• am
  • ru
  • en
Версия для печати
24.10.2017

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՇՈՒՐՋ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

ԱՄՆ-ը գիտատեխնոլոգիական առումով աշխարհի ամենազարգացած երկիրն է։ Հետևաբար, այստեղի հայ համայնքում կենտրոնացված է զգալի գիտական ներուժ։ Խոսքը վերաբերում է ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ոլորտների (ինչպես անհատական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներով) հայկական գիտական ներուժին։

Ինստիտուցիոնալ մակարդակ

Հումանիտար ոլորտում ինստիտուցիոնալ մակարդակով հայկական գիտական ներուժը ներկայացնում են ակադեմիական և գիտավերլուծական ոլորտի տարատեսակ հաստատությունները։ Դրանց շարքում առաջին տեղում են ԱՄՆ հայագիտական կենտրոնները։ Ներկայում ԱՄՆ-ում գործում են 30-ից ավելի հայագիտական կենտրոններ1։ Այս ցուցանիշով այդ երկիրն առաջինն է աշխարհում։ Դրանք համալսարանների կառուցվածքային բաղադրիչ հանդիսացող հաստատություններ են (հայագիտական ամբիոններ, ծրագրեր և այլն), ինչպես նաև առանձին հաստատություններ։ Վերջիններից նշանակալի են Զորյան ինստիտուտը (մասնաճյուղ ունի նաև Կանադայում), Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանը, «Washington Policy Forum Armenia» հաստատությունը։

Պայմանականորեն հայագիտական կենտրոնների շարքին են դասվում նաև հայագիտական միությունները՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը (Society for Armenian Studies – SAS), Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ինստիտուտը (The National Association for Armenian Studies and Research – NAASR), որոնք ի թիվս այլ գործառույթների՝ հովանավորում են գիտական միջոցառումներ (գիտաժողովներ, աշխատաժողովներ և այլն)2, ինչպես նաև գիտական պարբերականները, ինչպես, օրինակ՝ Հայագիտական ընկերակցության ամսագիրը (Journal of the Society for Armenian Studies) և այլն։

Բացի ընդհանուր հայագիտական ուղղվածության կենտրոններից, ԱՄՆ-ում առկա են նաև նեղ մասնագիտացմամբ հայագիտական կենտրոններ, որոնք իրենց գիտահետազոտական գործունեությունն իրականացնում են որևէ նեղ գիտակարգի շրջանակներում։ Այդպիսի կենտրոններից նշանակալի են Դրամագիտության և հնադարյան իրերի հայկական ընկերությունը (ANAS) և Դրամագիտական ուսումնասիրությունների հայկական կազմակերպությունը, որոնք մասնագիտացած են հայկական հնադարյան և միջնադարյան դրամների հավաքմամբ և ուսումնասիրությամբ3։

Մեկ այլ նեղ մասնագիտացմամբ հայագիտական կենտրոն է «Սալմաստ» ժառանգական միությունը, որի ուշադրության կենտրոնում Սալմաստ գավառի պատմության, մշակույթի, ազգագրության և այլնի ուսումնասիրությունն է։

ԱՄՆ հայագիտական կենտրոնները կոչված են ոչ միայն իրականացնելու գիտահետազոտական և կրթական գործունեություն հայագիտության բնագավառում, այլև համախմբելու հայության գիտական ներուժը, հատկապես ուսանողության շրջանում, և այն ուղղորդելու համազգային խնդիրների լուծմանը։ Այդ կերպ նրանց ավանդական և ժամանակակից գործառույթներին4 ավելանում է ևս մեկը՝ հայության մտավոր ներուժի համախմբումը։ Օրինակ՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական ծրագիրն ամեն տարի կազմակերպում է ԱՄՆ և Կանադայի համալսարաններում սովորող հայ ուսանողների հավաքներ՝ քննարկելու նրանց կողմից առաջադրված նորարարական գաղափարները՝ Հայության առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ի նպաստ5։

Հայագիտական կենտրոններ չհանդիսացող հումանիտար ոլորտի հայկական գիտական կառույցների շարքին կարելի է դասել առանձին ոլորտի գիտնականներին միավորող կառույցները։ Վերջինների շարքում նշանակալի են հատկապես իրավաբանության ոլորտի հայ մասնագետներին միավորող հաստատությունները։ Այդպիսիք են, օրինակ, Ամերիկահայ փաստաբանների ասոցիացիան, Հայ իրավաբանական կաճառը։

Բնագիտության ոլորտի ԱՄՆ հայկական գիտական ներուժը ներկայացնող հաստատությունները համեմատաբար փոքրաքանակ են։ Այդպիսի ամենանշանավոր հաստատությունը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունն է։

Որպես առանձին ոլորտի գիտնականներին միավորող կառույց բնագիտության ոլորտում հայտնի է, օրինակ, Ամերիկահայ ճարտարապետների միությունը։ Այս տեսակի հաստատությունների շարքում, սակայն, առավել մեծ թիվ են կազմում բժշկության ոլորտի մասնագետներին միավորող կառույցները, ինչպիսիք են Հայ-ամերիկյան բժշկական միությունը (Armenian American Medical Society), Հայկական բժշկագիտական համայնքը (Armenian medical scientific community - AMSC), Առողջապահության բնագավառի ամերիկահայ արհեստավարժների կազմակերպությունը (AAHPO), կրճատ՝ Առողջապահության ամերիկահայ կազմակերպություն։

Հայկական գիտական հաստատությունների թվում իր ուրույն տեղն ունի նաև Ամերիկայի հայ ուսանողների միությունը։ Վերջինս ավելի շատ նման է հասարակական կազմակերպության, բայց քանի որ նրա գործունեությունն անմիջականորեն առնչվում է գիտությանը, ապա այն նույնպես դասել ենք գիտական հաստատությունների շարքին։ Ստեղծված լինելով 1910թ.՝ միությունը ԱՄՆ ամենահին կազմակերպություններից մեկն է։ Նրա նպատակն է համախմբել այդ երկրի հայ ուսանողությանը, նպաստել նրանց կրթական և մասնագիտական առաջխաղացմանը և ապահովել նրանց կապը հայ համայնքի հետ։ Այս նպատակները միությունն իրականացնում է կրթաթոշակների, ուսանողների պրակտիկաների հովանավորման և այլ միջոցներով։ Օրինակ՝ այն ամեն տարի կազմակերպում է լրագրության ոլորտի հայ ուսանողների պրակտիկա։ 2017թ. վեցշաբաթյա պրակտիկան նախատեսվում էր իրականացնել The Armenian Weekly և The Armenian Mirror-Spectator անգլիալեզու հայկական թերթերում6, որոնք ամենանշանավոր հայկական լրատվամիջոցների շարքին են դասվում ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս կերպ մի կողմից միությունը նպաստում է հայ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը, մյուս կողմից՝ խթանում նրանց կապը հայկական կառույցների հետ։

Անհատական մակարդակ

Հումանիտար ոլորտի անհատ հայ գիտնականներ առկա են ամենատարբեր գիտակարգերում։ Քաղաքագիտության ոլորտի հայ մասնագետներից կարելի է հիշատակել, օրինակ, Արման Գրիգորյանին (քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր), Վարդան Գրիգորյանին («Քարնեգի» հաստատության նախագահ), Տալին Փափազյանին (Փարիզի Սիանս-Պո համալսարանի դասախոս և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող), Սուրեն Սարգսյանին (Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ), Ռուբեն Շուգարյանին (նույն համալսարանի դասախոս), Ժորժ Բուրնությանին (կովկասագետ, 31 գրքի հեղինակ)։

ԱՄՆ-ում հայազգի հայտնի սոցիոլոգներ են «Մերձավոր և Միջին Արևելքի ամերիկյան կենտրոն»-ի փոխտնօրեն Անի Բաքալյանը, Ֆրեզնոյի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժանմունքի վարիչ Մեթյու Անի Ջենդյանը, Նևադայի համալսարանի (Ռենո քաղաքի) Սոցիոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն (Բերբերյան) և այլք։ Պատմության ոլորտի հայտնի հայ մասնագետներից կարելի է հիշատակել Արա Սանջյանին (Դիրբոռնի Միչիգանի համալսարան), Ռիչարդ Հովհաննիսյանին (Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան), Ժիրայր Լիպարիտյանին (Էնն Արբորի Միչիգանի համալսարան), Ջորջ Աղջայանին (Արևմտյան Հայաստանի ժողովրդագրության մասնագետ) և ուրիշների։ Տնտեսագիտության ոլորտում հայտնի անուն է, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն (Աճեմյան)։ Բանասիրության ասպարեզում հիշատակման արժանի են Թալար Չահինյանը (Talar Chahinian – համեմատական գրականագիտության դոկտոր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Համեմատական համաշխարհային գրականության դեպարտամենտի դասախոս), Թամարա Քեթաբղյանը (Բելիոթի քոլեջի անգլիական գրականության պրոֆեսոր) և այլք։

Հումանիտար ոլորտում նշանավոր են նաև կրթության ոլորտի մասնագետ, Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Հայկական ուսումնական ծրագրի խորհրդի անդամ Հասմիկ Պարանը, հոգեբան, Կոլումբիայի համալսարանի փորձագետ Անի Քալաջյանը և ուրիշներ։

Խոսելով ԱՄՆ հայության մտավոր ներուժի մասին՝ անհնար է շրջանցել ամերիկահայ գրողներին, որոնք, մի կողմից, թեև հանդիսանում են ոչ թե գիտության, այլ մշակույթի (գրականության) ոլորտի գործիչներ, սակայն մյուս կողմից՝ նրանց ստեղծագործությունները, մեծ հռչակ վայելելով ԱՄՆ-ում, չեն կարող ինչպես չարտահայետել ԱՄՆ հասարակական կարծիքն ու տրամադրությունները, այնպես էլ չանդրադառնալ զանգվածների հոգեկերտվածքի, մտածողության վրա։ Ներկայում ամերիկահայ գրողներից նշանավոր են Փիթր Բալաքյանը, Քրիս Բոջալյանը, Հովսեփ Նալբանդյանը, Մարգարիտ Դերանցը, Դոուն Անահիտ ՄակՔինը և ուրիշներ։ Փիթր Բալաքյանը ամերիկյան հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակակիր է7։

Բնագիտության ասպարեզում նույնպես հայ մասնագետներ կան ամենատարբեր գիտակարգերում՝ ճարտարագիտություն, էներգետիկա, տիեզերագիտություն, ծրագրավորում, բժշկություն և այլն։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի են, օրինակ, Նաիրա Հովակիմյանը (ճարտարագետ, անօդաչու թռչող սարքերի մասնագետ), Նորա Այանյանը (ռոբոտագետ, Հարավային Կալիֆորնիա համալսարանի համակարգային գիտությունների ամբիոնի դոցենտ և ավտոմատ համակարգման լաբորատորիայի տնօրեն) և այլն։

Էներգետիկայի բնագավառում կարելի է հիշատակել, օրինակ, Energy Renaissance ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցին և նույն ընկերության նախագահ Հակոբ Աղանյանին։ Տիեզերագիտության բնագավառում հիշատակման արժանի են ՆԱՍԱ-ի գիտաշխատողներ Վլադիմիր Այրապետյանը (աստղագետ) և Արմեն Դուրյանը։ IT ոլորտում գործունեություն են ծավալում Ալեքսիս Օհանյանը, երիտասարդ ծրագրավորողներ Արտակ Քալանթարյանը, Սուսան Մակարյանը, Հասմիկ Քալանթարյանը, Հայկ Քալանթարյանը և ուրիշներ։ Բժշկության ասպարեզում հիշատակելի անուններ են, օրինակ, Էլեոնորա Զաքարյանը (Իլինոյսի համալսարանի բժշկության քոլեջ), Վերժին Մատելյանը (Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Ծովային ակադեմիայի (California State University Maritime Academy – CSUM) կենսաբանության դասախոս, Հայկական ոսկրածուծի դոնորների հիմնադրամի (ABMDR) անդամ) և այլն։

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները երբեմն շատ վաղ՝ դպրոցական տարիքում են ընդգրկվում գիտական հետազոտություններում։ Ինչպես, օրինակ, ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի 2016-2017թթ. շրջանավարտ Դանիել Մուրադյանն է ընդգրկվել Կալիֆորնիայի ճարտարագիտական ինստիտուտի գիտնական, դոկտոր Ռիչարդ Գայի ղեկավարած ծրագրում, որի նպատակն է բարելավել երկրաշարժեր կանխատեսող սարքերի (Seismometer) տեխնիկական բնութագրիչները (բարձրացնել սարքերի կանխատեսման կարողությունը)8։

Համագործակցությունը Հայաստանի հետ

Գիտական ոլորտում ամերիկահայ համայնքի նպաստը Հայաստանին առայսօր իրականացվել է գիտական հաստատությունների ստեղծման և գիտական հաստատություններին նյութապես (ֆինանսապես, սարքավորումների և այլ ձևերով) աջակցության միջոցով։ Գիտական կառույցների ստեղծման տեսանկյունից ամենամեծ նվաճումը թերևս 1991թ. ՀԲԸՄ, Կալիֆորնիայի համալսարանի և ՀՀ կառավարության գործակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնումն էր, որը ներկայում ՀՀ ամենահեղինակավոր բուհերից մեկն է։ Կարևոր ձեռնարկներ են նաև ՀԲԸՄ միջոցներով Սևանի թերակղզում Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրումը 1993թ., «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից 2000թ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի հիմնումը գիտության և արվեստի ոլորտի նվաճումների համար և այլն։

Ինչ վերաբերում է գիտական հասատություններին նյութական աջակցությանը, ապա բազմաթիվ այդպիսի դեպքերից մեկն է 2016թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում ավելի քան $1.5 մլն-ի հանգանակությունը՝ ի նպաստ վերջինիս կրթաթոշակային ծրագրերի9։

Ինչ վերաբերում է բուն գիտական ներուժի ծառայեցմանն ի նպաստ Հայաստանի, ապա այս հարցում արդյունքներն ավելի նկատելի են հումանիտար, քան բնագիտական ոլորտում։ Հումանիտար ոլորտում, բացի հայաստանյան գիտական կառույցների հետ համագործակցության հայտնի ձևերից (համատեղ հետազոտություններ ու գիտաժողովներ, հրատարակությունների փոխանակում և այլն), ԱՄՆ հայկական գիտական ներուժի նպաստը հայրենիքին ունեցել է նաև դրսևորման հետևյալ ձևերը.

1. Ֆինանսական միջոցների հայթայթում գիտական նախագծերի իրականացման համար։ Խոսքը հայաստանյան գիտական կառույցների նախագծերի իրականացման համար ամերիկյան հաստատություններից ֆինանսական աջակցության ապահովման մասին է։ Այդպիսի համագործակցության օրինակ է 2016թ. հոկտեմբերին Ախալցխայի Ծուղրութ գյուղի միջնադարյան Ավետարանի վերանորոգման ծրագիրը։ Այն իրականացվել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան հաստատության կողմից, որի համար դիմումը ներկայացվել է Կալիֆորնիայի համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի Հայագիտական ծրագրի և Բրանդենբուրգի համալսարանի (Գերմանիա) մագիստրատուրայի ուսանող Արուսյակ Բալդրյանի կողմից10։

2. Մասնագիտական խորհրդատվություն ՀՀ բարձրագույն պետական պաշտոնյաներին։ Այս տեսակետից ամենանշանակալի փաստերից է, օրինակ, այն, որ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը։

3. ԱՄՆ գիտակրթական հաստատությունների հայազգի աշխատակիցների կողմից հատուկ ծրագրերի հիմնում՝ Հայաստանի համար կադրեր պատրաստելու նպատակով։ Այս առումով հետաքրքրական է Լոս Անջելեսի Հանրային ծառայության USC Price վարժարանի դասախոս Ֆրանկ-Վռամ Ծերունյանի՝ հատուկ Հայաստանից ընտրված թեկնածուների համար դոկտորանտուրայի ծրագրի հիմնման նախաձեռնությունը, «որպէսզի մօտիկ ապագային Հայաստան ունենայ հանրային սպասարկութեան մասնագէտ տարրերու անձնակազմ մը»11։

Բնագիտության ասպարեզում ԱՄՆ հայ համայնքի գիտական ներուժի նպաստը Հայաստանին առավել նկատելի է առողջապահության ոլորտում։ Այն դրսևորվում է ամերիկաբնակ հայ բժիշկների այցելությամբ Հայաստան և տեղի գործընկերների հետ փորձի փոխանակմամբ, Հայաստանում բժշկական հաստատությունների հիմնմամբ, ԱՄՆ-ում հայաստանցի բժիշկների վերապատրաստման կազմակերպմամբ և այլ ձևերով։

Այլ ոլորտներում ԱՄՆ հայկական գիտական ներուժի ներգրավման խթանման տեսակետից, կարծում ենք, կարևոր նշանակություն ունի վերջինիս համագործակցությունն այդ երկրի հայկական գործարար շրջանակների հետ։ ԱՄՆ հայ գործարարների կողմից ներդրումները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կմեծացնեն այդ ոլորտի գիտնականների պահանջարկը և կխթանեն սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման գործում։

1 Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Եր., «Գասպրինտ», 2014, էջ 36-67, 155-160։

2 Տե՛ս Հայագիտական Ուսմանց Ընկերակցութեան Տարեկան Հանդիպումը, http://hayernaysor.am/cl/archives/226149

3 Տե՛ս Ծուլիկյան Հ., ANAS-ը մեծարում է դրամագիտության լեգենդին, «Ազգ», 09.12.16:

4 Հայագիտական կենտրոնների դերակատարության մասին մանրամասն տե՛ս Հովյան Վ., Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը, «21-րդ ԴԱՐ», թիվ 6, 2014, էջ 49-55։

5 Տե՛ս USC-ի Հայագիտականը Հայ Ուսանողներու Հաւաքներ Կը Կազմակերպէ, http://hayernaysor.am/cl/archives/225368

6 Տե՛ս ASA’s Sixth Annual Journalism Internship Program Set for 2017, http://hayernaysor.am/en/archives/226299

7 Ժամանակին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել նաև Վիլյամ Սարոյանը։

8 Տե՛ս Դանիէլ Մուրատեան Կը Մասնակցի Կեանքեր Փրկող Ծրագիրի Մը Իրականացման, http://hayernaysor.am/cl/archives/226039

9 Տե՛ս Over $1.5 Million Raised at AUA 25th Anniversary Gala, http://hayernaysor.am/en/archives/224286; Over $1.5 Million Raised for Vital Scholarships at AUA 25th Anniversary Gala in Beverly Hills, http://hayernaysor.am/en/archives/224721

10 Ֆրեզնոյի Հայագիտականը Կը Մասնակցի Ծուղրութի Աւետարանը Պահպանելու Ջանքին, http://hayernaysor.am/cl/archives/226183

11 Ֆրանք-Վռամ Ծերունեանի կողմէ պատրաստուած ծրագիր մը գործադրութեան կը դրուի Լոս Անճէլըսի մէջ. Ամերիկեան Փրայս վարժարանը Հայաստանի համար պիտի պատրաստէ հանրային ծառայութեան մասնագէտներ, «Նոր Մարմարա», 08.09.2017։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր