչափը և արտաքին դերակատարների ներգրավվածության աստիճանը: Մասնավորապես, Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ և այդ երկրներն անվերապահորեն իր ազղեցության ոլորտում ներգրավելով Ռուսաստանի համար Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհագրական սահմանները նեղացվեցին բացառապես Հայաստանով և Ադրբեջանով` շարունակվող և չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությամբ հանդերձ: Իր հերթին, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը Ռուսաստանի համար վերածվեց մի ինչ-որ փակ տարածքի, որտեղ Վրաստանի ներքին քաղաքական և տնտեսական կյանքի վրա ազդելու Մոսկվայի հնարավորությունները հասցվեցին նվազագույնի: Ռուսաստանի համար «քաղաքական-աշխարհագրական» և տեղեկատվական իմաստով Վրաստանն այժմ գտնվում է ինչ-որ տեղ Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի արանքում: Ուստի, «Հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները փաստորեն արդեն երկկողմանի չեն (հատկապես եթե հաշվի առնենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը): 2008թ. օգոստոսից հետո Մոսկվայի և Թբիլիսիի փոխհարաբերությունների ողջ համատեքստը ներառվեց Միացյալ Նահանգների, ինչպես նաև եվրոպական երկրների ու կառույցների հետ Ռուսաստանի հարաբերությունների ավելի լայն ձևաչափ, որտեղ Վրաստանը թեև զգայուն, բայց ընդամենը փոքր աղյուս էր «Արևելք» (Ռուսաստան) - «Արևմուտք» (ԱՄՆ և Եվրոպա) բարդ քաղաքական շինվածքում:

«Հնգօրյա պատերազմի» արդյունքում Հայաստանը նույնպես բախվեց տարածաշրջանային նոր մարտահրավերների: Տարօրինակ է, բայց օգոստոսյան հաղթական պատերազմից հետո Հարավային Կովկասում Երևանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի դիրքերի ամրապնդումն ու ազդեցության մեծացումը միաժամանակ հեռացրին Ռուսաստանին Հայաստանից: Առաջին հերթին լրիվ փակվեց Ռուսաստանը Հայաստանին կապող հաղորդակցային ճանապարհը, որով իրականացվում էր նաև Հայաստանում տեղակայված ռազմակայանի մատակարարումը: Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքի` որպես տարանցման ճանապարհի, օգտագործման հնարավորությունը Հայաստանում գտնվող ռուսական զորքերի մատակարարման նպատակով նախատեսված էր 2005թ. Մոսկվայի և Թբիլիսիի միջև կնքված պայմանավորվածություններով, որոնք վերաբերում էին ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս բերելուն: Հասկանալի է, որ վրաց-ռուսական պատերազմից հետո Հայաստան ռուսական բեռների ռազմական տարանցման հնարավորությունը Վրաստանի տարածքով տեսանելի ապագայում գրեթե անհնար է: Դժվարացել են նաև Ռուսաստանից Հայաստան և հակառակը Վրաստանի տարածքով ոչ ռազմական բեռների փոխադրման պայմանները:

Իսկ Ադրբեջանի, ինչպես նաև Իրանի կամ Թուրքիայի տարածքների օգտագործումը ռուսական ռազմական բեռների Հայաստան փոխադրման նպատակով կապված է քաղաքական դժվարությունների և էլ ավելի բարդ սահմանափակումների հետ, թեև դա լիովին բացառված չէ: Համենայնդեպս, ներկայումս Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի մատակարարումն իրականացվում է հիմնականում Ադրբեջանի օդային տարածքով: Դա բավական ունիկալ իրավիճակ է Ղարաբաղյան չկարգավորված հիմնախնդրի պայմաններում, նկատի ունենալով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունն ընդհատված է 1990-ական թթ. սկզբներից` Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հետևանքով: Սակայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքը որպես դեպի Հայաստան ռազմական տարանցման ուղի օգտագործելը, բնականաբար, նույնպես իր սահմաններն ու սահմանափակումներն ունի:

Ինչևէ, «Հնգօրյա պատերազմի» հետևանքները և´ ուղղակի, և´ փոխաբերական իմաստներով Ռուսաստանին զգալիորեն հեռացրին Հայաստանից: Մյուս կողմից` Երևանում որոշակի լարվածություն առաջ բերեց Ադրբեջանի և Ռուսաստանի մարտավարական «գազային մերձեցումը» 2009թ. գարնան վերջին, որն իր հերթին Բաքվի նյարդային արձագանքն էր հայ-թուրքական մերձեցման գործընթացին և ապրիլի 22-ին Շվեյցարիայում Երևանի և Անկարայի միջև ստորագրված «ճանապարհային քարտեզին»:

Դրա համար էլ բնական է, որ հայ-ռուսական, ադրբեջանա-ռուսական և հայ-թուրքական փոխհարաբերությունների այս դինամիկան չէր կարող չանդրադառնալ Երևանի և Թբիլիսիի փոխհարաբերությունների վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմն ու Վրաստանի հաղորդակցային «ինստրումենտալիզմը»

«Հնգօրյա պատերազմը» Հայաստանի համար ինքնատիպ «թեստ» էր, որը հնարավորություն էր տալիս արդեն որերորդ անգամ հաստատել կոմպլեմենտարիզմի` որպես հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգային հիմքի, արդյունավետությունը: Ռուսաստանի` կարևոր ռազմաքաղաքական դաշնակցի և Վրաստանի` սերտ և պատմականորեն մերձավոր հարևանի ու հիմնական հաղորդակցային գործընկերոջ միջև անցած տարվա պատերազմի ընթացքում Հայաստանը (որն այդ ժամանակ, ոչ ավելի, ոչ պակաս, նաև ՀԱՊԿ-ի` Ռուսաստանի հովանու ներքո գտնվող ռազմաքաղաքական դաշինքի նախագահող երկիրն էր) կարողացավ կոռեկտ չեզոքություն պահպանել: Պաշտոնական Երևանին հաջողվեց ոչ միայն քաղաքական չեզոքություն պահպանել, այլ նաև չստեղծել Ռուսաստանի և Վրաստանի հանրություններում Հայաստանը բացասաբար ընկալելու սպառնալիք` իր բավական խուսանավող դիրքորոշման շնորհիվ:

Սակայն պետք է խոստովանել, որ 2008թ. օգոստոսյան իրադարձություններին հաջորդած ժամանակաշրջանում Երևանի և Թբիլիսիի փոխհարաբերությունները զուրկ չէին խնդիրներից, որոնք հիմնականում (բայց ոչ բոլորը) «Հնգօրյա պատերազմի» հետևանք էին: Բացի ռազմական տարանցման խնդրից, հայ-վրացական հարաբերությունների վրա կարևոր ազդեցություն ունի, ինչպես արդեն նշել ենք, հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացների դինամիկան: Ինչպես նշում են որոշ վրացի փորձագետներ, «Հնգօրյա պատերազմից» և Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստից (համենայնդեպս, տեսանելի ապագայում) հետո Վրաստանն այլևս կորցնելու և զիջելու բան չունի: Ուստի, 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո վրացական հասարակությունը և քաղաքական էլիտան չափից ավելի նախանձախնդիր են քաղաքական այն գործընթացներին արձագանքելու գործում, որոնք կարող են այս կամ այն չափով անդրադառնալ իրենց երկրի տարածաշրջանային դիրքերի վրա: Օրինակ, ակնհայտ է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը (կամ գոնե դրական զարգացման հնարավորությունը) կնվազեցնի Վրաստանի տարածաշրջանային նշանակությունը, կզրկի նրան տնտեսական ու քաղաքական այն առավելություններից, որոնք ունի Թբիլիսին հարավկովկասյան տարածաշրջանում իր երկու հարևանների միջև հակամարտության առկայության պայմաններում: Անգամ Ղարաբաղյան հակամարտության ընդհանուր ֆոնի փոփոխությունը (օրինակ, հայ-թուրքական մերձեցման և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացի հաջողության դեպքում), ինչպես զգուշանում են շատերը Թբիլիսիում, կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի` տարածաշրջանում ունեցած մենաշնորհային դիրքի վրա: Մասնավորապես, ինչպես նշում են վրացի որոշ փորձագետներ (օրինակ, հայտնի վրացի քաղաքագետ, կրթության փոխնախարար և Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան), Վրաստանում կա այն զգացողությունը, թե հայ-թուրքական մերձեցման, սահմանների և հաղորդակցության բացման դեպքում Թբիլիսին տարածաշրջանում կկորցնի իր «արտոնյալ դիրքը» տարանցման և տնտեսական նախագծերում:

Մյուս կողմից` վերջին ժամանակներս Վրաստանը Հայաստանի հետ փոխհարաբերություններում հատուկ շեշտադրում է իր բացառիկ դերը Հայաստանի հաղորդակցային ուղիների գործում, ինչն արտահայտվում է սակագնային քաղաքականությունում: Բանն անգամ հասնում է Թբիլիսիի կողմից իր՝ որպես տարանցիկ երկրի, դերի ուղղակի «ինստրումենտալացմանը»: Բացի այդ, կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան` Վրաստանը տեսանելի ապագայում հազիվ թե հաջողի օգտագործել իր ուժային կառույցների պոտենցիալն (որոնց զարգացմանը վրացական իշխանությունները չափից ավելի մեծ ուշադրություն և ռեսուրսներ են հատկացրել հետպատերազմյան շրջանում, սկսած 2004թ.) այդ շրջաններում: Սակայն դա փոխհատուցվում է հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Սամցխե-Ջավախքում և Քվեմո-Քարթլիում Վրաստանի կենտրոնական իշխանությունների քաղաքականության փոփոխությամբ և ուժային կառույցների ռեսուրսի օգտագործմամբ։ Վրաստանի իշխանությունները և անգամ հասարակության մի մասը կարծում են, թե անցած տարվա իրադարձություններից և Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստից հետո իրենք բարոյական իրավունք ունեն խստացնելու իրենց քաղաքականությունը երկրի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված այս շրջաններում։ Բնականաբար, նման զարգացումներն ապագայում կարող են բացասական ազդեցություն ունենալ հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացման վրա։

Ջավախքը և «ռուսական գործոնը»

Վրացական հասարակության և քաղաքական էլիտայի համար Հայաստանի և հայերի նկատմամբ վերաբերմունքը հետխորհրդային շրջանում մշտապես պայմանավորվել է երկու հիմնական կարծրատիպերի ազդեցությամբ, որոնք են՝ հայաբնակ Ջավախքի խնդիրները և Երևանի ու Մոսկվայի փոխհարաբերությունները։ Հայերին «անջատողականության» և իբր թե «Ջավախքը» Վրաստանից «պոկելու» մտադրություն ունենալու մեջ մշտապես կասկածելը զուգորդվում է վրացական հասարակության ներսում խորքային հակառուսական տրամադրությունների հետ։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առկայության պայմաններում հակառուսական այդ բացասական տրամադրություններն ակամա (իսկ երբեմն էլ՝ գիտակցաբար) տարածվում են նաև Հայաստանի և հայերի վրա։ Ցավոք, դա կարծես անխուսափելի ենթատեքստ է, և այդ ֆոնին հայ-վրացական հարաբերությունները դեռ երկար ժամանակ կշարունակեն զարգանալ։ Ուստի, Ջավախքի հիմնախնդիրը և ռուսական գործոնը Երևան-Թբիլիսի փոխհարաբերություններում որոշակի պարբերականությամբ հանգեցնում են դժվարությունների և նույնիսկ խնդիրների։

Օրինակ, այս միտումը և Վրաստանում առկա վախը Ջավախքի խնդիրների նկատմամբ բավական հստակ դրսևորվեցին 2009թ. հուլիսի 24-25-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Երևան կատարած այցի նախօրեին։ Դրանից մի քանի օր առաջ վրացի սահմանապահներն արգելել էին Թբիլիսի կոնֆերանսի մեկնող, ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախեցի Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան։ Վրաստանի իշխանություններն այս քայլը բացատրեցին նրանով, թե Շ.Թորոսյանը Ջավախքում Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության առիթով կտրուկ արտահայտություններով է հանդես եկել նրանց հասցեին։ Միջադեպը հանգեցրեց նրան, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ բողոքի պաշտոնական նոտայով։ Միևնույն ժամանակ, մի շարք փորձագետների և հայ-վրացական հարաբերություններում ներգրավված քաղաքական գործիչների կարծիքով՝ վրացական իշխանությունների այդ քայլը կարելի էր բացատրել մի քանի պատճառով։ Բացի թվում է թե ամենաակնհայտ, «մակերեսին գտնվող» և վրացական կողմից հնչեցված պատճառից (Վրաստանի իշխանությունները դժգոհ են Շ.Թորոսյանի՝ Ջավախքի հարցում ունեցած դիրքորոշումից), դա կարող էր հարուցված լինել նաև Վրաստանի հայերի ու Հայաստանի և Ռուսաստանի ջավախահայերի տարբեր խմբավորումների փոխհարաբերությունների և նրանց միջև ազդեցության ոլորտների բաժանման ներքին գործընթացներով։ Սակայն միջադեպը կարող էր նաև այլ պատճառ ունենալ. օրինակ, այն, որ Վրաստանի իշխանությունները փորձում են բարձրացնել հայկական կողմի հետ վարվող բանակցությունների «գինը», այդ թվում և ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի բացման շուրջ։

Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման նախօրեին շատ էր խոսվում այդ անցակետի բացման հնարավորության մասին։ Ակնհայտ է, որ դեպի Ռուսաստան տանող ուղղակի տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը չափից ավելի էր հետաքրքրում հայկական կողմին, թեև իրականում (ինչը հաստատվում է հետագա զարգացումներով) այդ անցակետի բացման համար ներկայումս լուրջ հիմքեր չկան. ռուս-վրացական ներկայիս հարաբերությունները թույլ չեն տալիս։ Եվ հազիվ թե Մոսկվան ու Թբիլիսին առանձնապես ցանկանում են դա։ Կրեմլի համար Վերին Լարսի բացմանը համաձայնելը կնշանակեր հրաժարվել օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի ներկայիս իշխանությունների «տոտալ անտեսման» քաղաքականությունից (ինչպես հայտարարում են Մոսկվայում, ընդհուպ մինչև Սահակաշվիլուն փոխելը)։ Իր հերթին, Թբիլիսիի համար Մոսկվայի հետ ցամաքային հաղորդակցության և թեկուզև ինչ-որ չափով ուղղակի տնտեսական ու հումանիտար շփումների վերականգնումը կնշանակեր մասամբ համակերպվել օգոստոսյան պատերազմից հետո Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրականությանը։ Հասկանալի է, որ Թբիլիսիի կողմից օգոստոսյան պատերազմի արդյունքների նման ամրագրումը տեսականորեն կարող է լինել միայն տեսողական մակարդակում, բայց ոչ վրացական հասարակության ու քաղաքական էլիտայի (որոնք հազիվ թե տեսանելի ապագայում կհաշտվեն տեղի ունեցածի հետ) տրամադրություններում, սակայն անգամ դա այժմ հնարավոր չէ։ Բավական է հիշել միայն Վրաստանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ և ԵԱՀԿ առաքելությունների կարգավիճակի և տարածքային ամբողջականության մասին հիշատակումների շաղկապման հարցում, ինչն ի վերջո հանգեցրեց Ռուսաստանի վետոյին և այդ երկու կազմակերպությունների առաքելությունների գործունեության ընդհատմանը Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Բայց այս ամենը չի խանգարում Թբիլիսիին ու Մոսկվային կանոնավորապես հանդես գալ հայտարարություններով, թե նրանք բացառապես «հանուն Հայաստանի» պատրաստ են վերականգնել Վերին Լարսի անցակետը, «միայն թե հակառակ կողմը պետք է կառուցողականություն հանդես բերի և զիջումների գնա»։ Ընդ որում՝ և՛ վրացական, և՛ ռուսական կողմերն օգտագործում են հայկական կողմի՝ այդ անցակետը բացելու շահագրգռվածությունը Երևանի հետ այլ խնդիրների շուրջ քաղաքական սակարկումների համար՝ լավ հասկանալով, որ նկատի ունենալով Վերին Լարսի աշխատանքի վերականգնման անիրատեսությունը՝ նրանք առանձնապես ոչինչ չեն կորցնում այդ բանակցային ձևաչափում։ Ուստի, բացառված չէ, որ Շ.Թորոսյանի հետ կապված միջադեպը և Վերին Լարսի թեմատիկայի հրատապացումը Թբիլիսին օգտագործեց ավելի խստացնելու համար իր մոտեցումները ինչպես Ջավախքի, այնպես էլ Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման սակագների և երկկողմ հարաբերությունների մի շարք այլ հարցերում։

Մյուս կողմից՝ հայկական կողմը նաև փորձեց իր նպատակներին ծառայեցնել Վրաստանի նախագահի հուլիսյան այցելությունը՝ հերթական անգամ ցուցադրելու համար արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմը։ Խոսքն, առաջին հերթին, Վրաստանի նախագահին հայկական շքանշանով պարգևատրելու մասին է։ Թեև իրադարձությունը զուտ արձանագրային էր և սովորական դիվանագիտական քայլ (Ս.Սարգսյանը նույնպես պարգևատրվել է վրացական շքանշանով անցած տարվա աշնանը Թբիլիսի կատարած այցելության ժամանակ), բայց այն լայն հակադարձ առաջացրեց հատկապես Ռուսաստանում։ Այնինչ, այդ ամենի քաղաքական իմաստը, թերևս, Մոսկվային ուղղված «դժգոհության մեսիջ» էր՝ ռուս-ադրբեջանական շփումների ակտիվացման հերթական ռաունդի առնչությամբ

Ամփոփման փոխարեն. կանխատեսելի սպասումներ

Հարկավոր է ընդգծել, որ հայ-վրացական հարաբերությունների վերլուծությունը պետք է ելնի ոչ միայն «Հնգօրյա պատերազմին» հաջորդող ժամանակաշրջանի զարգացումներից։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն մշտական գործոնները, որոնք անդրադառնում են հայ-վրացական միջպետական հարաբերությունների վրա. առաջին հերթին դրանք Ջավախքի և Վրաստանի տարածքով անցնող ճանապարհների գործունեության հետ կապված հարցերն են։

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների վրա տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ազդեցությանը, նշենք, առաջին հերթին, վրացական հասարակությունում հայ-թուրքական մերձեցման հեռանկարների (թեկուզև առայժմ բավական աղոտ) բավական հուզական ընկալումը 2009թ. ապրիլին այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո։ Հայ-թուրքական մերձեցման արձագանքը Վրաստանում բավական նյարդային էր ու ագրեսիվ. Թբիլիսին սկսեց լրջորեն երկյուղել այն բանից, որ կկորցնի արտոնյալ դիրքերը տարածաշրջանային քաղաքականությունում և մոնոպոլ հաղորդակցային նշանակությունը Հայաստանի համար։

Միաժամանակ, ռուսական գործոնը նույնպես շարունակում է բացասական նստվածք թողնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման վրա։ ԱՊՀ կազմից 2009թ. օգոստոսին Վրաստանի դուրս գալը ևս այս կամ այն չափով կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա (թեկուզ տնտեսական և անգամ հումանիտար հարցերում)։

Այնուամենայնիվ, երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող մոդուս-վիվենդիի առկայությունը հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում՝ անկախ Թբիլիսիի և Երևանի վրա բացասաբար ազդող տարածաշրջանային համատեքստից և գոյություն ունեցող շարունակական քաղաքական հիմնախնդիրներից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր