• am
  • ru
  • en
Версия для печати
30.07.2018

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ԱՄՐԱՊՆԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

   

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.


Ռոման Կարապետյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ.

Ղարաբաղյան հիմնախնդրի գլխավոր բարդություններից մեկն այն է, որ այստեղ ներգրավված արտաքին ակտորները որքան բազմազան, նույնքան էլ տարբերվող են իրենց շահերով և ակնկալիքներով: Հարցի մյուս բարդությունն այն է, որ բանակցող կողմերի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները հատման կետեր գրեթե չունեն կամ դրանք այնքան աղոտ են, որ գրեթե անտեսանելի են:

Հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը շարունակվում է ավելի քան երկուսուկես տասնամյակ, իսկ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո անցել է ավելի քան 24 տարի: Կարող ենք փաստել, որ մինչև օրս բանակցային գործընթացում տեղ են գտել խնդրի կարգավորման վերաբերյալ երկու հիմնական մոտեցումներ՝ փաթեթային և փուլային: Առաջին դեպքում խոսքը միաժամանակյա և ամբողջական կարգավորման մասին է ինչպես Արցախի կարգավիճակի, այնպես էլ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասով: Իսկ փուլային ձևաչափը ենթադրում է փուլ առ փուլ կարգավորում, որոնցում արդեն կարգավիճակի և հայ-ադրբեջանական հակամարտության առաջնայնության հարցը մնում է որպես քննարկման մեկ այլ հարց: Կարող ենք արձանագրել նաև, որ եթե բանակցային գործընթացի առաջին տասը տարիներին կողմերի միջև բանակցությունները հիմնականում ընթանում էին կոնկրետ տարբերակների շուրջ, որքան էլ այդ տարբերակներն անընդունելի լինեին կողմերի կամ նրանցից յուրաքանչյուրի համար առանձին, ապա «Պրահայի գործընթացից» սկսած՝ քննարկման հիմնական թեման դարձել է սկզբունքների մշակման հարցը, որոնք պետք է դառնան հետագա խաղաղ կարգավորման անկյունաքարերը:

Ներկայում բանակցային գործընթացը հիմնականում ընթանում է 2007թ. կողմերին առաջադրված և հետագայում բազմափուլ մշակում անցած Մադրիդյան սկզբունքների շրջանակներում1: Չխորանալով այս հայտնի փաստաթղթի մանրամասների մեջ՝ ուղղակի նշենք, որ դրանց վերաբերյալ կողմերն այնքան շատ դիտարկումներ են ներկայացրել, որ դրանք հեռու են կողմերի շահերն արտահայտելուց կամ հակամարտության լուծման բանալի լինելուց: 2011թ. Կազանում բանակցող կողմերին ներկայացվել է նոր փաստաթուղթ, սակայն այն չի ընդունվել Ադրբեջանի կողմից: Այս մասին փաստում է ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության այդ ժամանակվա ղեկավարը2: Այդ փաստաթղթի մասին մեր ունեցած տեղեկատվությունը բավական սահմանափակ է և հիմնականում հիմնվում է դրա վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսքից3: Այս տարբերակի, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքների ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակներ: Թեպետ պաշտոնական Երևանը կողմնակից է և տարիներ շարունակ խոսում է հակամարտության կարգավորման միայն փաթեթային տարբերակի մասին, բանակցային սեղանին եղած և քննարկման որոշակի օրակարգ անցած սկզբունքները մի փոքր այլ իրականության մասին են խոսում:

Կարող ենք փաստել, որ Կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացը բավական սառել է: Վերջին մի քանի տարիներին ադրբեջանական կողմը կատարել է նաև որոշակի ռազմավարա-տակտիկական փոփոխություններ՝ մեծացնելով դիվերսիոն գործողությունների և սահմանային շփման գծում ռազմական գործողությունների քանակը: Դրա վառ ապացույցը 2014թ. ամռանն իրականացված, իսկ հետո նաև շարունակաբար իրականացվող լայնամասշտաբ դիվերսիաներն են: Մեր կարծիքով, դրանք հիմնականում նպատակ ունեն հակառակորդի վրա հոգեբանական ճնշման գործադրման միջոցով ազդել զիջումների գնալու վերջինիս տրամադրությունների վրա:

2016թ. ապրիլի սկզբին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանային շփման գծի երկայնքով ռազմական գործողություններն իրենց ծավալներով աննախադեպ էին 1994թ. մայիսին հրադադարի մասին եռակողմ համաձայնության ստորագրումից ի վեր: Նախ՝ անհրաժեշտ է նշել, որ վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը, հենվելով նավթադոլարների վրա, բազմապատկում է ռազմական ուղղությամբ ծախսվող գումարի չափը, որն ուղղվում է ինչպես ռազմարդյունաբերության զարգացմանը, այնպես էլ բանակի տեխնիկական միջոցների բարելավմանն ու նոր սպառազինությունների ձեռքբերմանը: Մյուս կողմից էլ, պաշտոնական Բաքուն պետական քարոզչամեքենայում և Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հռետորաբանությունում ուժեղացրել է սպառնալիքների և ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու շեշտադրումները: Տարիներ շարունակ պաշտոնական Բաքուն խոսում էր հայկական կողմի նկատմամբ ունեցած հսկայական ռազմական առավելության մասին, որն արտահայտվում է ինչպես սպառազինություններում, այնպես էլ բանակի թվակազմով ու մարտունակությամբ: Սրան գումարվում է նաև ադրբեջանական հանրությանը տարիներ շարունակ հրամցվող այն թեզը, թե Հայաստանը պատմական Ադրբեջանն է, հայերը ագրեսոր են ու նվաճել են «պատմական ադրբեջանական» տարածքները: Այս պայմաններում շարքային ադրբեջանցու մեջ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ մենք չենք վերականգնում պատմական արդարությունը, եթե ունենք այդքան մեծ ռազմավարական առավելություն հակառակորդի նկատմամբ: Արդյո՞ք 2016թ. ապրիլը հասարակության պահանջը բավարարելու և նախկինում կատարած ռազմական ծախսերն արդարացնելու միտում ուներ՝ դժվար է ասել, սակայն մի բան պարզ է. 2016թ. ապրիլին Իլհամ Ալիևը թուլացրեց իշխանությունների նկատմամբ դժգոհությունների ալիքը և անժամկետ հետաձգեց իշխանության փոփոխության համար պայքարի գործընթացը:

Այսպիսով, 2016թ. ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում մեկնարկեց Արցախի Հանրապետության հետ սահմանային շփման գծի ամբողջ երկայնքով, սակայն առավել ինտենսիվ ռազմական գործողությունները ծավալվում էին հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով: Գործի դրվեցին զինապահոցում ունեցած գրեթե ողջ զինատեսակները: Լայնորեն կիրառվեցին իսրայելական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Վերջինիս կիրառումը նորություն էր և անակնկալի բերեց հայկական կողմին, քանի որ հայկական զինապահոցում չկային դրանց դեմ արդյունավետ պայքարելու զինատեսակներ: Սակայն, մյուս կողմից էլ, հարց է ծագում, թե ինչու հայկական կողմը պատշաճ պատրաստված չէր այս կողմից, եթե վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդների հասնող անօդաչուներ էր գնել4:

Երկու ուղղություններով էլ հայկական կողմը տարածքային որոշակի կորուստներ ունեցավ: Թեպետ պաշտոնական Երևանը հետագայում այդ կորուստները գնահատեց ոչ ռազմավարական, բայց չպետք է մոռանալ, որ ամեն դեպքում Արցախի Հանրապետությունը տարածքներ կորցրեց: 1994 թվականից ի վեր եղավ ստատուս քվոյի փոփոխություն ի դեմս Ադրբեջանի կողմից տարածքային նվաճման՝ որքան էլ որ թանկ լիներ Ադրբեջանի համար դրա դիմաց վճարված գինը: Ադրբեջանում պետական քարոզչությունը սկսեց ակտիվորեն աշխատել հասարակության մեջ պարտվածի հոգեբանության սինդրոմը կոտրելու ուղղությամբ: Այսպիսով, տարիներ շարունակ ինտենսիվորեն վերազինված և հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա կուտակած Ադրբեջանի կողմից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծումը կարելի է սպասված համարել, քանի որ բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում ռազմական ճանապարհն Ադրբեջանի համար մնում է ստատուս քվոյի փոփոխության միակ տարբերակը:

Այդ օրերին պաշտոնական Բաքուն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարթակում շրջանառության մեջ դրեց 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ գաղափարը՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց տալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու բանակցային գործընթացում5: Պաշտոնական Երևանն էլ սկսեց խոսել ավելի կոշտ և պահանջատերի լեզվով. ՀՀ նախագահն առաջադրեց երեք հիմնական նախապայման, որոնց կատարման դեպքում միայն կհամաձայներ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դրանք էին՝ պատերազմ չվերսկսելու երաշխիքներ, շփման գոտում հրադադարի կատարման մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, Ադրբեջանը՝ որպես ապրիլյան ռազմական էսկալացիայի համար ագրեսոր ճանաչում6:

Մայիսի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որից առաջ կողմերը նախնական համաձայնություն էին ձեռք բերել Սերժ Սարգսյանի առաջադրած առաջին երկու սկզբունքների շուրջ: Իսկ Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց միայն սահմանային միջադեպերի հետաքննության և մոնիթորինգի մեխանիզմների ստեղծման մասով7: Սակայն, որպես այդպիսիք, չդրվեցին հստակ կատարման ժամկետներ, ինչը թույլ տվեց եզրակացնելու, որ սրանց կատարման դեպքում ևս հետագայում Ադրբեջանը կարող է մանևրել:

Հաջորդ խնդիրը Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղան վերադառնալու հարցի քննարկումն է: Վիեննայից հետո ռուսաստանցի համանախագահող Իգոր Պոպովը հայտարարեց, որ բանակցությունների ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ. չէ՞ որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ապրելու են այդ տարածքում8: Սակայն պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց օգտվել ստեղծված իրավիճակից՝ փոխելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, թեպետ դեռ հարց է, թե արդյոք պաշտոնական Երևանն այդ ժամանակ իր առջև նման խնդիր դրեց: Պաշտոնական Երևանն ապրիլ-մայիս ամիսներին ակտիվ շրջանառության մեջ էր դրել Արցախի Հանրապետության ճանաչման, ինչպես նաև վերջինիս հետ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրման գաղափարները, սակայն վերջինս զգուշավորություն դրսևորեց այս հարցում ևս՝ խուսափելով նոր հնարավոր ռազմական էսկալացիայից: Գաղտնիք չէ, որ Արցախի կարգավիճակի միակողմանի դե յուրե ճանաչումը բանակցող երկրներից մեկի կողմից կդիտարկվի որպես բանակցային գործընթացի ավարտ և ռազմական նոր փուլի մեկնակետ:

Հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացավ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Սպասելիքներն այս հանդիպումից մեծ էին, սակայն, ինչպես հետո պարզվեց, այս հանդիպումը համալրելու էր հերթական արարողակարգային հանդիպումների շարքը9: Պետերբուրգյան հանդիպումից ընդամենը 5 օր անց Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ստեղծելու կարիք չկա՝ դրանով իսկ զրոյացնելով նախորդ ամիսներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Մյուս կողմից էլ, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ անվտանգության հարցերով պատասխանատու միջազգային կառույցների կողմից պատշաճ և հասցեական գնահատականներ չտրվեցին ապրիլյան ռազմական էսկալացիայի մեղավորների մասին: 2016թ. դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ընդունեցին համատեղ հայտարարություն10, որով դատապարտում էին ապրիլյան ռազմական գործողությունները, դրանց ընթացքում ծանր զինտեխնիկայի կիրառումը՝ կոչ անելով հարգել Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Փաստորեն, բանակցային տարին ամփոփող այս հայտարարությունը ևս ուներ անհասցե բնույթ և արվում էր ընդհանուր մեսիջների ու կոչերի տեսքով:

Հակամարտության կարգավորման շուրջ 2017թ. բանակցային գործընթացը հենված էր այն նոր իրողությունների վրա, որոնք առաջ էին եկել ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ինչպես նաև այն հիմնական հարցերի վրա, որոնք առաջադրվել էին Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Տարվա ընթացքում նախարարական մակարդակով և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները բազմաթիվ էին, սակայն դրանք բոլորն էլ համալրում են հերթական արարողակարգային հանդիպումների շարքը: Թերևս, մի պարզ պատճառով արարողակարգային կարելի է բնութագրել նաև երկու երկրների նախագահների միջև կայացած հանդիպումը. կարճատև դադարից հետո Ադրբեջանը կրկին վերադառնում է դիվերսիոն գործողությունների տակտիկային: Բանակցող երկրների ղեկավարների միակ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 16-ին Ժնևում: Կայացած առանձնազրույցից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ11: Դրանում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել սահմանային շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Կարծում ենք, որ 2017թ. ընթացքում բանակցային գործընթացում արձանագրված պասիվությունն ու սահմանային շփման գծում նախորդ իրողությունների ֆոնին հարաբերական խաղաղության պահպանումն առաջին հերթին պայմանավորված էր երկու երկրներում 2018թ. անցկացվելիք ղեկավարների ընտրության գործընթացին նախորդող աշխատանքներով:

Վերջին երկու տարիներին բանակցող կողմերն ավելի ու ավելի շատ են խոսում սեփական դիրքերի ամրապնդման մասին՝ դրանով իսկ փաստելով բանակցություններում զիջումների գնալու պատրաստակամության թուլացման կամ, ընդհանրապես, անկման մասին: Պաշտոնական Երևանը, ի դեմս հանրապետության երրորդ նախագահի, մեկ անգամ չի արձանագրել, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը կարող է սահմանվել միայն Ադրբեջանի կազմից դուրս և այն պետք է լինի ոչ ավելի ցածր, քան ներկայում է: 2017թ. աշնանը ՄԱԿ 72-րդ նստաշրջանում Գլխավոր ասամբլեայի հարթակից ելույթի ընթացքում անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ելքի դեպքում Լեռնային Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ և ազատություն ունենալ, քան ունի այսօր, իսկ Արցախի ինքնորոշումը և անկախությունն արդեն իսկ կայացած փաստ են, և դրանից նահանջել չի լինի12:

Ադրբեջանի ղեկավարն էլ ոչ միայն չի բավարարվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներով, այլև սկսել է մեծացնել հայկական կողմից իր պահանջների աշխարհագրությունը: Սույն թվականի փետրվարի 9-ին, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության համաժողովում, Իլհամ Ալիևն ասել է, որ պետք է վերադարձնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Երևանը: Նա իր ելույթում ասել է, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, որն Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծումից հետո տրվել է հայերին13: Վերջինս ավելացրել է նաև, որ Ադրբեջանի ռազմավարական ու քաղաքական նպատակը պետք է դառնա քիչ-քիչ մոտենալ Ադրբեջանի «պատմական» տարածքները վերադարձնելուն, որոնց մեջ է մտնում ներկայիս Հայաստանի Հանրապետության մի մասը:

Փաստորեն, պաշտոնական Բաքուն ավելի շուտ բացեց խաղաթղթերը և սկսեց խոսել տարածքային նկրտումների մասին: Կարծում ենք, որ սրանով Ալիևը ևս մեկ անգամ ապացուցեց այն թեզի իրավացիությունը, համաձայն որի՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության մի մասը միայն, և հարևան ագրեսորն ավելի մեծ նվաճողական ձգտումներ ունի: Մյուս կողմից էլ, այս ամենը կարող է վկայել ընդամենը այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարը կտրվել է իրականությունից և անում է ամեն հնարք հասարակությանը շեղելու համար: Սակայն ինչ նպատակներով էլ որ Ադրբեջանի ղեկավարն այդ հայտարարությունն արած լինի, այն պետք է զգաստացնող ազդակի դեր ունենա մեր ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործիչների համար:

Նշենք, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել էր հրամանագիր երկրում նախագահական ընտրություններն ընթացիկ տարվա հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու վերաբերյալ14: Արդյո՞ք Ադրբեջանը նոր խրամատներ է փորում բանակցային ճակատում, թե՞ արտաքին լսարանին է զվարճացնում՝ ավելի պարզ կդառնա բանակցությունների հետագա փուլում: Ինչ էլ որ ընկած լինի Ալիևի հայտարարության հիմքում՝ կարծում ենք, անհրաժեշտ է դրան ավելի լուրջ վերաբերվել. չէ՞ որ արդեն առնվազն մեկ անգամ պաշտոնական Բաքուն ցույց է տվել հակամարտության կարգավորման իր նախընտրած սցենարը: Ուստի, պետք է պատրաստ լինել ամենածայրահեղ զարգացումների, քանի որ հարևան երկրի ղեկավարությունը սեփական իշխանությունը պահելու համար ընդունակ է սանձազերծելու նոր պատերազմ:

Պաշտոնական Երևանի պատասխանը չուշացավ. նախագահ Սարգսյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը հեռու է Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ կարգավորելուց15: 2018թ. փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Նախագահ Ալիևը ոչ ավելի, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»16:

2018թ. մայիսի ընթացքում հետաքրքիր զարգացումներ ընթացան Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ներհայաստանյան դիսկուրսում: Դա պայմանավորված էր Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական զարգացումների հետ, որոնց արդյունքում կատարվեց իշխանափոխություն, և երկրի փաստացի ղեկավարումը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը: Չանդրադառնալով Հայաստանում կատարվող ներքաղաքական իրողությունների մանրամասներին՝ փորձենք ներկայացնել երկրի նոր իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Նախ՝ ավելորդ չենք համարում նշել, որ ի սկզբանե հայաստանյան քաղաքագիտական հանրույթում կար մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանն ունի որոշակի տարբերվող դիրքորոշում Ղարաբաղյան հարցում, իսկ որպես հիմնավորում նշվում էին վերջինիս կողմից նախկինում արված որոշակի հայտարարություններ կամ առանձին մտքեր:

Սակայն այս հարցում ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ վարչապետը Շուշիի ազատագրման տարելիցի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների շրջանակներում այց կատարեց Արցախի Հանրապետություն: Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն փաստը, որ պատահական չէ իր առաջին պաշտոնական այցը հենց Արցախի Հանրապետություն17: Փաստորեն, Հայաստանի վարչապետը հստակ մեսիջ է հղում միջազգային հանրությանն առ այն, որ Ղարաբաղյան հիմնահարցում պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգը չի փոխվել. այն առնվազն չի թուլացրել իր նշանակությունը:

Ղարաբաղյան հարցում ՀՀ նոր վարչապետի ամբողջական դիրքորոշումն արդեն արտահայտվեց մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախի, Հայաստանի ու միջազգային լրատվամիջոցներին տրված մամուլի ասուլիսի ժամանակ: Այստեղ հնչած այն հարցին, թե ինչպես է տեսնում վարչապետն Ադրբեջանի հետ փոխզիջումների ճանապարհով բանակցությունների ճանապարհը, վերջինս պատասխանեց. «Քանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությունով, փոխզիջումների մասին խոսել անիմաստ է: Մենք պատրաստ ենք քննարկել փոխզիջումների հարցը, երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»18: Կարող ենք փաստել, որ այս հայտարարությունով ՀՀ վարչապետը ոչ միայն ամբողջությամբ չեզոքացրեց մինչ այդ իր անձի մասին եղած զիջողական տրամադրությունների վերաբերյալ մեղադրանքները, այլև ավելի կոշտ դիրքորոշում արտահայտեց Ղարաբաղյան հիմնախնդրում, քան ՀՀ նախկին ղեկավարները: Վերջինս պաշտոնական Բաքվի՝ Ղարաբաղյան հարցում ՀՀ նոր ղեկավարությունից զիջումների ակնկալիքներին ի հակակշիռ, սկսում է խոսել հենց այն լեզվով, որով տարիներ շարունակ խոսում է Բաքուն, այն է՝ նախապայմանների լեզվով:

Կարևոր ենք համարում նաև ՀՀ վարչապետի շեշտադրումներն Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին: Վերջինս ստեղծված իրավիճակը, երբ Արցախի Հանրապետությունը դուրս է բանակցային գործընթացից, անհեթեթ համարեց, քանի որ, ըստ Փաշինյանի, Արցախի շահերը կարող է ներկայացնել միայն Արցախի Հանրապետությունը19:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, չսպասելով Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպմանը, արդեն իսկ առաջ է քաշում հարցադրումներ, որոնք, թվում է, պետք է դառնան բանակցային սեղանին դրվելիք առանցքային հարցերը: Սակայն դժվար է պատկերացնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այս խայծը: Մյուս կողմից էլ, արդյո՞ք ՀՀ վարչապետը հետագայում ևս կշարունակի պնդել այս հարցադրումների՝ որպես բանակցային գործընթացի շարունակության հիմք-նախապայմանների վրա: Չնայած Փաշինյանի առաջ քաշած հարցադրումներն անհրաժեշտ են և կարևոր, դրանք դրականորեն չեն տրամադրում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հետագա երկխոսության կայացման հանդեպ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ղարաբաղյան հարցում պաշտոնական Երևանի՝ մինչև այժմ վարվող քաղաքականությունում «կոշտ հարցադրումներ-հետքայլ» ձևաչափի բազմակի փորձը, չենք բացառում սցենարի կրկնություն նաև այս դեպքում:

Իսկ վերջում արդեն ՀՀ վարչապետը խոսեց Արցախի Հանրապետության միջազգային ճանաչելիության բարձրացման և ճանաչման ուղղությամբ կատարելիք քայլերի անհրաժեշտության մասին: Ելնելով այս, ինչպես նաև արդեն իսկ վերը նշված պնդումներից, կարծում ենք, որ վարչապետի մեսիջները տանում են դեպի Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, ճանաչման հարցում ՀՀ դիրքորոշման ամրապնդմանը:

Փաստորեն, ականատես ենք լինում մի գործընթացի, երբ մի կողմից՝ Ադրբեջանը մեծացնում է լայնամասշտաբ ագրեսիա կիրառելու սպառնալիքները, մյուս կողմից էլ, պաշտոնական Երևանը խոսում է Արցախի Հանրապետության՝ կայացած պետություն լինելու մասին, ինչը նշանակում է, որ, փաստացիորեն, Երևանի համար հարցը գոնե Արցախի կարգավիճակի մասով արդեն լուծված է: Կարծում ենք, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պայմաններում Արցախի Հանրապետության զարգացումը, պետականության ամրապնդումն ու միջազգային ճանաչումը շարունակում են մնալ հիմնախնդրի կարգավորման միակ ողջամիտ տարբերակը:

Եվ վերջապես, փորձելով պատասխանել մեր առջև ի սկզբանե դրված հարցին՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը. ներկայում ադրբեջանական կողմը, չունենալով ստատուս քվոն փոխելու այլընտրանք, պատրաստվում է ռազմական գործողությունների, որոնք, մեր կարծիքով, կարող են ավելի երկարատև ու լայնամասշտաբ լինել, քան 2016թ. ապրիլին էին: Հայկական կողմն էլ հիմնական շեշտադրումները կատարում է Արցախի Հանրապետության կայացման ու միջազգային ճանաչման ուղղությամբ քաղաքականության վրա՝ չմոռանալով պատրաստվել նաև հակառակորդի կողմից հավանական ռազմական ագրեսիային:

1 Մադրիդյան սկզբունքներ, ամբողջական տեքստ, http://www.aniarc.am/2017/11/01/madrid-principals-armenian-text/

2 Նալբանդյան. «Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջին տարբերակը», https://www.azatutyun.am/a/24246049.html

3 Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ), http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

4 Իսրայելական «Օրբիտեր» անօդաչու թռչող սարքը՝ ադրբեջանական քարոզչության միջոց, https://razm.info/27419

5 ՀՀ ԱԳՆ․ ապրիլի 5-ի պայմանավորվածությունը չի կարող փոխարինել զինադադարի համաձայնագրին, http://mamul.am/am/video/26598528/

6 Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ինքնաթիռում, https://www.youtube.com/watch?v=WcyRRYSJSw8

7 Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայի հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել, https://armenpress.am/arm/news/847444/minski-khmbi-hamanakhagahox-erkrnery-viennayi-handipman.html

8 «Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա գործընթաց». Իգոր Պոպով, http://www.1in.am/238655.html

9 Սանկտ Պետերբուրգում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, http://www.president.am/hy/press-release/item/2010/06/17/news-1059/

10 Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries,- http://www.osce.org/mg/287531

11 Joint Statement by the Foreign Ministers of Armenia and Azerbaijan and the Co-Chairs of the OSCE Minsk Group,- http://www.osce.org/minsk-group/350091

12 Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, http://m.president.am/hy/statements-and-messages/item/2017/09/20/President-Serzh-Sargsyan-speech-UN-General-Assembly/

13 Ալիևը սպառնում է՝ «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են», http://www.panarmenian.net/arm/news/251834/

14 Ադրբեջանում՝ արտահերթ նախագահական ընտրություններ, https://www.azatutyun.am/a/29019637.html

15 Ադրբեջանը հեռու է բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից. Սերժ Սարգսյան, http://armtimes.com/hy/article/131002

16 Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին, http://www.president.am/hy/press-release/item/2018/02/17/President-Serzh-Sargsyan-attended-Munich-security-conference/

17 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն, http://www.primeminister.am/hy/Artsakh-visits/item/2018/05/09/Prime-Minister-Nikol-Pashinyan-visited-Artsakh/

18 Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում, 09.05.2018թ., https://www.youtube.com/watch?v=m-byrK9oZFo

19 Նույն տեղում:

Մայիս, 2018թ.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր