• am
  • ru
  • en
Версия для печати
14.02.2012

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Руский

   

Սերգեյ Մինասյան

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, քաղաքագետ, պ.գ.թ.

Հոդվածը համառոտ անդրադառնում է Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների ընդհանուր դինամիկային, արդի վիճակին և հնարավոր հեռանկարներին ու պոտենցիալ հիմնախնդիրներին։ Ցույց են տրվում երկու երկրների հարաբերությունների հիմնական բնութագրիչները տնտեսական, հաղորդակցային, քաղաքական, ռազմական, մշակութային-կրթական և հումանիտար ոլորտներում, հատուկ ուշադրություն է հատկացվել հայ-վրացական հարաբերությունների վրա ռուսական գործոնի ազդեցության, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ վարչատարածքային շրջանի՝ Սամցխե-Ջավախքի իրավիճակի լուսաբանմանը։

Տնտեսական և հաղորդակցային համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։

Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով (երրորդ անցակետը՝ Գուգութին, Հայաստանի Տաշիրի մարզի և Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի սահմանին, աննշան դեր է կատարում ապրանքաշրջանառության մեջ)։ Գոյություն ունեն բարձրավոլտ մի քանի էլեկտրագծեր, որոնք միացնում են Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը։ Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով (Վալեի և Սարփիի անցակետեր, ակնկալվում է, որ անցակետ կբացվի Կարծախում)։ Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցումն Ադրբեջանից, շարունակվող ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի շրջափակման պայմաններում, ներկայում գործնականում անհնար է։

Հարկ է ընդգծել, որ ընդհանուր առմամբ Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման կառուցվածքը ժամանակի ընթացքում տարբեր դինամիկա է ունեցել՝ շատ բանով կախված լինելով քաղաքական իրավիճակից։ 2010թ. մարտին, Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական բնույթի հիմնախնդիրներով պայմանավորված երկարատև դադարից հետո բացվեց Վերին Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին։ Բայց ելնելով այն բանից, որ վերջնական վիճակագրական տվյալները, առաջին հերթին՝ Վրաստանի վերաբերյալ, դեռ չեն հրապարակվել, առայժմ դժվար է դատել Վրաստանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ապրանքաշրջանառության և տարանցման զարգացման վրա Վերին Լարսի անցակետի բացման ազդեցության մասին1։

Վրացական ապրանքների արտահանումը Հայաստան 2009թ., Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կազմել է $40,890 մլն դոլար, իսկ հայկական ապրանքների ներմուծումը Վրաստան՝ $52,806 մլն2։ Իր հերթին, վրացական վիճակագրական տվյալներով՝ Վրաստանից Հայաստան արտահանումը 2009թ. կազմել է $88,442 մլն (կամ վրացական արտահանման ընդհանուր ծավալի 7,9%-ը), այն դեպքում, երբ Հայաստանից Վրաստան ապրանքների ներմուծումը կազմել է $41,346 մլն3։ Թվերի տարբերությունը բացատրվում է, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հաշվարկների տարբերությամբ և մեթոդիկայով, այլև նրանով, որ տարանցիկ ապրանքաշրջանառության մի մասը վրացական կողմը հաշվում է սեփական ներմուծման տողում։ Վրաստանը 2009թ. Հայաստան արտահանող երկրների մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը (ընդհանուր ծավալի 7,4%-ը) և միայն 19-րդն է (1,2%) հայկական ներմուծման ընդհանուր կառուցվածքում։ Իր հերթին, Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցնում վրացական արտահանման մեջ (7,9%), այն դեպքում, երբ չի մտնում վրացական ներմուծման կառուցվածքի նույնիսկ առաջին տասնյակում։

Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման կառուցվածքը ներառում է. շինանյութեր, ապակե իրեր, կաուչուկ, պլաստմասսա, անասնաբուծական և գյուղմթերքներ, մեքենաներ, մեխանիզմներ, բժշկական ապրանքներ։ Վրաստանից Հայաստան ներմուծումը ներառում է. պատրաստի սննդամթերքներ և գյուղտնտմթերքներ (գերազանցապես շաքարավազ և հացահատիկ, ինչը մասամբ կարող է վերարտահանում լինել), ազոտային պարարտանյութեր, մետաղե իրեր, ինչպես նաև փայտանյութ և փայտե իրեր4։ Վերջին ժամանակներս Վրաստանից Հայաստան ներմուծման կարևոր հոդվածներից է դարձել օգտագործված ավտոմեքենաների վերարտահանումը։ Պետք է նշել, որ երկաթի հալվածքի և ազոտային պարարտանյութերի արտահանմանը զուգահեռ՝ ավտոմեքենաների արտահանումը (ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից օգտագործված մեքենաների վերարտահանումը) վրացական արտահանման առավել նշանակալի հոդվածն է։ Վրաստանից մեքենաների վերարտահանումը 2008թ. կազմել է $706,8 մլն, իսկ 2009-ին՝ 254,7 մլն։ 2007-2009թթ. Վրաստանից արտահանվող մարդատար ավտոմեքենաների ավելի քան 70%-ը մատակարարվել է Ադրբեջանին և Հայաստանին5։ Ընդ որում՝ 2011թ. հունվարի տվյալներով՝ մարդատար ավտոմեքենաների արտահանումը զբաղեցրել է վրացական արտահանման համակարգի առաջին տողը՝ կազմելով $26 մլն կամ Վրաստանի արտահանման 18%-ը6։ Այդ մեքենաների մեծ մասն արտահանվել է Ադրբեջան և Հայաստան։

Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ամռանը Վրաստանի սևծովյան առողջարաններում հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվը, որոնց գրավում է համեմատական էժանությունն ու Հայաստանից հեռու չգտնվելը։ Տուրիզմից ստացվող եկամուտները (հիմնականում ի հաշիվ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից եկող զբոսաշրջիկների) էլ ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում վրացական տնտեսության կառուցվածքում» 2010թ. ամռանը Հայաստանից որպես զբոսաշրջիկ Վրաստանի ծովային հանգստավայրեր (գերազանցապես Աջարիա) մեկնածների թիվը 2010թ. կազմել է 100 հազարից փոքր-ինչ ավելի։ Հայաստանից Վրաստանի սևծովյան հանգստավայրերում սեզոնային հանգստի մեկնողների թվի ավելացման հեռանկարները խթանում են նաև հայկական բիզնեսի ակտիվացմանը Աջարիայում և Վրաստանի մի շարք այլ շրջաններում։ Հայկական ներդրումների ծավալները Վրաստանի սևծովյան ափի զբոսաշրջային և տրանսպորտային ենթակառուցվածքում կազմում են, որոշ գնահատականներով, մի քանի տասնյակ միլիոն դոլար։

Հարաբերությունները քաղաքական ոլորտում և տարածաշրջանային գործընթացները

Ինչպես տնտեսական ոլորտում, քաղաքական ոլորտում ևս անկախ զարգացման երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների հարաբերությունների վրա ազդող խիստ էական հարց է վրացական տարածքով դեպի Հայաստան տանող տրանսպորտային հաղորդակցությունների կայուն և անվտանգ գործառնության խնդիրը։ Դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը, ներկայում գործող միակ երկաթուղին Վրաստանի տարածքով, որով Հայաստանն ստանում է ուղղակի կապ և ապրանքաշրջանառություն ապահովում մնացյալ աշխարհի հետ։

Բացի այդ, Մ.Սահակաշվիլու իշխանության գալուց և արևմտյան երկրների (հատկապես ԱՄՆ-ի) կողմից նրա գործողությունների բացահայտ աջակցումից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի առնել նաև արևմտյան երկրների վրացամետ դիրքորոշումը Վրաստանի հանդեպ ավելի զգուշավոր քաղաքականություն վարելու համար։ Մասնավորապես, սա վերաբերում է Վրաստանի կողմից Հայաստանի համար իր հաղորդակցային նշանակությունը մոնոպոլացնելու կամ էլ այդ երկրի հայ բնակչության իրավունքների ոտնահարման հարցին և լուրջ սահմանափակիչ է հանդիսանում Ջավախքի հարցում պաշտոնական Երևանի ավելի ակտիվ քաղաքականության ու դիրքորոշման համար։

Իր հերթին, Վրաստանի համար Հայաստանի հետ հարաբերություններում կարևոր գործոն են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և հայաբնակ Ջավախքի առկայությունն անմիջապես Հայաստանի հետ սահմանին։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ 2008թ. օգոստոսի «հնգօրյա պատերազմի» արդյունքները բավական լուրջ ազդեցություն են թողել հայ-վրացական հարաբերությունների դինամիկայի և ներկա վիճակի վրա։ Օրինակ, ինչպես նշում են վրացի որոշ փորձագետներ և վրացական հասարակության ներկայացուցիչներ, «հնգօրյա պատերազմից» և Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստից հետո Վրաստանն «այլևս կորցնելու և զիջելու ոչինչ չունի»։ Ուստի, 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո վրացական հասարակությունը և քաղաքական ընտրանին չափազանց նախանձախնդիր կերպով են արձագանքում այն բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք կարող են այս կամ այն չափով անդրադառնալ իրենց երկրի տարածաշրջանային դիրքերի վրա։ Մասնավորապես, ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (կամ թեկուզև դրական դինամիկայի հնարավորությունը) կնվազեցնի Վրաստանի տարածաշրջանային նշանակալիությունը, կզրկի նրան տնտեսական ու քաղաքական այն առավելություններից, որոնք Թբիլիսին ստանում է Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով հարևան երկու պետությունների միջև հակամարտության առկայության պայմաններում։

Անգամ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդհանուր ֆոնի փոփոխությունը (օրինակ, հայ-թուրքական մերձեցման գործընթացի հաջողության և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացման դեպքում), ինչպես երկյուղում էին Թբիլիսիում, կարող էր բացասաբար անդրադառնալ Վրաստանի բազմաբևեռ տարածաշրջանային դրության վրա։ Ինչպես նշում էին վրացի որոշ փորձագետներ (օրինակ, վրացի հայտնի քաղաքագետ, Վրաստանի կրթության նախկին նախարար Գիա Նոդիան)7, Վրաստանում այն զգացողությունը կար, թե հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման, սահմանների և հաղորդակցությունների բացման դեպքում Թբիլիսին կկորցնի «արտոնյալ դիրքը» տարածաշրջանային տարանցման և տնտեսական նախագծերում։

Հայաստանի համար օրախնդիր է «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի ճակատագիրը, որը նույնպես անցնում է Վրաստանի տարածքով և ապահովում է ռուսական Հյուսիսային Կովկասից դեպի Հայաստան գազի մատակարարումը։ Վրաստանը վերցնում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի մոտ 10%-ը։ 2010թ. տեղեկատվություն հայտնվեց գազատարի վաճառքի հնարավորության մասին, որը ռազմավարական օբյեկտ էր և համարվում էր վրացական պետության սեփականությունը։ 2010թ. հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որով «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարը հանվում էր ռազմավարական օբյեկտների ցուցակից և կարող էր մասնավորեցվել։ Ավելի վաղ Վրաստանը համաձայնություն էր տվել 5 տարի ժամկետով գազատարի վաճառքն արգելելուն, և այդ ժամկետը լրանում էր 2011թ. ապրիլին։ «Հյուսիս-Հարավ» գազատարի մի հատվածը վաճառելու Վրաստանի պլաններն անհանգստություն առաջացրին Հայաստանում այն առումով, որ ռազմավարապես կարևոր օբյեկտի բաժնետոմսերը կարող էին անցնել Ադրբեջանի հսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը դեռ 2010թ. նոյեմբերին հայտարարեց, որ իր ընկերությունը պատրաստ է գնել Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստան-Հայաստան գազատարը։

Ամենայն հավանականությամբ, այս հարցն ակտիվորեն քննարկվել է 2011թ. հունվարի վերջին Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում։ Ինչպես տեղեկացրին վրացական լրատվամիջոցները, Վրաստանը մտադիր է Լոնդոնի բորսա հանել «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի բաժնետոմսերի 25%-ը։ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրիի խոսքով՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ամբողջական վաճառք չի նախատեսվում, խոսքը միայն 25%-ի մասին է։ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, 2011թ. մարտին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է, որ եթե մայրուղային գազատարի այդ հատվածը ձեռք բերեն օտարերկրյա, այդ թվում և ադրբեջանական ընկերությունները, դա չի վերաբերի գազատարի շահագործման հարցերին։ Ըստ նրա՝ վրացական կողմը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի, որի միջոցով ռուսական գազը հասնում է Հայաստան, բաժնետոմսերի 25%-ի հնարավոր վաճառքը չի ազդի «գազատարի ընդհանուր մենեջմենթի վրա»։ «Հայաստանի կառավարությունում լուրջ քննարկումներ են տեղի ունեցել սույն հարցի շուրջ։ Մենք մեզ համար պարզել ենք այն սահմանագիծը, որից այն կողմ մենք չենք անցնելու։ Մենք կարծում ենք, որ գազատարի բաժնետոմսերի 25%-ի վաճառքը սպառնալիք չի պարունակում Հայաստանի համար»,- ասել է հայ նախարարը8։

Մ.Սահակաշվիլու՝ Հայաստան կատարած վերջին այցելության ընթացքում ակտիվորեն քննարկվել է նաև մեկ այլ օրախնդիր հարց, որը բարդացնում է երկկողմ հարաբերությունները՝ կողմերի դիրքորոշումների կոորդինացումը միջազգային կազմակերպություններում քվեարկության ժամանակ։ Ինչպես այցի նախօրեին հայտարարեց Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Ն.Քալանդաձեն, այդ հարցը պետք է քննարկվեր նախագահների մակարդակով9։ Բանն այն է, որ ՄԱԿ, ԵԱՀԿ կառույցներում կամ միջազգային այլ կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ Վրաստանը հաճախ քվեարկել է ադրբեջանամետ բանաձևերի կամ հայտարարությունների օգտին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Ի պատասխան, Հայաստանը Վրաստանին դեմ է քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված բանաձևերի և փաստաթղթերի պարագայում։ Ժամանակին Հայաստանը Վրաստանին առաջարկել էր չեզոքություն պահպանել նման իրավիճակներում, սակայն վրացական կողմը հրաժարվել էր։ Արդյունքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 2011թ. սեպտեմբերի նիստի ընթացքում Հայաստանը հերթական անգամ դեմ քվեարկեց Վրաստանին՝ ենթադրելով, որ վրացական կողմը նույնպես պատրաստվում է կողմ քվեարկել Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի առաջարկած բանաձևին10։

Ռազմական համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը բավական համեստ ծավալներ ունի և հիմնականում ներառում է ծրագրեր կրթության և ուսուցման ոլորտում (հիմնականում ՆԱՏՕ բազմակողմ ծրագրերի և վարժանքների շրջանակում) և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական տարանցման հարցեր։

2008թ. օգոստոսի «հնգօրյա պատերազմի» արդյունքում Հայաստանը և Ռուսաստանը բախվեցին Վրաստանի տարածքով ռազմական տարանցում (առաջին հերթին Ռուսաստանից) իրականացնելու խնդրին։ Վրացական տարածքը Հայաստանում գտնվող ռուսական զորքերին մատակարարելու համար օգտագործելու հնարավորությունը նախատեսված էր դեռ 2005թ. Մոսկվայի և Թբիլիսիի միջև կնքված պայմանավորվածություններով՝ Վրաստանի տարածքից ռուսական զորքերը դուրս բերելու մասին։ Բայց ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական բեռների ցամաքային ռազմական տարանցման հնարավորությունը գրեթե անհնար դարձավ։ 2011թ. ապրիլին Վրաստանը չեղյալ հայտարարեց իր երկրի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմաբեռների տարանցման մասին պայմանագիրը։ Այս հարցում Վրաստանի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով 2011թ. ապրիլի վերջին Հայաստան ժամանեցին Վրաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։

Բանակցությունների արդյունքներով ակնհայտ դարձավ, որ վրացական կողմը երաշխավորում էր, թե պայմանագրի չեղյալացումը վերաբերում է միայն Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանների ռազմական բեռներին, այլ ոչ թե իրենց տարածքով հայկական բանակի համար նախատեսված ռազմաբեռների տարանցմանը։

Ռուսական գործոնը հայ-վրացական հարաբերություններում

Ռուսական գործոնը կարևոր է հայ-վրացական հարաբերությունների ընկալման համար, հատկապես վրաց քաղաքական ընտրանու և հասարակության գնահատականներում։ Վրաց հասարակության և քաղաքական ընտրանու համար վերաբերմունքը Հայաստանի և հայերի հանդեպ հետխորհրդային շրջանում մշտապես ձևավորվել է Երևանի և Մոսկվայի փոխհարաբերությունների ազդեցության տակ։ Ջավախահայերին գաղտնի «սեպարատիզմի» մեջ մշտապես կասկածելը համակցվում է վրաց հասարակության ներսում հակառուսական խորքային տրամադրությունների հետ։ Հայ-ռուսական դաշնային հարաբերությունների առկայության և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության պայմաններում հակառուսական այդ նեգատիվիզմը Վրաստանում ակամա (իսկ երբեմն էլ՝ գիտակցված) անդրադառնում է նաև Հայաստանի և սփյուռքահայերի վրա։

Միևնույն ժամանակ, վրաց հասարակական-քաղաքական դաշտում (Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության գիտակցման հետ կապված) առկա որոշակի դինամիկան հեռանկարում կարող է հանգեցնել այդ երկրում հակառուսական տրամադրությունների որոշակի մեղմացման։ Ընդդիմադիր քաղաքական ընտրանու որոշ ակնառու ներկայացուցիչների (Զուրաբ Նողաիդելի, Նինո Բուրջանաձե և այլք) այցելությունները Ռուսաստան Վրաստանի ներսում ակտիվացրին Մ.Սահակաշվիլու կառավարության դիրքորոշմանն այլընտրանքային նոր դիսկուրս ռուս-վրացական հարաբերությունների առումով։

Ակնհայտ է, որ 2008թ. իրադարձություններից հետո Վրաստանում տիրող տրամադրվածությունը Ռուսաստանի հանդեպ դեռ երկար բացասական երանգ կկրի, սակայն միանգամայն հնարավոր է, որ պրագմատիկ հիմքի վրա Վրաստանում (ինչպես նաև Ռուսաստանում) տեղի ունենա ռուս-վրացական հարաբերությունների հանրային վերագնահատում։ Այս ֆոնին միանգամայն հավանական է նաև, որ վրաց իշխանությունների և հասարակության ներսում նվազի հայ-ռուսական ռազմավարական համագործակցության գործոնի բացասական ազդեցությունը Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։

Հայաբնակ Սամցխե-Ջավախքի գործոնը միջպետական հարաբերություններում

1991թ. երկու երկրների անկախության ձեռքբերումից հետո անցած ժամանակաշրջանում հայ-վրացական հարաբերություններում Սամցխե-Ջավախքի շրջանի հիմնախնդիրը մշտապես կարևոր դեր է խաղացել։ Փաստը, որ Հայաստանին սահմանակից առնվազն երկու վարչատարածքային շրջանները գրեթե բացարձակապես բնակեցված են էթնիկ հայերով (Ախալքալաքում՝ 95%, Նինոծմինդայում՝ 96%), թե՛ տարածաշրջանային քաղաքականության գործոն է, թե՛ կարևոր տարր հայ-վրացական միջպետական հարաբերություններում11։

Ընդ որում՝ գրեթե ողջ հետխորհրդային շրջանում վրաց հասարակությունը և քաղաքական ընտրանին շարունակաբար Հայաստանին կասկածել է տարածաշրջանի բնակչության մեջ անջատողական և իռեդենտ միտումներ հրահրելու մեջ։ Եվ թեև իրականում պաշտոնական Երևանի քաղաքականությունն այս հարցում վերջին երկու տասնամյակում միշտ բավական կշռադատված ու զգուշավոր է եղել, այնուամենայնիվ, Ղարաբաղի հետ համեմատությունը խիստ ակտուալ է եղել վրաց հասարակության և ընտրանու պատկերացումներում՝ Ջավախքում ընթացող գործընթացների վրա Հայաստանի ազդեցության հարցում։

Իր հերթին, Ջավախքում (և Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի պատկերացումներում) կա մի ինչ-որ համոզմունք, թե, իբր, այս շրջանի հանդեպ վրացական քաղաքականության իսկական նպատակը շրջանից հայերին աստիճանաբար դուրս մղելը և նրա բնակչության էթնիկական կազմը փոխելն է, ինչի համար անտանելի պայմաններ են ստեղծվում Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում։

Այսպիսով, Սամցխե-Ջավախքի շրջանում ստեղծվող իրավիճակը երկարատև միտում ունի, և ներկայիս ստատուս-քվոն, առնվազն, կպահպանվի։ Վրաստանը կշարունակի աստիճանական ճնշման իր քաղաքականությունը՝ «փոքր քայլերով» սաստկացնելով Սամցխե-Ջավախքի հայ բնակչության վրա գործադրվող ճնշումը, փորձելով ընդլայնել կենտրոնական իշխանությունների ազդեցությունն ու պետական խորհրդանիշերի ատրիբուտիկան, «վրացացնելով» դպրոցական ուսուցումն ու տեղական կառավարման մարմիններում և ուժային կառույցներում ազգությամբ վրացի չինովնիկների թիվը մեծացնելով։ Իր հերթին, Հայաստանը կջանա հնարավորին չափ հարթել շրջանի հայ բնակչության բացասական տրամադրությունները։

Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի և կրոնական հարցեր

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու (որը մոտավորապես VI դարից ավանդաբար գործում է Վրաստանի տարածքում առանձին թեմի միջոցով) հարաբերությունները սրեցին որոշ խնդիրներ։ Դրանք, առաջին հերթին, կապված են հայկական խորհրդային շրջանում ՀԱԵ-ից պետության առգրաված մի շարք եկեղեցիների և պաշտամունքային կառույցների ճակատագրի հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ՎՈւԵ-ն հայտարարեց, թե հավակնում է այդ եկեղեցիների և շինությունների սեփականությանը, որոնցից կարևորագույնը հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցին է Թբիլիսիում և Սուրբ Նշան եկեղեցին Ախալցխայում։ Հետխորհրդային շրջանում երկրի հասարակական-քաղաքական կյանքում ՎՈւԵ հատուկ դերից ելնելով՝ Վրաստանի իշխանությունները չեն կարողանում համապատասխան քաղաքական որոշում ընդունել և այդ կրոնաճարտարապետական հուշարձանները հանձնել ՀԱԵ տնօրինմանը։

2006թ., այս եկեղեցիների համար մղվող վեճում հավանաբար որպես ռեսուրս օգտագործելու համար ՎՈւԵ-ն նույնիսկ հայտարարեց, թե ստեղծում է նոր թեմ (Դմանիսի և Ագարակ-Տաշիրի), որը Վրաստանի վարչատարածքային միավոր Քվեմո Քարթլիի հարավային մասի հետ մեկտեղ՝ տարածապես պետք է ընդգրկեր նաև Հայաստանի մի շարք հյուսիսային շրջանները, որտեղ պահպանվել են մի քանի չգործող տաճարներ (թեև այդ տարածքում վրացի բնակչություն չկա)։ 2008թ. վերջին Հայաստանի վարչապետ Տ.Սարգսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց (այդ թվում և Վրաստանի կառավարության երկու նախարարի) հետ այցելեց Սուրբ Նորաշեն եկեղեցի, սակայն նրա այցից հետո ոչ մի տեղաշարժ եկեղեցին ՀԱԵ-ին վերադարձնելու հարցում այդպես էլ չեղավ։

Մյուս խնդիրը Վրաստանում ՀԱԵ թեմի կարգավիճակի հարցն է, որը, ինչպեսև մյուս բոլոր դավանանքներն այս երկրում, հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ չունի։ Միակ բացառությունը ՎՈւԵ-ն է, որի հետ դեռ Է.Շևարդնաձեի նախագահության օրոք կնքվել է հատուկ համաձայնագիր, որով նրան տրվում է գլխավոր և ցայժմ միակ կրոնական դավանանքի կարգավիճակ՝ հստակ իրավավիճակով և լիազորություններով։ Ոչ հայկական եկեղեցին, ոչ Վրաստանի մյուս կրոնական դավանանքները (հատկապես ավանդական քրիստոնեական եկեղեցիները, որոնք հարյուրամյակներ գոյություն են ունեցել Վրաստանի պատմական տարածքում՝ Հռոմի կաթոլիկ, Ավետարանական և այլ եկեղեցիները) համաձայն չեն գրանցվել որպես ֆոնդեր կամ մասնավոր իրավունքի սուբյեկտներ։

Սակայն, չնայած այս խնդիրներին, պաշտոնական և հանրային մակարդակով ոչ ՀԱԵ-ն և ոչ ՎՈւԵ-ն չեն փորձել սրել իրավիճակը և բարեկամական հարաբերություններ են դրսևորել։ Թեև, օրինակ, ՀԱԵ հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնական այցը Վրաստան արդեն որերորդ տարին հետաձգվում էր։ Այնուամենայնիվ, Հայոց հայրապետի՝ 2011թ. հունիսի այցից առաջ տեղեկատվություն հայտնվեց, թե Վրաստանում քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել մի շարք ավանդական դավանանքների, այդ թվում և ՀԱԵ թեմը գրանցելու և համապատասխան իրավաբանական կարգավիճակ տրամադրելու փոխընդունելի լուծում գտնելու վերաբերյալ՝ միևնույն ժամանակ չնվազեցնելով գրեթե պաշտոնական ՎՈւԵ լիազորությունները։

Սակայն կաթողիկոսի՝ Վրաստան այցելության կոնկրետ դրական արդյունքը դարձավ միայն դրա իրականացման փաստը, հատկապես այցելությունը Ջավախք։ Ավելին, Հայոց կաթողիկոսի այցից անմիջապես հետո վրաց պատրիարքը հրապարակավ մեղադրեց 60-ամյա Գարեգին Երկրորդին «ջահելության» և անփորձության մեջ։ Ինչին Սբ.Էջմիածնի դիվանը պատասխանեց զուսպ, բայց բավական երկիմաստ մեկնաբանությամբ, թե Հայոց կաթողիկոսը հարգում և հաշվի է առնում Իրակլի Երկրորդի «տարիքն ու փորձը», բայց հետո արդեն իր վրացի գործընկերներին մեղադրեց այն բանում, որ նրանք «շուկայական հարաբերություններ» են մտցնում ՀԱԵ Վիրահայոց թեմի կարգավիճակի և հայկական եկեղեցիների հարցում՝ հանդիպակաց պահանջներ առաջադրելով հայկական կողմին։

2011թ. հուլիսի սկզբին Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում այսպես կոչված «ավանդական դավանանքներին» վերջապես տրվեց հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ՝ համապատասխան փոփոխություններ մտցնելով երկրի Քաղաքացիական օրենսգրքում։ Դա ՀԱԵ-ի համար հնարավորություն ստեղծեց իրավաբանական շրջանակներում իրականացնելու լիարժեք կրոնական գործունեություն Վրաստանի տարածքում։

Սակայն այս իրադարձությունն առաջացրեց ՎՈւԵ խիստ իռացիոնալ արձագանքը։ Վրաց եկեղեցու առանձին ներկայացուցիչներ հանդես եկան սպառնալիքներով ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ ՀԱԵ հասցեին։ Այս տրամադրությունների ազդեցության տակ Վրաստանի կառավարությունը մի քանի օր անց ստիպված եղավ փոքր-ինչ վերանայել իր որոշումը՝ խորհրդարանի նիստում ընդունելով նոր «քաղաքական փաստաթուղթ», որը թեև ուժի մեջ էր թողնում ավանդական դավանանքների գրանցման հնարավորությունը որպես հանրային իրավունքի իրավաբանական անձանց, բայց էապես սահմանափակում էր այսպես կոչված «վիճելի եկեղեցիների» հարցը լուծելու հնարավորությունը։

Հումանիտար և գիտակրթական շփումները

Հայաստանի և Վրաստանի միջև հումանիտար և գիտակրթական շփումները հետխորհրդային շրջանում իրականացվում են բավական ցածր մակարդակով։ Հայաստանը (վրացական կողմի համաձայնությամբ) Վրաստանի հայկական դպրոցներին ուղարկում է դասագրքեր (հիմնականում հայոց լեզվի և գրականության), Թբիլիսիի լեզվաբանական համալսարանում կա հայ բանասիրության բաժին (սովորում են հիմնականում Վրաստանի քաղաքացի հայեր), իսկ Երևանի պետական համալսարանում՝ վրացագիտության ոչ մեծ կենտրոն։

Սակայն բուհերի, ակադեմիական ինստիտուտների, թատրոնների, այլ տեսակի գիտական, կրթական և մշակութային կազմակերպությունների ինստիտուցիոնալ համագործակցությունը բավական թույլ է արտահայտված և հիմնականում խորհրդային ժամանակների իներցիայի արդյունք է։ Մշակութային և գիտակրթական համագործակցության ոլորտի վերջին իրադարձությունների թվում պետք է նշել Հայ-վրացական դպրոցական առաջին օլիմպիադան 2010թ. վերջին-2011թ. սկզբին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից։ Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում էր 30 դպրոցական։ Հայկական թիմում հանրապետության տարբեր մարզերի դպրոցականներ էին, վրացական թիմի կազմում նույնպես կային Վրաստանում ապրող հայեր։ Օլիմպիադայի հովանավորներն էին Երևանի պետական համալսարանը, «Սինոփսիս» ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, իսկ գաղափարը երկու երկրների նախագահներինն էր12։

Հայաստանի և Վրաստանի հումանիտար և մշակութային համագործակցության հեռանկարների վրա բացասաբար ազդող լուրջ գործոն է նաև այն, որ Վրաստանում ռուսերենը կորցնում է դիրքերը (հատկապես երիտասարդ սերնդի շրջանում), որն ավանդաբար ազգամիջյան հաղորդակցության և մասնագիտական փոխանակման հիմնական լեզուն է եղել հայերի և վրացիների միջև։

12010թ. Վրաստանի և Հայաստանի տնտեսությունների իրավիճակի մասին վերջնական վիճակագրական տվյալները դեռևս հրապարակված չեն երկու պետությունների համապատասխան վիճակագրական ծառայությունների կողմից։

2 Статистический Ежегодник Армении – 2010, Ереван, 2010.

3 External Trade of Georgia, 2009. National Statistic Office of Georgia. Tbilisi, 2010.

4 Статистический Ежегодник Армении – 2010, Ереван, 2010.

5 External Trade of Georgia, 2009. Tbilisi, 2010.

6 Նույն տեղում։

7 Ghia Nodia, “Pending Normalization of Turkish-Armenian Relations: Implications for Georgia”, CIPDD Policy Brief #2, January 2010.

8 «Даже имея 25% акций газопровода «Север-Юг», Азербайджан не сможет шантажировать Армению», http://www.panarmenian.net/rus/economy/news/63045/Даже_имея_25_акций_газопровода_СеверЮг_Азербайджан_не_сможет_шантажировать_Армению

9 «Что намерен обсудить Саакашвили в ходе визита в Ереван?», http://www.profi-forex.org/news/entry1008063633.html, 22.01.2011.

10 Հետագայում Ադրբեջանը մի շարք պատճառներով ստիպված էր քվեարկությունից հանել իր բանաձևը։

11 Մանրամասն տե՛ս Минасян С., Этнические меньшинства Грузии: потенциал интеграции на примере армянского населения страны, Ереван, 2006.

12 «Президенты Грузии и Армении вручили награды победителям первой армяно-грузинской школьной олимпиады», http://www.panarmenian.net/rus/society/news/60097/Президенты_Армении_и_Грузии_вручили_награды_победителям_первой_армяногрузинской_школьной_олимпиады, 23.01.2011.

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր