• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2018

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

   

Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ հետ:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո, թվում է, թե գործընթացն այլ փուլ մտավ՝ Գերմանիան համալրեց ոճիրը ճանաչած պետությունների շարքը, այլ երկրներում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւեր առաջարկվեցին: Ինչպիսի՞ առաջընթաց կարելի է արձանագրել։

-100-րդ տարելիցի միջոցառումները մեծ արձագանք ունեցան եւ միջազգային ընդգրկվածություն, բայց չի կարելի ասել, թե դրանք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում որակական փոփոխությունների հանգեցրին:

Այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության ճանաչումն իրականում մեր դիվանագիտության ձեռքբերումը չէ. եւ եթե շատ պետություններ արդեն ընդունել են Ցեղասպանության եղելությունը, ապա դրան նպաստել են Թուրքիայի հետ իրենց վատ հարաբերությունները:

Այո, Ցեղասպանության ճանաչման հարցում առաջնայինը տվյալ երկրի հարաբերություններն են Թուրքիայի հետ: Եթե որեւէ պետություն այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ կամ որոշակի լուրջ խնդիրներ են առաջանում նրանց հարաբերություններում, նոր այդ պետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն օրակարգային է դառնում: Մինչեւ խնդիրներ չեն լինում, այդ հարցը սառեցված է մնում:

Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, կարծում եմ, այդ հանգամանքով է պայմանավորված, քանի որ այդ ընթացքում Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել էին:

Ամենաակնառու օրինակը Իսրայելն է, որի համար Ցեղասպանության ճանաչումը դարձել է յուրօրինակ գործիք Թուրքիայի դեմ, այնտեղ այդ հարցը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, երբ Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջանում, բայց բավական է ամեն ինչ հարթվի, այդ հարցը նույնպես սառում է:

Նույնը նաեւ Եգիպտոսի համար է, այնտեղ ժամանակ առ ժամանակ այս հարցը քննարկվում է, երբ Եգիպտոսում ներքաղաքական ծանր վիճակ է ստեղծվում, ներքին ցնցումներ են լինում, եւ այդ պայմաններում Թուրքիան փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ, ի հայտ է գալիս Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նույնը վերաբերում է Չինաստանին։

Պետք է հստակ գիտակցենք, որ այն երկրները, որոնք խոսում են Հայոց ցեղասպանության մասին եւ ընտրում այն ճանաչելու ճանապարհը, միայն իրենց շահերով են առաջնորդվում: Պետք չէ պատրանքներ տածել, թե դա արդարության, հայերի նկատմամբ սիրո նկատառումներից ելնելով է արվում:

-Դուք բացառո՞ւմ եք հայկական լոբբիի ազդեցությունը այդ գործընթացի վրա:

-Երկրորդ գործոնը, որը նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, բնականաբար, հայ համայնքների ակտիվությունն է: Պատահական չէ, որ այդ հարցը առավել աշխուժորեն քննարկվում է հենց այն երկրներում, որտեղ հատկապես խոշոր համայնքներ ունենք: ԱՄՆ-ի դեպքում վիճելի է՝ ճանաչվե՞լ է, թե՞ ոչ Ցեղասպանությունը, քանի որ դեռեւս Ռոնալդ Ռեյգանը 1980-ականներին խոսել է այդ մասին, բայց այսօր երկրի իշխանությունները խուսափում են անդրադառնալ դրան: Փոխարենը հայ համայնքը նորից ձգտում է Կոնգրեսում բանաձեւեր ներկայացնել եւ նպաստել, որ դրանք ընդունվեն:

Ֆրանսիայում եւս հայ համայնքը պարբերաբար փորձում է բարձրացնել այդ ոճրագործության հարցը: Ժամանակին նրանց շնորհիվ Ֆրանսիան ճանաչեց ոճրագործությունը, այժմ պայքար է գնում, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացվի: Այն երկրներում, որտեղ հայ համայնքը գործոն է ընտրությունների ժամանակ, այս խնդիրը պարբերաբար հրատապ է դառնում:

Այսքանով հանդերձ, Ցեղասպանության ճանաչման եւ ազգային իղձերի իրականացման հիմնական միջոցը պետք է դառնա Հայոց պետականության հզորացումը: Մենք պետք է ձերբազատվենք պետականազուրկ ազգի բարդույթից՝ մտածելով, թե աշխարհը հանուն արդարության, հայերի նկատմամբ ունեցած սիրո, առաջին քրիստոնյա ազգ լինելու պատճառով, զուտ բարոյական դիտանկյունից կճանաչի Ցեղասպանությունը:

Այս տարի Ցեղասպանության 103-րդ տարելիցը համընկնում է մեր պետականության ստեղծման 100-րդ տարելիցի հետ։ Պետք է քաջ գիտակցենք, որ բոլոր մարտահրավերների դիմագրավման միակ ուղին պետականության կայացումն ու հզորացումն է: Միայն այդպես կարող ենք կանխել հետագա ցեղասպանությունները եւ իմաստավորել դարասկզբին կատարված ոճրագործությունը:

-Ի՞նչ դեր խաղացին Ցեղասպանության ճանաչման գործընթացում հայ-թուրքական արձանագրությունները։

-Նախորդ ութ տարիներին արձանագրությունները էական դեր չեն խաղացել այդ առումով, իսկ եթե անգամ խաղացել են, ապա միայն բացասական. տարբեր պետություններ եթե փորձել են արծարծել այդ խնդիրը, Թուրքիայի կողմից եղել է պատասխան, թե իրենք հայերի հետ գնում են հաշտեցման, եւ ճանաչումը կարող է վնասել այդ գործընթացին:

Հիմա, երբ այդ արձանագրությունների գործոնն այլեւս չկա, թեեւ թուրքերը, հնարավոր է, նորից փորձեն շահարկել այն, բայց մեր կողմից դրանց չեղարկումը թերեւս շատ չնչին չափով կնպաստի Ցեղասպանության ճանաչման ընդգրկվածությանը այն տեսանկյունից, որ գոնե չի խոչընդոտի դրան:

-Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն է պատրաստվում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ առաջարկել:

-Դա Կարո Փայլանի նման առաջին նախաձեռնությունը չէ: Եթե հիշում եք, նախկինում նա ելույթներ է ունեցել այդ խնդրի շուրջ՝ նաեւ Ցեղասպանության նահատակների նկարները ներկայացնելով: Իհարկե, բանաձեւ առաջակելն ավելի լուրջ նախաձեռնություն է: Բայց առայժմ նման ամեն քայլ հանդիպում է թուրքական խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի կոշտ հակազդեցությանը:

Հիշենք, որ հենց այդ քայլերի համար էր, որ նրա ելույթը չեղյալ հայտարարվեց, նրան զրկեցին նիստերին մասնակցելու հնարավորությունից: Այսինքն՝ մեր հայրենակիցը խիզախություն եւ ակտիվություն ցուցաբերում է, բայց դա դեռեւս իրատեսական որեւէ դրական լուծման չի կարող հանգեցնել:

Ինչ վերաբերում է Թուրքիայում այս գործընթացը հասունացնելուն, ապա, իսկապես, վերջին շրջանում որոշակի տեղաշարժեր կան այս առումով, թուրք մտավորականներ կան, որ խոսում են այդ խնդրի շուրջ ոչ միայն Թուրքիայում, այլեւ թուրքական սփյուռքում: Դա ինքնին դրական երեւույթ է, բայց չպետք է պատրանքներով ապրել եւ մտածել, թե Թուրքիայում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք որակական այլ մակարդակի վրա կբարձրացնեն հենց Թուրքիայի կողմից այս խնդրի արծարծումը:

Թուրքիան էլ իր քաղաքականության մեջ որոշակի նրբությունների է հասել, եթե նախկինում կտրուկ մերժում էր Ցեղասպանությունը եւ ասում, թե այդպիսի բան չի եղել, ապա այսօր Էրդողանն ամեն տարի ապրիլի 23-ին հանդես է գալիս հայտարարությամբ Հայոց ցեղասպանության մասին, իհարկե, չի օգտագործում այդ տերմինը, բայց նշում է, թե դա մեր ընդհանուր պատմության սեւ էջն է:

Իհարկե, դա նույն ժխտողականության փոխակերպված տարբերակն է, եւ չի նշանակում թե Թուրքիայի վերաբերմունքը հայության հանդեպ փոխվել է:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5806&pageid=173860&lang=



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր