ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
2018թ. օգոստոսի 1-ին Կ.Պոլսի «Նոր Մարմարա» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, համաձայն որի՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների հոգևոր և համայնքային առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ այդ երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ որևէ ճնշում չկա, նրանք ազատ են իրենց կրոնական-պաշտամունքային և համայնքային գործունեության մեջ, իսկ առկա փոքր խնդիրները լուծելու նպատակով համագործակցում են իշխանությունների հետ։
Մինչդեռ պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը հուլիսի 6-ին նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին հղած բաց նամակում ահազանգում է հայ համայնքի թվաքանակի ահռելի չափերով նվազման մասին՝ մատնանշելով, որ դա հետևանք է ճնշումների քաղաքականության։ Մաշալյանը որպես հիմնախնդիրներ մատնանշում է Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի ծանր հիվանդությունից հետո շուրջ 10 տարի նոր պատրիարք ընտրելու, եկեղեցիները կառավարող Թաղային խորհուրդների ընտրության անհնարինությունը, հոգևորականներ պատրաստելու համար քրիստոնեական ուսումնական հաստատությունների բացակայությունը։ Ըստ Սահակ սրբազանի՝ այսպես շարունակվելու դեպքում հայ համայնքը մոտ ապագայում լիովին կսպառվի։
Կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հիշյալ հայտարարությանն անմիջապես հետևեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանի առարկությունը։ Վերջինս, կրկնելով Սահակ սրբազանի կողմից բարձրաձայնված խնդիրները, պատկերավոր ավելացրեց, որ հայ համայնքի ներկայացուցիչները աղավնու վախկոտության մեջ են։
Այս հակասական հայտարարությունները որոշակի լուսաբանության անհրաժեշտություն են առաջ բերում։ Քանի որ, մի կողմից՝ Թուրքիայի հայ համայնքին առնչվող բոլոր խնդիրներին անհնար է անդրադառնալ մեկ հոդվածի շրջանակներում, մյուս կողմից էլ՝ նոր պատրիարքի, թաղային խորհուրդների ընտրության, հոգևոր-կրթական հաստատությունների հիմնահարցերին բավական լայն անդրադարձ արդեն իսկ կա լրագրողական և վերլուծական հարթություններում, սույն վերլուծության մեջ խնդիրը կփորձենք դիտարկել մեկ այլ՝ եկեղեցական գույքի կամ որ նույն է՝ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և ըստ նպատակի օգտագործման տեսանկյունից։
Այս առումով վերջին շրջանում նկատելի են ինչպես դրական տեղաշարժեր, այնպես էլ մտահոգիչ երևույթներ։ Դրական տեղաշարժերից արժե հիշատակել երեքամյա ընդմիջումից հետո Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու արտոնության վերականգնումը։ Այս տարի պատարագը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին։
2018թ. մի փոքրիկ հաղթանակ էլ արձանագրվեց բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման հարցում։ Փետրվարին երեք և կես տարի տևած դատական գործընթացից հետո Թուրքիայի Վճռաբեկ դատարանի վճռով Կ.Պոլսի «Սանասարյան տան» շենքը ճանաչվեց որպես Հայոց պատրիարքարանի սեփականություն։ Սույն դատական ակտը կարևոր է երկու առումներով.
• Տնտեսական՝ շենքի վարձակալության հանձնումը կարող է նշանակալի եկամուտներ բերել պատրիարքարանին։
• Նախադեպային՝ դատարանի վճիռը կարող է հող նախապատրաստել նաև բռնագրավված մյուս կալվածքների վերադարձի համար։
Այսպիսով, թեև շենքի հանձնումը պատրիարքարանին կարող է ձգձգվել մինչև մեկ տարի, այնուամենայնիվ, հիշյալ դատական ակտը հայկական համայնքային շրջանակների կողմից դիտվում է որպես հաղթանակ1։
Մտահոգիչ երևույթներից է այն, որ չնայած Կ.Պոլսի Հայոց պատրիարքության գործադրած ջանքերին, դեռևս իր լուծմանն է սպասում Տիգրանակերտի (Դիարբեքիր) 19-րդ դարի հայկական Ս. Կիրակոս եկեղեցու2 վերանորոգման հարցը, որը լրջորեն վնասվել էր ահաբեկչական խմբավորումների և Թուրքիայի զինված ուժերի բախման հետևանքով։ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը սույն խնդրով դիմել է երկրի կենսոլորտի և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Յոզհասեքին, ինչպես նաև Վագըֆների ընդհանուր տնօրենին։ Երկուսն էլ դրական են արձագանքել փոխանորդի դիմումին, սակայն գործնական քայլեր այս ուղղությամբ դեռևս ձեռնարկված չեն։
Այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ թուրքական պետության կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնումը հետապնդում է միայն զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ։ Դրա ամենապերճախոս վկայությունը Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ հայկական եկեղեցու օրինակն է, որը, թեև վերանորոգվել է թուրքական պետության միջոցներով, սակայն չունի եկեղեցու կարգավիճակ։ Այն հանդես է գալիս որպես թանգարանային արժեք։ Սկզբում թուրքական իշխանությունների թույլտվությամբ տարեկան մեկ անգամ պատարագ էր մատուցվում եկեղեցում։ Հետագայում արգելվեց նաև դա, ինչը որոշակի վնաս էր երկրի զբոսաշրջությանը։ Երեք տարվա ընդմիջումից հետո՝ միայն այս տարի, թուրքական իշխանությունները, հավանաբար հաշվի առնելով երկրի տնտեսական անկումը վերջին շրջանում և զբոսաշրջության դերը Թուրքիայի տնտեսության մեջ, կրկին թույլատրեցին անցկացնել պատարագ։ Ակնկալվում էր, որ դրա արդյունքում Թուրքիա կայցելի մոտ 3000 զբոսաշրջիկ։ Նախկինում այս առումով առավելագույն թիվը եղել է 7000։
Այն, որ Թուրքիայի համար Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին սոսկ թանգարանային նմուշ է զբոսաշրջության զարգացման համար, երևում է եկեղեցու հարակից տարածքում գտնվող հայկական գերեզմանատան նկատմամբ պետության վերաբերմունքից։ Գերեզմանատունը, մատնված լինելով անտարբերության ու անհոգ վերաբերմունքի պատկան մարմինների կողմից, ներկայում գտնվում է անմխիթար վիճակում։ Այն նույնիսկ ծառայում է որպես զվարճության և ժամանցի վայր զբոսաշրջիկների համար։ Ստացվում է, որ, վերականգնելով հայկական եկեղեցին, թուրքական պետությունը, այնուամենայնիվ, արհամարհական վերաբերմունք ունի եկեղեցու տարածքի մաս կազմող հայկական ժառանգության մեկ այլ հատվածի նկատմամբ և կամա թե ակամա նպաստում է վերջինիս ոչնչացմանը։
Հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Թուրքիայի սոսկ տնտեսագիտական մոտեցումը երևում է նաև այն հանգամանքով, որ պետությունը ուշադրություն է դարձնում միայն այն եկեղեցիների վրա, որոնք ունեն թանգարանային արժեք և հետաքրքրություն կարող են ներկայացնել զբոսաշրջիկների համար։ Իսկ այն հուշարձանները, որոնք այդ տեսակետից մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, լիովին այլ վերաբերմունքի են արժանանում պետության կողմից՝ ա) դիտավորյալ կամ պետության լռելյայն թույլտվությամբ ենթարկվում են ոչնչացման, բ) օգտագործվում են այլ նպատակներով, գ) որպես «լքյալ գույք» վաճառվում են մասնավոր անձանց, դ) պատկան մարմինների անտարբերության արդյունքում ժամանակի ընթացքում ենթարկվում են «բնական» մաշման և տարերային աղետների (երկրաշարժեր, սողանքներ և այլն) ու գանձագողերի հասցրած հարվածներին։
Այս առումով վերջին ամենաթարմ օրինակներից բերենք հետևյալները.
• Բուրսայի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հնության հայկական եկեղեցու շենքը, որը նախկինում վաճառվել էր մասնավոր անձի և օգտագործվում էր զանազան նպատակներով, վերջերս սեփականատիրոջ կողմից կրկին հանվել է վաճառքի՝ $1.5 մլն արժեքով։
• Ուրֆայի Գերմուշ գյուղի հայկական Ս. Աստվածածին եկեղեցին, որը մինչև 2013թ. օգտագործվել է որպես անասնագոմ, «կը մարտնչի» ո՛չ միայն բնութեան տարերային աղէտներու, այլ նաեւ գանձագողերու յաճախակի յարձակումներու դէմ»3։ Չնայած եկեղեցու և իր շրջակայքի զբոսաշրջության գոտի հայտարարված լինելու հանգամանքին, լիակատար անտարբերության պայմաններում նրա պատերը խարխուլ վիճակում են և կարող են վերջնականապես փլվել4։
• Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցիներից մեկը, որը կառուցվել է 19-րդ դարում, թեև վերանորոգվել է պետության կողմից, սակայն ենթարկվել է վերափոխության։ Այն նախատեսվում է օգտագործել որպես երգիծաբանների մշակութային տուն։
• Կեսարիայի Ս. Աստվածածին եկեղեցին, որ նախկինում օգտագործվել է որպես ոստիկանական բաժին և մարզասրահ, ներկայում նախատեսվում է վերածել գրադարանի։ Այդ նպատակով քաղաքապետարանն արդեն իրականացրել է վերանորոգչական-վերականգնողական աշխատանքներ։
• Էսքիշեհիրի Սիվրիհիսարի շրջանի հայկական Ս. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 1650թ., վերջերս վերանորոգվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից, սակայն նախատեսված է ծառայեցնել մշակութային ձեռնարկների իրականացմանը։ Ուշագրավ է, որ եկեղեցին վերանորոգելիս մշակույթի նախարարությունը նրա բակում ստեղծել է արձանների պուրակ, ուր տեղադրվել են Աթաթյուրքի և Քյազիմ Քյարաբեքիր փաշայի, նրանց կողքին՝ թուրք մշակութային գործիչների արձանները։
Հայկական պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության զարգացմանը ծառայեցնելու նպատակը անթաքույց արտահայտվել է նաև Թուրքիայի պատկան մարմինների կողմից։ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու առնչությամբ Վանի Առևտրական պալատի Վարչական խորհրդի անդամ Մուրադ Բեյազն ասել է. «Կրնանք Վանը դարձնել Թուրքիոյ ամէնէն կարեւոր զբօսաշրջական կեդրոններէն մէկը»5։
Այն, որ հայկական որոշ եկեղեցիների վերականգնումը չի հետապնդում կրոնական փոքրամասնությունների իրավունքների վերականգնման նպատակ, երևում է նաև այդ երևույթին թուրքական հասարակական շրջանակների որոշակի հակազդեցությամբ։ Այսպես, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում տարեկան մեկ անգամ պատարագ մատուցելու արտոնության վերականգնումը որոշակի խանդ է առաջ բերել Թուրքիայում։ Այդ առնչությամբ «Յենի Ագիթ» թերթի հրապարակած մի հոդվածում դժգոհություն է արտահայտվում առ այն, որ մինչ քրիստոնյաները կարողանում են կրոնական արարողություններ իրականացնել թանգարանի կարգավիճակ ունեցող եկեղեցիներում, մուսուլմանները զրկված են նման արտոնությունից Այա Սոֆիայի մզկիթում։
Այսպիսով, Թուրքիայի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության վերականգնման քաղաքականությունը հետապնդել է երկու նպատակ՝ ա) Եվրոպական ինտեգրման (Եվրոպական միությանն անդամակցելու) նկրտումների համատեքստում Թուրքիայի՝ որպես ժողովրդավարական և փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական երկրի, կերպարի ստեղծում և բ) զբոսաշրջության խրախուսում։ Առաջին գործոնը, կապված Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության մշուշոտ հեռանկարի, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության և Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայությունների փոփոխության հետ, աստիճանաբար կորցնում է իր հրատապությունն ու ազդեցությունը։ Երկրորդ գործոնը, պայմանավորված վերջին շրջանում Թուրքիայի տնտեսական աննպաստ դրությամբ, աստիճանաբար վերականգնում է իր նախկին ազդեցությունը։
1 Կա նաև կարծիք, որ Թուրքիայի իշխանություններն այդ քայլին գնացին նոր պատրիարքի ընտրության գործընթացը տապալելուց հետո հայ համայնքում առաջացած դժգոհությունը մեղմելու նպատակով։
2 Երկարատև ընդմիջումից հետո եկեղեցին վերաբացվել էր 2011թ.։
3 «Նոր Մարմարա», օգոստոսի 16, 2018թ.։
4 Սույն խնդիրը կարելի է վերագրել նաև վերջին շրջանում Թուրքիայի տնտեսական դժվարություններին։
5 «Նոր Մարմարա», օգոստոսի 20, 2018թ.։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]