
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Իսրայելն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որն աշխարհիկ պետություն լինելով` պետականաշինության եւ ազգակերտման գործընթացներում խիստ կարեւորություն է տալիս կրոնաբարոյական արժեքներին։ Հնագույն ժամանակներից ի վեր, հատկապես պետականության բացակայության երկուհազարամյա ժամանակաշրջանում, հուդայական արժեքները առաջնակարգ նշանակություն են ունեցել հրեության անվտանգության ապահովման եւ ազգային ինքնության պահպանման հարցում։ Հրեական կրոնաբարոյական նորմերում բազմիցս հիշատակվում է, որ «Էրեց-Իսրայել»-ի (Իսրայել պետության) ու նրա բնակիչների անվտանգության պաշտպանությունը յուրաքանչյուր հրեայի «սրբազան պարտականությունն» է։
Հրեական պետականաշինության պատմությունում հոգեւոր-բարոյական ուսմունքները նորովի վերիմաստավորվեցին սիոնիստական գաղափարախոսության առաջացման շրջանում։ Առաջին սիոնիստ կրոնավոր առաջնորդները անգնահատելի ներդրում են ունեցել 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության համար մղված ազգային ազատագրական պայքարում։ Հոգեւոր-բարոյական արժեքները մեծ տեղ են ունեցել մասնավորաբար Իսրայելի ազգային բանակի ստեղծման ու զարգացման գործում։ Հրեության անվտանգության պաշտպանության համատեքստում այսօր շարունակում են արդիական մնալ հուդայականությունում ամրագրված պատերազմի վարման մեթոդներն ու էթիկայի սկզբունքները։
Հոգեւոր զինվորականի ինստիտուտը
Իսրայել պետության, նրա բնակիչների եւ առհասարակ համայն հրեության անվտանգության ապահովման հարցում հոգեւոր դասի զգալի ազդեցության մասին է խոսում Իսրայելի պաշտպանության բանակում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի գոյությունը։ 1948թ. Իսրայել պետության եւ երկրի կանոնավոր ԶՈւ ստեղծման հետ միաժամանակ Հոգեւոր զինվորականի ինստիտուտի ձեւավորման հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է Իսրայել պետության ղեկավար այրերի կողմից երկրի անվտանգության պաշտպանության հարցում հոգեւոր-բարոյական արժեքների խիստ կարեւորման մասին։ Պետք է նկատել, որ իսրայելական բանակում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի ձեւավորումն առհասարակ պայմանավորված է հուդայական ավանդույթներով։ Հրեության պատմության տարբեր դարաշրջաններում հրեա ժողովրդի զինվորական ու քաղաքական գործիչները, որպես կանոն, հանդես են եկել նաեւ որպես ազգի հոգեւոր առաջնորդներ։
Իսրայելում Հոգեւոր զինվորականի ինստիտուտը, որը գործում է երկրի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության ներքո եւ կրում վարչության կարգավիճակ, ի սկզբանե ստեղծվել է զինծառայողների հոգեւոր-կրոնական կարիքների բավարարման եւ զինվորական առօրյայում կրոնական նորմերի ու սկզբունքների պահպանման գործընթացի վերահսկման նպատակներով։ Իսկ ավելի լայն իմաստով, Իսրայելում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի գործունեությունը գերազանցապես ընթանում է հրեա զինվորականների հոգեւոր-բարոյական դաստիարակման, մարտական ոգու բարձրացման ուղղությամբ։
Հոգեւոր զինվորականությունը անմիջական մասնակցություն է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ներկայացված բազմաթիվ փաստաթղթերի ու հրամանագրերի նախապատրաստման ու մշակման աշխատանքներին, որոնք անմիջականորեն առնչվում են զինվորականության հոգեւոր անվտանգության խնդիրներին։ Մասնավորապես, Հոգեւոր զինվորականությունը, երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի Դաստիարակության հարցերով վարչության հետ համատեղ, մշակել է 1992թ. Իսրայելի պաշտպանության բանակի կողմից պատրաստված «Հրեա զինվորականի վարքականոնը», որը կրում է հուդայական կրոնաբարոյական նորմերի ազդեցությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի Հոգեւոր զինվորականի ինստիտուտը ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ երկրի ներքին ու արտաքին տեղեկատվական-քարոզչական բնագավառում, հրատարակում կրոնաբարոյական եւ առհասարակ հոգեւոր անվտանգությանը վերաբերող գիտակրթական հանդեսներ ու հետազոտություններ, լույս ընծայում հոգեւոր գրականություն ու աղոթագրքեր, որոնք նախատեսված են ինչպես երկրի ԶՈւ զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության հոգեւոր-բարոյական դաստիարակության համար։
Ի դեպ, Հոգեւոր զինվորականի ինստիտուտը գործում է Իսրայելի քաղաքացիական Գլխավոր հոգեւորականությունից անկախ եւ անմիջականորեն ենթարկվում է պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետին, իսկ Գլխավոր հոգեւոր զինվորականը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է Գլխավոր շտաբի պետի հրամանով։
Իսրայելում հոգեւոր զինվորականի պատրաստման գործընթացն իրականացվում է հիմնականում երկրի պաշտպանության բանակում գործող զինվորական ուսումնական հաստատություններում, որտեղ հոգեւոր-կրոնական դասընթացները համադրվում են մարտական պատրաստվածության տարբեր մասնագիտացումներով։ Հոգեւոր զինվորական կադրերը վերապատրաստվում են նաեւ երկրի հոգեւոր քաղաքացիական ուսումնական հաստատություններում։
Հոգեւոր զինվորականությունը մարտական գործողություններում
Իսրայելի պաշտպանության բանակում Հոգեւոր զինվորականության ինստիտուտի հիմնադրման գործընթացը մեծապես առնչվում է սիոնիստական շարժման գաղափարախոսության եւ մասնավորապես նրա հոգեւորական դասի հետ, որի ներկայացուցիչներից շատերն անդամագրվեցին նորակազմ ինստիտուտի շարքերում։ Դա է, թերեւս, այն հիմնական պատճառներից մեկը, որ Հոգեւոր զինվորականությունը հանդիսանում է Իսրայելի պաշտպանության բանակի առավել պահպանողական ուժերից մեկը եւ առանձնանում է արաբա-իսրայելյան հակամարտության հիմնահարցերում իր համեմատաբար անզիջում մոտեցումներով ու դիրքորոշմամբ։
1948թ. Իսրայելի Զինված ուժերի Հոգեւոր զինվորականության ինստիտուտի առաջին ղեկավար նշանակվեց գեներալ-մայոր Շլոմո Գորենը։ Վերջինս 18 տարեկանում դառնալով հոգեւորական` անդամագրվեց Իսրայելի Զինված ուժերի հիմքը հանդիսացող «Հագանա» խմբավորմանը եւ 1936–1939թթ. մասնակցեց Պաղեստինի հրեական բնակավայրերի պաշտպանության գործողություններին։ Զգալի է Շլոմո Գորենի` որպես հոգեւորականի եւ մարտիկի, ավանդը 1948թ. անկախության համար մղված ռազմական գործողություններին, 1956թ. Սինայի կամպանիային։ Նա անմիջական մասնակցություն է ցուցաբերել նաեւ 1967թ. վեցօրյա պատերազմում. Երուսաղեմի Տաճարի լեռան համար մղվող մարտի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր հոգեւոր զինվորականը բարձրացավ լեռան վրա` փողհարելով եւ ձեռքին խորհրդանշաբար պահելով Թորայի թերթիկը, ինչը ապշեցուցիչ ազդեցություն թողեց մարտի մասնակիցների վրա (փողհարումը հին հրեական ավանդույթում կարեւոր խորհրդանշական իմաստ ունի եւ կոչված է համախմբելու հրեա ժողովրդին օրհասական իրադրությունում կամ պատերազմում)։ Իսկ Խեւրոն քաղաքի համար մղվող մարտական գործողությունների ընթացքում, վերջնական գրոհից առաջ, նա ցուցադրաբար մոտեցավ քաղաքի «Նախահայրերի քարանձավին» (Աբրահամի եւ Սառայի, Իսահակի եւ Ռեբեկայի գերեզմանները), հրազենային կրակահերթով բացեց փակված դուռը, փողհարեց եւ ներս մտավ քարանձավ` Թորայի թերթիկը ձեռքին եւ աղոթք կարդալով։ Պետք է նկատել, որ նրա մուտքը «Նախահայրերի քարանձավ» խիստ խորհրդանշական իմաստ ունի հրեության պատմության մեջ. խնդիրն այն է, որ Շլոմո Գորենն առաջին հրեան էր, որը մուտք գործեց «Նախահայրերի քարանձավ» վերջին 700 տարիների ընթացքում` այն ժամանակվանից սկսած, երբ 13-րդ դարի սկզբներին մամլուք առաջնորդ Բեյբարսը հրաման արձակեց, որով արգելվում էր հրեաներին ու քրիստոնյաներին մուտք գործել քարանձավ։ Շլոմո Գորենի այս գործողությունը բարձրացրեց իսրայելական զորքի մարտական ոգին եւ զգալի ազդեցություն ունեցավ պատերազմում իսրայելական կողմի հաղթանակի գործում։ Փաղհարող Շլոմո Գորենի լուսանկարը դարձավ 1967թ. վեցօրյա պատերազմի հաղթանակի կարեւորագույն խորհրդանիշը։
Հոգեւոր զինվորական այրերը, ռազմական գործողություններում հրեա զինվորների հետ կողք կողքի ուղղակի մասնակցություն ունենալուց զատ, զուգահեռաբար էական աշխատանքներ են տարել տեղեկատվական պատերազմներում, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մարտի դաշտում հրեա զինվորականության մարտական ոգու բարձրացման եւ հակառակորդի բարոյալքման առումով։ Նման քարոզչության օրինակներից է 2009թ. գարնանը Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան հերթական ռազմական բախումների ընթացքում Իսրայելի հոգեւոր զինվորականության ձեռնարկած տեղեկատվական գործողությունը։ Մասնավորաբար, մարտական գործողությունների նախաշեմին հոգեւոր զինվորականությունը տարածեց մի շարք թերթիկներ ու հոդվածներ, որոնցում կոչ էր արվում պայքարել հանուն Սուրբ հողերի պաշտպանության. խոսվում էր, որ «հրեաներին Իսրայելի հողերը տրվել են Աստծո կողմից` որպես պարգեւ, եւ իրենց պարտականությունն է պայքարել հանուն դրանց պաշտպանության»։ Ուշագրավ էր նաեւ 2008թ. դեկտեմբերի վերջին Իսրայելի կողմից ձեռնարկված «Ձուլածո արճիճ» ռազմական գործողության ժամանակ Գլխավոր հոգեւոր զինվորական Ավի Ռոզնիկ Ռոնցկիի կողմից զինվորների շրջանում թերթիկների տարածումը` «Մասնակցի՛ր իմ պայքարին» խորագրով։
Հոգեւոր զինվորականության սպայակազմի ներկայացուցիչների մեծ մասը, որոնք պաշտպանության բանակի զինվորական ուսումնական հաստատությունների շրջանավարտներ են, իրենց զինծառայությունն անց են կացնում մարտական ստորաբաժանումներում եւ ակտիվ մասնակցություն ունենում տարբեր մարտական գործողություններին։
Պատերազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիաներում հավաքագրվում են պահեստայիններ ու նրանցից կազմվում հոգեւոր զինվորականների ջոկատներ, որոնք պատասխանատու են այդ թվում մարտի դաշտում զոհված հրեա զինվորների ու սպաների հուղարկավորության, ինչպես նաեւ անհայտ կորած զինվորների հայտնաբերման համար։ Նկատենք, որ հրեա զինծառայողը պաշտոնապես զոհված է համարվում, որպես կանոն, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր զինվորական հոգեւորականի կողմից այդ փաստը հաստատելուց հետո միայն։
Իսրայելի պաշտպանության բանակի հոգեւոր զինվորական ղեկավարները բավական կոշտ դիրքորոշում ունեն նաեւ հրեության շրջանում տարածված «յուրաքանչյուր հրեա ռազմագերու` ամեն գնով ազատագրելու» գաղափարի հետ կապված։ Նրանց կարծիքով` նման սկզբունքով առաջնորդվելը նպաստում է հակառակորդի կողմից հրեա զինվորականների առեւանգման դեպքերի հաճախակիացմանը։ Մասնավորապես, 1985թ. «Ջիբրիլի երկրորդ գործարքի» (Ահմադ Ջիբրիլ` «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ) ժամանակ, որով երեք հրեա ռազմագերիների ազատագրման դիմաց ազատ արձակվեցին 1150 դատապարտված գրոհայիններ, Իսրայելի բանակի արդեն նախկին Գլխավոր հոգեւորական Շլոմո Գորենը հայտարարեց, որ այն հակասում է հրեական կրոնաբարոյական ավանդույթներին։ Ներկայում Հոգեւոր զինվորական ղեկավարությունը որոշակի վերապահումներով է մոտենում նաեւ իսրայելցի մեկ այլ զինվորականի` Գիլադ Շալիթի ազատ արձակմանը, որի դիմաց իսրայելական կողմին զգալի պահանջներ են ներկայացվում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]