• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2017

ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Եռակողմ համագործակցության աշխարհաքաղաքական նախադրյալները. Հարավային Կովկասում անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրումը, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից, խիստ արդիական է մեզ համար: Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում այստեղ խաղաղության կայացմանը, իսկ հարևան երկրների ու Հայաստանի միջև առաջացած քաղաքական անդունդն առայժմ լցվելու քիչ հեռանկարներ ունի: Այդ բացն առաջացել է երկար տարիների ընթացքում և շարունակում է նոր ճեղքեր տալ, իսկ մեր խնդիրն է հասկանալ, թե որոնք պետք է լինեն այն գործիքները, որոնց օգնությամբ պետք է փակվեն այդ անցքերը:

Այս մարտահրավերների հաղթահարման ճանապարհին խոչընդոտները բազմաթիվ են: ԽՍՀՄ փլուզումից հետո արտաքին քաղաքական և տնտեսական գործընկերների ընտրության հարցում տարածաշրջանի երկրները ցուցաբերում են տարբերակվող մոտեցումներ: Հարավային Կովկասում առկա խնդիրների, հատկապես Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների և նրանց փոխհարաբերությունների վերաբերյալ լավագույն ձևակերպումներից մեկը տալիս է Հարավային Կովկասի, հետխորհրդային տարածքի ու Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկացի հետազոտող Դենիս Սամութը. «Հարավային Կովկասում առաջացավ մեծ ճեղք, և Հայաստանն ու Վրաստանը մնացին դրա տարբեր կողմերում: Հայաստանը շրջափակման պայմաններում լավ է գիտակցում Վրաստանի տարանցիկ նշանակությունը, իսկ Վրաստանն էլ, իր տարածքում ունենալով մեծաթիվ հայ համայնք, չի կարող ապահովել ներքին խաղաղություն, եթե լինեն լարված հարաբերություններ Հայաստանի հետ: Եվ այս միտումն ակնհայտ երևում է ոչ միայն երկկողմ փոխհարաբերություններում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության ծրագրերում երկու երկրների մասնակցության գործընթացում»: Խոսքերի հեղինակն ակնհայտ ակնարկում է, որ թեպետ Հայաստանն ու Վրաստանն ունեն արտաքին քաղաքական կողմնորոշումներում սկզբունքային տարբերություններ, նրանց զսպում և հակակշռում են միմյանցից տնտեսական ու քաղաքական կախվածության որոշ տարրեր:

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո տարածաշրջանում ամրապնդվելու համար պայքարի հիմնական մասնակիցներից մեկը դարձավ Թուրքիան: 1990-ական թթ. արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, օգնում էին Թուրքիային Անդրկովկասը Ռուսաստանից «կտրելու» հարցում: Սակայն ավելի ուշ Թուրքիան տարածաշրջանում սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն, որի հիմնական առանցքներից մեկն էլ դարձավ թյուրքախոս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը: Ադրբեջանը Թուրքիայի համար կարևորվում է նաև Միջին Ասիայի թյուրքալեզու երկրների հետ կապվելու տեսանկյունից: Մյուս կողմից էլ, ադրբեջանական նավթն ու գազն իր երկրի տարածքով դեպի Եվրոպա արտահանելով՝ Թուրքիան ձեռք է բերում տնտեսական ու քաղաքական հզոր գործիք: Թյուրքական բարեկամ երկրի հետ կապ հաստատել հնարավոր չէր Իրանի վրայով՝ օբյեկտիվ պատճառներով. Իրանը և Թուրքիան գտնվում են չհայտարարված պայքարի մեջ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մահմեդական աշխարհում հեգեմոնիայի համար: Արցախյան պատերազմով, իսկ հետո արցախյան հիմնախնդրով պայմանավորված՝ առաջացել էր դիվանագիտական վակուում հայ-թուրքական հարաբերություններում, ուստի հետզհետե բացառվում էր նաև Հայաստանի տարբերակը:

Անկարա-Թբիլիսի-Բաքու տնտեսական առանցք. Անկասկած, եռակողմ առանցքը թուրքական նախագիծ է, որն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հեռահար նպատակներ: Համագործակցության կայացման գործընթացն ի սկզբանե դրվեց տնտեսական հիմքերի վրա: Տնտեսական ուղղությունն ընդգրկում էր երկու հիմնական մեխանիզմ՝ էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության ծրագրեր: Առանցքի էներգետիկ բաղադրիչն արդեն կայացած է: Գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Ներկայում ակտիվ քննարկման փուլում է Հարավային գազային միջանցքի կառուցման ծրագիրը: 2017թ. փետրվարի 23-ին Բաքվում կայացավ Հարավային գազային միջանցք նախագծի խորհրդատվական մարմնի 3-րդ նստաշրջանը, որի արդյունքում ստորագրվեց համաձայնագիր միջանցքի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում է այս միջանցքով Եվրոպա արտահանել տարեկան 10 մլն մ2 գազ: Հարավային միջանցքն ընդգրկում է արդեն իսկ առկա Հարավկովկասյան գազամուղը, ինչպես նաև նոր կառուցվելիք Տրանսանատոլիական (TANAP – Trans-Anatolian Pipeline) և Տրանսադրիատիկ գազամուղները (TAP – Trans-Adriatic Pipeline): Սակայն կարծում ենք, որ այս նախագիծն ավելի շատ Ադրբեջանի «պրեստիժի» քաղաքականության հերթական դրսևորումներից է: Խնդիրն այն է, որ կան բազմաթիվ բացեր այս նախագծում. արդյո՞ք Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրը, որը դառնալու է այս նախագծի հիմնական սնուցման աղբյուրը, ունի բավարար ռեսուրսներ այն սպասարկելու, արդյո՞ք երկարաժամկետ տեսանկյունից շահավետ է նման նախագծի իրականացումը, եթե այն պահանջում է $40 մլրդ-ի ներդրում: Այս հարցերն առաջանում են նաև այն պատճառով, որ ավելի քան 5 տարի առաջ արդեն սկսվել են նախագծի շուրջ աշխատանքները, սակայն դրանք դեռ մեկնարկային փուլում են (չնայած Ադրբեջանի ղեկավարի հայտարարությամբ՝ աշխատանքները մեծ մասամբ կատարված են): Կարծում ենք, որ այս նախագիծն Ադրբեջանին ավելի շատ անհրաժեշտ է Եվրոպայից քաղաքական դիվիդենդներ ստանալու տեսանկյունից, ինչի մասին հրճվանքով հայտարարում են նաև ադրբեջանցի գործիչները:

Երեք երկրներն ընդգրկող հաջորդ ծրագիրը երկաթուղին է: 1993թ. հուլիսին Անկարայում առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց Կարս-Թբիլիսի երկաթգծի կառուցման գաղափարը: 2005թ. մայիսի 25-ին Բաքվում երեք երկրների նախագահների կողմից ստորագրվեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մտադրության վերաբերյալ հուշագիր: Իրականում այս երկաթգիծն անցնում է ոչ թե Թբիլիսիով, այլ Ախալքալաքով, իսկ անվան ընտրությունը կատարվել է դրա տարածաշրջանային նշանակությունը շեշտադրելու համար: Հայաստանն ի սկզբանե առաջարկում էր վերանորոգել և շահագործել Կարս-Գյումրի երկաթգիծը, իսկ այնտեղից արդեն գործում է Գյումրի-Թբիլիսի երկաթուղին: Այս հարցով Թուրքիայի հետ երկխոսության գործում պաշտոնական Երևանը միշտ ակնկալել է Թբիլիսիի աջակցությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Կարս-Գյումրի երկաթգիծը սկզբնական շրջանում ներգրավված էր ՏՐԱՍԵԿԱ (TRACECA-Transport Corridor to Europe-Caucasus-Asia) ծրագրի հիմնական երկաթուղում: Սակայն հասկանալի է, որ Վրաստանը մտադիր չէ հանուն Հայաստանի շահերի կորցնել քաղաքական և տնտեսական լծակներ ձեռք բերելու իր հնարավորությունը: Մի քանի անգամ հետաձգվելուց հետո, 2016թ. ավարտին, նախատեսվում էր կատարել երկաթգծի բացումը, սակայն մինչ օրս դեռևս կան երկաթգծի որոշ հատվածների անավարտ աշխատանքներ, և բացումը նախատեսվում է 2017թ. գարնանը: Նախատեսվում է դրանով տարեկան 5 մլն տոննա բեռ և 1 մլն մարդ տեղափոխել: Իսկ հետագայում այս ծավալները պետք է եռապատկվեն: Միայն վրացական հատվածի շինարարության վրա արդեն իսկ նախօրոք նախատեսվածից չորս անգամ ավելի մեծ գումար է ծախսվել, որը կազմում է $775 մլն: Վրացական հատվածի ծախսերը կատարվել են Ադրբեջանի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վրաստանն ուղղակի ձևով մխրճվում է ադրբեջանական և թուրքական տնտեսական կախվածության ճահիճ, ինչը ժամանակի ընթացքում ավելի քիչ հնարավորություններ է տալիս վերջինիս դուրս գալ թուրքական տնտեսական ազդեցությունից:

Եռակողմ քաղաքական և ռազմական համագործակցություն. Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական ձևաչափով բավական ամուր հիմքեր ապահովելուց հետո ձեռնամուխ եղավ նաև քաղաքական ու ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագրերի մշակմանը: Առաջին ձևաչափը նախատեսում էր համագործակցություն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Այս գաղափարն առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց 1999թ. վերջից և քննարկվեց 2000թ. Տրապիզոնում արտաքին գործերի նախարարների եռակողմ բանակցությունների ժամանակ: Պաշտոնական Թբիլիսին հայտարարում էր, որ այդ նախաձեռնությունը դիտարկում է իրենց արտաքին քաղաքականության սկզբունքային դիրքորոշման՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության երկրների հետ բազմակողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղեգծում: Իսկ պաշտոնական Երևանի այն մտահոգությանը, թե արդյոք այդ համագործակցությունը չի նպաստի տարածաշրջանում նոր բաժանարար գծերի առաջացմանը, Թբիլիսին պատասխանում է, որ դա ուղղված է ողջ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը: 2007թ. փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին Թբիլիսյան հռչակագիրը: Թբիլիսիում հավաքվելու առիթը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի պայմանագիրն էր: Սակայն կնքված փաստաթուղթը վերաբերում էր տարածաշրջանում երեք երկրների ռազմավարական համագործակցության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը:

2012թ. հունիսի 8-ին Տրապիզոնում երեք երկրների արտգործնախարարները ստորագրեցին Տրապիզոնի հռչակագիրը, որով նախատեսվում է միջազգային կազմակերպություններում միասնական և միմյանց աջակցելու քաղաքականություն, համագործակցություն Աբխազիայի, Հարավային Օսիայի և արցախյան հիմնախնդիրների կարգավորման հարցում՝ հիմք ընդունելով Ադրբեջանի և Վրաստանի միջազգայնորեն ընդունված սահմանները, խթանել համագործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական, շարունակել համատեղ աշխատանքը ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շուրջ, որի արդի փուլը ներառում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, հաստատել Բաքվի միջազգային ծովային առևտրի նոր նավահանգստի կառուցման նախագիծը, որը կդառնա հաջորդ կարևոր կապող օղակը արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքում: Սա եռակողմ առաջին պաշտոնական նման փաստաթուղթն է, որը ռազմավարական փաստաթղթի համարժեքություն ունի: Տրապիզոնի հռչակագրով, փաստորեն, եռակողմ տնտեսական համագործակցությունը դրվեց նոր հարթակի վրա՝ ամրապնդվելով քաղաքական համագործակցության վերաբերյալ բավական բարձր մակարդակի փաստաթղթով:

Եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունն առավել ակտիվ փուլ մտավ 2014թ. օգոստոսին պաշտպանության նախարարների մակարդակով Նախիջևանում կայացած հանդիպումից հետո: 2015թ. մայիսի 4-ին Անկարայում երեք երկրների զինված ուժերի ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել է երկաթուղային գծերի և էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքների անվտանգության հարցը: 2015թ. վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին դեկտեմբերի 17-ին Ստամբուլում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որտեղ հիմնական շեշտադրումը դրված էր պաշտպանական անվտանգության և զինված ուժերի արդիականացման հարցերի վրա: 2017թ. փետրվարի 16-ին Բրյուսելում Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են եռակողմ ռազմական համագործակցության պայմանագրի ստորագրման հարցը: Ընթացիկ տարվա մայիսին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների հանդիպում Թբիլիսիում, ուստի հնարավոր է հենց այդ ժամանակ էլ ստորագրվի ռազմական համագործակցության մասին հուշագիր:

Որո՞նք են այլընտրանքները և հնարավոր հեռանկարները Հայաստանի համար. Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ երանգներով է ցույց տալիս Հայաստանի դեմ ուղղվածությունը: Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը Թուրքիան է, և Վրաստանում օտարերկրյա ամենամեծ ներդրումները թուրքական կապիտալով են: Վրաստանը հսկայական եկամուտներ է ստանում իր տարածքով անցնող էներգետիկ ենթակառուցվածքներից: Սա խոսում է այն մասին, որ մոտ ապագայում էլ Վրաստանի համագործակցությունը հարևան թյուրքական երկրների հետ շարունակելու է ընդունել նոր ծավալներ: Կարծում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ու քաղաքական անվտանգությանը: Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ այս համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Սակայն կարծում ենք, որ Վրաստանն անուղղակիորեն ներքաշվում է Հայաստանի մեկուսացման մեջ: Որքան էլ Թբիլիսին փորձի պահպանել չեզոքություն հայ-ադրբեջանական հարաբերություններում, Արցախի Հանրապետությունում կամ ՀՀ-Ադրբեջան շփման գծում ռազմական սրացման պայմաններում Վրաստանը կարող է կողմնորոշվել ոչ թե դեպի քրիստոնյա Հայաստանը, այլ դեպի տնտեսական ավելի խոշոր գործընկերները և նպաստել Հայաստանի տնտեսական շրջափակմանը:

Այս համագործակցության ազդեցության թուլացման և այլընտրանքների ճանապարհին նախ անհրաժեշտ է տարածաշրջանային մակարդակով դրան հակազդել Ռուսաստան-Հայաստան-Իրան ձևաչափով համագործակցությամբ: Կարծում ենք, որ Իրանի հետ համագործակցության մեջ անհրաժեշտ է հնարավորինս ներգրավել նաև Վրաստանին՝ դրանով իսկ որոշ չափով նրան «կտրելով» թյուրքական երկրներից: Մանավանդ որ այս ուղղությամբ արդեն որոշակի նախադրյալներ կան՝ ի դեմս Իրան-ՀՀ-Վրաստան եռակողմ և Իրան-ՀՀ-Վրաստան-Ռուսաստան քառակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության վերաբերյալ ծրագրերի: Իսկ Վրաստանի հետ բազմակողմ հարթություններում համագործակցության զարգացման համար կարևոր գրավական կարող են դառնալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն ու աբխազական երկաթուղու վերագործարկումը: Կարծում ենք, որ այս հարցում Վրաստանում կա դրական զարգացման որոշակի միտում: Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վրացական խորհրդարան անցած երրորդ քաղաքական ուժը Վրաստանի հայրենասերների դաշինքն է, որը ոչ պաշտոնապես անվանում են նաև ռուսամետ քաղաքական ուժ: Թեպետ այս որակումը միանշանակ չէ, քանի որ դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ այս ուժի ներկայացուցիչները, ովքեր հենվում են հիմնականում հակաթուրքական թեզերի վրա (նրանք մեղադրում են Թուրքիային 1918թ. Վրաստանի տարածքների շուրջ 33%-ի զավթման մեջ, ինչպես նաև վստահ են, որ Թուրքիան ցանկանում է զավթել վրացական Աբխազիան և Աջարիան ևս), մեկ անգամ չէ, որ Ռուսաստանը որակել են որպես օկուպանտ: Մյուս կողմից էլ, վրացական խորհրդարան չանցան հիմնական արևմտամետ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետական կուսակցություն» քաղաքական ուժերը, որոնք դեռևս 2012 թվականից ղեկավարում էին երկրի պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Դեռևս նախընտրական շրջանում, 2016թ. սեպտեմբերին, «Վրացական ուժ» ազգայնական կազմակերպության ակտիվիստները հակաթուրքական տրամադրություններով բողոքի ակցիա կազմակերպեցին Թբիլիսիում, որն ուղեկցվեց թուրքերին պատկանող առևտրային և սպասարկման ոլորտի հաստատություններ ներխուժելով և գույքային վնաս հասցնելով: Այս, իսկ հետագայում նաև վրացական խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ Վրաստանում աստիճանաբար ավելի մեծ ծավալներ են ընդունում հակաթուրքական տրամադրությունները, ինչը բխում է վերջինիս կողմից երկրում իրականացվող տնտեսական էքսպանսիայից: Մյուս կողմից՝ Վրաստանում մեծանում է այն քաղաքական գործիչների թիվը, ովքեր պատրաստ են երկխոսության սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ: Մեծապես փոխվել է նաև ռուսների նկատմամբ վրացական հասարակական կարծիքը: Ներկայում Վրաստանում չկա այն բացահայտ հակառուսական տրամադրվածությունը, ինչն առաջացել էր 2008թ. հետո: Կարծում ենք, որ այս երկու փաստերը բխում են Հայաստանի շահերից, ավելի է մեծանում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ուստի և Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցության զարգացման հեռանկարը:

Վերջին մի քանի ամիսներին ՀՀ-Վրաստան հարաբերություններում տեղ գտած զարգացումները նույնպես դրական հեռանկարների մասին մտորելու տեղիք են տալիս: 2016թ. դեկտեմբերին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ 2017թ. փետրվարի 23-24-ը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում եղավ ՀՀ վարչապետը: Կարեն Կարապետյանի այցը մեծ արձագանք գտավ հայկական ու վրացական քաղաքագիտական հանրույթում։ Այցի հիմնական շեշտադրումներն ընկած էին տարանցիկ և էներգետիկ միջանցքի ձևավորման հարցերի վրա: Կարծես թե դրական միտում կա Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տարանցման ուղիների ամրացման և նոր ուղիների գործարկման հարցով բանակցություններում, ինչի մասին փաստեց նաև ՀՀ վարչապետը: Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ Լարսն այլընտրանք ունենալու է, սակայն չմասնավորեցրեց, թե կոնկրետ ինչ այլընտրանքի մասին է խոսքը. արդյո՞ք դա լինելու է աբխազական երկաթգիծը, ցամաքային այլ երթուղի, թե՞ ծովային ճանապարհը: ՀՀ վարչապետի այս հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց Վրաստանում, որոշ քաղաքագետներ հայտարարեցին, որ անընդունելի է աբխազական երկաթուղու գործարկումը, քանի որ այն կնշանակի Աբխազիայի տնտեսական ինքնության ճանաչում: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ տարանցման հարցում բանակցություններում դրական արդյունքները հիմնականում ուղիղ համեմատական են ռուս-վրացական երկխոսության կայացմանը: Մյուս կողմից՝ այս հարցում անհրաժեշտ է մի փոքր մեծացնել ճնշումը Թբիլիսիի վրա, մանավանդ որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում մեծացել են հարավային և հյուսիսային ուղղություններով երկխոսության զարգացման տրամադրությունները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր