• am
  • ru
  • en
Версия для печати
15.10.2012

ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

EnglishРуский

   

Սերգեյ Մինասյան
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.


Ներածություն

Իրանի միջուկային ծրագիրը և պահպանվող ճգնաժամն Իրանի ու արևմտյան շատ երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ինչպես և Իսրայելի հարաբերություններում լրջորեն անդրադառնում են նաև հարակից տարածաշրջանների քաղաքական գործընթացների վրա։ Որոշ դեպքերում դա նաև իբրև տարածաշրջանային շատ հակամարտությունների կատալիզատոր է ընկալվում։

Արդյունքում՝ վերջին ժամանակներս ի հայտ են եկել հավաստիացումներ այն մասին, որ Իրանի շուրջ ռազմական ճգնաժամի դեպքում Ադրբեջանը, օգտվելով տարածաշրջանային և միջազգային անկայունությունից, կարող է վերսկսել մարտական գործողությունները։ Այլ խոսքով՝ արտաքին համատեքստի փոփոխությունն Ադրբեջանի ղեկավարությանը թույլ կտա համարձակվել սկսել պատերազմը Ղարաբաղում, որն ընդհուպ մինչև ներկա պահն արդյունավետորեն զսպվում է հակամարտության գոտում պահպանվող ռազմատեխնիկական հավասարակշռությամբ և գրեթե բոլոր արտաքին ակտորների անզիջում դիրքորոշմամբ։

Փորձենք վերլուծել, թե արդյոք իսկապես հիմնավորված են նման երկյուղները, և որքանով կարող են այդ գործընթացներն առհասարակ անդրադառնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա՝ օգտագործելով կոնվենցիոնալ զսպման տեսության գիտագործնական զինանոցը։ Կոնվենցիոնալ ռազմական զսպման (զսպում սովորական սպառազինությունների օգնությամբ) խնդիրները ղարաբաղյան հակամարտության առնչությամբ մենք արդեն լուսաբանել ենք մեր մի շարք հոդվածներում, ուստի չենք խորանա դրանց տեսական մանրամասների մեջ1։ Սույն հոդվածում փորձել ենք վերլուծել կոնվենցիոնալ ռազմաուժային զսպման տեսակներից մեկի՝ «իրադարձայինի» (կամ «անմիջականի») գործնական կիրառումը տարածաշրջանային ստատուս-քվոյի պարագայում։

Նախապես ասենք, որ հոդվածում նպատակ չենք դրել քննարկել Իրանի դեմ ռազմական գործողության արդյունքները կամ հենց այդ գործողության հավանականությունը։ Փորձել ենք ընդամենը վերլուծել, թե ինչպես հնարավոր լարվածությունն Իրանի շուրջ կարող է ազդել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման հավանականության վրա։ Կամ էլ, այլ կերպ՝ ինչպես կարող է տարածաշրջանային մասշտաբի քաղաքական իրադարձությունն անդրադառնալ հայկական կողմից (ՀՀ և ԼՂՀ) «իրադարձային» զսպման իրագործման գործունեության վրա։

«Իրադարձային զսպման» տեսական շրջանակները

Ի տարբերություն զսպման այլ տեսակների, «իրադարձայինը» ծագում է գերազանցապես ֆորսմաժորային իրադրություններում, ճգնաժամերի նախօրեին կամ դրանց ընթացքում։ Ինչպես նշում է այս դասակարգման մշակող Փաթրիկ Մորգանը, երբ հավանական հակառակորդը «ծրագրում կամ արդեն պատրաստվում է հարձակման, կամ էլ անհրաժեշտ է հստակ հակազդեցություն՝ ցրելու համար զսպող կողմի վճռականության և սպառնալիքների կայացածության աստիճանի մասին հակառակորդի կասկածները, հենց այդ ժամանակ էլ գործի են դրվում «իրադարձային» զսպման մեխանիզմները2։ «Իրադարձային» զսպումն իրագործվում է նաև տարածաշրջանային մակարդակում ֆորսմաժորային իրավիճակների ծագման պարագայում, երբ արտաքին գործոնները և ակտորները նման ազդեցություն են գործում անմիջապես ռազմաքաղաքական իրադրության կամ հակամարտության գոտու ռազմական հավասարակշռության վրա, որն ի վիճակի է նվազեցնել «ընդհանուր» զսպման գործունեությունը։

«Իրավիճակային» զսպման տարրեր կարող են լինել արդյունավետ «ազդանշանումը» (ռազմական շքերթներ, զորավարժություններ անմիջապես հակամարտության գոտուն մոտ), սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) նոր տեսակների ցուցադրական ձեռքբերումը, դաշնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան հակազդեցության նախաձեռնումը, լրիվ կամ մասնակի զորահավաքը, արտակարգ դրություն մտցնելը և այլն։ «Իրադարձային» զսպումը որոշակի շրջանակներում կարող է ներառել նաև անմիջական ուժային գործողություններ սահմանափակ/համամասնական մասշտաբի պատասխան պատժիչ գործողությունների ձևով՝ զսպող կողմի վճռականությունը տնտղելու փորձերը խափանելու համար։

«Իրադարձային» զսպման գործնական բնութագրիչները ղարաբաղյան հակամարտությունում

Պետությունները կանխամտածված կերպով պատերազմներ սկսում են միայն այն ժամանակ, երբ միանգամայն վստահ են իրենց հաջողությանը՝ հենվելով բարենպաստ ռազմական հավասարակշռության և բարյացակամ արտաքին քաղաքական ակնկալիքների վրա, այլ ոչ թե ելնելով միայն սեփական ցանկությունից։ Իսկ եթե այս երկու գործոններից մեկը չի աշխատում, սովորաբար գործում են պատերազմի վերսկսմանը խոչընդոտող զսպման մեխանիզմները։ Նույն կերպ էլ զսպումը ղարաբաղյան հակամարտությունում հիմնվում է երկու հիմնական տարրի վրա.

  • պահպանվող ռազմատեխնիկական հավասարակշռության (որը ներառում է նաև ճակատի՝ պաշտպանության համար աշխարհագրական առումով հարմար դասավորության գործոնը՝ ամրաշինությունների գծով հանդերձ) և երրորդ կողմերի՝ Հայաստանի համար ավելի նպաստավոր ռազմաքաղաքական ներգրավվածության ձևաչափի (անդամակցությունը ՀԱՊԿ-ին և 2010թ. օգոստոսից Ռուսաստանի ռազմական պարտավորությունների ընդլայնումը),
  • մարտական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հարցում միջազգային հանրության միանշանակ կոնսենսուսի վրա, որը բարձրացնում է հավանական ագրեսորի պատասխանատվության քաղաքական աստիճանը մարտական գործողությունների նախաձեռնման պարագայում։

Երկու դեպքում էլ լուրջ փոփոխություններ չեն նկատվում։ Չխորանալով ղարաբաղյան հակամարտության ռազմատեխնիկական հավասարակշռության մանրամասն վերլուծության մեջ՝ նշենք, որ վերջին ժամանակներս, չնայած Ադրբեջանը տարբեր տիպի սպառազինության և ռազմատեխնիկայի մասշտաբային գնումներ է կատարում, զարգացնում սեփական ռազմարդյունաբերական համալիրը և ի հաշիվ կասպյան էներգառեսուրսների վաճառքից ստացվող եկամուտների ռազմական նպատակներով բազմամիլիարդանոց ծախսեր կատարում, բայցևայնպես, ռազմատեխնիկական հավասարակշռությունն էականորեն չի փոխվել։ ՍՌՏ հիմնական տեսակներից և ոչ մեկի գծով (բացի մարտական ինքնաթիռներից և հարվածային ուղղաթիռներից) Ադրբեջանը ճնշող առավելություն չունի։ Իսկ ավիացիայում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը զգալի չափով փոխհատուցվում է տարածաշրջանի մասշտաբով բավական հզոր և ավելի մեծաթիվ հայկական ՀՕՊ-ով՝ զուգակցված ԱՊՀ ՀՕՊ տարածաշրջանային համակարգի հետ։ Բացի այդ, Հայաստանի օդային տարածքի անմիջական պաշտպանությունն էականորեն ուժեղացնում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի երկու դիվիզիոն ԶՀՀ-300В և Երևանի աերոդրոմում տեղակայված МиГ-29 որսիչ-կործանիչների էսկադրիլիայի առկայությունը3։

Նման իրավիճակը շատ բանով բացատրվում է նրանով, որ սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի կարևոր առանձնահատկություններից մեկը ղարաբաղյան հակամարտությունում այն է, որ այն պարիտետային է և ասիմետրիկ։ Ռազմական պարիտետը պահպանվում է նրանով, որ կողմերից մեկը ձեռք է բերում գերազանցապես այսպես կոչված «հակազդման զենք» (օրինակ, Ադրբեջանի կողմից մարտական ինքնաթիռների, հարվածային ուղղաթիռների կամ զրահատեխնիկայի ձեռքբերմանն ի պատասխան հայկական կողմը սպառազինության է վերցնում ավելի էժան ՀՕՊ համակարգեր կամ հակատանկային կառավարվող հրթիռներ), կամ էլ ի հաշիվ դաշնակից երկրի սպառազինության արտոնյալ մատակարարումների, ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին անդամակցության շրջանակում։ Տարածաշրջանի ռազմականացման ներկայիս փուլին մի կողմից մասնակցում է էներգառեսուրսների վաճառքից ստացած եկամուտներն օգտագործող Ադրբեջանը, մյուս կողմից՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որոնք, ԱՄՆ և ԵՄ լռելյայն համաձայնությամբ, սպառազինությունների «կոմպենսացնող» կամ «պարիտետային տրանսֆերտներ են ստանում Ռուսաստանից կամ ՀԱՊԿ շրջանակում։

Դրանով իսկ սպառազինությունների մրցավազքի առանձնահատկությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, երկու տասնամյակի արդյունքներով, այդպես էլ չի փոխել որակական (իսկ որոշ բնութագրիչներով՝ նաև քանակական) ռազմաքաղաքական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև՝ էլ ավելի ամրապնդելով, ճիշտ է՝ փխրուն, բայց դրանից երկարատևությունը չկորցնող ստատուս-քվոն։ Դա հազիվ թե տեղի ունենա նաև առաջիկա ամիսներին, որոնք, ամենայն հավանականությամբ, ամենակրիտիկականն են Իրանին չհարվածելու/հարվածելու հավանականության տեսակետից։

Բայցևայնպես, չպետք է մոռանալ նաև, որ Իրանին հիփոթետիկորեն հարվածելն ինքնին չի անդրադառնա հակամարտության գոտում ռազմական հավասարակշռության վրա, քանի որ իրանական զորքերը ճակատի գծում անմիջական ռազմական հավասարակշռության տարր չեն հանդիսանում. ղարաբաղյան խրամատներում միայն ադրբեջանցի և հայ զինվորներ են։ Ավելին, եթե կարելի էլ է մոտ ապագայում ռազմատեխնիկական հավասարակշռության փոփոխություններ սպասել հակամարտության գոտում, ապա այդ փոփոխություններն, ավելի շուտ՝ ոչ թե լավ, այլ վատ կլինեն Ադրբեջանի համար։ Օրինակ, դրա վրա կարող էին ազդել 2012թ. Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ զորավարժությունները, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շարունակվող վերազինումը կամ էլ իրանական զորքերի մասշտաբային մոբիլիզացիան Ադրբեջանի հետ սահմանին՝ ճգնաժամի դեպքում։

«Իսրայելյան պայմանագրի» անհստակ նպատակները

Պարտադիր չէ, որ Ղարաբաղում մարտական գործողությունները վերսկսվեն Իրանի շուրջ ռազմական ճգնաժամի ծագման պարագայում. այս մասին վկայող լուրջ փաստարկ է հենց Ադրբեջանի նյարդային և զգուշավոր արձագանքը։ Ադրբեջանցի փորձագետները, լրագրողները և քաղաքական գործիչներն առանձնապես լավատես չեն հնարավոր իրանական ճգնաժամի առիթով։ Դա հստակ երևում է Ադրբեջանի՝ Իսրայելից $1.6 մլրդ-ի զենք գնելու վերջին խոշոր պայմանագրով (կնքվել է անցած տարեվերջին) նախատեսված սպառազինության և ռազմատեխնիկայի նոմենկլատուրայի վերլուծությունից։ Պայմանագիրը հիմնականում «հակաիրանական» ուղղվածություն ունի։ Եվ թեև ադրբեջանական ղեկավարությունը համառորեն փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ սպառազինությունն ուղղված է միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ։

Մասնավորապես, այդ պայմանագրի շրջանակում նախատեսվում է, որ Ադրբեջանը կգնի Barak-8 զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որն առայսօր թողարկվում էր միայն ծովային բազավորման ՀՕՊ համակարգերի տարբերակով։ Այդ ԶՀՀ-ն ներկայումս Իսրայելն ինքը դիտարկում է որպես Արևելյան Միջերկրածովում վերջերս հայտնաբերված հանքավայրերից սեփական գազարդյունահանման պլատֆորմների ՀՕՊ գլխավոր միջոց։ Իսրայելը կգնի նաև Gabriel-5 հականավային հրթիռների խմբաքանակ։ Ակնհայտ է, որ քանի որ ղարաբաղյան զորքերը դեռ սեփական ռազմածովային նավատորմ չունեն Կասպից ծով ելք չունենալու պատճառով, վերոնշյալ սպառազինության գլխավոր նշանակությունը կարող է լինել Կասպից ծովի ադրբեջանական ավազանում նավթագազային պլատֆորմների և արդյունահանման ենթակառուցվածքի պաշտպանությունն Իրանի հրթիռային և ավիացիոն հարվածներից, ինչպես նաև հակազդեցությունն իրանական ռազմածովային ուժերին։

«Իսրայելյան պայմանագրով» նախատեսվում է նաև գնել EL/M-2080 Green Pine ռադիոլոկացիոն կայան, որը նույնպես կարող է օգտագործվել որպես ՀՕՊ/ՀՀՊ տարր՝ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքի պաշտպանության համար (հնարավոր է, որ դրանում ներառվի նաև ավելի վաղ Ռուսաստանից գնված С-300ПМУ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ն)։ Հայաստանի և ԼՂՀ-ի համար այս համակարգերը հարաբերական սպառնալիք են ներկայացնում՝ ելնելով միայն այն բանից, որ թուլացնում են հայկական բանակի 9К72 «Скад-Б» և 9К79-1 «Точка-У» օպերատիվ-տակտիկական և տակտիկական հրթիռային համալիրների զսպիչ հարվածների արդյունավետությունը։

Ակնհայտ է, սակայն, որ ադրբեջանական ՀՕՊ այսքան թանկարժեք արդիականացման (որն էապես գերազանցում է հայկական ՌՕՈւ կամ հայկական բանակի ցամաքային հրթիռային համալիրների հարվածների դիմակայության մակարդակը) գլխավոր նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության անհամեմատ ավելի մեծաթիվ հրթիռային զինանոցից (որը ներառում է տարբեր հեռահարության և նշանակության տասնյակ ցամաքային հրթիռային համակարգեր) պաշտպանվելն է։ Բացի իրանական հրթիռների արձակման մասին վաղ նախազգուշացման խնդիրներից, EL/M-2080 Green Pine ՌԼԿ-ն կարող է օգտագործվել Իրանի ՀՕՊ համակարգերի ռադիոէլեկտրոնային ճնշման համար։ Գերազանցապես Իրանի համար կարող են սպառնալիք ներկայացնել նաև վերոնշյալ պայմանագրի շրջանակում գնվող Heron անօդաչու թռչող սարքերը, որոնց թռիչքի հեռավորությունը ծածկում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դրանք կօգտագործի Կասպից ծովի հարավային, իրանական ավազանի հետախուզության և Իրանի հյուսիսարևմտյան շրջանների մշտադիտարկման համար՝ նպատակ ունենալով հայտնաբերել իրանական հրթիռների արձակումները շարժական թողարկային կայանքներից4։

Հնարավոր է, որ 2011թ. վերջին կնքված այս պայմանագրի «հակահայկական» ուղղվածության թվացյալությունը կարող էր ուժեղացնել այն տեղեկատվությունը, թե Իսրայելն ադրբեջանական բանակին նաև ինքնագնաց 120 մմ-անոց CARDOM ականանետեր և Spyke հակատանկային հրթիռային համալիրներ է մատակարարում։ Սակայն չպետք է մոռանալ, որ իսրայելական այս սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին, ինչպես և Sufa զրահամեքենաների ու ATMOS-2000 ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումները, իրականացվում են դեռ 2008 թվականից, այսինքն՝ Իսրայելի հետ վերջին մասշտաբային պայմանագրից դեռ շատ առաջ5։ Թեև վերջերս տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելի հետ նոր համաձայնագիր է ստորագրել ավելի քան $300 մլն-ի ԱԹՍ մատակարարելու մասին, որոնք նույնպես կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղում6։

Այսպիսով, Ադրբեջանում խորացող իրանատյացությունը և Իրանի կողմից սպասվող սպառնալիքի աճող զգացողությունն արդեն Բաքվին ստիպում են իր ռազմական պոտենցիալը ղարաբաղյան ուղղությունից մասամբ վերակողմնորոշել դեպի հարավ-արևելք՝ ուժեղացնելով ռազմածովային բաղադրիչը Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։ Բնական է, որ այս քայլերը բացասական հակազդեցություն են առաջ բերում Իրանում, չնայած Բաքուն բավական անվարժ փորձեր է անում նաև ծովում մարտական գործողություններ իրականացնելու նպատակով նախատեսված իսրայելական սպառազնության մասշտաբային գնումներն արդարացնելու համար՝ ասելով, թե դրանք օգտագործվելու են Ղարաբաղում, հայերի դեմ։ Հազիվ թե Թեհրանում մոռացած լինեն ադրբեջանական խորհրդարանում հնչած՝ այդ երկիրը «Հյուսիսային Ադրբեջան» վերանվանելու մասին կոչերը, Բաքվում Իրանի դեսպանության մոտ տեղի ունեցող մշտական հանրահավաքները և նման էլի շատ գործողություններ։ Իսկ եթե չեն մոռացել, ուրեմն կարող են ամենաանպատեհ պահին հիշեցնել։ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների դինամիկան, սկսած 2012թ. առաջին կեսից, ցույց է տալիս, որ լարվածության մակարդակն իրանա-ադրբեջանական հարաբերություններում հասել է բավական կրիտիկական կետի։

Աշխարհաքաղաքական սահմանափակումներ

Ինչ վերաբերում է հայկական երկու կողմերից «իրավիճակային զսպման» իրագործման երկրորդ գործոնին՝ միջազգային հանրության բացասական դիրքորոշմանը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ապա այստեղ իրավիճակը նույնպես այնքան էլ նպաստավոր չէ պաշտոնական Բաքվի համար։ Քաղաքական տեսակետից Ադրբեջանի կողմից տարածաշրջանային ֆորս-մաժորի օգտագործման հավանականությունն առաջ կբերի Իրանի դեմ ռազմական գործողության հնարավոր գլխավոր նախաձեռնողի՝ ԱՄՆ-ի, այնպես էլ իրանական հարցում հիմնական գլոբալ և տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի և անգամ Թուրքիայի կոշտ հակազդեցությունը։ Հազիվ թե նրանցից որևէ մեկը շահագրգռված լինի, որ տարածաշրջանային իրավիճակն էլ ավելի բարդանա Հարավային Կովկասում և Ղարաբաղի շուրջ՝ գլոբալ բացասական հետևանքների ֆոնին, որոնք առաջ կբերի Իրանի դեմ գործողությունը։ Անգամ եթե Իսրայելը միակողմանի կարգով փորձի էլ օգտագործել ադրբեջանական օդանավակայանները, անհասկանալի է, թե այդ փաստն ինչպես կանդրադառնա երրորդ երկրների դիրքորոշման վրա Ղարաբաղի հարցում։

Գաղափարը, թե ինչ-որ սակարկություն է հնարավոր Բաքվի և ԱՄՆ/Իսրայելի միջև՝ «ավիաբազա Ղարաբաղում պատերազմ սկսելու համաձայնության դիմաց»-ի տիպի, քարոզչական շահարկում է թվում։ Ղարաբաղում պատերազմը «սուսուփուս» սկսելու փորձը, հակառակ «աշխարհիս հզորների» կարծիքի, կարող է խիստ չարդարացված և չափազանց ռիսկային արկածախնդրություն լինել, ինչը մասամբ շատ լավ երևաց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցելության ժամանակ իրադրության «չափավորված» շիկացման արդյունքներով, որը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը 2012թ. հունիսի 4-ի գիշերը։

Ի դեպ, այնքան էլ ակնհայտ չէ իսրայելական ռազմական ավիացիայի կողմից ադրբեջանական օդանավակայանների օգտագործման բուն ռազմատեխնիկական նպատակահարմարությունը։ Օրինակ, գրեթե աննկատ մնաց 2012թ. մարտի 28-ին բրիտանական հեղինակավոր Jane’s Defence Weekly պարբերականի հրապարակած նյութը7։ Աշխարհի ռազմավերլուծական առաջատար ամսագրի հեղինակները դիտարկել են Իսրայելի ՌՕՈւ գործողությունների զանազան տարբերակներ՝ ուղղված Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների դեմ՝ հաշվի առնելով իսրայելական ավիացիայի տեխնիկական և քանակային հնարավորությունները։ Նրանց հաշվարկներով՝ իսրայելական հարվածող ավիացիայի ավելի քան 350 ինքնաթիռներից գործողությանը կարող են մասնակցել ընդամենը մոտ 30 F-15I Ra’am և 100 F-16I Sufa բազմաֆունկցիոնալ կործանիչներ։ Հարվածելու համար առավել օպտիմալը (ինչպես այդ կործանիչների գործողության շառավղի, այնպես էլ հանկարծակիության և անվտանգության գործոնների հաշվառմամբ) համարվում է ամենակարճ երթուղու կիրառումը՝ օգտագործելով Իրաքի և Հորդանանի օդային տարածքները (հնարավոր է նաև սաուդյան և սիրիական տարածքների մասնակի օգտագործումը)։

Միևնույն ժամանակ, Իսրայելի տարածքից օդային հարված հասցնելիս, ցանկացած երթուղու օգտագործման դեպքում անպայման անհրաժեշտ կլինի լրալիցքավորել կործանիչներն օդում, այդ թվում անմիջականորեն իրանական սահմանը հատելուց առաջ և հետդարձին։ Այս տեսակետից Իրաքի օդային տարածքը նույնպես առավել օպտիմալ և անվտանգ է թվում, անգամ հաշվի առնելով իսրայելական ավիացիայի կրկնակի մարտական թռիչքների անհրաժեշտությունը, որի որակական և քանակական պոտենցիալը հազիվ թե թույլ տա լուծել մեկ հարվածով Իրանի միջուկային ենթակառուցվածքի մասնակի ոչնչացման խնդիրը։

Ելնելով Jane’s–ի վերլուծաբանների այս վերլուծությունից՝ Ադրբեջանի օդանավակայանների օգտագործումը բավական դժվար և այնքան էլ անվտանգ չի թվում ավելի արդյունավետ իրաքյան երթուղու ֆոնին։ Ավելին, ադրբեջանական ավիաբազաների առավելություն թվացող գլխավոր արժանիքն Իրանի միջուկային ենթակառուցվածքի մոտիկության տեսակետից, միևնույն ժամանակ նաև դրանց գլխավոր թերությունն է։ Դրանցում բազավորվելու դեպքում (անգամ որպես միջանկյալ կետ գործողությունից հետո հետդարձի ճանապարհին) Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները խիստ խոցելի կլինեն իրանական բանակի հատուցման հարվածների առջև, որոնք կարող են օգտագործել անգամ գործողության փոքր շառավղով տակտիկական հրթիռներ, էլ չեմ ասում կորսված հանկարծակիության գործոնի մասին։ Աշխարհաքաղաքական սահմանափակումներն Ադրբեջանի արած հաշվարկներում, զուգակցված իրանական պատասխան հարվածի հետևանքների հետ, չափից ավելի են բարձրացնում Իրանի դեմ գործողության համար իր տարածքը տրամադրելու ռիսկերը։

Իրանի նախաձեռնությամբ իրավիճակի սրացումը Լենային Ղարաբաղում նույնպես բավական խնդրահարույց է։ Տեսականորեն կարելի է ենթադրել, թե Թեհրանը կարող է գայթակղվել կասպյան էներգակիրների մատակարարումների ուժային խախտման միջոցով էլ ավելի բարդացնել իրավիճակը նավթի շուկայում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման օգտագործմամբ զսպման իր պոտենցիալին հավելելով նաև կովկասյան էներգետիկ միջանցքի խախտումը։ Բայց Իրանի կողմից Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքի իրական ռազմական սպառնալիքի (առավել ևս՝ վնասի) ծագման դեպքում Բաքուն առավել ևս շահագրգռված չի լինի երկու ճակատով պատերազմ նախաձեռնել, մեկն էլ՝ Ղարաբաղում։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Իրանի և Ադրբեջանի միջև իրական ռազմական հավասարակշռությունը չափվում է ոչ միայն և ոչ այնքան մինչև ադրբեջանական նավթագազային ենթակառուցվածքի օբյեկտներ իրանական հրթիռների թռիչքի րոպեներով, որքան մինչև Բաքու իրանական տանկերի երթի ժամերով։

Ամփոփում

Միանգամայն բնական է, որ Իրանի շուրջ ցանկացած տեսակի ռազմաքաղաքական շիկացում անբարենպաստ ազդեցություն կգործի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա։ Այդ սպառնալիքների ողջ լրջությամբ հանդերձ՝ պետք է հաշվի առնել նաև, որ Իրանի դեմ ռազմական գործողության ամենահավանական սցենարի համաձայն՝ այն կներառի հիմնականում ավիացիոն հրթիռառումբային հարվածներ՝ առանց ցամաքային ծավալուն ներխուժման։ Փորձագետների մեծ մասի հաշվարկներով՝ Իրանին հասցվելիք ավիացիոն հարվածները մի քանի օրից մինչև երկու շաբաթ կտևեն և հազիվ թե հանգեցնեն խաղաղ բնակչության զանգվածային կորուստների, գոյություն ունեցող ռեժիմի անկման և այլն։

Չպետք է մոռանալ, որ Իրանի տարածքով է անցնում Հայաստանի ապրանքաշրջանառության ողջ ծավալի ընդամենը 20-25%-ը և գործում է ընդամենը մեկ (այլընտրանքային) գազամուղ։ Ըստ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքի, որն արտահայտել է ռուսական Независимая газета–ին 2012թ. ապրիլին տված հարցազրույցում, տարածաշրջանային ֆորսմաժորային իրավիճակի դեպքում՝ կապված Իրանի շուրջ հնարավոր բացասական հետևանքների հետ, հանրապետությունը պետք է ունենա առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պարենի և վառելիքի առնվազն եռամսյա պաշար8։ Ուստի, կարելի է ենթադրել, որ մի քանի շաբաթով Իրանից ձգվող հաղորդակցությունների խափանումը չի հանգեցնի աղետալի հետևանքների Հայաստանի համար, թեև բավական ցավագին և զգալի կլինի։

Շատ փորձագետներ, ընդհանուր գծերով համաձայնելով Հարավային Կովկասում ներկայիս ստատուս-քվոյի պահպանման անխուսափելիության հետ, հաճախ ենթագիտակցական շտկումներ են անում այն հաշվով, որ մասշտաբային ֆորսմաժորային իրավիճակը տարածաշրջանում (այն է՝ ռազմական ճգնաժամն Իրանի միջուկային ծրագրի շուրջ) կարող է սասանել կամ խափանել այդ ստատուս-քվոն (առնվազն Ղարաբաղի շուրջ)։ Հետևաբար, ղարաբաղյան հակամարտության շուրջ «իրավիճակային զսպման» բնութագրիչներն անփոփոխ կմնան, իսկ իրանական ճգնաժամը՝ որպես Ղարաբաղում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն ազդարարող «արձակման կեռիկ», բավական վտանգավոր և ծախսատար casus belli է թվում։ Համենայնդեպս, ռազմաքաղաքական այն գործոնների վերլուծության տեսակետից, որոնք արդիական ու էական են երևում այսօրվա դրությամբ։

1 Տե՛ս Minasyan, Sergey, “The Quest for Stability in the Karabakh Conflict: Conventional Deterrence and Political Containment”, PONARS Eurasia Policy Memo No.188, Washington, September 2011; Մինասյան Ս.Մ., «Ռազմական զսպման և քաղաքական սաստման քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում», Հայկական բանակ, № 4, 2011։

2 Morgan, Patric M., Deterrence Now. Cambridge University Press: Cambridge, 2003, p. 9.

3 Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմատեխնիկական հավասարակշռության դինամիկայի մասին մանրամասն տե՛ս Минасян Сергей, «Региональная безопасность на Южном Кавказе-2010», Кавказ-2010: Ежегодник Института Кавказа, Ереван, 2012.

4 Մանրամասն տե՛ս Katz, Yaakov, Binnie, Jeremy, “Israel, Azerbaijan Sign $1.6bn Arms Deal”, Jane’s Defence Weekly, Vol.49, Issue 10, 7 March 2012, p.9; SIPRI Arms Transfers Database, http://armstrade.sipri.org/armstrade/page/trade_register.php

5SIPRI Arms Transfers Database, http://armstrade.sipri.org/armstrade/page/trade_register.php

6 «Израиль заключил с Азербайджаном еще один крупный контракт», Vesti.Az, 30.05.2012.

7 Johnson, Scott and Chorley, Emily, “Studies in Pre-emption”, Jane’s Defence Weekly, Vol.49, Issue 13, 28 March 2012.

8 Дерябин Александр, «Боевой запас Армении: Премьер-министр Тигран Саркисян о подготовке республики к нестабильности в Закавказье», Независимая газета, 16.04.2012.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր