• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2017

ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, «Նորավանք» ԳԿՀ խորհրդական

Հարևան երկրների հետ փոխհարաբերությունների կարգավորման և զարգացման հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է: Երկրի արտաքին քաղաքական գերակայությունների շարքին են դասվում նաև Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման, համագործակցության մթնոլորտի և կայուն զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման հիմնահարցերը: Այս մարտահրավերների իրագործման ճանապարհին խոչընդոտները բազմաթիվ են: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում առաջ եկած հիմնական մարտահրավերները կապված էին ակտիվ փուլ մտած տարածքային հակամարտությունների հետ: Արցախյան, Աբխազիայի, Հարավային Օսիայի հիմնախնդիրների և դրանց շուրջ դիրքորոշումների բազմազանության հետևանքով դժվարություններ են առաջանում ինչպես տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այնպես էլ ուժի տարածաշրջանային և միջազգային կենտրոնների հետ փոխհարաբերությունների զարգացման առումներով: Մյուս կողմից էլ, արտաքին քաղաքական և տնտեսական գործընկերների ընտրության հարցում տարածաշրջանի երկրները ցուցաբերում են տարբերակվող մոտեցումներ: Հայաստանի պարագայում արցախյան հիմնախնդրի առկայությունը ստիպում է առաջնային հարթության վրա դնել երկրի անվտանգության հարցը. Հայաստանի Հանրապետությունը հետխորհրդային տարածքի երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում է տեսնում երկրի անվտանգության համար բավարար պայմանների ապահովումը: Անվտանգության հարցը հիմնային նշանակություն ունի նաև հարևան Վրաստանի համար, սակայն Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությունը ստիպեց վերջինիս անվտանգության երաշխիքներ փնտրել Արևմուտքում՝ ի դեմս եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի [1, 28-32]:

Հարավային Կովկասում առկա խնդիրների, հատկապես Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների ու նրանց միջև փոխհարաբերությունների վերաբերյալ լավագույն ձևակերպումներից մեկը տալիս է Հարավային Կովկասի, հետխորհրդային տարածքի ու Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկացի հետազոտող, «Լինքս» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն Դենիս Սամութը. «Հարավային Կովկասում առաջացավ մեծ ճեղք, և Հայաստանն ու Վրաստանը մնացին դրա տարբեր կողմերում: Հայաստանը շրջափակման պայմաններում լավ է գիտակցում Վրաստանի տարանցիկ նշանակությունը, իսկ Վրաստանն էլ, իր տարածքում ունենալով մեծաթիվ հայ համայնք, չի կարող ապահովել ներքին խաղաղություն, եթե լինեն լարված հարաբերություններ Հայաստանի հետ: Եվ այս միտումն ակնհայտ երևում է ոչ միայն երկկողմ փոխհարաբերություններում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության ծրագրերում երկու երկրների մասնակցության գործընթացում» [2, 37]: Խոսքերի հեղինակն ակնհայտ ակնարկում է, որ, թեպետ Հայաստանն ու Վրաստանն ունեն արտաքին քաղաքական կողմնորոշումներում սկզբունքային տարբերություններ, նրանց զսպում և հակակշռում են միմյանցից տնտեսական ու քաղաքական կախվածության որոշ տարրեր:

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիան առաջիններից մեկը փորձեց լրացնել այն քաղաքական բացը, որն առաջացել էր Հարավային Կովկասում: Թուրքիան, որ նույնիսկ ԽՍՀՄ գոյության տարիներին չէր հրաժարվում Ադրբեջանի հետ ուղիղ կապ հաստատելու գաղափարից, չէր կարող չօգտվել ընձեռված հնարավորությունից: Տարածաշրջանում ամրապնդվելու համար մղվող պայքարին հիմնականում մասնակցում էին Թուրքիան և Ռուսաստանը: Իսկ Իրանը, ունենալով մեծ հետաքրքրություններ տարածաշրջանում, արևմտյան պատժամիջոցների առկայության պայմաններում քիչ հնարավորություններ ուներ դրանք իրագործելու: Այստեղ տեղին է հիշել նախկին ԽՍՀՄ երկրների հետ ԱՄՆ ռազմավարության մշակող Սթրոուբ Թելբոթի՝ Անդրկովկասի երկրների մասին 1998թ. Կոնգրեսում ունեցած ելույթի հետևյալ հատվածը. «Մենք շարունակում ենք տարածաշրջանի երկրներին հետ պահել Իրանի հետ սերտ կապեր զարգացնելուց: Ավելին, մենք թույլ չենք տա տարածաշրջանի որևէ երկրի այնտեղ քաղաքական կամ տնտեսական հեգեմոն դիրքեր զբաղեցնել: Մենք կշարունակենք աշխատել Կովկասի բոլոր երկրների հետ, որպեսզի կանխենք Իրանի ազդեցության աճը տարածաշրջանում» [3]:

Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, օգնում էին Թուրքիային Անդրկովկասը Ռուսաստանից «կտրելու» հարցում: Դրա առաջին խոշոր արդյունքը գրանցվեց արդեն 1997թ., երբ Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի մասնակցությամբ ձևավորվեց ՎՈւԱՄ-ը, որը պետք է ժամանակի ընթացքում հակակշռեր ռուսական ազդեցությամբ հետխորհրդային տարածքում ձևավորված կառույցներին: Կառույցի ձևավորմամբ նոր փուլ թևակոխեց նաև վրաց-ադրբեջանական համագործակցությունը:

Ադրբեջանը Թուրքիայի համար կարևորվում է նաև Միջին Ասիայի թուրքալեզու երկրների հետ կապվելու տեսանկյունից: Մյուս կողմից էլ, ադրբեջանական նավթն ու գազն իր երկրի տարածքով դեպի Եվրոպա արտահանելով՝ Թուրքիան ձեռք է բերում տնտեսական և քաղաքական հզոր գործիք: Թուրքական բարեկամ երկրի հետ Իրանի վրայով կապ հաստատել հնարավոր չէր օբյեկտիվ պատճառներով. Իրանն ու Թուրքիան գտնվում են չհայտարարված պայքարի մեջ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մահմեդական աշխարհում հեգեմոնիայի համար: Արցախյան պատերազմով, իսկ հետո արցախյան հիմնախնդրով պայմանավորված՝ առաջացել էր դիվանագիտական վակուում հայ-թուրքական հարաբերություններում, ուստի հետզհետե բացառվում էր նաև Հայաստանի տարբերակը: Թեև 1990-ականներին Թուրքիան առաջարկում էր Հայաստանին հենց իր տարածքով զարգացնել Արևելք-Արևմուտք էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության ծրագրերը, իսկ դրա գինը պետք է լիներ Արցախը:

Այս պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջին պլան մղվեց Անկարա-Թբիլիսի-Բաքու եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացումը: Այս համագործակցության կայացման գործընթացն սկզբից ևեթ դրվեց տնտեսական հիմքերի վրա: Տնտեսական ուղղությունն ընդգրկում էր երկու հիմնական մեխանիզմ՝ էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության ծրագրեր: 1993թ. հուլիսին Անկարայում թուրք-վրացական տրանսպորտային հանձնաժողովի քննարկման ժամանակ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց Կարս-Թբիլիսի երկաթգծի կառուցման գաղափարը [4]: 2005թ. մայիսի 25-ին Բաքվում երեք երկրների նախագահները ստորագրեցին Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մտադրության վերաբերյալ հուշագիր [5]: Իրականում այս երկաթգիծն անցնում է ոչ թե Թբիլիսիով, այլ Ախալքալաքով, իսկ անվան ընտրությունը կատարվել է դրա տարածաշրջանային նշանակությունը շեշտադրելու համար: Հայաստանն առաջարկում էր վերանորոգել և շահագործել Կարս-Գյումրի երկաթգիծը, իսկ այնտեղից արդեն գործում է Գյումրի-Թբիլիսի երկաթուղին: Այս հարցով Թուրքիայի հետ երկխոսության գործում պաշտոնական Երևանը միշտ ակնկալել է Թբիլիսիի աջակցությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ Կարս-Գյումրի երկաթգիծը սկզբնական շրջանում ներգրավված էր ՏՐԱՍԵԿԱ (TRACECA-Transport Corridor to Europe-Caucasus-Asia) ծրագրի հիմնական երկաթուղիում [6]: Հաշվի առնելով այն, որ Կարս-Գյումրի երկաթգիծն այն եզակի գործոններից էր, որը կարող էր ստիպել Թուրքիային դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների կանոնակարգման հնարավորությունը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը կարող է խորացնել հայ-թուրքական առճակատումը: Պաշտոնական Երևանն զգուշանում է նաև, որ թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցության զարգացումն արվում է Հայաստանի շահերի հաշվին: ՏՐԱՍԵԿԱ ծրագիրն ունի նաև հսկայական քաղաքական նշանակություն, ուստի ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Վրաստանը մտադիր չէ հանուն Հայաստանի շահերի կորցնել քաղաքական և տնտեսական լծակներ ձեռք բերելու իր հնարավորությունը: 1998թ. ամրագրվեց ՏՐԱՍԵԿԱ ծրագրի իրավական կարգավիճակը, երբ տարածաշրջանի 12 երկրներ ստորագրեցին «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ հիմնական բազմակողմ համաձայնագիրը» [7]:

Անդրկովկասի երկրների միջև համագործակցության հեռանկարների առումով Վրաստանի նախագահ Է.Շևարդնաձեն լավատես էր, նա նաև բարձր էր գնահատում Վրաստանի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացում: Այս առումով հատկանշական է 1999թ. նոյեմբերի 25-ին Վրաստանի կառավարության նիստում վերջինիս ելույթը. «Վրաստանին եզակի դեր է տրված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու գործում: Մենք պետք է տարածաշրջանում Հայաստանի մասնակցությամբ այնպիսի ծրագրեր մշակենք, որոնք կընդգրկեն ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական, այլև տնտեսական ձևաչափեր: Պետք է ձգտենք այնպես անել, որ Հայաստանն իրեն օտարացած չզգա տարածաշրջանային ծրագրերից» [8]: Ինչպես արդեն վերը շեշտեցինք, տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններում հավասարակշռությունը պահելու հարցում պաշտոնական Թբիլիսին, արարողակարգային բնույթի հայտարարություններից բացի, ոչինչ չի արել: Մյուս կողմից՝ չենք կարծում, թե կարելի է մեղադրել Վրաստանի քաղաքական ղեկավարներին սեփական երկրի տնտեսական շահերը հարևան երկրի շահերից վեր դասելու համար:

Թեև եռակողմ համագործակցության հիմքերը դրվել էին Վրաստանում Է.Շևարդնաձեի նախագահության շրջանում, տարածաշրջանում էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության առաջին եռակողմ ծրագրերն իրականություն դարձան Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլու նախագահության տարիներին: «Վարդերի հեղափոխությունից» կարճ ժամանակահատված անց Վրաստանը զգալիորեն ավելացրեց այդ ծրագրերի իրագործմանն ուղղված ջանքերը: Մինչդեռ Մ.Սաակաշվիլին միշտ չէ, որ աչքի է ընկել հակառուսական կեցվածքով և բացահայտ առավելություն տվել տարածաշրջանի թյուրքական երկրների հետ համագործակցությանը: Այդ է վկայում նախընտրական շրջանում 2003թ. դեկտեմբերի 4-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը նրա տված հարցազրույցը: Նա ասում է, որ իր առաջին այցը կատարելու է Մոսկվա՝ վճռականություն հայտնելով զարգացնելու ՌԴ-ի հետ փոխհամագործակցությունը բոլոր ուղղություններով՝ սկսած անվտանգությունից մինչև տնտեսական համագործակցության ընդլայնումը: Նա ընդգծում է նաև, որ Վրաստանի անվտանգության ապահովման երաշխիքները գտնվում են Մոսկվայում և ԱՊՀ տնտեսական կառույցներին ինտեգրվելու մեջ, իսկ ՎՈւԱՄ հետագա զարգացման հեռանկարներ չի տեսնում [9]:

Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական բավական ամուր հիմքեր ապահովելուց հետո ձեռնամուխ եղավ նաև ռազմաքաղաքական համագործակցության ծրագրերի մշակմանը: Առաջին ձևաչափը նախատեսում էր համագործակցություն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Այս գաղափարն առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց 1999թ. վերջից և քննարկվեց 2000թ. Տրապիզոնում արտաքին գործերի նախարարների եռակողմ բանակցությունների ժամանակ [10]: Պաշտոնական Թբիլիսին հայտարարում էր, որ այդ նախաձեռնությունն իրենք դիտարկում են իրենց արտաքին քաղաքականության սկզբունքային դիրքորոշման՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության երկրների հետ բազմակողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղեգծի մեջ: Իսկ պաշտոնական Երևանի այն մտահոգությանը, թե արդյոք այդ համագործակցությունը չի նպաստի տարածաշրջանում նոր բաժանարար գծերի առաջացմանը, Թբիլիսին պատասխանում է, որ դա ուղղված է ողջ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը [11]: Թուրք-վրացական ռազմական համագործակցության առաջին արդյունքն այն եղավ, որ 2001թ. հունվարի 28-ին Վրաստանի Մառնեուլ քաղաքում բացվեց Թուրքիայի օժանդակությամբ վերազինված ռազմաօդային բազան:

Ռազմական համագործակցությունը նոր փուլ մտավ 2006թ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացումից հետո: 2007թ. փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին Թբիլիսյան հռչակագիրը: Վրաստանի մայրաքաղաքում հավաքվելու առիթը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի պայմանագիրն էր: Սակայն կնքված փաստաթուղթը վերաբերում էր տարածաշրջանում երեք երկրների ռազմավարական համագործակցության քաղաքական դիրքորոշմանը:

2008թ. վրաց-հարավօսական պատերազմից անմիջապես հետո Թուրքիան առաջ քաշեց Կովկասում անվտանգության և համագործակցության պլատֆորմի ստեղծման գաղափարը: Նախատեսվում էր դրա մեջ ներառել Հարավային Կովկասի երեք երկրները, Թուրքիան և Ռուսաստանը: Նպատակը՝ ստեղծել երկխոսության հարթակ տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման համար: Թեև առաջարկ ստացած երկրներից և ոչ մեկը չառարկեց, սակայն այս պլանը շուտով սառեցվեց: Հիմնական բացն այն էր, որ մասնակցության որևէ ձևաչափ չէր նախատեսվում տարածաշրջանի դե-ֆակտո գոյություն ունեցող երկրների համար, մինչդեռ նրանց մասնակցությունը կբարձրացներ նախատեսվող ձևաչափի արդյունավետությունը:

2012թ. հունիսի 8-ին Տրապիզոնում երեք երկրների արտգործնախարարները ստորագրեցին Տրապիզոնի հռչակագիրը, որով նախատեսվում է.

- միջազգային կազմակերպություններում միասնական և միմյանց աջակցելու քաղաքականություն,

- համագործակցություն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների կարգավորման հարցում՝ հիմք ընդունելով Ադրբեջանի և Վրաստանի միջազգայնորեն ընդունված սահմանները,

- խթանել համագործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական,

- շարունակել համատեղ աշխատանքը ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շուրջ, որի արդի փուլը ներառում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը,

- հաստատել Բաքվի միջազգային ծովային առևտրի նոր նավահանգստի կառուցման նախագիծը, որը կդառնա հաջորդ կարևոր կապող օղակը արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքում [12]:

Սա եռակողմ առաջին պաշտոնական նման փաստաթուղթն է, որը համարժեք է ռազմավարական փաստաթղթի: Տրապիզոնի հռչակագրով, փաստորեն, եռակողմ տնտեսական համագործակցությունը դրվեց նոր հարթության վրա՝ ամրապնդվելով քաղաքական համագործակցության բավական բարձր մակարդակի փաստաթղթով:

2012թ. հունիսի 26-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին Տրանսանատոլիական (TANAP - Trans-Anatolian Pipeline) նոր գազատարի կառուցման համաձայնագիրը: Նախատեսվում է այս գազատարով Կասպից ծովի գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա: Սակայն, կապված Միջին Ասիայի երկրների գազային ռեսուրսների արտահանման շուրջ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների հետ, այս գազատարի արդյունավետության մասով դեռևս բազմաթիվ հարցեր կան:

Եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունն առավել ակտիվ փուլ մտավ 2014թ. օգոստոսին պաշտպանության նախարարների մակարդակով Նախիջևանում կայացած հանդիպումից հետո: 2015թ. մայիսի 4-ին Անկարայում երեք երկրների զինված ուժերի ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել է երկաթուղային գծերի և էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքների անվտանգության հարցը: Ստորագրված արձանագրությամբ որոշվել է ստեղծել երեք երկրների զինված ուժերի միացյալ խումբ: 2015թ. վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, դեկտեմբերի 17-ին Ստամբուլում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որտեղ հիմնական շեշտը դրված էր պաշտպանական անվտանգության և զինված ուժերի արդիականացման հարցերի վրա: Եթե նախկինում Թուրքիան խուսափում էր բարձրաձայն խոսել Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելության հարցում իր դիրքորոշման մասին, ապա ներկայում դա անում է հատուկ շեշտադրումով: 2016թ. փետրվարի 19-ին Թբիլիսիում արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուն հայտարարեց, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածք են [13]:

Մի քանի անգամ հետաձգվելուց հետո, 2016թ. ավարտին նախատեսվում էր նաև կատարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը, սակայն մինչ օրս երկաթգծի որոշ հատվածների աշխատանքներն անավարտ են, և դրա բացումը նախատեսվում է 2017թ. գարնանը: Ծրագրվում է դրանով տարեկան 5 մլն տոննա բեռ և 1 մլն մարդ տեղափոխել: Իսկ հետագայում այս ծավալները պետք է եռապատկվեն: Միայն վրացական հատվածի շինարարության վրա նախօրոք նախատեսվածից չորս անգամ ավելի մեծ գումար է ծախսվել, որը կազմում է $775 մլն: Վրացական հատվածի ծախսերը կատարվել են Ադրբեջանի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վրաստանն ուղղակի մխրճվում է ադրբեջանական ու թուրքական տնտեսական կախվածության ճահճի մեջ, ինչը ժամանակի ընթացքում ավելի քիչ հնարավորություններ է տալիս վերջինիս դուրս գալ թյուրքական տնտեսական ազդեցությունից [14]:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ընդլայնվող համագործակցությունը ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ երանգներով է ցույց տալիս Հայաստանի դեմ ուղղվածությունը, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանն ուղղված միտումը: Կարծում ենք, որ այն կարող է վտանգել տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը: 2012թ. ընտրություններից հետո Վրաստանի կառավարության նոր ղեկավար Բ.Իվանիշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Բաքու, ինչը խոսում է երկրի արտաքին քաղաքականության ընտրված ուղենիշների պահպանման մասին: Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը Թուրքիան է, և Վրաստանում օտարերկրյա ամենամեծ ներդրումները թուրքական կապիտալով են: Սա խոսում է այն մասին, որ մոտ ապագայում էլ Վրաստանի համագործակցությունը հարևան թյուրքական երկրների հետ շարունակելու է ընդունել նոր ծավալներ:

Կարծում ենք, որ սա բավական լուրջ մարտահրավեր է Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ու քաղաքական անվտանգությանը: Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ այս համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Սակայն կարծում ենք, որ Վրաստանն անուղղակիորեն ներքաշվում է Հայաստանի մեկուսացման մեջ: Եռակողմ պաշտոնական հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Հայաստանի ագրեսոր լինելու և այդ ագրեսիան չեզոքացնելու անհրաժեշտության մասին: Որքան էլ Թբիլիսին փորձի չեզոքություն պահպանել հայ-ադրբեջանական հարաբերություններում, Արցախի Հանրապետությունում կամ ՀՀ-Ադրբեջան շփման գծում ռազմական սրացման պայմաններում Վրաստանը կարող է կողմնորոշվել ոչ թե դեպի քրիստոնյա Հայաստանը, այլ դեպի տնտեսական ավելի խոշոր գործընկերները, և անուղղակիորեն նպաստել Հայաստանի տնտեսական շրջափակմանը:

Այս համագործակցության ազդեցության թուլացման և այլընտրանքների ճանապարհին մեր առաջին քայլերը տեսնում ենք երկու հիմնական ուղղություններով. Նախ՝ անհրաժեշտ է ամրապնդել տնտեսաքաղաքական կապերը եվրոպական երկրների հետ, իսկ տարածաշրջանային մակարդակով դրան հակազդել Ռուսաստան-Հայաստան-Իրան ձևաչափով համագործակցությունով, մանավանդ որ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո նոր հնարավորություններ են բացվել: Կարծում ենք, Իրանի հետ համագործակցության մեջ անհրաժեշտ է հնարավորինս ներգրավել նաև Վրաստանը՝ դրանով իսկ որոշ չափով նրան «կտրելով» թյուրքական երկրներից: Մանավանդ որ այս ուղղությամբ արդեն որոշակի նախադրյալներ կան՝ ի դեմս Իրան-ՀՀ-Վրաստան եռակողմ և Իրան-ՀՀ-Վրաստան-Ռուսաստան քառակողմ տնտեսական համագործակցության ծրագրերի: Իսկ Վրաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացման համար կարևոր գրավական կարող են դառնալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն ու աբխազական երկաթուղու վերագործարկումը:

Կարծում ենք, որ այս հարցում Վրաստանում կա դրական զարգացման որոշակի միտում: Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վրացական խորհրդարան անցած երրորդ քաղաքական ուժը Վրաստանի հայրենասերների դաշինքն է, որը ոչ պաշտոնապես անվանում են նաև ռուսամետ քաղաքական ուժ: Թեև այս որակումը միանշանակ չէ, քանի որ դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ այս ուժի ներկայացուցիչները, որոնք հենվում են հիմնականում հակաթուրքական թեզերի վրա (նրանք մեղադրում են Թուրքիային 1918թ. Վրաստանի տարածքների շուրջ 33%-ի զավթման մեջ, ինչպես նաև վստահ են, որ Թուրքիան ցանկանում է զավթել վրացական Աբխազիան և Աջարիան ևս), մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն օկուպանտ են որակել: Մյուս կողմից՝ վրացական խորհրդարան չանցան հիմնական արևմտամետ «Ազատ դեմոկրատներ» և Հանրապետական կուսակցությունները, որոնք 2012 թվականից ղեկավարում էին երկրի պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Վրացական խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Վրաստանում աստիճանաբար ավելի մեծ ծավալներ են ընդունում հակաթուրքական տրամադրությունները, ինչը բխում է վերջինիս կողմից երկրում իրականացվող տնտեսական էքսպանսիայից: Մյուս կողմից՝ Վրաստանում ավելանում է այն քաղաքական գործիչների թիվը, ովքեր պատրաստ են երկխոսության սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ: Ավելին, փոխվել է նաև ռուսների նկատմամբ վրացական հասարակական կարծիքը: Ներկայում Վրաստանում չկա այն բացահայտ հակառուսական տրամադրությունը, ինչն առաջացել էր 2008 թվականից հետո: Կարծում ենք, որ այս երկու փաստերը բխում են Հայաստանի շահերից, ավելի է մեծանում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ուստի և Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցության զարգացման հեռանկարը: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ տարանցման հարցում բանակցություններում դրական արդյունքները ուղիղ համեմատական են ռուս-վրացական երկխոսության կայացմանը: Մյուս կողմից՝ այս հարցում անհրաժեշտ է մի փոքր մեծացնել ճնշումը Թբիլիսիի վրա, մանավանդ որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում մեծացել են հարավային և հյուսիսային ուղղություններով երկխոսության զարգացման տրամադրությունները:

Փետրվար, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Armenian-Georgian Relations: Challenges and Opportunities for the Bilateral Cooperation, PSAA-CSS, Yerevan, 2014.

2. ՀՀ ԱԳՆ պատմա-դիվանագիտական բաժնի նյութեր (ՊԴԲ), ցուցակ 6, գործ 135։

3. Томас де Ваал, «Грузия и ее дальние соседи», Государственность и безопасность: Грузия после «революции роз», Лондон, 2005.

4. Massima Gaudiano, Can Energy Security Cooperation Help Turkey, Georgia and Azerbaijan to Strengthen Western Oriented Links?, NATO Defense College Academic Research Branch Research Note, N. 5, June 2007.

5. Мустафа Айдын, «Турецкая политика в отношении Кавказа в 2007г.», Кавказ 2007: Ежегодник Института Кавказа, Ереван, 2009.

6. ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ցուցակ 7, գործ 236։

7. Alexandros Peterson, Integration in Energy and Transport Amongst Azerbaijan, Georgia and Turkey, The London School of Economics and Political Science, 2012.

8. ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ցուցակ 5, գործ 290։

9. ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ցուցակ 9, գործ 165։

10. Scott A. Jones, Crossroads and Conflict Security and Foreign Policy in the Caucasus and Central Asia, London, 2000.

11. ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ցուցակ 6, գործ 135։

12. Trabzon Declaration, Trabzon, 8 June 2012,- http://www.mfa.gov.ge

13. Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, http://www.civilnet.am/news/2016/02/19/turkey-azerbaijan-georgia-fm-trilateral-tbilisi/287357

14. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը նախատեսվում է ավարտել գարնանը, http://www.panarmenian.net/arm/news/230704/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր