• am
  • ru
  • en
Версия для печати
22.09.2016

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Քաղաքական առումով հուլիսը դյուրին ամիս չէր տարածաշրջանի երկրներից մի քանիսի, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրան-Արևմուտք երկխոսության կայացման գործին, որտեղ այս ամսին գրանցված իրադարձությունները դժվար է դրական գնահատել:

Իրան-Արևմուտք: Ամսվա մեկնարկին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Իրանի կողմից հրթիռային ծրագրերի մշակումն ու հեռահար հրթիռների փորձարկումը չեն բխում վերջինիս հետ ստորագրված միջուկային համաձայնագրերի տրամաբանությունից: Վերջինս մտավախություն է հայտնել, որ Իրանի վերջնական նպատակը կարող է լինել միջուկային հրթիռների ստեղծումը: Իրանի՝ հրթիռային ծրագրերի մշակման քաղաքականությունն արժանացավ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուշադրությանը, որը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ դատապարտեց պաշտոնական Թեհրանին այս հարցում: Վերջինիս պատասխանը չուշացավ. Իրանի հրթիռային ծրագրերն ունեն բացառապես պաշտպանողական նպատակներ և ոչ մի կերպ չեն հակասում ձեռք բերված միջուկային համաձայնագրերին: Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև մտահոգություն հայտնեց, որ այդ մասին խոսում է Գերմանիայի ղեկավարը, որին նրանք իրենց բարեկամն են համարում: Ավելի ուշ պաշտոնական Թեհրանը նաև սկսեց մեղադրել Արևմուտքին Իրանի դեմ նոր թակարդ լարելու մեջ՝ այլապես այս երկու հայտարարությունները համարելով չհիմնավորված ու անտեղի:

Տրամաբանորեն այլ ուղղությամբ զարգացումներ գրանցվեցին բալկանյան երկու խոշոր պետությունների՝ Բուլղարիայի և Ռումինիայի հետ հարաբերություններում, որոնք Իրանի համար ունեն տարանցիկ մեծ նշանակություն: Պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվեցին համագործակցության հուշագրեր էներգետիկ, տրանսպորտի և տնտեսական ոլորտներում: Մասնավորապես, Իրանը նախատեսում է օգնել Բուլղարիային միջուկային ծրագրերում: Բուլղարացի պաշտոնյան խոստացավ օգնել Իրանին Եվրոպայի հետ բանկային հարցերի կարգավորման գործում: Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին իր հերթին նշել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, սակայն փոխարենն ակնկալում է իրենց ձայնը լսելի դարձնել Եվրոպայում: Կողմերը քննարկել են նաև Ասիա-Եվրոպա էներգետիկ հաղորդակցության «Նաբուկո» ծրագրին Իրանի հնարավոր մասնակցության հարցը: Աշխատանքային այցով Ռումինիայում գտնվող Եվրոպայի և Ամերիկայի երկրների հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Ռավանչին հանդիպումներ է ունեցել երկրի տնտեսական և էներգետիկ ոլորտի մի շարք պատասխանատուների հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել իրանական նավթը և գազը Ռումինիա արտահանելու, այստեղ իրանական ներդրումներին և զբոսաշրջությանն առնչվող հարցերը: Հատկանշական է, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները գրեթե եռապատկվել են՝ 2016թ. առաջին չորս ամիսներին հասնելով $112 մլն-ի:

Իրանի տնտեսության զարգացման ամենացավոտ տեղերից մեկը շարունակում է մնալ բանկային ոլորտը: Իրանը դեռևս չի կարողանում այս ոլորտում դառնալ համաշխարհային շուկայի մի մասը: ԱՄՆ-ը պաշտոնապես արգելում է իր բանկերին ուղղակի կամ անուղղակի ներդրումներ կատարել Իրանում՝ դա հիմնավորելով երկրում մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հարցերով: Իսկ միջազգային խոշոր բանկերը զգուշանում են ներդրումներ կատարել Իրանում՝ վախենալով դրանք կորցնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար հուլիսի 12-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Լոնդոնում կազմակերպվեց հանդիպում, որին մասնակցում էին Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը, Իրանի կենտրոնական բանկի, ԱՄՆ ֆինանսների նախարարության և միջազգային խոշոր բանկերի ներկայացուցիչներ: ԱՄՆ ներկայացուցիչները հիմնականում հավատարիմ էին պաշտոնական Վաշինգտոնի ավելի վաղ արտահայտած դիրքորոշմանը. ԱՄՆ-ը չի կարող արգելել միջազգային բանկերին ներդրումներ կատարել Իրանում, սակայն չի էլ կարող երաշխավորել իր հետագա քայլերն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընտրության հարցում: Սակայն իրենց ներդրումները չկորցնելու վերաբերյալ ԱՄՆ երաշխավորությունը միջազգային բանկերի հիմնական պահանջներից է:

Պաշտոնական Թեհրանը սկսում է ավելի սպառնալից տոնով խոսել իր միջուկային ծրագրերի վերականգնման մասին: Ըստ երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, եվրոպական երկրների շրջանում ևս կա դժգոհություն ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրերի կատարման շուրջ: Պաշտոնական Թեհրանը սկսում է սպառնալ, որ կվերականգնի իր միջուկային ծրագրերը, եթե ԱՄՆ-ը չկատարի ստանձնած պարտավորությունները: Այս ֆոնին ՄԱԿ-ը հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին: Կարծում ենք, սա կարող է նոր ընթացք ստանալ, եթե առաջիկա ամիսներին կողմերին չհաջողվի համաձայնության գալ ֆինանսաբանկային որոշ հարցերում: Արդեն ամսվա երկրորդ կեսին ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի նկատմամբ նախատեսվող նոր պատժամիջոցների գործադրման մասին՝ մեղադրելով Իրանին ԱՄՆ-ի նկատմամբ կիբեռհարձակում իրականացնելու մեջ: Իսկ ավելի վաղ, հուլիսի առաջին կեսին, երկու երկրների միջև հարաբերություններում նոր լարվածություն էր մտել այն բանից հետո, երբ Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավ էր հայտնվել: Այն անընդմեջ հսկում էին իրանական մի քանի ռազմական նավեր, իսկ երկրի ռազմական ղեկավարությունը մշտական ռազմատենչ հայտարարություններով ավելի սրած էր պահում իրավիճակը: ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության որոշակի թուլացում նկատվեց հուլիսի 21-ից հետո, երբ ԱՄՆ վերաքննիչ դատարանը չեղարկեց ավելի վաղ երկրի բարձրագույն դատարանի կողմից ընդունված որոշումն այն մասին, որ ԱՄՆ-ում իրանական սառեցված ակտիվներից պետք է $2 մլրդ-ի չափով դրամական փոխհատուցում տրվեր Բեյրութում 1983թ. իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված ամերիկյան զինծառայողների ընտանիքներին:

Հետաքրքիր փոփոխություններ եղան նաև ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական ճառերում Իրանի վերաբերյալ: Եթե նախկինում ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկի ելույթում հստակ ընդգծվում էր հակաիրանական երանգը, ապա այս ամսին իր ելույթներից մեկում Քլինթոնը նշեց, որ հպարտ է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրով, այն համարում է մեծ ձեռքբերում, և պետք է ամեն ինչ արվի այն իրագործելու համար:

Իրան-ՌԴ: Ռուսաստանի կողմից Իրանին Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումից հետո կարծես նոր լիցք հաղորդվեց երկու երկրների միջև փոհարաբերություններին: Պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան իրենց առջև խնդիր են դրել երկրների միջև առկա բավական խոր ռազմաքաղաքական համագործակցությանը հակակշռել տնտեսական հարաբերություններով: Թեպետ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 67%-ով, կողմերը դա բավարար չեն համարում: Այժմ Իրանն ու Ռուսաստանը քննարկում են երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման հարցը: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից ստորագրվել է Իրանում ջերմաէլեկտրակայան կառուցելու համաձայնագիր: Նախատեսվող ծախսերի 85%-ը՝ շուրջ $1 մլրդ-ի չափով, կատարելու է ռուսական կողմը: Ամբողջ ամսվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչներն ինտենսիվորեն պատրաստվում էին օգոստոսին նախագահների միջև կայանալիք հանդիպմանը, որտեղ նախատեսվում է ոչ միայն նոր թափ հաղորդել տնտեսական համագործակցությանը, այլ նաև որակապես նոր հարթության վրա դնել երկրների միջև առկա ռազմական համագործակցությունը:

Իրան-տարածաշրջան: Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունն ահաբեկչության ֆինանսավորման մեջ միմյանց մեղադրելու հարցում նոր թափ ստացավ երկու երկրներում իրականացված մի քանի ահաբեկչական ակտերից և ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողների ձերբակալություններից հետո: Իրանի նկատմամբ նույն բովանդակությամբ մեղադրանքներ հնչեցվեցին նաև Բահրեյնի կողմից, որտեղ կատարված ահաբեկչության հետ կապված ձերբակալություններից հետո վերջինս մեղադրեց Իրանին ահաբեկիչներին վարժեցնելու և ֆինանսավորելու մեջ: Հակառակ սրան, Իրանը շարունակում է երկխոսության մեջ մտնել տարածաշրջանի մահմեդական երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հերցերում: Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Շամհանին Իրաքի իսլամական բարձրագույն խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Իրաքին և Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում:

Թերևս, տարածաշրջանում ամենակարևոր իրադարձությունը կապված էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ: Պաշտոնական Թեհրանն ի սկզբանե դատապարտեց հեղաշրջման փորձը՝ աջակցություն հայտնելով Էրդողանի վարչակարգին: Այս մասին հայտարարություններ արեցին երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները: Թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը դատապարտում է ընտրված իշխանություններին ռազմական ճանապարհով տապալելու ցանկացած փորձ՝ լիարժեք աջակցություն հայտնելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թեպետ Թուրքիայի և Իրանի ջրերը, մեղմ ասած, «մեկ առվով չեն գնում», և կան բազմաթիվ տարաձայնություններ երկու երկրների միջև փոխհարաբերություններում (իսկ որպես ամենախոր տարաձայնություն կարելի է համարել Սիրիայի հարցում վերջիններիս դիրքորոշումների տարբերությունը), ընդհանուր մարտահրավերների առկայությունը վերջիններիս ստիպում է համագործակցության նոր եզրեր գտնել: Դրանցից ամենաակնառուն կապված է քրդական գործոնի հետ: Իրաքի Քուրդիստանը ֆինանսական մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, քրդական շարժումներն առավել անհանդուրժող և ագրեսիվ են դառնում Թուրքիայում, և բացառված չէ, որ մի օր էլ դա կարող է սրվել Իրանում: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ դրա կազմակերպիչներին օգնելու մեջ Էրդողանի վարչակարգը մեղադրում էր նաև քրդերին: Կարծում ենք, Իրանի բացահայտ և անվերապահ աջակցությունն Էրդողանի վարչակարգին խոսում էր նաև քրդական հարցում վերջինիս դիրքորոշման մասին:

Որոշակի զարգացումներ գրանցվեցին նաև Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իրանցի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որոնց կարիքն Իրանը շատ է զգում: Հուլիսին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով աշխատանքային այցով Թեհրան մեկնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել էներգափոխանակության ծավալների մեծացման և ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, ամռան ամիսներին Իրանը կմեծացնի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները, իսկ ձմռան ամիսներին կմեծացնի Հայաստան արտահանվող գազի ծավալները:

Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային այլ ուղղություններ: Իրանը մեծացնում է իր ներգրավվածությունը միջազգային կառույցներում: Մասնավորապես, Հարավարևելյան Ասիայի երկրների կազմակերպությունը (ԱՍԵԱՆ) հավանության է արժանացրել կազմակերպությանն անդամակցելու Իրանի հայտը, որը ներկայացվել էր երեք տարի առաջ:

Հուլիսի 24-ին մեկնարկեց Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի քառօրյա շրջագայությունն Արևմտյան Աֆրիկայի երկրներ: Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը եղավ Նիգերիայում, Գանայում, Գվինեայում և Մալիում: Այս տարածաշրջանն Իրանի համար առաջին հերթին կարևորվում է որպես Աֆրիկայում տնտեսապես առավել ինտենսիվ զարգացող, ինչպես նաև բավական մեծաթիվ մահմեդական բնակչություն ունեցող շրջան: Նշված չորս երկրների հետ ստորագրվել են հիմնականում տնտեսական և գիտամշակութային համագործակցության պայմանագրեր: Այս այցելությունով Իրանը փորձում է նոր թափ հաղորդել արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր ուղղություններից մեկի՝ աֆրիկյան ուղղության զարգացմանը:

Նավթի արտահանման ծավալների մեծացումը շարունակում է մնալ ԻԻՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Երկրին հաջողվել է վերականգնել շուկայում իր նախկին դիրքերի 80%-ը: Հուլիս ամսին նավթի արտահանման ծավալներում կրկին աճ է գրանցվել՝ օրական հասնելով 2.1 մլն բարելի: Ավելացել են դեպի Հարավային Կորեա նավթի արտահանման ծավալները, փոխարենը՝ նվազել է եվրոպական ցուցանիշը:

Տեղեկանք: Մինչև 2012թ. միջազգային պատժամիջոցները նավթի արտահանման օրական ծավալները հասնում էին 2,35 մլն բարելի: Իրանը ձգտում է ընթացիկ տարում հասնել և գերազանցել այս ցուցանիշը: Այդ անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մեծացնել դեպի եվրոպական շուկա արտահանման ծավալները: Եթե նախկինում իրանական նավթի գնման 1/3-ը բաժին էր հասնում Եվրոպային, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 1/4:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր