• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2009

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԴՐԱՄԱ

EnglishРуский

   

Արաքս Փաշայան

palestinephysical (original)1947թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 187/II բանաձեւի համաձայն, Պաղեստինի տարածքում պետք է ստեղծվեին երկու` հրեական եւ արաբական պետություններ: Հրեական պետությանը հատկացվեց 14,1 հազ. քառ. կմ կամ Պաղեստինի տարածքի 56%-ը, իսկ արաբական պետությանը` 11,1 հազ. կամ պաղեստինյան տարածքի 43-%ը1: Պաղեստինի բաժանումը փաստորեն կատարվեց հօգուտ հրեաների, քանի որ այդ պահին, անգամ դրան հաջորդած հրեական ներգաղթից հետո, արաբները Պաղեստինում թվաքանակով երեք անգամ գերազանցում էին հրեաներին: Հրեաների ներգաղթն ու հաստատվելը Պաղեստինում եւ ի վերջո այնտեղ հրեական պետության ստեղծումն ի սկզբանե հակազդեցություն առաջացրին պաղեստինցիների շրջանում` վերաճելով մինչ օրս չհանդարտվող քաղաքական եւ ռազմական դիմակայության: Արաբների թերեւս ամենամեծ բացթողումն այն էր, որ նրանք չհաշտվեցին Իսրայել պետության ստեղծման ու ՄԱԿ բանաձեւի հետ եւ ժամանակին չձեւավորեցին իրենց անկախ պետությունը` հնարավորություն տալով Իսրայելին հետագայում (19482 եւ 1967թթ.3 արաբ-իսրայելական պատերազմների ընթացքում) օկուպացնել ամբողջ Պաղեստինի տարածքը` առաջ բերելով պաղեստինցի փախստականների հոծ ալիք:

2008թ. դեկտեմբերի 27-ից Իսրայելը օդային, ապա` ցամաքային ընդլայնված ռազմական գործողություններ ձեռնարկեց արդեն իսկ 18 ամիս շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Պաղեստինյան ինքնավարության մաս կազմող Ղազայի հատվածում4, որը տեւեց մոտ երեք շաբաթ: Ըստ իսրայելական պաշտոնական հայտարարությունների` Ցախալի գործողությունների նպատակը Ղազան վերահսկող իսլամական արմատական «Համաս» շարժման կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծման մեկընդմիշտ կասեցումն էր, իսկ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի խոսքերով` «ահաբեկչության ենթակառուցվածքների» ոչնչացումը: Դեկտեմբերի 27-ի մամլո ասուլիսում վարչապետ Է.Օլմերտը պատերազմի գլխավոր նպատակը համարեց երկրի հարավի անվտանգության բարելավումը:

Չի բացառվում, որ Իսրայելը հակամարտության այս փուլում, ըստ ամենայնի, նպատակ ուներ քաղաքական դաշտից հեռացնել «Համասին»5, որը մինչ օրս չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը, գրավել ողջ Ղազայի հատվածը` կաթվածահար անելով Պաղեստինում անկախ արաբական պետություն ստեղծելու եւ Երուսաղեմի նկատմամբ հավակնություններ ունեցող պաղեստինցիների ձգտումները: Կարելի է ասել, որ իսրայելական ռազմական գործողությունները Ղազայում «Համասի» ղեկավարության ներքո ապրող պաղեստինցիների դեմ ուղղված իսկական հաշվեհարդարի էին նման:

Հունվարի 18-ին Իսրայելը, ընդառաջ գնալով միջնորդական ջանքերին, միակողմանի հրադադար հայտարարեց, որից 12 ժամ անց «Համասն» իր հերթին հայտարարեց մեկշաբաթյա զինադադար` իսրայելական կողմին զորքերի դուրսբերման հնարավորություն տալու նպատակով։ Շատ փորձագետներ կանխատեսում էին, որ այն տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Օբամայի երդմնակալությունից առաջ։

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ իրենց հաղթանակած են համարում։ Ղազայում «Համասի» առաջնորդ Ի.Հանիյան պատերազմի արդյունքը որակեց «փառահեղ հաղթանակ», իսկ Երուսաղեմ այցելած եվրոպական երկրների ղեկավարներին Է.Օլմերտը հավաստիացրեց, որ ռազմական գործողությունները հասել են իրենց նպատակին` թուլացրել «Համասի» կարողությունը, վերացրել երկրի անվտանգության սպառնալիքը, նպաստել կայուն հրադադարի հաստատմանը։

Սակայն առճակատումը կողմերի միջեւ դեռ շարունակվում է։ Իսրայելը չի նշել զորքերի դուրսբերման ժամանակացույցը` մտավախություն ունենալով, որ ռազմական գործողությունները կարող են ամեն պահ վերսկսվել պաղեստինյան կողմից։ Իսկ «Համասը» հայտարարել է, որ կշարունակի դիմակայությունը, քանի դեռ Իսրայելն ամբողջովին դուրս չի բերել զորքերը Ղազայից։ «Համասը» պահանջում է, որպեսզի Իսրայելը դադարեցնի շրջափակումը, բացի բոլոր սահմանային անցուղիները։

Պաղեստինյան ինքնավարությունում Իսրայելի ռազմական գործողությունների եւ «Համասի» հակազդեցության վերաբերյալ միջազգային, այդ թվում` արաբական-իսլամական շրջանակներում հնչեցին տարբեր տեսակետներ: Պատերազմի սկզբում, որը համընկավ քրիստոնեական աշխարհում Սուրբ Ծննդյան տոների եւ Նոր տարվա հանդիսությունների հետ, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ քարոզչական պատերազմը ծավալվեց հօգուտ Իսրայելի: Եվրամիության մի շարք ազդեցիկ երկրներ (այդ թվում` Գերմանիան), ինչպես նաեւ ԱՄՆ-ը, կոչ անելով պաղեստինա-իսրեյալական հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, ելնելով Իսրայելի հետ ունեցած ռազմավարական գործընկերությունից, ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու համարեցին բացառապես «Համասին»` նշելով, որ Իսրայելն օրինական իրավունք ունի պաշտպանել իր տարածքները եւ բնակչությանը ահաբեկչությունից:

Հատկանշական է, որ «Համասի» դեմ որոշակի քննադատություն հնչեց նաեւ արաբական աշխարհում: Վերջինս մեղադրվում էր սեփական ժողովրդին որպես «կենդանի վահան» օգտագործելու, իր ռազմական հենակետերը բնակելի շրջաններում տեղադրելու եւ, ի վերջո, Իսրայելին հակապաղեստինյան գործողությունների հրահրելու մեջ, իսկ առանձին դեպքերում «Համասի» գործունեությունը կապվում էր արաբական խնդիրներին միջամտող Իրանի հետ, որը համարվում է վերջինիս սատարող ուժերից մեկը: Իսկ 2008թ. դեկտեմբերի 31-ին Կահիրեում արաբական պետությունների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Սաուդ Ալ-Ֆեյսալը ներպաղեստինյան հակասությունները համարեց պաղեստինցիների ողբերգության պատճառներից մեկը` նկատի ունենալով «Համասի» եւ «Ֆաթհի» միջեւ առճակատումը: Սակայն արաբական շրջանակներում հնչած առանձին տեսակետների համաձայն, եթե «Համասը» դիմակայեց նման լայնածավալ հարձակման, դա արդեն իսկ հաղթանակ է պաղեստինցիների համար:

Ղազայում իսրայելական ագրեսիան մեծ ընդվզում առաջ բերեց արաբական-իսլամական աշխարհում, այդ թվում` Եվրոպայի իսլամական համայնքներում: Աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում տեղի ունեցան հակաիսրայելական ցույցեր, արաբական աշխարհում հակաիսրայելական ավանդական դիսկուրսը նորից լայն շրջանառության մեջ դրվեց: Հակահրեական քարոզչությունն առանձին դեպքերում ստացավ ծայրահեղական շեշտադրումներ (Իսրայելի ոչնչացմանն ուղղված կոչերով) հատկապես իսլամ կրոնականների շրջանում:

Արաբական աշխարհում որոշակի քննադատություն հնչեց Եգիպտոսի հասցեին, որը պատերազմի ընթացքում (բացառությամբ որոշ արտակարգ դեպքերի) չբացեց Ռաֆահի անցակետը, որի համար Կահիրեն ուներ իր պատճառները։ 2007-ի հունիսից ի վեր, երբ ՊԻ Ղազայի հատվածը սկսեց վերահսկվել «Համասի» կողմից, Եգիպտոսը փակեց Ռաֆահը` նշելով, որ կբացի այն, եթե անցուղին վերահսկեն ՊԻ-ն, Իսրայելը, ինչպես նաեւ միջազգային «կվարտետը»։ Բացի այդ, Կահիրեն իր դիվանագիտական ներկայացուցչությունը Ղազայից տեղափոխեց Արեւմտյան ափ։ Հատկանշական է, որ Եգիպտոսը, այդ թվում նաեւ Հորդանանը եւ Սաուդյան Արաբիան, մտավախություն ունեն, որ իսլամական կրոնաքաղաքական շարժման` «Համասի» ազդեցությունը կարող է տարածվել նաեւ իրենց երկրներ։

Արաբական վարչակարգերը, որպես կանոն, բավարարվեցին Իսրայելի դեմ ուղղված քննադատությամբ` առանց դուրս գալու ընդունված նորմերի շրջանակներից, չնայած արաբական հասարակությունները սեփական իշխանություններից միշտ էլ ավելի կոշտ դիրքորոշում են ակնկալում: Սաուդ Ալ-Ֆեյսալը իսրայելական գործողությունները որակեց որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Աշխարհաքաղաքական տարբեր շահեր հետապնդող արաբական պետությունների նման կեցվածքն արդեն անփոփոխ իրականություն է, եթե հաշվի առնենք, որ պաղեստինյան խնդիրը վաղուց ի վեր ոչ թե արաբների, այլ պաղեստինցիների հարցն է, իսկ արաբական միասնության կամ իսլամական համերաշխության գաղափարները միշտ էլ ավելի շատ քարոզչական նշանակություն են ունեցել: Այս համատեքստում որոշակիորեն առանձնանում է Սիրիայի կոշտ եւ հետեւողական դիրքորոշումը, որն արաբ-իսրայելական հակամարտության հիմնական կողմերից եւ «Համասին» աջակցող երկրներից է։ Պատահական չէ, որ «Համասի» ազդեցիկ քաղաքական դեմքերը գործում են Դամասկոսում։

Հատկանշական է, որ տարածաշրջանի դերակատարներից որոշակիորեն հակաիսրայելական էր Թուրքիայի արձագանքը, ինչը նաեւ կապված է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության իսլամամետ կեցվածքի հետ: Երկրի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Ալլահը կպատժի Իսրայելին` Ղազայում իրականացրած անմարդկային գործողությունների համար:

Ռազմական գործողությունների հետագա ընթացքում իսրայելամետ քարոզչությունը տեղի տվեց, որը նախեւառաջ կապված էր Ղազայում զոհված բազմաթիվ երեխաների եւ կանանց, ինչպես նաեւ անօգնական վիճակում հայտնված հազարավոր վիրավորների փաստի հետ, ինչը լայնորեն լուսաբանում էին արաբական հայտնի հեռուստաալիքները, մասնավորապես` «Ալ-Ջազիրան»:

Ի վերջո, ի՞նչ շահեցին եւ ի՞նչ կորցրին կողմերը պատերազմից: «Համասի» դիմակայությունը ծանր հետեւանքներ ունեցավ Ղազայի եւ նրա ժողովրդի համար, որը թանկ վճարեց դրա դիմաց։ Պատերազմի ընթացքում զոհվեցին նվազագույնը 1300 պաղեստինցիներ, որոնցից 300-ից ավելին` երեխաներ, վիրավորների թիվն անցավ 5000-ից։ Երկու տասնյակ հազար բնակելի շենքեր ավերվեցին եւ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան։ Ղազայի ենթակառուցվածքները կաթվածահար եղան։ Շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի շրջանը դուրս գա միջազգային մեկուսացումից եւ հաղթահարի սոցիալ-տնտեսական ճգնաժամը։

Ինչ վերաբերում է «Համասին», ապա պատերազմից այն, թերեւս, ավելի շահեց, քան` տուժեց։ «Համասը» կարողացավ հիմնականում պահպանել իր ղեկավարությունը, զինված ջոկատները (չնայած շարժումը կորցրեց Ալ-Կասսամի բրիգադի բազմաթիվ զինյալների) եւ ամենագլխավորը` իշխանությունը Ղազայում։ Ըստ առանձին հետազոտությունների, պատերազմից հետո «Համասի» վարկանիշը Պաղեստինում (այդ թվում` արաբական աշխարհում) կաճի։ Հատկանշական է, որ միջազգային հանրության կողմից լեգիտիմություն ունեցող ՊԻ նախագահ Մահմուդ Աբասը պատերազմի ավարտից հետո «Համասին» առաջարկեց ստեղծել կոալիցիոն կառավարություն։ Ի դեպ, Աբասը նույնպես որոշ ձեռքբերումներ ունեցավ պատերազմից` մեկ տարով երկարացնելով իր նախագահության ժամկետը, այնպես, որպեսզի 2009-ին ՊԻ-ում միաժամանակ տեղի ունենան թե՛ պառլամենտական, թե՛ նախագահական ընտրություններ։

Իսրայելին հաջողվեց միայն որոշակիորեն թուլացնել «Համասի» դիրքերը, ոչնչացվեցին մեծ քանակությամբ թունելներ, որոնցով Եգիպտոսից Ղազա էր տեղափոխվում նաեւ զինամթերք։ Իսրայելը տակտիկական առավելությունների հասավ «Համասի» նկատմամբ, եւ ավելի հավանական է, որ զինադադարը երկար տեւի, ինչպես դա ընդհանուր առմամբ եղավ «Հիզբալլահի» պարագայում։ Իսրայելն ունեցավ ընդամենը 13 զոհ, որից 3-ը` քաղաքացիական անձինք։

Մի բան, սակայն, հստակ է. անգամ եթե «Համասը» հեռացվեր քաղաքական դաշտից, Իսրայելի նկատմամբ պաղեստինյան հասարակական գիտակցության մեջ դրական իմաստով որեւէ փոփոխություն տեղի չէր ունենալու գոնե տեսանելի ապագայում, քանի դեռ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ խորքային քայլեր չեն ձեռնարկվել: Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը չի կարող ոչնչացնել «ահաբեկչության ենթակառուցվածքները», որոնք կարող են վերարտադրվել` որպես հակազդեցություն օկուպացիային, հետեւաբար, Իսրայելը չի կարող ստեղծել կայուն անվտանգություն իր երկրի համար, քանի որ շարունակելու է ապրել պաղեստինցիների հետ կողք կողքի: Այդ իսկ պատճառով որոշակիորեն վիճարկելի են թվում Իսրայելից եւ Արեւմուտքից եկող այն պնդումները, թե խաղաղության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե «Համասը» զրկվի զենքի աղբյուրից («Համասը» արդեն իսկ հայտարարել է, որ շարունակելու է զինվել)։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման հերթական փուլն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ղազայում Իսրայելի նկատմամբ հասարակական գիտակցության էլ ավելի արմատականացմանը, ինչի համար հատուկ քարոզչություն անհրաժեշտ չէ։ Ղազան նման է բացօթյա բանտի, որի հասարակության մեջ մեկընդմիշտ տիրապետող են հակահրեական տրամադրությունները, իսկ Իսրայելի եւ նրա քաղաքացիների դեմ ուղղված ամեն տեսակի ռազմական (այդ թվում` շահիդական) գործողությունները դիտարկվում են որպես Իսրայելի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու միջոցներ: Ղազայում ծնվող ամեն երեխա նման տրամադրությունների հավանական կրող է:

Այս պարագայում հավանական է, որ Իսրայելը որոշակիորեն կփոխի կոշտ դիրքորոշումը` ստիպված լինելով վաղ թե ուշ բանակցել «Համասի» հետ եւ վերացնել Ղազայի շրջափակումը։

Ինչեւէ, քանի դեռ պաղեստինյան հարցը չի ստացել արմատական լուծում, ինչը նկատի է առնում անկախ պաղեստինյան պետության ստեղծում (որը բարդ ու երկարատեւ գործընթաց է), կողմերի միջեւ ձեռք բերված փխրուն զինադադարը չի կարող նպաստել իրական եւ կայուն խաղաղության հաստատմանը:

Իսկ Ղազայի պատերազմը վերստին ի հայտ բերեց այն իրողությունը, որ 21-րդ դարում ուժային ճանապարհով խնդիրներ լուծելն այդքան էլ հեշտ չէ։

1ՄԱԿ հիշյալ բանաձեւով Երուսաղեմը, Բեթղեհեմը եւ նրանց հարակից տարածքներն առանձնացվեցին որպես միջազգային գոտի ու ենթակա չէին հրեական եւ արաբական իշխանություններին:

21948թ. արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ (որին արաբական երկրներից մասնակցում էին Անդրհորդանանը, Լիբանանը, Սիրիան, Եգիպտոսը եւ Իրաքը) ամենամեծ կորուստ կրեց Պաղեստինը, քանի որ Իսրայելը գրավեց Պաղեստինի տարածքի 74%-ը: Արեւելյան Պաղեստինը եւ Երուսաղեմի մյուս մասը` Հին քաղաքը, գրավեց եւ իրեն միացրեց Անդրհորդանանը, իսկ Եգիպտոսին անցավ Ղազայի շրջանը` 378. քառ. կմ:

31967թ. արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելը գրավեց Ղազայի շրջանը, Արեւելյան Երուսաղեմը, Բեթղեհեմը, պաղեստինյան այն բոլոր տարածքները, որոնք 1948թ. պատերազմից հետո միացվել էին Անդրհորդանանին եւ հայտնի էին որպես Արեւմտյան ափ: Իսրայելն իր վերահսկողությունը հաստատեց այն բոլոր տարածքներում, որոնք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1947թ. բանաձեւով հատկացվել էին արաբներին` Պաղեստին պետություն հիմնելու համար:

41994թ. Ղազայում եւ Արեւմտյան ափում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարություն (ՊԻ) 1993թ. Օսլո-I համաձայնագրի հիման վրա: 2005-ին Իսրայելը միակողմանիորեն դուրս եկավ Ղազայից եւ այն հանձնեց պաղեստինցիների կառավարմանը` շարունակելով պահպանել վերահսկողությունը օդային եւ ջրային տարածքներում, սահմանային անցուղիներում (բացառապես Ռաֆահից): Սակայն 2006թ. պառլամենտական ընտրություններում «Համասի» հաղթանակից հետո Իսրայելը ձեռնամուխ եղավ ՊԻ նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, իսկ 2007-ի հունիսից` Ղազայի ամբողջական շրջափակմանը` Իսրայելի անվտանգությունը «Համասի» կողմից իրականացվող հրթիռակոծումից ապահովելու պատրվակով։

52006թ. հունվարին «Համասը» հաղթանակ տարավ ՊԻ պառլամենտական ընտրություններում եւ ձեւավորեց կառավարություն` Իսմայիլ Հանիյայի գլխավորությամբ։ 2007-ի սկզբին սկսվեցին ներպաղեստինյան հակասությունները, որոնք վերաճեցին «Համասի» եւ «Ֆաթհի» միջեւ բախումների։ 2007թ. փետրվարին կնքված «Մեքքայի» համաձայնագրով կողմերը համաձայնության եկան դադարեցնել բախումները եւ համագործակցել։ Սակայն հետագա զարգացումների եւ Իսրայելի հետ առճակատման արդյունքում «Համասը» Ղազայից դուրս մղեց «Ֆաթհին», որին պատկանում էր ՊԻ ղեկավարումը: Ի պատասխան, Արեւմտյան ափում ՊԻ նախագահ Մահմուդ Աբասը լուծարեց «Համասի» կառավարությունը։ 2008թ. ընթացքում երկու կազմակերպություններին հաշտեցնելու արաբական որոշ միջնորդություններ հաջողություն չունեցան։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր