• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2016

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Руский

   


Ռոման Կարապետյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ.

Արդի միջազգային քաղաքական գործընթացներում տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ հարթակներն ամենաարագ զարգացող ուղղություններն են, որոնք վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը: Մերձկասպյան-սևծովյան տարածաշրջանում արդեն երկու տասնամյակ գործում է այդպիսի համագործակցության հարթակ՝ ի դեմս Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի: Սկզբում որպես տնտեսական, իսկ այժմ՝ նաև քաղաքական ու ռազմական համագործակցության ձևաչափեր ընդգրկող Արևելք-Արևմուտք ուղղությամբ գործող այս հարթակը բավական արագ զարգանում է՝ առաջացնելով տարածաշրջանի և նրա հարևան երկրների անհանգստությունը: Գաղտնիք չէ, որ այն ուղղակիորեն վնասում է Ռուսաստանի տարածաշրջանային տնտեսաքաղաքական շահերին, ուղիղ ծայրով ուղղված է Հայաստանի դեմ, իսկ տարածաշրջանում թյուրքական գործոնի ակնհայտ մեծացումն անխուսափելիորեն շարժում է պաշտոնական Թեհրանի նյարդերը:

Այս պայմաններում ավելի արդիական ու հրատապ է դառնում տարածաշրջանային նոր առանցքի ձևավորման հարցը, որի հիմնական թիրախային կողմեր են դիտարկվում Իրանն ու Ռուսաստանը, իսկ Հայաստանն ու Վրաստանն առավելապես դիտարկվում են որպես տարանցիկ կամ միջանկյալ կողմեր: Ակնհայտ է, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքում գլխավոր գործող անձինք լինելու են նշված երկու պետությունները, որոնք ունեն բավարար ռեսուրսներ և ներուժ՝ ձևավորելու այս հարթակը: Թեպետ այս ձևափաչով տարածաշրջանային համագործակցության ձևավորման վերաբերյալ և՛ Թեհրանում, և՛ Մոսկվայում բազմիցս է խոսվել դեռևս 1990-ական թվականներից, սակայն այդ ուղղությամբ իրական քայլեր չեն ձեռնարկվել:

Կողմերի շահերը, հիմնական նպատակներն առանցքի ձևավորման շուրջ

Մեր կարծիքով, այս առանցքի ձևավորմամբ շահագրգռված հիմնական երկրներից մեկն Իրանն է, որը կարող է դառնալ վերջինիս հիմնական շարժիչ ուժը: Իրանը, լինելով էներգետիկ ռեսուրսներով հարուստ պետություն, առաջին հերթին այլընտրանքներ փնտրելու խնդիր ունի էներգակիրների շուկաների բազմազանության առումով: Մյուս կողմից՝ Իրանը խնդիր ունի բարելավել դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ հաղորդակցության ուղիները, իսկ այս առանցքը կարող է հիանալի հնարավորություններ ստեղծել սևծովյան նավահանգիստներով այս ուղղությամբ դուրս գալու տեսանկյունից: Փաստորեն, այս առանցքը կարող է լավ հիմքեր նախապատրաստել Իրանի համար հետագայում Իրան-Կովկաս-Եվրոպա համագործակցության հարթակի և նույն ուղղությամբ էներգետիկ ու տրանսպորտային հաղորդակցության ուղիների զարգացման համար:

Իրանն ունի նաև ավանդական շահեր Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն Իրանի հետ մեկ պետության ներքո համատեղ գոյության բավական երկար պատմություն: Մյուս կողմից՝ տարածաշրջանի քրիստոնյա երկրների հետ համագործակցության զարգացմամբ Իրանը փորձում է հանդուրժողականության իմիջ ձեռք բերել՝ ընդգծելով իր նշանակությունը քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության հարցում: Գաղտնիք չէ նաև, որ Իրանը ջղաձգորեն է արձագանքում տարածաշրջանում թյուրքական երկրների ազդեցության մեծացմանը: Ուստի, Իրանը նաև որոշակի խնդիր ունի հետ քաշել Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության չափից ավելի խորացումից՝ որպես այլընտրանք դիտարկելով Իրան-Հայաստան-Վրաստան առանցքով համագործակցության զարգացումը: Այս առումով հիշարժան են 1998թ. հոկտեմբերին Թբիլիսիում ՀՀ դեսպան Գ.Խոսրոևի հետ հանդիպման ժամանակ Իրանի դիվանագիտական ներկայացուցչի խոսքերը. «...Վրաստանը անհիմն ձևով չափից մեծ ուշադրության է արժանացնում Ադրբեջանին: Վերջինս պետք է սևեռի իր հայացքը դեպի Հայաստան և Իրան ու զարգացնի նրանց հետ եռակողմ համագործակցությունը»:

Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով տնտեսական շրջափակման մեջ, այս առանցքի ձևավորման հիմնական շահագրգիռ կողմերից մեկն է: Գաղտնիք չէ, որ առանցքի բոլոր երեք երկրների հետ հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար: Եթե Վրաստանը հիմնականում ունի տնտեսական նշանակություն, ապա Իրանի և Ռուսաստանի պարագայում դրանք ունեն նաև ամուր քաղաքական կողմեր, իսկ Ռուսաստանի դեպքում՝ նաև ռազմական բաղադրիչներ: Համագործակցության այս հարթակի ձևավորումը թույլ կտա Հայաստանին ոչ միայն դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից, այլև քաղաքական որոշակի խնդիրներ լուծել:

Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, որի հետ առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են մինչև $1,4 մլրդ-ի: Չնայած Հայաստանի հետ առևտրաշրջանառության բավական համեստ ծավալներին1՝ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը Հայաստանը դիտարկում է որպես առաջնահերթ առևտրային գործընկեր2: Երկու երկրները համագործակցության բավական զարգացած տեմպեր ունեն էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում: Գործում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության երկու գիծ, ներկայում կառուցվում է նաև երրորդը: Արաքս գետի վրա կառուցվել է համատեղ հիդրոէլեկտրակայան, այժմ կառուցման փուլում է երկրորդ՝ ավելի հզոր թողունակությամբ նոր կայանը: Գործում է Իրան-Հայաստան գազատարը: Շատ են նաև դեռևս կյանքի չկոչված ծրագրերն ու չիրացված հնարավորությունները: Դրանց շարքին առաջին հերթին կարելի է դասել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրը, որի շուրջ քննարկումները մեկնարկել են դեռևս 1995 թվականից: Մյուսը Թավրիզ-Մեղրի նավթամուղի և Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագիրն է: Համոզված ենք, որ այս նախագծերի իրագործման դեպքում ոչ միայն կմեծանար Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում, այլ նաև ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեին քննարկվող առանցքի ձևավորման համար: 2015թ. Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո պաշտոնական Երևանը նաև մշտապես առաջարկել է, որպեսզի կառույցն ազատ առևտրային հարաբերություններ ձևավորի Իրանի հետ: Այս գաղափարի իրագործման դեպքում բավական լայն հնարավորություններ կբացվեն Հայաստանի համար, քանի որ այն Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև միակ ցամաքային կապող օղակն է:

Վրաստանը, օգտագործելով իր աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանում ստեղծված քաղաքական դրությունը, հայտնվել է առավել բարենպաստ իրավիճակում: Վրաստանի տարանցիկ նշանակությունն Արևելք-Արևմուտք էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության ծրագրերում շատ մեծ է: Չնայած Վրաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ընտրել է զարգացման արևմտյան ճանապարհը, փորձել է լավ հարաբերություններ ձևավորել նաև տարածաշրջանային ուժային կենտրոնների, այդ թվում՝ Իրանի հետ: Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտն ընդհանուր սահմանի բացակայությունն է: Նրանց միջև կապը հիմնականում իրականացվում է Թուրքիայի տարածքով, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Վրաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ամենաբարձր ծավալներին հասել է 1990-ականների կեսերին, սակայն երկրորդ կեսից արդեն գրանցվել է կտրուկ նվազում՝ մոտենալով $10 մլն-ի շեմին: Դա պայմանավորված էր նախ Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ադրբեջան համագործակցության զարգացմամբ և հետո՝ Վրաստանի արևմտյան կողմնորոշման խորացմամբ:

Տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն ունեն մեկ հիմնական ընդհանրություն. երկուսն էլ կախում ունեն արտաքին էներգակիրներից: Վրաստանն արտադրում է իր էներգետիկ պահանջների ընդամենը 18%-ը: Էներգետիկ ոլորտում Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ ձևաչափով համագործակցության փորձեր արվել են դեռևս 1990-ականներից: Իրան-Հայաստան գազամուղի կառուցման քննարկումների ժամանակ վրացական կողմը չէր բացառում, որ կարող է դրան միանալ, սակայն արդեն 2000թ. Վրաստանը գազի ներմուծման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ: 2006թ. ձմռանը, երբ վթարի հետևանքով երկար ժամանակով շարքից դուրս եկավ Ռուսաստանից Վրաստան եկող գազամուղը, Վրաստանն իր գազի պահանջները բավարարեց Իրանից ներկրման միջոցով: Հունվարին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Իրան-Հայաստան նոր գազատարին միանալու հարցում՝ նույնիսկ առաջարկելով դրա ծավալներն ընդլայնել ու այդ ուղով գազ արտահանել Եվրոպա: Այս ծրագրի իրագործման համար առաջ եկան տնտեսական ու քաղաքական խնդիրներ: Վրաստանն առաջարկում էր ծրագրի իրագործման ֆինանսական հարցերը լուծել արտաքին ներդրումների հաշվին, մինչդեռ Իրանը դեմ էր դրան: Մյուս կողմից՝ Իրանը գտնվում էր Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների ներքո, և դժվար է պատկերացնել, թե ինչպես Սաակաշվիլին կհամարձակվեր մինչև վերջ դեմ գնալ արևմտյան շահերին՝ իր երկրի արտաքին քաղաքականության առջև ունենալով արևմտյան ինտեգրացիայի ուղին: 2016թ. վաղ գարնանը Վրաստանը, Իրանն ու Հայաստանը մոտ էին Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի կառուցման շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերմանը, սակայն վերջնական համաձայնությունը չկայացավ Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրի ստորագրման պատճառով:

Կարծում ենք, որ համագործակցության այս հարթակի ձևավորումը Ռուսաստանի համար կարող է ունենալ առավելապես քաղաքական նշանակություն: Նախ՝ դրանով կթուլանա տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը, որի փոխարեն կմեծանա ռուսական գործոնը: Ռուսաստանն ունի բավական ջերմ հարաբերություններ Իրանի հետ, սակայն դրա տնտեսական կողմը թույլ է: 2014թ. երկրորդ կեսից նկատվեց որոշակի ակտիվություն, որոնք ուղղված էին տնտեսական կապերի զարգացմանը: Մասնավորապես, նախատեսվում է տասնապատկել առևտրաշրջանառության ծավալները՝ ներկա $1,5 մլրդ-ից հասցնելով 15 մլրդ-ի: Սակայն փաստ է, որ մինչև այժմ լուրջ տեղաշարժեր Իրան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում չեն գրանցվել: Կարծում ենք, որ քննարկվող առանցքով համագործակցության զարգացումը կարող է նոր իմպուլսներ հաղորդել նրանց միջև համագործակցության զարգացմանը:

Համագործակցության արդի վիճակը

Դժվար է պնդել, որ առաջարկվող ձևաչափով համագործակցությունն ունի մոտ ապագայում զարգանալու մեծ հեռանկարներ, սակայն մյուս կողմից՝ կան որոշակի հիմքեր դրա դինամիկ զարգացման համար: Ներկայում գործում են Իրան-Հայաստան, Իրան-Վրաստան, Իրան-Ռուսաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան երկկողմ և Իրան-Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ համագործակցության որոշակի ծրագրեր ու մեխանիզմներ: Առաջարկվող առանցքի ձևավորման համար կարևոր է, որ համագործակցության առկա երկկողմ և եռակողմ ձևաչափերը դառնան քառակողմ: Իհարկե, ներկայում կան նաև քառակողմ համագործակցության պայմանագրեր, սակայն դրանք ընդգրկում են քիչ ոլորտներ և ուղղություններ: Մասնավորապես, 2015թ. դեկտեմբերին Երևանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է մինչև 2018թ. Հայաստան-Վրաստան 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդագիծ կառուցել: Նախատեսված է նաև մինչև 2021թ. էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը հասցնել մինչև 700 մվտ-ի: Ընթացիկ տարվա ապրիլի կեսերին Երևան ժամանեց Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ ստորագրվել է ոլորտում համագործակցության վերաբերյալ քառակողմ համաձայնագիր: Կազմվել է այս չորս երկրների էներգահամակարգերը միավորող ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը:

Առանցքի ձևավորման հիմնական խոչընդոտները և արտաքին գործոնները

Կարծում ենք՝ այս առանցքի ձևավորման հիմնական խոչընդոտները կապվում են վրացական գործոնի հետ: Վրաստանը լուրջ հայտ է ներկայացրել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, ուստի վերջինս չի ցանկանա սրել հարաբերություններն Իրանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված արևմտյան մի քանի պետությունների հետ, որոնք վճռորոշ ձայնի իրավունք ունեն այս կառույցներում: Վրաստանի ՆԱՏՕ մուտք գործելը կարող է ինչպես լրջորեն վնասել Իրանի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերին, այնպես էլ խառնել խաղաթղթերը տարածաշրջանում: Ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ տարածաշրջանում նրա հիմնական ռազմաքաղաքական գործընկեր Թուրքիային ձեռնտու չեն Իրանի դիրքերի ամրապնդումն ու մեծացումը տարածաշրջանում: Իսկ որ այս առանցքի ձևավորումը կտանի դրան՝ դժվար չէ պատկերացնել: ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում հասկանալու համար բավական է մեջբերել նախկին ԽՍՀՄ երկրների հետ ԱՄՆ ռազմավարության մշակող Ստրոուբ Թելբոթի՝ 1998թ. ԱՄՆ Կոնգրեսում Հարավային Կովկասի մասին ելույթից մի հատված. «Մենք շարունակում ենք տարածաշրջանի երկրներին հետ պահել Իրանի հետ սերտ կապեր զարգացնելուց: Ավելին, մենք թույլ չենք տա տարածաշրջանի որևէ երկրի այնտեղ քաղաքական կամ տնտեսական հեգեմոն դիրքեր զբաղեցնել: Մենք կշարունակենք աշխատել Կովկասի բոլոր երկրների հետ, որպեսզի կանխենք Իրանի ազդեցության աճը տարածաշրջանում»:

Մյուս հիմնական խոչընդոտն այն է, որ առանցքի երկրներից Ռուսաստանի և Վրաստանի միջև կան քաղաքական տարաձայնություններ: 2008թ. վրաց-հարավօսական պատերազմից հետո մինչ օրս սառեցված են այս երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մեկնարկը՝ որպես առանցքի ձևավորման նոր շարժիչ ուժ

Առաջարկվող համագործակցության առանցքի ձևավորման և զարգացման համար նոր խթան հանդիսացավ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկը: Հիշեցնենք, որ դեռևս 2005թ., երբ Իրանն ակտիվացրել էր իր միջուկային հարստացման ծրագրերը, վերջինիս դեմ միջազգային պատժամիջոցներ էին կիրառվել: Միջուկային հարցերով Իրանի հետ բանակցելու համար 2015թ. հուլիսին կազմվել էր «վեցնյակի խումբը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա): Բանակցությունների արդյունքում Իրանը պարտավորվել է առնվազն 10 տարով սառեցնել իր միջուկային հարստացման ծրագրերը և կրճատել խաղաղ միջուկային ծրագրերը՝ դրանք դնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության ներքո: Տարվա վերջին ԱԷՄԳ-ն արձանագրեց, որ Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները, ինչի արդյունքում հանվեց պատժամիջոցների մի մասը: Իրանը հնարավորություն ստացավ տիրապետել իր $107 մլրդ-ի չափով սառեցված արտասահմանյան ակտիվներին, որից 29 մլրդ-ին՝ անմիջապես, արտահանել օրական մինչև 0,5 մլն բարել նավթ: Սակայն ԱՄՆ-ը և ԵՄ-ը պահպանեցին այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանին զենք վաճառելուն, Իրանի այն քաղաքացիներին, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչական խմբավորումների հետ կապ պահելու մեջ:

Փաստորեն, եթե նախկինում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ու Ռուսաստանի ձեռքերն ինչ-որ թելերով կապված էին, ապա այժմ այդ մասով խոչընդոտները վերացված են: Ներկայում լավ հնարավորություն է ստեղծվել զարգացնել առկա համագործակցությունը, այն դնել որակապես նոր հարթության վրա: Մեր կարծիքով՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ հիմնական քայլերն են.

- կարգավորել քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև,

- նախատեսվող ժամկետներում կյանքի կոչել առկա պայմանավորվածությունները,

- գործարկել աբխազական երկաթուղին, ինչը նոր ազդակ կհաղորդի առանցքի երկրների միջև առևտրաշրջանառության զարգացմանը,

- կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրը,

- զարգացնել Հայաստանի քաղաքական հարաբերություններն Իրանի ու Վրաստանի հետ,

- զարգացնել Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության առանցքը:

1 Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չափեր են ընդունել 1990-ական թթ. երկրորդ կեսին՝ հասնելով մինչև $400 մլն-ի: 2000-ականների սկզբներին գրանցվել է որոշակի անկում, իսկ վերջին տարիներին արդեն վերականգնվել է նախկին բարձր ցուցանիշը:

2 Իրանն առևտրային հարաբերություններ ունի աշխարհի 200 երկրների հետ, որոնցից միայն 40-ին է դիտարկում որպես առաջնային շուկաներ կամ գործընկերներ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր