ՀՀ ԵՎ ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Սերգեյ ՄինասյանԿովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, քաղաքագետ, պ.գ.թ.
Համաշխարհային քաղաքականության կարևորագույն ակտորների հետ ցանկացած երկրի արտաքին քաղաքական հարաբերությունները մշտապես հայեցակարգային վերիմաստավորում, ինչպես նաև ճշգրտում են պահանջում՝ կախված տարածաշրջանային իրավիճակից և գլոբալ համաշխարհային գործընթացներից։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխհարաբերությունները, իրենց ողջ բազմակողմանիությամբ և քաղաքական էլիտաների ու սփյուռքյան կազմակերպությունների ներգրավվածությամբ, բացառություն չեն։ Հոդվածում փորձ է արվել համառոտ ներկայացնել երկու երկրների ամենատարբեր ոլորտների փոխհարաբերությունների հիմնական միտումների և դինամիկայի հայեցակարգային վերլուծությունը՝ դրանց զարգացման հեռանկարի պարզաբանման նպատակով։
Միացյալ Նահանգների հետ մեր երկրի փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր գործոն են համարվում։ Դրանք Հայաստանի քսանամյա անկախության ընթացքում բավական լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Երկու երկրների հարաբերությունները հատկապես ակտիվ են զարգանում հետևյալ ուղղություններով.
- քաղաքական փոխգործակցություն (այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների համատեքստում),
- ԱՄՆ ներգրավվածությունը պետականակերտման, բարեփոխումների գործընթացներին և աջակցություն Հայաստանի ժողովրդավարայնացմանը (ներառյալ նաև ԱՄՆ դերը Հայաստանի իշխանությունների և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև կապերի հաստատման գործում),
- տնտեսական շփումներ (հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող տնտեսական և հումանիտար օգնությունը),
- հումանիտար շփումներ (ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի գործոնը),
- համագործակցություն անվտանգության ոլորտում և ռազմաքաղաքական հարաբերություններ (այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնությունը Հայաստանի զինված ուժերին և հայ խաղաղարարների մասնակցությունը միջազգային գործողություններին՝ ԱՄՆ հովանու ներքո),
- տարածաշրջանային համագործակցությունը և ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորմանը (հաշվի առնելով ԱՄՆ միջնորդական դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ղարաբաղյան կարգավորման գործում և Վաշինգտոնի զգալի ներդրումը հայ-թուրքական հաշտեցման գործընթացում)։
Երկկողմ հարաբերությունների դինամիկան
1980-ական թթ. վերջերին ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում էր Հայաստանի ապագա առաջնորդներին ԽՍՀՄ իշխանությունների դեմ նրանց պայքարում։ Ղարաբաղի հայերի պայքարը Խորհրդային Ադրբեջանից անջատվելու համար նույնպես արժանանում էր Միացյալ Նահանգների գրեթե անվերապահ աջակցությանը. ԱՄՆ-ը այդ պայքարը դիտարկում էր որպես «կոմունիստական ռեժիմի դեմ ԽՍՀՄ ժողովուրդների պայքարի» մի մասը։ ԱՄՆ Կոնգրեսը նույնիսկ մի շարք հայտարարություններ արեց ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարի։ 1992թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության մասին ակտի» թիվ 907 ուղղումը, որով արգելվում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական և այլ օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինը «բոլոր շրջափակումները հանելու միջոցներ չի ձեռնարկի և չի դադարեցնի ուժի ցանկացած հարձակողական կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։
Սակայն 1990-ականների երկրորդ կեսին ԱՄՆ մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի հանդեպ փոփոխություններ կրեցին, այդ թվում՝ կապված այն բանի հետ, որ մեծացավ ԱՄՆ հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ. ստորագրվեցին համաձայնագրեր Կասպիայի էներգետիկ ռեսուրսների յուրացման գործում արևմտյան նավթային ընկերությունների մասնակցության մասին։ 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո 907 ուղղման կիրարկումը դադարեցվեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, և ԱՄՆ-ը ակտիվ ռազմական համագործակցություն սկսեց Ադրբեջանի հետ։
Բայց, չնայած Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և աշխարհագրական դիրքի հանդեպ Վաշինգտոնի մեծացած հետաքրքրությանը, ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ սիմետրիկ չէ։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամերիկյան օգնության հաշվարկով Հայաստանը ներկա դրությամբ այդ օգնության ամենախոշոր ստացողներից մեկն է. երկու տասնամյակում այն կազմել է մոտավորապես $2 մլրդ։ ԱՄՆ-ը ամեն տարի նաև Լեռնային Ղարաբաղին է ֆինանսական օգնություն տրամադրում (2011թ. Կոնգրեսը մոտ $10 մլն է հատկացրել) և միակ պետությունն է աշխարհում (Հայաստանից բացի), որ ուղղակի ֆինանսական օգնություն է տրամադրում Ղարաբաղին։ ԱՄՆ-ը նաև հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» (ինչը կոչված է կարգավորել Երևանի և Անկարայի հարաբերությունները և Հայաստանը դուրս բերել Ադրբեջանի և Թուրքիայի կազմակերպած մասնակի հաղորդակցային շրջափակումից) գլխավոր հովանավորն է։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը լինելով՝ ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան բանակցային գործընթացին։
Վաշինգտոնի՝ շատ բանով հայամետ քաղաքականությունը Հարավային Կովկասում ընդունված է բացատրել ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի գործունեությամբ։ Այդ լոբբին ուժեղ է ինչպես իր կազմակերպվածությամբ և մեծ փորձով, այնպես էլ նրանով, որ ԱՄՆ հայ քաղաքացիները, որոնք որոշ նահանգներում բնակչության զգալի տոկոսն են կազմում, կարող են համախմբված քվեարկել՝ շոշափելիորեն ազդելով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների վարած քաղաքականության վրա։ Այս գործոնն ակտուալ կդառնա հատկապես 2012թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված։ Սակայն կարևոր գործոն է նաև ԱՄՆ-ի համար հայկական արտաքին քաղաքականության կանխատեսելիությունը, հատկապես տարածաշրջանային այլ ակտորների համեմատությամբ, ինչը Հայաստանը հարմար և երկարաժամկետ գործընկեր է դարձնում Վաշինգտոնի համար։
Զարգացման միտումները
Մոտ ապագայում Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունների զարգացման հիմնական հեռանկարները, մեր կարծիքով, կապված կլինեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների, տարածաշրջանային հիմնախնդիրների և հակամարտությունների կարգավորման, ռազմաքաղաքական համագործակցության և օգնության ծրագրերի ու տնտեսական համագործակցության հետ։
ԱՄՆ ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա. Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի իշխանության և ընդդիմության, առաջին հերթին՝ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի վրա չափավոր ճնշման միջոցով ազդել կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսության կազմակերպման վրա։ Միաժամանակ, ամերիկյան գործոնը շատ կարևոր կլինի 2012թ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ դրանք որքան հնարավոր է թափանցիկ անցկացնելու նպատակով։ Սակայն ԱՄՆ որևէ բացահայտ ներգրավվածություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, առավել ևս՝ իշխանափոխության գործողություն, այսպես կոչված «գունավոր հեղափոխություն» (Ջ.Բուշի հանրապետական վարչակազմի ոգով) ոչ մի պարագայում տեղի ունենալ չի կարող։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որը, մինչև Երևանում նշանակվելը, Ղրղզստանում ԱՄՆ դեսպանն էր (նաև կենտրոնաասիական այդ երկրում իշխանափոխության հայտնի դեպքերի ժամանակ), 2011թ. հունիսին հրաժեշտ տվեց իր պաշտոնին։ Ժամանակին Հայաստանում արմատական շատ շրջանակներ Մ.Յովանովիչի անվան հետ էին կապում երկրում նոր «գունավոր հեղափոխության» իրականացման հնարավորությունը։ Նրա փոխարեն, ինչպես ենթադրվում է, կնշանակվի ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ, Հարավարևելյան Ասիայի, Չինաստանի և Ճապոնիայի գծով մասնագետ Ջոն Հեֆերին։ Սա նույնպես որոշակի չափով վկայում է, որ Հայաստանն ամերիկյան վարչակազմի գերակայությունների սանդղակում վաղուց արդեն ամեն տեսակ «գունավոր հեղափոխությունների» սուբյեկտ պոտենցիալ երկրների շարքից անցել է այն պետությունների շարքը, որոնց հետ ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել հարաբերությունները շահերի հավասարակշռության պրագմատիկ համընկնման հիման վրա։
Հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները տարածաշրջանային համատեքստում. Տարածաշրջանային քաղաքականության հարցերում հայ-ամերիկյան հարաբերություններն առնվազն կպահպանեն երկկողմ փոխգործակցության ներկայիս ձևաչափը։ Հայաստանի դերն ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության մեջ շատ բանով բացատրվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի (երկրներ, որոնց համար հայկական գործոնը խիստ կարևոր է) հետ փոխհարաբերություններում Վաշինգտոնի պրագմատիկ գերակայություններով։ Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի դեմոկրատական վարչակազմի հետաքրքրության նվազումից և 2009-2010թթ. ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերալիցքավորումից» հետո Հայաստանի համար հիմա ավելի հեշտ է դարձել հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ։ ԱՄՆ-ը բավական հանգիստ է վերաբերվում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության գործոնին և Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության փաստին։ Ամերիկյան ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, գիտակցում է, որ նույնիսկ իր տարածքում ռուսական ռազմական ներկայությունը հաշվի առնելով՝ Հայաստանն ի վիճակի է արդյունավետորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ իր տարածաշրջանային քաղաքականությունում, անգամ ռազմաքաղաքական ոլորտում և անվտանգության հարցերում։
Նույնն է վիճակը նաև Իրանի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ ԱՄՆ ունեցած մոտեցումներում։ Վաշինգտոնը, սակայն, բավական ուշադիր և զգուշավոր է հետևում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն անվտանգության ոլորտում՝ թույլ չտալու համար սպառազինությունների և կրիտիկական նյութերի տարանցումը Հայաստանի միջով դեպի Իրան։ ԱՄՆ-ը հասկանում է Իրանի՝ որպես Վրաստանից հետո հաղորդակցության և տարանցման գծով Հայաստանի երկրորդ գործընկերոջ կարևորությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նրա շրջափակման պայմաններում։ Ուստի, Թեհրանի հետ Երևանի տնտեսական և էներգետիկ նախագծերի զարգացումն առանձնապես է մտահոգում ամերիկյան կողմին։ Սրանից ելնելով՝ հայ-իրանական կամ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունում առանձնակի փոփոխություններ կամ բացասական քայլեր տեսանելի ապագայում նույնպես չեն սպասվում։
Հայ-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը. Ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում՝ մյուս երկու համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ սերտ կապի մեջ։ Այս ուղղությամբ առանձնահատուկ կամ արագացված որևէ նախաձեռնություն Վաշինգտոնի կողմից տեսանելի ապագայում նույնպես չի սպասվում, ԱՄՆ բոլոր գործողություններն ուղղված կլինեն հրադադարի և ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը թույլ չտալու ռեժիմի պահպանմանը։ Իրավիճակը հակամարտության գոտում լրիվ համապատասխանում է ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերին։
Ընդ որում՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական գործընթացին, որը, թեև ներկա պահին սառեցված վիճակում է, այնուամենայնիվ, վերսկսվելու պոտենցիալ ունի։ Ընդհուպ մինչև Թուրքիայում հունիսյան խորհրդարանական ընտրությունները որևէ փոփոխություն չէր սպասվում, բայց 2011թ. աշնանը հնարավոր է, որ որոշ տեղաշարժեր նկատվեն հայ-թուրքական երկխոսությունում, այդ թվում և Վաշինգտոնի աջակցությամբ։
Համագործակցությունն անվտանգության և ռազմաքաղաքական հարաբերությունների ոլորտում. Որոշ ակտիվացում է սպասվում ռազմաքաղաքական և անվտանգության ոլորտներում առկա համագործակցության մեջ։ 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ հայտարարեց Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու և ռազմական ոլորտում համագործակցելու արգելքը։ Դրանից հետո ԱՄՆ-ը ամեն տարի Հայաստանին ռազմական նպատակներով միջոցներ է տրամադրում (տարեկան միջինը $3-5 մլն)։ Միջոցները հատկացվում են ամերիկյան IMET (International Military Education and Training) ծրագրի շրջանակներում։
Այդ միջոցները հիմնականում ծախսվում են զինվորական ուսուցման ծրագրերի (այդ թվում՝ հայ զինծառայողներին խաղաղարար գործողություններին՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, պատրաստելու համար), Ականազերծման կենտրոնի ստեղծման, լեզվի և բժշկական դասընթացների անցկացման և այլնի վրա։ Բացառություն է կազմում միայն ամերիկյան արտադրության կապի միջոցների ձեռքբերումը՝ ՀՀ զինված ուժերում օգտագործելու համար։ Հայաստանը ծրագրում է առաջիկա ամիսներին, մինչև 2011թ. աշուն, մեծացնել խաղաղարարների թվաքանակն Աֆղանստանում (45-ից հասցնելով 130 մարդու, հետագայում մինչև 260-ի հեռանկարով)։
Տնտեսական համագործակցության և ֆինանսական աջակցության ծրագրերը. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական և տնտեսական աջակցության ծրագրերը նույնպես կշարունակվեն, թեև այդ օգնությունը զգալիորեն կրճատվել էր 2008թ. մարտին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացներից հետո, հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» ծրագրի գծով։ Ծրագիրը կշարունակվի մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը, և այդ ընթացքում հիմնադրամի ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության մեջ և ոռոգման ծրագրերում կկազմեն մոտ $180 մլն։ Ֆինանսական աջակցության ծրագրերն իրականացվում են նաև ամերիկյան այլ ծրագրերի շրջանակներում։
Ընդ որում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե ֆինանսավորումը (այդ թվում և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գծով) հնարավոր է, որ վերականգնվի, «եթե Հայաստանի իշխանություններն աշխատեն թերությունները շտկելու ուղղությամբ»։ Ավելի շուտ, խոսքն այն ակնկալիքների մասին է, որոնք ունի ԱՄՆ-ը 2012թ. գարնանը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված։ Ընտրությունների հաջող անցկացման և միջազգային կառույցների կողմից լավ գնահատականի արժանանալու դեպքում ԱՄՆ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կավելանա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ[23.09.2013]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ[02.05.2013]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»[28.03.2013]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ[10.12.2012]
- ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[15.10.2012]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ[24.09.2012]
- ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ[27.07.2012]
- ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ[14.02.2012]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[07.02.2011]
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ[21.10.2010]