• am
  • ru
  • en
Версия для печати
26.02.2015

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՓՈՐՁԸ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ


«Վերադարձի մասին» օրենքը

1950թ. հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) միաձայն ընդունեց «Վերադարձի մասին» օրենքը, ինչը հիմք դրեց սիոնիստական գաղափարախոսության իրավական նորմերի ամրագրմանն ու հանդիսացավ Իսրայել պետության՝ որպես հրեական ազգային պետության ձևավորման և գոյատևման հիմնաքարը1։ «Վերադարձի մասին» օրենքով ամրագրվում էր յուրաքանչյուր հրեայի՝ Իսրայել պետություն հայրենադարձվելու իրավունքը2։ Օրենքն իրավունք էր տալիս Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաներին, վերադառնալով հայրենիք, ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Օրենքի համաձայն, հրեա է համարվում այն անձը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն և չի դավանում այլ կրոն3։

Հետագա տասնամյակներում հայրենադարձության մասին օրենքի կիրառության շրջանակներն ընդլայնվեցին։ Մասնավորապես, 1960-ական թթ. վերջին հայրենադարձների քանակային կտրուկ աճի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ վերանայել հայրենադարձության նախկինում գործող մեխանիզմները։ 1967թ. ստեղծվեց հայրենադարձության և ինտեգրման տեսչությունը, որը կոչված էր կոորդինացնելու Իսրայելի կառավարության ու Հրեական գործակալության (եբրայերեն` «Սոխնուտ». գործակալությունը զգալի աշխատանքներ է իրականացրել հրեական սփյուռքի հայրենադարձության հարցում) աշխատանքները։

1968թ. որոշում ընդունվեց հիմնել Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն4։ Ընդ որում՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հրեական գործակալության հետ, որ վերջինս զբաղվեր հայրենադարձության ապահովմամբ, իսկ նորաստեղծ նախարարությունն իր վրա էր վերցնում երկրում հայրենադարձների ինտեգրման խնդիրները5։ Գործակալության կենտրոնակայանն Իսրայելում է։

Հայրենադարձության հոսքի ակտիվացման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխություններ մտցնել օրենքում. 1970թ. ընդունված «Վերադարձի մասին» օրենքի փոփոխություններով իրավունք էր ընձեռվում հայրենադարձվել նաև այն անհատներին, որոնք ազգակցական կապեր ունեն հրեաների հետ` հրեայի երեխաներ, թոռներ, հրեայի ամուսիններ, հրեայի երեխաների ու թոռների ամուսիններ6։

Արդեն 1999թ. օրենքում ընդունված նոր փոփոխությունների համաձայն՝ Իսրայել պետության քաղաքացու հետ ամուսնացած արտերկրացին չի կարող ինքնաբերաբար ստանալ Իսրայել պետության քաղաքացիություն։ Նա պետք է անցներ քաղաքացիության ձեռքբերման փուլային գործընթաց։ Իրավական այս նորմը չի տարածվում այն զույգերի վրա, որոնց ամուսիններից մեկը գտնվում է «Վերադարձի մասին» օրենքի իրավական կիրառության դաշտում, և այն զույգերի վրա, որոնք իրենց ամուսնությունը ձևակերպել են մինչև Իսրայել հայրենադարձվելը7։

Հայրենադարձության և ինտեգրման նախարարության գործառույթները

Սկզբնական շրջանում նախարարությունը կոչվում էր Ինտեգրման նախարարություն, միայն վերջերս՝ 2013թ. հոկտեմբերի 6-ին, այն վերանվանվեց Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն։ Իսրայել պետության ղեկավարությունը նախարարության վերանվանման հարցը պայմանավորեց վերջին ժամանակաշրջանում նախարարության գործունեության բնույթի և գործառույթների վերափոխումներով8։

Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունը կազմված է ավելի քան 20 վարչությունից, որոնցից թեմայի շրջանակներում մեզ հետաքրքրող բաժիններին կանդրադառնանք ստորև9։

1. Ինտեգրում գիտության ոլորտում վարչությունն ուղեկցում է երիտասարդ հայրենադարձներին բուհերում ուսուցման ողջ ընթացքում, աջակցություն ցուցաբերում նրանց ուսման, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման հարցերում։ Կազմակերպվում են խորհրդակցություններ, աջակցություն է ցուցաբերվում կրթական ուղղվածության ընտրության հարցում, կազմակերպվում են նաև օժանդակ դասընթացներ կարիքավոր ուսանողների համար։ Նման ուսանողները ստանում են կրթաթոշակներ կամ բնակարանի վարձակալության և ընթացիկ ծախսերի համար արտոնյալ վարկեր։

2. Գործարարար նախաձեռնությունների վարչությունն աջակցում է այն հայրենադարձներին, որոնք ցանկանում են Իսրայել պետությունում զբաղվել մասնավոր գործարարությամբ։ Այդ նպատակով վարչությունում գործում են գործարարության զարգացման տարբեր միջոցառումներ՝ խորհրդատվական կենտրոններում համապատասխան խորհրդատվությունների կազմակերպում, անհատ ձեռներեցների համար նախատեսված դասընթացների անցկացում և գործարարության զարգացման համար արտոնյալ վարկերի տրամադրում10։

3. Բնակավայրով ապահովման վարչության գործառույթներից է նոր հայրենադարձներին ժամանակավոր կամ մշտական բնակավայրերով ապահովելը։

4. Ինտեգրում հասարակությունում վարչությունը հիմնականում զբաղվում է նոր հայրենադարձների սոցիալ-հասարակական, մշակութային, լեզվաբանական ինտեգրման հարցերով։ Ընդ որում՝ հայրենադարձների յուրաքանչյուր էթնիկ խմբին իսրայելական հասարակությունում ընձեռվում են մշակութային ինքնության ազատ արտահայտման բոլոր հնարավորությունները։ Հիմնական շեշտադրումը կատարվում է հայրենադարձների շրջանում հրեական և իսրայելական ինքնագիտակցության և ինքնության զարգացման վրա։

5. Հայրենադարձ զինվորականների վարչությունն աջակցում է զինվորական հայրենադարձներին և նրանց ընտանիքներին Իսրայելի պաշտպանության բանակում ադապտացման և առավել հեշտ ինտեգրման հարցերում։

6. Ուլպանների (ուլպան՝ լեզվի ուսուցման կենտրոն- հեղ.) վարչությունը զբաղվում է հայրենադարձների շրջանում եբրայերենի ուսուցման հարցերով։

Հայրենադարձության կազմակերպման մեխանիզմներն Իսրայելում. առաջին քայլերը

Հայրենադարձության կազմակերպման գործընթացն Իսրայելում իրականացվում է «Վերադարձի մասին» օրենքի հիման վրա, ինչը գործնականում նշանակում է, որ Իսրայել ժամանելուն պես հրեան դառնում է այդ երկրի քաղաքացի՝ իր բոլոր պարտականություններով ու իրավունքներով։ Այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, կարող են պահպանել այն, քանի որ Իսրայել պետությունն ընդունում է երկքաղաքացիությունը։

Ինչպես հրեաների շրջանում ընդունված է ասել, հայրենադարձության ֆիզիկական և իրավական բուն գործընթացը մեկնարկում է Բեն-Գուրիոնի անվան օդանավակայան ժամանման պահից սկսած, երբ նոր հայրենադարձներին անձնագրային հսկողության անցկացման գործընթացից հետո ուղեկցում են հայրենադարձների համար նախատեսված սպասասրահ։ Այստեղ կազմակերպվում է հայրենադարձի գրանցման գործընթացը, որը ներառում է՝

1. գրանցման թերթիկի լրացում, որն Իսրայելի ՆԳՆ-ում անհրաժեշտ է փոխարինել անձը հաստատող փաստաթղթով (թեուդաթ զեութ),

2. նոր հայրենադարձի անձը հաստատող փաստաթղթի կամ վկայականի ձևակերպում (թեուդաթ օլե),

3. առաջին ծախսերի համար նախատեսվող ֆինանսական միջոցների հատկացում,

4. բուժսպասարկման ուղեգրի տրամադրում,

5. որոշ դեպքերում՝ հյուրանոցային ուղեգրի տրամադրում (եթե առաջիկայում բնակության վայր հայրենադարձը չունի)։

Օդանավայականում հայրենադարձների ինտեգրման առաջին քայլերն առավել հեշտ կազմակերպելու և Իսրայել պետություն ժամանման պես երկրից առաջին լավ տպավորությունների ապահովման նկատառումներով տեղում իրականացվում է մի շարք ծառայությունների մատուցման գործընթաց։ Օդանավակայանում հայրենադարձին տրվող ծառայություններն են՝

1. հիվանդներին և հաշմանդամներին առաջին բուժօգնության կազմակերպում,

2. մոր և մանկան սենյակի հատկացում,

3. անվճար հեռախոսազանգ կատարելու հնարավորության ընձեռում Իսրայելի ներսում և արտերկիր,

4. թեթև հյուրասիրության կազմակերպում11։

Օդանավակայանում նախարարությունը յուրաքանչյուր հայրենադարձի կամ հայրենադարձ ընտանիքի կցում է «անհատական մշտական ներկայացուցիչ-խորհրդատու»՝ հետագա ինտեգրման հարցերով զբաղվելու համար։ Ասել է թե՝ ժամանման պահից սկսած, հայրենադարձի հետագա ինտեգրման գործընթացը կոորդինացնում և ուղղորդում է հատուկ ներկայացուցիչ-խորհրդականը, ինչն էական նշանակություն ունի յուրաքանչյուր հայրենադարձի համար թե՛ Իսրայելի պետական համակարգի և թե՛ տեղի հասարակությանն ինտեգրվելու գործընթացն առավել մատչելի մատուցելու և հնարավորինս անխոչընդոտ դարձնելու առումով։ Օդանավակայանում գրանցման գործընթացն ավարտելուց հետո հայրենադարձներն անցնում են մաքսային զննում, որից հետո Հայրենադարձության և ինտեգրման նախարարության աշխատակիցը հայրենադարձին համապատասխան տրանսպորտով ուղեկցում է դեպի հայրենադարձի բնակության վայր։

Այցելությունը Հայրենադարձության նախարարություն հայրենադարձների առաջին կարևոր քայլերից մեկն է, որից և կախված է հայրենադարձության գործընթացի հետագա իրավական ու փաստացի հաջող ընթացքը։ Նախարարությունում հայրենադարձը ստանում է՝

1. «հայրենադարձության զամբյուղ» կոչվող նպաստի, բնակարանի վարձակալության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու նպաստների ձեռքբերման, երեխաների համար կրթական փաթեթների ապահովման, ինչպես նաև այլ հաստատություններից աջակցություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ու խորհրդատվություն,

2. հայրենադարձը տեղեկացվում է իր անհատական բանկային հաշվի մասին, որին փոխանցվելու են հասանելիք ֆինանսական միջոցները (խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ բացել բանկային հաշիվ և հնարավորինս արագ փոխանցումներ կատարել այդ հաշվեհամարին),

3. եբրայերենի ուսուցման նպատակով հայրենադարձի բնակության վայրին մոտ տեղակայված տարբեր ուլպանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (ընդ որում՝ եբրայերենի ուսուցումը հայրենադարձության ու հաջող ադապտացման կարևոր պայմաններից է, ուստի խորհուրդ է տրվում հայրենադարձներին Իսրայելում եբրայերենի ուսուցումը կազմակերպել բնակության հաստատման առաջին իսկ ամիսներից և չհետաձգել այն, քանի որ այս ոլորտում հայրենադարձին ցուցաբերվող աջակցությունն իրականացվում է միայն Իսրայելում բնակության հաստատման առաջին մեկուկես տարվա ընթացքում)։

Առավել հանգամանորեն անդրադառնանք «հայրենադարձության զամբյուղ» նպաստին։ «Հայրենադարձության զամբյուղը» կոչված է աջակցելու հայրենադարձներին Իսրայելում բնակության առաջին փուլում առօրյա ծախսերի հետ կապված խնդիրներում։ Այս նպաստը կարող են ստանալ որոշակի երկրներից եկած հայրենադարձները։ Մյուս կողմից՝ այն կարող են ձեռք բերել այն հայրենադարձները, որոնք եկել են Իսրայել առաջին անգամ՝ «հայրենադարձության» վիզայով։ Ընդ որում՝ «հայրենադարձության զամբյուղ» նպաստի ստացման պայմաններից է նոր հայրենադարձի կարգավիճակ ստանալուն նախորդող 3 տարվա մեջ 18 ամիսների ընթացքում անընդհատ ներկայության ապահովումն Իսրայելում։

«Հայրենադարձության զամբյուղ» նպաստ կարող են ստանալ հետևյալ չափանիշներին համապատասխանող հայրենադարձները.

1. հայրենադարձը եկել է Իսրայել պետություն Արևելյան Եվրոպայից (ԱՊՀ երկրներ, Լեհաստան, Ռումինիա, նախկին Հարավսլավիայի բոլոր երկրները, Բուլղարիա, Ալբանիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա), Լատինական Ամերիկայից (Արգենտինա, Սալվադոր, Ուրուգվայ, Բոլիվիա, Բրազիլիա, Գվատեմալա, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Վենեսուելա, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Կուբա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի), Աֆրիկայից (Մարոկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Սուդան, Եթովպիա), Ասիայից (Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եմեն, Ադեն, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Իրաք և Սաուդյան Արաբիա)։

2. Մինչև Իսրայել ժամանելը հայրենադարձը 1 տարուց ոչ ավելի բնակվել է այն երկրում, որը չի ներառվում վերը հիշատակված ցուցակում։

3. Հայրենադարձը չի բնակվում «Սոխնուտ» գործակալության ենթակայության տակ գործող այսպես կոչվող «ինտեգրման կենտրոն»-ում, որը բնակարանային համալիր է հանդիսանում։ Հայրենադարձվել պատրաստվողները նախապես կարող են համաձայնեցնել «Սոխնուտ» հրեական գործակալության՝ հայրենադարձության հարցերով կոորդինատորի հետ ժամանակավոր հիմունքներով «ինտեգրման կենտրոն»-ներում բնակվելու հարցը։ Իսկ այդ ժամանակավոր փուլի ավարտից հետո հայրենադարձները պետք է բնակարան վարձակալեն մասնավոր հիմունքներով12։

Այս նպաստը տրվում է հայրենադարձին անմիջապես օդանավակայանում՝ ժամանման պահին, որպես նվեր։ Հայրենադարձության առաջին տարվա ընթացքում՝ «հայրենադարձության զամբյուղ» նպաստի վճարման ավարտից հետո և մինչև աշխատանքի տեղավորվելը նոր հայրենադարձները Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունից ստանում են նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ նպաստ։ Ընդ որում՝ այս նպաստը ստանում են այն հայրենադարձները, որոնք գրանցված են Աշխատանքի տեղավորման բյուրոյի բաժանմունքում և աշխատանք են փնտրում կամ սովորում են որակավորման բարձրացման դասընթացներում, կամ պրոֆեսիոնալ վերաորակավորման դասընթացներում, ինչպես նաև նրանք, ովքեր չեն կարող աշխատել առողջական խնդիրներից ելնելով կամ էլ գտնվում են նախաթոշակային տարիքում։

«Հայրենադարձության զամբյուղ» նպաստը տրվում է այն դեպքում, երբ հայրենադարձը մշտական հիմունքներով կրթություն է ստանում ուլպանում և յուրաքանչյուր ամիս ներկայացնում է դասընթացներին կանոնավոր հաճախելու մասին տեղեկանք13։ Հայրենադարձված ընտանիքը նպաստ ստանում է այն դեպքում, երբ 2 ամուսիններն էլ կրթություն են ստանում ուլպանում, կամ էլ հաշվի է առնվում ընտանիքի եկամուտների ընդհանուր մակարդակը։ Այն հայրենադարձներին, որոնք ուլպանում ուսում ստանալու անհրաժեշտություն չունեն, նպաստը վճարվում է աշխատանքի շուկայում գրանցվելու, օրական դասընթացներով ուսում ստանալու կամ համապատասխան մասնագիտացում ձեռք բերելու կենտրոններ հաճախելու հիման վրա։

Հայրենադարձության կազմակերպման կարևոր մեխանիզմներից մեկը հայրենադարձների համար բնակության ապահովման հիմնահարցն է։ Հայրենադարձին բնակության վայրի ընտրության մի քանի հնարավորություն է տրվում.

1. վարձակալել բնակարան մասնավոր շուկայում,

2. «Հայրենիքում առաջին տունը» նախագծի շրջանակներում բնակարանի վարձակալում կիբուցում (գյուղատնտեսական ավան-համայնավարություն),

3. ազգականների մոտ ժամանակավոր բնակեցում,

4. բնակեցում ուսանողական հանրակացարաններում։

«Հայրենադարձության զամբյուղ» ստացող հայրենադարձների պարագայում բնակարանի վարձակալության համար նախատեսված նպաստը ներառվում է այդ «զամբյուղի» մեջ։ Իսկ «հայրենադարության զամբյուղ» չստացող հայրենադարձները կարող են ձեռք բերել բնակարանի վարձակալության նպաստ հիփոթեկային բանկում։ Այդ նպատակով հայրենադարձը պետք է դիմի որևէ հիփոթեկային բանկ և ձևակերպի արտոնությունների (թեուդաթ զաքաութ) ստացման իրավունքը հաստատող փաստաթուղթը։

Հայրենադարձության գործընթացի կազմակերպման բաղկացուցիչ մասերից է երեխաների ներգրավումն ուսումնական և կրթական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ), ինչն իրականացվում է թաղապետարաններում գործող կրթության բաժինների կողմից։ Նույն թաղապետարաններում գործող սոցիալական ապահովման բաժինների կողմից կազմակերպվում է հաշմանդամների և տարբեր քրոնիկական հիվանդություններով տառապող հայրենադարձ երեխաների ուսուցումը։

Հայրենադարձության հետ կապված կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է երեխաների և տարեցների համար նախատեսված նպաստներին։ «Հայրենադարձության զամբյուղ» ձեռք բերող հայրենադարձները կարող են ստանալ երեխաների կամ տարեցների նպաստներն իրենց անհատական բանկային հաշվեհամարներից։ Հայրենադարձի կարգավիճակ ունեցող, սակայն «հայրենադարձության զամբյուղ» չստացողները պետք է դիմեն բնակության վայրի մոտակա Բիտուախ Լեումի (Ազգային ապահովագրման տեսչություն) բաժանմունք և լրացնեն երեխաների ու տարեցների նպաստ ստանալու դիմում։

Հայրենադարձի ինտեգրման առաջնակարգ քայլերից է նաև առողջապահական ապահովագրման խնդիրը։ Սկզբնական փուլում հայրենադարձը պետք է գրանցվի փոստային բանկի որևէ բաժանմունքում, լրացնի գրանցման թերթիկը, որտեղ և կիրականացվի համապատասխան գրառում հայրենադարձի կողմից ընտրված բուժսպասարկման ծառայության վերաբերյալ։ Այդ թերթիկն անհրաժեշտ է լինելու ներկայացնել համապատասխան բուժհաստատություն, որտեղ հայրենադաձին կհանձնվի անդամակցության տոմս և կմատուցվի համապատասխան բուժօգնություն։

Ինտեգրման հետագա քայլերը

Ուլպանում ուսման ավարտից հետո հայրենադարձներն անցնում են աշխատանքի տեղավորման փուլ և միաժամանակ շարունակում են նախարարությունից ստանալ աջակցություն՝ ընդհուպ մինչև Իսրայելում բնակության առաջին տարվա ավարտը։ Աշխատանքի անցման գործընթացը սկսվում է աշխատանքի շուկայում գրանցման ձևակերպումից։ Այդ նպատակով հայրենադարձները պետք է դիմեն Հայրենադարձության և ինտեգրման նախարարության շրջանակներում գործող հատուկ մասնագիտացման կենտրոններ։ Ստուգվում են հայրենադարձների՝ Իսրայելում աշխատանքի թույլտվություն ստանալու համար ստաժավորման կամ վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև դասընթացներին հաճախելու ժամանակահատվածում նախարարության կողմից հատկացվող նպաստներ ստանալու հնարավորության հարցերը։ Եթե հայրենադարձը գրանցվել է աշխատանքի շուկայում կամ ուսում է ստանում Աշխատանքի նախարարության կողմից հավատարմագրված, օրական հիմունքներով անցկացվող դասընթացներում, նա իրավասու է ստանալ նվազագույն կենսապահովման զամբյուղ կամ նպաստ (ավթահաթ ահնասա)։ Եթե տարիքի, առողջական վիճակի կամ ընտանեկան հանգամանքների պատճառով հայրենադարձը չի գրանցվել աշխատաշուկայում, նա կարող է ստանալ այդ պարագաների համար նախատեսված «հատուկ նպաստ»։

Իսրայելում հայրենադարձության առաջին տարվա ավարտից հետո «հայրենադարձության զամբյուղ» ստացող հայրենադարձները սկսում են ստանալ այդ նպաստը հիփոթեկային բանկում։ «Հայրենադարձության զամբյուղ» չստացող հայրենադարձները շարունակում են ստանալ բնակարանի վարձակալության նպաստ այնպես, ինչպես ստանում էին Իսրայելում բնակության առաջին տարում։

Եթե հայրենադարձն այդ ժամանակահատվածում չի աշխատում, սակայն գրանցված է աշխատաշուկայում կամ ուսում է ստանում Աշխատանքի նախարարության կազմակերպած դասընթացներում, կամ էլ Հայրենադարձության նախարարությունից ստացել է «հատուկ նպաստ», ապա անհրաժեշտություն է առաջանում դիմելու «Բիտուախ Լեումի»՝ նպաստի ստացման պահանջներն ու պայմանները ստուգելու նպատակով։

Եթե հայրենադարձն ուսում է ստանում Հայրենադարձության և ինտեգրման նախարարության կազմակերպած պրոֆեսիոնալ դասընթացներում, ապա կարող է ստանալ նախարարության կողմից տրվող նպաստը մինչև դասընթացի ավարտը։ Որակավորման բարձրացման, վերաորակավորման, ստաժավորման և այլ դասընթացներում ուսում ստանալու հնարավորություն տրվում է նաև Իսրայելում բնակության առաջին տարվա ավարտից հետո։

Հայրենադարձների ինտեգրման այլ ծրագրերը և արտոնությունները

«Հայրենիքում առաջին տունը» ծրագրի շրջանակներում հայրենադարձների ընտանիքը կարող է բնակարան վարձակալել «կիբուց»-ում և օգտվել վերջինիս ծառայություններից՝ սննդի կազմակերպում, եբրայերենի ուսուցում, մանկապարտեզների և դպրոցների հաճախում։ Այս ծրագիրը վճարովի է, իսկ բնակարանի վարձակալումը «կիբուց»-ում տևում է 1 տարի։

«Իսրայելական տուն» կոչվող ծրագրի շրջանակներում Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունն արտերկրում կազմակերպում է հատուկ նախագիծ, որի նպատակն է Իսրայելի հետ արտերկրում բնակվող իսրայելցիների կապերի պահպանումն ու ամրապնդումը14։ «Իսրայելական տուն» նախագիծն իրականացվում է հիմնականում արտերկրում Իսրայելի հյուպատոսությունների և դեսպանությունների միջոցով։

Նախագծի շրջանակներում արտերկրում բնակվող իսրայելցիներին, որոնք հետաքրքրված են Իսրայել վերադարձի հարցերով, ապահովում են որակյալ խորհրդատվություններով և հայրենիք վերադարձի դեպքում կազմակերպում նրանց անհատական ուղեկցումը։ Ներկայում աշխարհում գործում է 14 «իսրայելական տուն»՝ հիմնականում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և ՌԴ-ում15։

«Գարին Ցաբար» նախագիծն իրականացվում է 1991 թվականից սկսած, որին կարող են մասնակցել արտերկրում բնակվող 18-23 տարեկան հրեա երիտասարդները, որոնք ցանկանում են հայրենադարձվել Իսրայել՝ Պաշտպանության բանակում ծառայելու նպատակով16։ Առաջին 4 ամիսների ընթացքում նախագծի մասնակիցները սկսում են Իսրայելի պաշտպանության բանակում ինտեգրման գործընթացը, ծանոթանում զինծառայության պայմաններին, ուսանում եբրայերեն ուլպաններում, ճամփորդում երկրում։ Նախագիծը ֆինանսավորվում է Իսրայելի պետական կառույցների կողմից (Հայրենադարձության նախարարություն, Պաշտպանության նախարարության և այլն)։

«Վաուչեր» ծրագիրը նոր հայրենադարձներին ու վերադարձած իսրայելցիներին աջակցում է աշխատանքի տեղավորման, մասնավոր գործարարության և գիտնակաների ինտեգրման հարցերում։ Ծրագիրն աջակցություն է ցույց տալիս նրանց նոր մասնագիտության ձեռքբերման կամ որակավորման բարձրացման հարցերում։ Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներից օգտվելու իրավունք ունեն.

- նոր հայրենադարձները,

- վերադարձած իսրայելցիները,

- հայրենադարձների երեխաները (հայրենադարձության օրը 15 տարին լրացած),

- այն հայրենադարձ երեխաները, որոնց տարիքը դիմումի պահին գերազանցում է 18 տարին, աշխատունակ անձինք,

- գործազուրկները,

- օժանդակ աշխատանքով զբաղվող անձինք (մաքրություն, պահպանություն),

- Իսրայելի աշխատաշուկայում պահանջարկ չունեցող մասնագիտությունների տեր անձինք։

Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներ ստանում են նոր հայրենադարձները՝ 10 տարի ժամկետով Իսրայել պետությունում հայրենադարձի կարգավիճակ ստանալուց սկսած, Եթովպիայից հայրենադարձները՝ 15 տարի ժամկետով, Կովկասից հայրենադարձները՝ 1989թ. հունվարի 1-ից հետո կարգավիճակ ստացածները, վերադարձած իսրայելցիները ՝ մինչև 2 տարի։

Հայրենադարձների և վերադարձած իսրայելցիների աշխատանքի տեղավորման խթանման նպատակով Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունը մասնակցություն է ունենում հայրենադարձների աշխատավարձի ֆինանսավորմանը՝ որոշակի սահմանափակ ժամկետներում։ Նախարարությունը, գործատուի հետ միասին համամասնակից լինելով հայրենադարձի աշխատավարձի ֆինանսավորմանը, խթանում է գործատուի շահագրգռվածությունը հայրենադարձին աշխատանքի տեղավորելու հարցում։ Նախարարության մասնակցությունը հայրենադարձի աշխատավարձի ֆինանսավորմանը կախված է հետևյալ չափորոշիչներից.

1. աշխատանքի տեսակը,

2. արտադրության աշխարհագրական տեղը,

3. գործատուի մասնակցությունն աշխատավարձի վճարմանը,

4. հայրենադարձի կրթության և աշխատանքի տեսակի համապատասխանելիությունը,

5. նախարարության քաղաքականությունը որոշակի պրոֆեսիոնալ ուղղություններով աշխատանքի տեղավորմանն աջակցելու հարցում՝ կախված երկրի տնտեսության այդ պահի վիճակից։

Հայրենադարձներին տրվող կարևոր արտոնություններից են նաև մաքսային հարկից ազատումը՝ հայրենադարձության օրվանից 4 տարվա ընթացքում, աջակցությունը գործարարության ձեռնարկման հարցում, արտոնյալ վարկերի տրամադրումը բնակարանի ձեռքբերման համար և այլն։

1 http://callofzion.ru/pages.php?id=580

2 Նույն տեղում։

3 http://il4u.org.il/blog/about-israel/repatriation/zakon-o-vozvrashhenii

4 Առաջին անգամ նախարարությունը հիմնադրվել է 1948թ., սակայն գոյատևել է ընդամենը 3 տարի։

5 https://ru.wikipedia.org/wiki/Министерство_абсорбции_Израиля

6 http://callofzion.ru/pages.php?id=580

7 http://il4u.org.il/blog/about-israel/repatriation/zakon-o-vozvrashhenii

8 http://9tv.co.il/news/2013/10/06/160155.html

9 http://www.moia.gov.il/russian/pages/default.aspx

10 Նույն տեղում։

11 Նույն տեղում։

12 http://www.moia.gov.il/Russian/Subjects/FinancialAssistance/Pages/AbsorptionBasket.aspx

13 http://www.moia.gov.il/russian/pages/default.aspx

14 http://www.moia.gov.il/Russian/RETURNINGRESIDENTS/Pages/IsraeliHouse3.aspx

15 Նույն տեղում։

16 http://www.moia.gov.il/Russian/RETURNINGRESIDENTS/Pages/GarinZabar.aspx

Սեպտեմբեր, 2014թ.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր