• am
  • ru
  • en
Версия для печати
16.07.2018

ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018


Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

ԱՄՆ-ը տնտեսական զարգացման առումով աշխարհում առաջին երկիրն է։ Եվ պատահական չէ, որ այստեղ գործունեություն են ծավալում մեծ թվով հայ գործարարներ։ ԱՄՆ-ում է գտնվում նաև հայկական նշանավոր բարեգործական կազմակերպությունների գերակշիռ մեծամասնությունը։

Անհատ հայ մեծահարուստ գործարարներից արժե հիշատակել լուսահոգի Ալեք Մանուկյանին («Մասկո» ընկերության1 նախագահ, ՀԲԸՄ երկարատև (1953-1989թթ.) նախագահ), Քըրք Քրքորյանին (մահացել է 2015թ.), Ավո Ուվեզյանին (սիգարի արքա, մահացել է 2017թ.)։

Ներկայի գործարարներից կարելի է հիշատակել, օրինակ, Անդրանիկ Բաղդասարյանին, որը 2016թ. նոյեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կատարեց ամենամեծ նվիրատվությունը՝ $5 մլն՝ դրանով իսկ դառնալով հիմնադրամի պատմության մեջ երրորդ խոշոր նվիրատուն Քըրք Քրքորյանից և Սամվել Կարապետյանից հետո2։ Առհասարակ, ԱՄՆ հայ համայնքի տնտեսական ներուժը հաշվի առնելով է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնները, որպես կանոն, 1996-ից ի վեր անց են կացվում Լոս Անջելեսում։

Գործարարության ասպարեզում նշանակալի են նաև Նուբար Աֆեյանը, Քերոլին Ռաֆայելյանը (ոսկերչական ոլորտ), Միքայել Սահակյանը (MISHO Consulting-ի սեփականատեր), Ալեքսիս Գևորգյանը (անշարժ գույքի ոլորտ, «AMG & Associates» ընկերության ղեկավար), Մեթ Բերթելզյանը (Volo LLC ընկերության զարգացման տնօրեն), Մայք Սարյանը (համաամերիկյան հիվանդանոցների ցանցի նախագահ), Դենի Թարկանյանը (գործարար և քաղաքական գործիչ), Ասո Թավիթյանը (գործարար և բարերար, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր, նախագահ), Սերոբ Դեմերջյանը, Նազ Աթիքյանը, Զարեհ Իսախանյանը և շատ ուրիշներ3։

Ինչ վերաբերում է բարեգործական կազմակերպություններին, ապա ԱՄՆ-ում են գտնվում հայկական խոշորագույն բարեգործական կառույցների՝ ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Հայ օգնության միության, Հայ օգնության ֆոնդի, Հովարդ Կարագյոզյան հաստատության, Միացյալ հայկական ֆոնդի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Փիլիպոսյան հիմնադրամի կենտրոնական ղեկավար մարմինները։

Հիշյալ բարեգործական կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալում են համազգային մակարդակով՝ ինչպես Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ), այնպես էլ Սփյուռքում։ Սփյուռքի ամենահին և ամենախոշոր բարեգործական կազմակերպությունը՝ ՀԲԸՄ-ն, միակ սփյուռքյան կառույցն էր, որ մինչև 1937թ. օրինական գործունեություն ծավալելու իրավունք է ունեցել Խորհրդային Հայաստանում։ Այնքան մեծ էր ՀԲԸՄ դերը հայության կյանքում, որ անգամ հայրենիքում վերջինիս գործունեության դադարեցումից հետո էլ խորհրդային իշանությունները շարունակեցին համագործակցել նրա հետ։ Մասնավորապես՝ ՀԲԸՄ-ն է հանգանակությունների միջոցով ապահովել 1946-1948թթ. մեծ հայրենադարձության դրամական միջոցների հիմնական մասը4։ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո, երբ նոր հորիզոններ բացվեցին հայրենիքում սփյուռքյան կառույցների գործունեության համար, ՀԲԸՄ-ն նոր թափով սկսեց իրականացնել տարբեր ծրագրեր սոցիալական, գիտակրթական5, մշակութային և այլ բնագավառներում, ինչը շարունակվում է առայսօր։ Օրինակ՝ սիրիական ճգնաժամի առաջացումից ի վեր, 2016թ. դեկտեմբերի դրությամբ այն Հայաստանում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է 96 ծրագիր6։

Մյուս կառույցներից, օրինակ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը նույնպես սիրիական պատերազմի սկզբից ի վեր ավելի քան $2 մլն է հատկացրել ինչպես սիրիահայ համայնքին, այնպես էլ Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու նպատակով7։ Նմանատիպ գործունեություն է ծավալել նաև Հայ օգնության միությունը (ՀՕՄ)8։ Վերոհիշյալ կազմակերպություններն իրենց մասնաճյուղերն ունեն ինչպես Սփյուռքի տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ-ում և ԼՂՀ-ում։

Վերոհիշյալ կազմակերպությունների կողքին կան նաև այնպիսիք, որոնք իրենց գործունեությունը ծավալում են միայն Սփյուռքի այս կամ այն համայնքում, կամ էլ Հայաստանում։ Առաջին խմբի կառույցներից նշանակալի է Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund - SURF), որը ստեղծվել է սիրիական ճգնաժամի առաջացումից հետո, և որի նպատակն է աջակցությունն այդ երկրի հայությանը։ 2016թ. հիմնադրամն ի նպաստ Հալեպի հայ համայնքի փոխանցել է շուրջ $800 հազ.9։

Իսկ այն կազմակերպությունները, որոնք, ստեղծված լինելով ԱՄՆ-ում, իրենց գործունեությունը տարածում են հատուկ Հայաստանի վրա, ունեն որոշակի ուղղվածություն՝ բնապահպանական, առողջապահական, կրթական և այլն։ Բնապահպանական կազմակերպություններից նշանավոր է «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը» (Armenian Tree Project – ATP), որի նպատակն է նպաստել Հայաստանի անտառային ֆոնդի վերականգնմանը։

Առողջապահական ոլորտի կազմակերպություններից հիշատակելի է հատկապես «Հայկական աչքի պահպանման նախագիծը» (Armenian EyeCare Project)10, որի նպատակն է անվճար բժշկական սպասարկում իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող հայաստանցիների համար։ Նախագիծը շրջիկ հիվանդանոցի միջոցով, որը զինված է ակնաբուժական արդիական սարքավորումներով, Հայաստանի մարզերում բժշկական օգնություն է ցուցաբերել հազարավոր սոցիալապես անապահով մարդկանց11։ Ստեղծված լինելով 1992թ.՝ նախագիծն իր գործունեության 25 տարիների ընթացքում հսկայական դեր է խաղացել սոցիալապես անապահով խավին պատկանող հայաստանցիների տեսողական խնդիրների լուծման, մասնավորապես՝ մանկական կուրության կանխարգելման գործում։

Բացի տեսողական խնդիրներ ունեցող հայերին աջակցելուց, նախագիծը նպաստել է նաև ակնաբուժության ոլորտի զարգացմանը Հայաստանում՝ հովանավորելով հայաստանցի ակնաբույժների վերապատրաստումը ԱՄՆ առաջնակարգ կլինիկաներում12 և աջակցելով Հայաստանի մարզերում ակնաբուժական կլինիկաների զարգացմանը։ Նախագիծն իր առջև խնդիր է դրել Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշում (Իջևան), Լոռիում (Սպիտակ), Շիրակում (Գյումրի), Վայոց ձորում (Եղեգնաձոր) և Սյունիքում (Կապան), որտեղ առավել մեծ չափով կա դրա կարիքը, բացել ակնաբուժական կլինիկաներ, որոնք հագեցած կլինեն ոլորտի նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև հեռահաղորդակցային սարքավորումներով, որոնք թույլ կտան մարզային ակնաբույժներին անհրաժեշտության դեպքում կապվել երևանյան կլինիկաների հետ ու խորհրդատվություն ստանալ մայրաքաղաքի իրենց գործընկերներից։ Իջևանի և Սպիտակի կլինիկաներն արդեն բացվել են համապատասխանաբար 2015թ. և 2016թ.13։ 2017թ. բացվել է Կապանի կլինիկան։

Հատկապես հիշատակելի է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի հիմնումը Երևանում 2012թ., ինչը հեղափոխական նշանակություն ունեցավ այս ոլորտի զարգացման համար։ Կենտրոնի ստեղծումն ունեցավ ոչ միայն առողջապահական, այլև որոշակի տնտեսական նշանակություն Հայաստանի համար՝ վերջինս վերածելով մանկական ակնաբուժության միջազգային կենտրոնի, քանի որ դրանից հետո ոչ միայն հայ ծնողները ստիպված չեն իրենց երեխաներին տանել արտասահման՝ բուժման, այլև արտասահմանյան երկրներից են այդ նպատակով գալիս Հայաստան14։

Բացի Armenian EyeCare Project-ից, կան նաև այլ կազմակերպություններ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում բժշկական օգնություն են ցուցաբերում բնակչությանը։ Այդպիսի օգնություն ցուցաբերվում է Գլենդելի ադվենթիստական բժշկական կենտրոնի (Glendale Adventist Medical Center) և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան տարածաշրջանի գրասենյակի համագործակցությամբ։ 2016թ. հոկտեմբերի 13-20-ը բազմապրոֆիլ օգնություն է ցուցաբերվել սահմանային Նոյեմբերյանի շրջանի բնակչությանը15։

Կրթական ոլորտում նշանակալի գործունեություն է ծավալում «Թավիթյան» հիմնադրամը16, որը չորս մասնագիտություններով ֆինանսավորում է ՀՀ պետական ծառայողների ուսումը (վերապատրաստումը, մասնագիտական կատարելագործումը) ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Առայսօր շուրջ 300 պետական ծառայող Հայաստանից ուսում է ստացել այդ դպրոցում։

1 Ընկերությունը մասնագիտացած է ավտոմեքենաների համար սարքավորումների արտադրության բնագավառում։

2 Անդրանիկ Բաղդասարյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ խոշոր նվիրատուն. Արտակ Հերիքյան, http://www.arevelk.am/am/content/10/240/Անդրանիկ-Բաղդասարյան՝-«Հայաստան»-համահայկական-հիմնադրամի-երր...

3 Ամերիկահայ համայնքի տնտեսական ներուժը Հայաստանի զարգացմանն ուղղորդելու, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի աշխուժացմանը նպաստելու համար գործում է Հայ-ամերիկյան գործարարության խորհուրդը (Armenian-American Business Council – AABC, www.armenianbusinesscouncil.com)։

4 Մանրամասն տե՛ս Մելքոնյան Էդ., Հայկական բարեգործական ընդհանուր միությունը 1946-1948թթ. հայրենադարձության գործընթացում, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Լիմուշ, 2009, էջ 60-68։

5 Գիտակրթական ոլորտում ՀԲԸՄ իրականացրած ծրագրերի մասին մանրամասն տե՛ս, օրինակ, Հովյան Վ., Սփյուռքի ներդրումը Հայաստանի գիտական համակարգի զարգացման գործում, Գլոբուս, 2015, թիվ 6, էջ 45-46։

6 ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեան «Վահէ Կարապետեան» Կեդրոնին ՄԷջ Մասնակցեցաւ Քլաուտիա Նազարեանի Անունը Կրող Բժշկական Կեդրոնի Բացման Արարողութեան, http://hayernaysor.am/cl/archives/224389

7 Տե՛ս «Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակելու է տարբեր ծրագրերով աջակցել սիրիահայերին». Հարութ Ներսեսսյան, http://hayernaysor.am/archives/222777

8 «ՀՕՄ-ը Սիրիայի հայ համայնքի պահպանման հիմնական դերակատարներից մեկն է դարձել». Դիանա Հովսեփյան, http://hayernaysor.am/archives/223067

9 Տե՛ս Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել Հալեպի հայ համայնքին, http://hayernaysor.am/archives/225806

10 Հայտնի է նաև «Լույս հայի աչքերին» («Bringing Sight to Armenian Eyes)» անվամբ։

11 Տե՛ս Mobile Eye Hospital: What weighs 14 tons and restores eyesight?, https://eyecareproject.com/video/mobile-eye-hospital/

12 Armenian EyeCare Project Kicks Off 25th Anniversary, http://en.hayernaysor.am/english-armenian-eyecare-project-kicks-off-25th-anniversary/

13 Տե՛ս Regional Eye Clinics: Five Clinics for $5 Million, https://eyecareproject.com/video/5-million-for-5-aecp-regional-clinics/

14 Տե՛ս Center of Excellence for the Prevention of Childhood Blindness: Saving Thousands of Babies from Blindness, https://eyecareproject.com/video/center-of-excellence-i/

15 Տե՛ս Armenia Fund, Glendale Adventist Conclude Successful 2nd Mission to Armenia, http://en.hayernaysor.am/english-armenia-fund-glendale-adventist-conclude-successful-2nd-mission-to-...

16 Հիմնադրամի հիմնադիր նախագահն է ամերիկահայ գործարար և բարերար Ասո Թավիթյանը։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր