• am
  • ru
  • en
Версия для печати
21.01.2011

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ

   

Արաքս Փաշայան

Մերձավոր Արեւելքը քրիստոնեության բնօրրանն է: Այստեղ են գտնվում քրիստոնեական ամենահին եկեղեցիներն ու դավանանքները, այստեղ են ապրում առաջին քրիստոնյաների հետնորդները: Քրիստոնեական համայնքներ կան Եգիպտոսում, Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում, Իրանում եւ այլուր: Միանշանակ ասել, թե քրիստոնյաները միշտ խաղաղ են ապրել իսլամական միջավայրում, չափազանցություն կլինի, սակայն հանդուրժողականության որոշակի մակարդակ, որպես կանոն, եղել է: Քրիստոնեական համայնքները կարողացել են որեւէ կերպ դավանել իրենց կրոնը, գործառել ազգային իրավունքները, բայց միշտ էլ մտավախություն են ունեցել իսլամական միջավայրում գոյատեւելու հարցում: Այս առումով, Միջին Արեւելքի քրիստոնյաների շրջանում միշտ էլ եղել է Ամերիկա, Եվրոպա կամ Ավստրալիա արտագաղթելու միտումը:

Մինչեւ 2003-ը մոտ 1 միլիոնի հասնող Իրաքի քրիստոնեական համայնքն այսօր հազիվ հաշվվում է 400.000: Երբեմնի քրիստոնեաբնակ Մոսուլում այսօր քրիստոնյաներ գրեթե չեն մնացել: Չունենալով անվտանգության երաշխիքներ` Իրաքի քրիստոնյաները, այդ թվում` հայերը, Բաղդադից, ինչպես նաեւ երկրի այլ շրջաններից արտագաղթում են, իսկ նրանց մի մասը տեղափոխվում է հյուսիս` քրդական շրջաններ, որտեղ անվտանգության որոշակի երաշխիքներ կան: 2003-ից մինչ օրս բազմիցս մոլեռանդ մուսուլմանների թիրախ են դարձել քրիստոնեական եկեղեցիները, ահաբեկչության են ենթարկվել, առեւանգվել ու սպանվել մեծ թվով քրիստոնյաներ:

Վերջին շրջանում Իրաքի քրիստոնյաների դեմ իրականացված բռնություններից թերեւս ամենաողբերգականն ու մասշտաբայինը 2010-ի հոկտեմբերի 31-ին Բաղդադի ասորական կաթոլիկ եկեղեցու դեմ իրականացված հարձակումն էր, որին զոհ դարձավ մոտ 58 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ալ-Կաիդայի հետ կապ ունեցող, Իրաքի իսլամական պետություն անունով ծայրահեղական մի կազմակերպություն: Հենց նույն կառույցը որոշ ժամանակ անց կոչ արեց թիրախ դարձնել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին` այս անգամ Եգիպտոսի ղպտիական եկեղեցու «մեղքով», քանի որ այն իբր գերության մեջ է պահում ղպտի երկու նորադարձ իսլամադավան կանանց. փաստ, ինչը ղպտիական եկեղեցին հերքում է:

Ղպտի կանանց հետ կապված միջադեպը նոր լիցքեր հաղորդեց Եգիպտոսում կրոնական ծայրահեղական այն շարժմանը, որն ուղղված է ղպտիական եկեղեցու եւ մասնավորապես ղպտիների հոգեւոր առաջնորդ Շնուդա Երրորդ պատրիարքի դեմ: Պատահական չէ, որ 2010-ի դեկտեմբերի 31-ին Եգիպտոսի միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքի մզկիթներից մեկի` Ալ-Կաիդ Ջոհարի դիմաց ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքված մուսուլման մոլեռանդ ցուցարարները պահանջում էին հարձակում իրականացնել Սրբերի եկեղեցու (Ալ-Կիդդիսին) եւ Եգիպտոսի ղպտիների հոգեւոր առաջնորդի դեմ, քանի որ Սրբերի եկեղեցին նույնպես ներառված էր Ալ-Կաիդայի թիրախների ցուցակում:

Սա, ի դեպ, ղպտի բարձրաստիճան հոգեւորականի դեմ ուղղված առաջին ելույթը չէր: Բավական է հիշել 2010-ի հոկտեմբերի 8-ին Ալեքսանդրիայի մեկ այլ` Իբրահիմ մկզիթի դիմաց, կրկին ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած հավաքը: 87-ամյա Շնուդա Երրորդն իր մուսուլման հակառակորդների կողմից դիտարկվում է իբրեւ արտաքին ուժերի կողմից հովանավորվող գործիչ, որը նպաստում է Եգիպտոսի մասնատմանը եւ ղպտիական անկախ պետության ստեղծմանը:

Եվ ահա, Ալեքսանդրիայում նշված ցույցի օրը, դեկտեմբերի 31-ի երեկոյան, այսինքն` Տարեմուտի գիշերը, երբ ղպտի հավատացյալները դուրս էին գալիս Սրբերի եկեղեցում գրեթե ավարտված ամանորյա պատարագից, եկեղեցու դիմաց հզոր պայթյուն տեղի ունեցավ, որի հետեւանքով մոտ երեք տասնյակ մարդ զոհվեց, բոլորը` ղպտիներ, մոտ 70-ը վիրավորվեց:

Ահաբեկչության կազմակերպման տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Ըստ առաջինի` ահաբեկչությունը կարող էր իրականացրած լինել Ալ-Կաիդայի հետ առնչություն ունեցող որեւէ կառույց` անձնասպան մահապարտի միջոցով: Նախագահ Հ.Մուբարաքն իր ելույթում նշեց, որ ահաբեկչությունն իրականացվել է արտաքին ուժերի կողմից, որոնք նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը Եգիպտոսում, այդ իսկ պատճառով ահաբեկչությանը դիմագրավելն ինչպես մուսուլմանների, այնպես էլ քրիստոնյաների խնդիրն է:

Այն, որ Եգիպտոսը կարող էր թիրախ դառնալ արտաքին ուժերի համար, քիչ հավանական չէ, եթե հաշվի առնենք, որ աշնանն այդ երկրում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Նշենք, որ սոցիալական եւ քաղաքական տարաբնույթ խնդիրների մեջ ներքաշված Եգիպտոսում օրակարգային է նոր իշխանության ձեւավորման հարցը: Հայտնի չէ` արդյոք արդեն ծեր Հոսնի Մուբարաքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ առաջ կքաշի որդուն` Գամալ Մուբարաքին. խնդիր, ինչը վերջին շրջանում հասարակական դժգոհությունների առիթ է դարձել:

Ըստ մեկ այլ վարկածի` ահաբեկչությունն իրականացվել է ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկի հետեւանքով, ինչը փաստում է, որ ղպտիներն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Ասվածի ապացույցն է նաեւ այն, որ իշխանություններն աչք են փակել նույն օրը մզկիթի առջև տեղի ունեցած ելույթի վրա: Ըստ այդմ` այն, ինչ տեղի է ունենում ղպտիներ հետ, մասնավորապես վերջին տարիներին, ոչ այլ ինչ է, քան երկրում սկիզբ առած հակաքրիստոնեական մոբիլիզացիայի արդյունք:

Նշված կարծիքի հետ, բնականաբար, համամիտ չէ Շնուդա Երրորդին իր ցավակցությունները հայտնած Ալ-Ազհարի իմամ Ահմադ Ալ-Տայիբը, որը համոզված է, որ ահաբեկչությունն ուղղված է Եգիպտոսի ազգային միասնության դեմ: Վերջինս առիթ ունեցավ նաեւ ասելու, որ Շնուդա Երրորդը, որպես կանոն, խոսում է միայն քրիստոնյաների դեմ ուղղված բռնությունների մասին` չանդրադառնալով նույնանման բռնությունների զոհ դարձող մուսուլմանների խնդրին:

Նշենք, որ ղպտիները Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական համայնքն են: Իսկ Եգիպտոսում, որտեղ կազմում են երկրի 80 միլիոն բնակչության 8-10 տոկոսը, պարբերական ճնշումների են ենթարկվում: Միայն վերջերս իշխանություններն արգելեցին ղպտիներին եկեղեցի կառուցել, ինչն առաջ բերեց բախումներ ղպտի ակտիվիստների ու ոստիկանության միջեւ: Ղպտիները բողոքում են` նշելով, որ Եգիպտոսում ամեն մի թաղամասում, նույնիսկ ամեն մի եկեղեցու մոտ մզկիթ կա, մինչդեռ քրիստոնյաներին, որոնք նույնպես այդ երկրի լիիրավ քաղաքացիներն են, եկեղեցաշինությունը, կարելի է ասել, գրեթե արգելվում է: Բացի այդ, պարբերական են դարձել ղպտիական բիզնեսը բոյկոտելու կոչերը:

Հատկանշական է, որ Եգիպտոսում ընտրություններից առաջ ղպտիների հետ կապված միջադեպեր են տեղի ունենում, ինչը, ըստ ամենայնի, նպատակ ունի հակազդել ղպտիների մասնակցությանը հասարակական-քաղաքական գործընթացներին, մեկ այլ դեպքում` օգտագործել ղպտիական գործոնը` քաղաքական հարցեր լուծելու կամ անկայունություն ստեղծելու համար:

Չնայած ղպտիների շրջանում առկա դժգոհություններին, Եգիպտոսում քրիստոնեական հուզումները հազվադեպ երեւույթ են, ինչը կապված է նաեւ Եգիպտոսի` ավտորիտար երկիր լինելու հանգամանքի հետ: Սակայն Սրբերի եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչությունն ի հայտ բերեց դժգոհության հուժկու ալիք, ինչն ապագայում կարող է ունենալ նորանոր դրսեւորումներ` նպաստելով ղպտիական ազգային շարժման ակտիվացմանը եւ քրիստոնեական մոբիլիզացիային: Ահաբեկչությանը հաջորդող օրերին բախումներ տեղի ունեցան ղպտիների եւ եգիպտական ոստիկանության ու անվտանգության ուժերի միջեւ, ցուցարարների դեմ կիրառվեց արցունքաբեր գազ: Տեղի ունեցան ցույցեր ու երթեր, որոնց մասնակիցները տանում էին ծանր փայտե խաչեր` ի ցույց դնելով, որ պատրաստ են զոհվել հանուն Սուրբ խաչի:

Ի դեպ, վերջին տասը տարիների ընթացքում նշված միջադեպը ղպտիների դեմ իրականացված ամենամեծ ահաբեկչությունն էր: Նմանօրինակ վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մոտ տասը տարի առաջ` 2000-ի հունվարի 2-ին, Եգիպտոսի հարավում գտնվող եւ 70 տոկոս ղպտի բնակչություն ունեցող Կոշեհ բնակավայրում, որտեղ սպանվեցին մեծ թվով ղպտիներ: Ի տարբերություն այլ քրիստոնյաների, այդ թվում` հայերի, որոնց եգիպտացիներն ինչ-որ առումով հյուր են համարում, ղպտիների նկատմամբ միանգամայն այլ վերաբերմունք կա: Մուսուլմանները որոշակի վտանգ են տեսնում էթնիկ եգիպտացիներ համարվող ղպտիներից, նրանց մրցակիցներ համարում: Սակայն այս հարցում մոտեցումները տարբեր են:

Այս տեսանկյունից ուշագրավ է դեպքի կապակցությամբ Եգիպտոսի մուսուլմանների արձագանքը: Ղպտիներին ցավակցություն հայտնեց Եգիպտոսում ամենամեծ հեղինակություն վայելող կրոնաքաղաքական, ընդդիմադիր շարժումը` «Մուսուլման եղբայրները», որը կոչ արեց իր հավատակիցներին` պաշտպանել քրիստոնեական եկեղեցիները: Իսկ Կահիրեի քրիստոնեական Շուբրա թաղամասում տեղի ունեցավ մոտ չորս հազարանոց հանրահավաք` ուղղված ահաբեկչության դեմ, որին մասնակցում էին թե՛ քրիստոնեական, թե՛ իսլամական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:

Հատկանշական է, որ ղպտիների Սուրբ Զատիկի օրը` հունվարի 7-ին, բազմաթիվ մուսուլմաններ իրենց աջակցությունը հայտնեցին ղպտիներին: Նրանք ղպտիական եկեղեցիների դիմաց շղթաներ կամ, այլ կերպ ասած` մարդկային պատեր էին կազմել` ձգտելով ի ցույց դնել, որ պատրաստ են իրենց վրա վերցնել այն հարվածները, որ կուղղվեն ղպտիներին: Ղպտիների Սուրբ Ծննդյան միջոցառումներին մասնակցեցին եգիպտացի արաբ հասարակական-քաղաքական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ, այդ թվում` Հոսնի Մուբարաքի երկու որդիները: Այդ օրը մոտ 70.000 ոստիկաններ ղպտիական եկեղեցիների մոտ եւ այլ վայրերում ապահովում էին քրիստոնյաների անվտանգությունը:

Ղպտիական եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչությունը միջազգային մեծ արձագանք գտավ: Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին Նոր տարվա կապակցությամբ դիմելով երկրի կրոնական համայնքներին` նշեց, որ չի պատրաստվում հանդուրժել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ իրականացվող կրոնական զտումները, քանի որ ինչպես Իրաքում, այնպես էլ Եգիպտոսում, Արեւելքի քրիստոնյաները գտնվում են իրենց տանը: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որը վերջին շրջանում բազմիցս անդրադարձել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների խնդիրներին, խոսելով միջադեպի մասին, կրոնական ազատությունների պակասը համարեց սպառնալիք միջազգային անվտանգությանը: Ողջույնի ուղերձով դիմելով Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին նշող արեւելյան քրիստոնեական եկեղեցիներին եւ ակնհայտորեն ղպտիներին հասցեագրված պատգամով` նա կոչ արեց չկորցնել ոգու կորովը փորձության ժամին:

Իսկ ահա վերջերս Open Doors միջազգային մարդասիրական կազմակերպությունը հրապարակեց 2011թ. Քրիստոնյաների համար վտանգավոր երկրների ցուցակը, որում տեղ է գտել 52 երկիր: Դրանց մի հատվածը իսլամական երկրներ են` Իրանը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Իրաքը, Թուրքիան եւ այլն: Զեկույցում նշվում է, որ ներկա պահին ողջ աշխարհում ճնշումներ են իրականացվում 100 միլիոն քրիստոնյաների դեմ:

Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ ճնշումներն ու բռնությունները տարաբնույթ ենթադրությունների տեղիք են տալիս: Ամեն պարագայում, դրանք շատ ավելի քաղաքական, քան կրոնական գործոններով են պայմանավորված: Այն, որ ցանկացած ուժային կենտրոն կարող է իրականացնել ահաբեկչություն` ներկայացնելով այն Ալ-Կաիդայի անունից, այլեւս նորություն չէ: Այնպես որ, այս պարագայում եւս, Ալ-Կաիդայի անունը ոչինչ չի կարող ասել:

Որ իսլամական հասարակություններում կան հակաքրիստոնեական մտայնություններ, գաղտնիք չէ: Իսլամական երկրներում, շատ դեպքերում, քրիստոնյաները դիտարկվում են որպես «հինգերորդ շարասյուն», որի միջոցով Արեւմուտքը փորձում է միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին: Այդպես է եղել նաեւ գաղութատիրության շրջանում, երբ քրիստոնյաները շատ դեպքերում թիրախ են դարձել մուսուլմանների կողմից: Պատահական չէ, որ Իրաքում ամերիկյան օկուպացիայի շրջանում բռնություններ էին իրականացվում այն քրիստոնյաների նկատմամբ, ովքեր որեւէ կերպ համագործակցում էին ամերիկացիների կամ եվրոպացիների հետ: Այդ իսկ պատճառով եվրոպական կառավարությունների հայտարարությունները` ի պաշտպանություն քրիստոնյաների, կարող են նաեւ հակառակ նշանակությունն ունենալ:

Ալեքսանդրիայի ահաբեկչությունը մեկ անգամ եւս եկավ փաստելու, որ քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ փոխհամաձայնության եւ փոխադարձ վստահության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք ավելի շատ քաղաքական բովանդակություն ունեն, հետեւաբար դժվար հաղթահարելի են: Պատահական չէ, որ այսօր առանձին կարծիքներ են հնչում այն մասին, որ մի օր Մերձավոր եւ Միջին Արեւելքից քրիստոնեությունը կարող է վերջնականապես դուրս մղվել:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր