• am
  • ru
  • en
Версия для печати
10.12.2012

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ

EnglishРуский

   



Սերգեյ Մինասյան

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.

Դեռ Ղարաբաղյան հակամարտության ակտիվ ռազմական փուլի ավարտման շրջանում՝ 1994թ., հանգուցյալ Հեյդար Ալիևը, պատրաստվելով արևմտյան նավթային ընկերությունների հետ ստորագրել «դարի պայմանագիրը» Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ածխաջրածնային ռեսուրսների յուրացման վերաբերյալ, իր շրջապատում քանիցս հույս է հայտնել, թե այդ գործոնն ամենաէական դերն է խաղալու Ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացների զարգացման գործում՝ Ադրբեջանի համար շահավետ ուղղությամբ։ Ներկայում 1990-ականների համեմատ իրավիճակը շատ չի փոխվել։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի հիմնական ֆինանսատնտեսական, ինչպես նաև մասամբ՝ աշխարհաքաղաքական ռեսուրսը Ղարաբաղյան հիմնախնդրում իր քաղաքականությունն իրականացնելու համար շարունակում են մնալ կասպյան էներգառեսուրսների արդյունահանումից (նավթ և գազ) ստացվող զգալի եկամուտները։

Նավթադոլարները Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հույս են ներշնչում՝ հասնելու արմատական գերազանցության ռազմատեխնիկական և սպառազինության մրցավազքի ակտիվացման ոլորտում, ֆինանսավորելու խոշոր տարածաշրջանային նախագծեր՝ շրջանցելով Հայաստանը, իրականացնելու ներդրումներ կամ նույնիսկ բացահայտ կոռուպցիոն ֆինանսական ներդրումներ երրորդ երկրներում, ձեռնարկելու այլ քայլեր՝ նպատակ ունենալով հասնել իր համար շահավետ փոփոխությունների Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում և ստիպել հայկական կողմերին միակողմանի զիջումների գնալ։ Միևնույն ժամանակ, նավթի գործոնը, ըստ պաշտոնական Բաքվի, նաև բարձրացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակալիությունը տարածաշրջանային և անգամ համաշխարհային դերակատարների հաշվարկներում։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նավթագազային գործոնի դերն Ադրբեջանի ղարաբաղյան ռազմավարությունում միջնաժամկետ հեռանկարում կարող է էապես խարխլվել։

Մի քանի տարի առաջ մենք արդեն անդրադարձել ենք Ղարաբաղյան հակամարտությունում նավթային գործոնի դերի խնդրին1։ Սակայն վերջին զարգացումները՝ կապված ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալների զգալի նվազման (մինչ այդ հայտարարված թվերի ու ժամկետների համեմատ), ինչպես նաև ադրբեջանական գազի արդյունահանման հիմնական՝ երկրորդ փուլի գործարկման ժամկետի տեղափոխման հետ, սույն խնդրի որոշակի վերիմաստավորում են պահանջում արդեն նոր իրողություններում։

2012թ. հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ադրբեջանական գլխավոր նավթավայրի՝ Ազերի-Չրաղ-Գյունեշլիի (ԱՉԳ) մշակման օպերատորին՝ Ադրբեջանի միջազգային գործառնական ընկերությանը (ԱՄԳԸ)՝ British Petroleum-ի գլխավորությամբ։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ կոնսորցիումի թույլ տված կոպիտ սխալների պատճառով վերջին տարիներին նավթի արդյունահանումն այս հանքավայրում էապես կրճատվել է, ինչի արդյունքում Ադրբեջանը ավելի քան $8 մլրդ-ի պակաս եկամուտ է ստացել2։ Նավթի արդյունահանումը Կասպիայի ադրբեջանական հատվածում արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազում է (սկսած 2010-ից), սակայն առաջին անգամ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն այդքան խիստ արձագանքեց այդ միտմանը։ Փաստը, որ հաջորդ տարի Ադրբեջանում հերթական նախագահական ընտրություններն են սպասվում՝ երրորդ ժամկետին գնացող Իլհամ Ալիևի գրեթե անայլընտրանք մասնակցությամբ, հավելյալ ինտրիգ է մտցնում սույն իրավիճակի մեջ։ Մեր կարծիքով՝ նավթագազային եկամուտների էական նվազման գործոնը բավական լուրջ կերպով կանդրադառնա նաև Ադրբեջանի ֆինանսատնտեսական դրության և քաղաքական կայունության հեռանկարների վրա, ինչը գլխավորապես հիմնվում է ադրբեջանական նավթի և գազի արտահանումից ստացվող փողերի վրա։

Կասպյան ծովի ադրբեջանական հատվածի նավթի և գազի պաշարների ամփոփ գնահատականները փոփոխվում են՝ կախված հետազոտողների քաղաքական հակումներից, և շատ դժվար է օբյեկտիվ պատկերացում կազմել Ադրբեջանի իրական ածխաջրածնային պոտենցիալի մասին։ Համենայնդեպս, հարկ է նշել, որ Կասպից ծովի ադրբեջանական ջրավազանի նավթի ու գազի պաշարները բավական զգալի են, թեև անսահմանափակ չեն։ Սակայն Ադրբեջանի՝ նավթագազային եկամուտների վրա հիմնված քաղաքականությունը լուրջ խնդիրների է բախվում։

Նախ՝ նավթն ու գազը արտահանող երկրների ոչ կայուն տնտեսական աճի, ոչ քաղաքական զարգացման գրավականը չեն, մանավանդ եթե այդ երկրները պետականաշինության ընդամենը փոքր փորձ ունեն և առաջին քայլերն են անում դեմոկրատիային անցման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման ճանապարհին։ Պատահական չէ, որ գոյություն ունի «նավթային անեծք» տերմինը, որը բավական ճիշտ է բնորոշում տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրների ու դժվարությունների այն աստիճանը, որոնք ծագում են, երբ երկիրը հեղեղվում է բնական պաշարների վաճառքից ստացված դրամական հոսքով։ Այդ խնդիրները նավթարտահանող երկրների տնտեսական բարօրության ճակատի սև կողմն են։ Պատմությանը հայտնի են տասնյակ երկրների օրինակները, որոնց ճակատագրերում հարուստ բնական պաշարների (առաջին հերթին՝ նավթի և գազի) առկայությունը նենգ և անգամ ճակատագրական դեր է խաղացել՝ Նիգերիայից մինչև Մեքսիկա, Հաբսբուրգների իսպանական կայսրությունից (այս պարագայում՝ Ամերիկայում իսպանական գաղութների հանքավայրերից արդյունահանվող էժան արծաթը) մինչև ԽՍՀՄ։ Ադրբեջանի տնտեսության հիպերտրոֆիկ կախվածությունը էներգառեսուրսների իրացումից ստացվող եկամուտներից (որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազմում են, տարբեր գնահատականներով, բյուջեի մուտքերի 85 և արտահանման 92%-ը), լուրջ և խրոնիկական սպառնալիք է երկրի կայուն սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման համար։

Մյուս կողմից՝ այժմ արդեն ակնհայտ է, որ նավթի ու գազի՝ ադրբեջանական ղեկավարության նախկինում հայտարարած ծավալներն էապես բարձրացված են եղել։ Մի շարք փորձագետների հաշվարկներով՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի ածխաջրածինների գլխավոր մշակողը՝ ԱՄԳԸ-ն, հավանաբար արդեն հասել է հիմնական նավթավայրից՝ ԱՉԳ-ից նավթարդյունահանման գագաթնակետին։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե 2013-2015թթ., ինչպես մինչ այդ հայտարարում էր Ադրբեջանի կառավարությունը (ինչը չէր վիճարկվում ԱՄԳԸ գլխավոր օպերատոր, բրիտանական British Petroleum ընկերության կողմից), այլ 2010-ին։ Ներկայում նավթի արդյունահանումն Ադրբեջանում (հաշվի առնելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի պաշարները) սահուն կնվազի տարեկան մոտավորապես 10%-ով (2010թ. ավելի քան 50 մլն և 2011թ. մոտ 45 մլն տ նավթի պաշարներից) ընդհուպ մինչև արդեն 2018-2019թթ. տարեկան մոտ 20 մլն տ արդյունահանման մակարդակը3։ ԱՄԳԸ-ն նախատեսում է որոշ չափով կայունացնել նավթարդյունահանման անկումը՝ ի հաշիվ 2013թ. վերջին-2014թ. սկզբին «Արևմտյան Չրաղ» նոր պլատֆորմի գործարկման՝ այն նույն տեղում, ինչ և ԱՉԳ-ն, բայց դրա ակտիվ գործարկման ժամկետը ընդամենը 4-5 տարի կլինի և թույլ կտա մինչև 2020թ. պահպանել այդ հանքավայրի արդյունաբերական մշակման նվազագույն մակարդակը։

Բնականաբար, Ադրբեջանն ունի նաև էներգառեսուրսների արդյունահանման հնարավորությունները մեծացնելու պոտենցիալ Շահ Դենիզ գազահանքի երկրորդ փուլի գործարկումից հետո։ Բայց լայնորեն գովազդված «Նաբուկկո» գազատարի (որը մինչ այդ դիտարկվում էր որպես ադրբեջանական գազը եվրոպական շուկա հասցնելու գլխավոր ենթակառուցվածքային նախագիծ) աննախանձելի ճակատագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանում գազի հայտարարված պաշարները նույնպես էապես բարձրացված են եղել։ Գազի արտահանումից ստացվելիք պոտենցիալ եկամուտներն այս հանքավայրից ոչ մի կերպ չեն կարողանա փոխհատուցել նավթի արտահանումից ստացվող մուտքերի պակասող ծավալները։

Անգամ ամենալավատեսական գնահատականներով՝ Շահ Դենիզի երկրորդ փուլի արդյունաբերական մշակումն սկսելու դեպքում այս հանքավայրից գազի արտահանումը կարող է կազմել ոչ ավելի, քան տարեկան 8-10 մլրդ մ3։ Հաշվի առնելով գազի տեսականորեն առավելագույն հնարավոր գները՝ այս հանքավայրի մշակումից ստացվող եկամուտը կարող է կազմել տարեկան $4 մլրդ, ինչը չի կարող համեմատվել նավթից ստացվող եկամուտների հետ (տարեկան մոտ $15-20 մլրդ)։ Հիշեցնենք, որ ներկայում Ադրբեջանի արտահանած գազի շուկայական առավելագույն գինը վճարում է «Գազպրոմը»՝ մոտ $220-240 հազար մ3-ի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը Թուրքիային և Վրաստանին գազը մատակարարում է զգալիորեն ցածր գնով։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ 2017թ., երբ նախատեսվում է գազ մատակարարել Շահ Դենիզի երկրորդ փուլից (չի բացառվում, որ նախագիծը մինչև այդ ժամանակն այդպես էլ չիրագործվի), իրավիճակը գազի շուկայում կարող է էական ճշգրտումների ենթարկված լինել և որպես արդյունք՝ ադրբեջանական գազի գինը բավական ցածր կլինի։ Օրինակ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ արդեն 2013-2014թթ. թուրքական BOTAS էներգետիկ ընկերությունը մտադիր է Շահ Դենիզի (առաջին փուլ) գազը գնելու ժամանակ հրաժարվել «Take or Pay» սկզբունքից, ինչն ավելի արտոնյալ պայմաններ էր տալիս ադրբեջանական կողմի համար4։ Բացի այդ, 2017թ. եվրոպական շուկայում կարող են ի հայտ գալ հեղուկացված և թերթաքարային գազի նոր ծավալներ, ինչը նույնպես կարող է հանգեցնել գազի գների գլոբալ իջեցման։

Այսպիսով, թեև առաջիկա տարիներին նավթագազային գործոնը կպահպանի ֆինանսական և աշխարհաքաղաքական հիմնական ռեսուրսի իր դերը, որն Ադրբեջանի համար ապահովում է իր քաղաքականության իրագործումը Ղարաբաղյան հակամարտության հարցում, բայցևայնպես, դրա հնարավորություններն ու նշանակալիությունն աստիճանաբար կնվազեն։ Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Բաքվի մոտեցումների վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, էական ճշգրտումների կենթարկվեն։ Ի դեպ, մեր կարծիքով՝ այս գործոնը կարող է ավելի մանրամասնորեն դրսևորվել արդեն առաջիկա երկու տարիներին, երբ ադրբեջանական գազի արդյունահանման անկման միտումն ավելի հստակորեն կուրվագծվի։

1 Сергей Минасян, Нефтяной фактор в карабахской стратегии Азербайджана: «ресурс» или «проклятие»?, http://www.noravank.am/rus/articles/security/detail.php?ELEMENT_ID=2667, 25.04.2008.

2 «Алиев: Из-за грубых ошибок British Petroleum Азербайджан недополучил 8 млрд долларов», http://www.regnum.ru/news/1580138.html, 11.10.2012.

3 Rasizade, Alec, “Azerbaijan’s Chances in the Karabakh Conflict”, Harvard International Review, 18 January 2011, http://hir.harvard.edu/azerbaijans-chances-in-the-karabakh-conflict?/

4 «Правила игры на газовом рынке меняются», Зеркало, http://www.zerkalo.az/2012/pravila-igryi-na-gazovom-ryinke-menyayutsya/, 24.10.2012.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր