• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2011

ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

   

Արաքս Փաշայան

Արաբական աշխարհում սկսված հեղափոխական շարժումների ալիքը մարտի կեսերից տարածվեց նաեւ Սիրիայում: Մարտի 15-ին Դամասկոսի հայտնի «Համիդիյե» շուկայում եւ Օմայան մզկիթին կից տարածքում հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք վանկարկում էին հակակառավարական արտահայտություններ եւ իշխանություններից պահանջում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Մարտի 18-ին Սիրիայի հարավարեւելյան Դարաա քաղաքում տեղի ունեցավ բազմամարդ հավաք: Նախօրեին այստեղ մի խումբ դպրոցականներ էին ձերբակալվել` պատերին հակակառավարական կարգախոսներ փակցնելու պատճառով: Հանրահավաքը տեղի ուենցավ ի պաշտպանություն դպրոցականների: Ցուցարարները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ վանկարկում էին «Ալլահ, Սիրիա, ազատություն եւ վերջ»` պահանջելով սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհապաղ անցկացում: Հենց Դարաայում առաջին անգամ իշխանությունները կոշտ ուժ կիրառեցին ցուցարարների դեմ: Հետագայում, հակակառավարական ելույթներ տեղի ունեցան Սիրիայի այլ քաղաքներում` Հալեպում, Կամիշլիում, Հոմսում, Լաթաքիայում, Բանյասում, Տարտուսում, Իդլիբում, Դեյր Զորում, Համմայում, Դումայում եւ այլուր: Իշխանությունների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով արդեն զոհվել են հարյուրից ավելի մարդիկ:

Սիրիայի երիտասարդ նախագահ Բաշար Ալ-Ասադն իշխանության եկավ 2000-ին, հոր` Հաֆեզ Ալ-Ասադի (1970-2000) մահից հետո` ինչ-որ իմաստով ժառանգական դարձնելով արդեն իսկ ավտորիտար իշխանության փոխանցման մեխանիզմը: Բաշարը, ընդհանուր առմամբ, շարունակեց նախորդ նախագահի քաղաքական ուղեգիծը` իր ղեկավարման առաջին շրջանում որոշակի քաղաքական ազատություններ մտցնելով, ինչը հայտնի է «դամասկոսյան գարուն» անունով: Երկրում զգալիորեն ակտիվացավ հասարակական դիսկուրսը, ինչը, սակայն, կարճ կյանք ունեցավ` տեւելով մինչեւ 2001թ. սեպտեմբերը:

Արաբական աշխարհում սկսված հեղափոխական ալիքն ի սկզբանե որոշակի մտահոգություն առաջացրեց Սիրիայի իշխող վերնախավում, թեեւ Բաշար Ալ-Ասադը հավաստիացնում էր, որ Սիրիան զերծ կմնա անկայունությունից: Արդյունքում, սակայն, Սիրիան եւս ներքաշվեց հակակառավարական հուզումների մեջ:

Ի տարբերություն արաբական այլ երկրների, Սիրիայի վարչակարգը բավական արագ արձագանքեց ցուցարարների պահանջներին: Ընդառաջ գնալով երկրում սկսված հակակառավարական հուզումներին` երեսուն տոկոսով բարձրացվեց պետական աշխատողների աշխատավարձը, բարձրացվեցին թոշակները եւ վերանայվեց հարկային քաղաքականությունը:

Մարտի 30-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Բաշար Ալ-Ասադը համաձայնեց, որ իշխանությունները շատ դեպքերում չեն արդարացրել ժողովրդի հույսերը, ինչը կապված է եղել 2001-ից ի վեր միջազգային հարաբերություններում եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների եւ Սիրիային ուղղված մարտահրավերների հետ: Ալ-Ասադը խոստացավ բարեփոխումներ անցկացնել իրավապահ եւ դատական համակարգերում, ներդնել բազմակուսակցական համակարգ, մեծացնել լրատվամիջոցների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ անցկացնել, լուծել նոր աշխատատեղերի հարցը: Միեւնույն ժամանակ, Սիրիայում ստեղծված իրավիճակը համարելով արտաքին դավադրության արդյունք` Բաշար Ալ-Ասադը նոր ձեւավորված հանգամանքների ճնշման տակ բարեփոխումների գործընթացի արհեստական արագացումը համարեց անընդունելի եւ վնասակար:

Ապրիլի 3-ին Սիրիայում ձեւավորվեց նոր կառավարություն` գյուղատնտեսության նախկին նախարար Ադել Սաֆարի գլխավորությամբ: Սակայն մինչ այդ, մարտի 26-ին, Սիրիայի անկախության տոնի կապակցությամբ (որ նշվում է ապրիլի 17-ին) Բաշար Ալ-Ասադի հրամանով ազատ արձակվեցին 200-250 քաղբանտարկյալներ, ինչը կարելի է համարել նշանակալից իրադարձություն: Ըստ առանձին տեղեկությունների` ազատ արձակվածները հիմնականում իսլամիստներ են: Ընդհանրապես, Սիրիայում հաշվվում են հազարավոր քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում պահվում են Դամասկոսից ոչ հեռու գտնվող Սեյդնայայի բանտում:

Լուրջ զիջում կարելի է համարել նաեւ նախագահի խորհրդական Բուսայնա Շաաբանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում իշխանությունները կհանեն հատուկ դրության մասին օրենքը, որը գործում է 1963-ից, երբ Սիրիայում իշխանության եկավ «Բաաս» կուսակցությունը: Արտակարգ դրությունը վերացնելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Ոչ պակաս շոշափելի էին նաեւ երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը` քրդերին արված զիջումները: Քրդերը բնակվում են երկրի հյուսիս-արեւելքում` Հասաքեի շրջանում, կազմում են Սիրիայի բնակչության մոտ տասը տոկոսը: Նրանց մի զգալի հատվածը 1962թ. մարդահամարից հետո դուրս էր մնացել Սիրիայի քաղաքացիների ցուցակից եւ 49 տարի համարվում էր օտարերկրացի: Տասնամյակներ շարունակ քրդերի շրջանում կուտակվել են լուրջ դժգոհություններ` կապված նաեւ ազգային իրավունքների սահմանափակման հետ:

Ընդառաջ գնալով քրդերի շրջանում սկսված հակակառավարական տրամադրություններին` ապրիլի 5-ին Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում ընդունեց քուրդ ցեղապետերին: Վերջիններս նախագահին փոխանցեցին իրենց պահանջները, որոնցում առաջնային էր քաղաքացիության հարցը: Ըստ սիրիական պաշտոնական լուրերի` քրդական վերնախավը կողմ է արտահայտվել երկրի միասնականությանը եւ կայունությանը:

Ի վերջո, ապրիլի 7-ին, Բաշար Ալ-Ասադի հրամանով սկսվեց 300 հազար քրդերի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Բացի այդ, Հասաքեի շրջանի քրդական բնակչությանն իշխանություններն ընդառաջեցին` սուբսիդավորելով ջրի հարկի մի մասը` չեղյալ համարելով հիմնականում ոռոգման ջրի օգտագործումից 1997-ից կուտակված հսկայածավալ հարկերը:

Նախագահի քայլերն ուղղված էին թուլացնելու քրդերի շրջանում նկատվող լարվածությունը: Միեւնույն ժամանակ, իշխանությունները գիտակցում են, որ քրդական գործոնը նույնպես կարող է ապակայունացնել Սիրիան: Հատկանշական է, որ մարտի վերջերին Սիրիայի քրդաբնակ շրջաններում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջել էին քաղաքական ազատություններ եւ Իրաքի օրինակով` Սիրիայի տարածքում ինքնավարության տրամադրում:

Չնայած այն փաստին, որ Սիրիայում հակակառավարական տրամադրությունների ձեւավորման համար կային քաղաքական եւ սոցիալական նախադրյալներ, որոնք, ըստ էության, դրսեւորվեցին «դոմինոյի էֆեկտի» շնորհիվ, շատերը հակված են կարծելու, որ Սիրիայում վարչակարգի փոփոխության եւ երկրում լարվածության հետագա խորացման հարցում էական դերակատարություն ունեն կամ կարող են ունենալ արտաքին ուժերը:

Այս տեսանկյունից, հետաքրքրական է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի` սիրիացի զինվորականներին ուղղված կոչը, որը նա արեց մարտի վերջին Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նա սիրիացի զինվորականներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել Եգիպտոսի բանակից եւ չխանգարել ընդդիմադիրներին` մասնակցել բողոքի ակցիաներին:

Գեյթսի դիտարկման հետ կապված` հետաքրքրական են առանձին փորձագիտական գնահատականներ: Արաբական աշխարհի ամենահեղինակավոր մասնագետներից մեկին` Ժիլ Կեպելին ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունը չհիմնավորված է թվում այն պարզ պատճառով, որ սիրիական բանակը չի կարող չսատարել իշխանությանը, քանի որ սերտաճած է նրա հետ: Թե՛ իշխանության եւ թե՛ բանակի հիմնական կորիզը ալավիներ են` շիական այն փոքրամասնությունը, որը ղեկավարում է սուննի մեծամասնությանը: Այնպես որ, հազիվ թե բանակը ցանկանա երկրում առաջ բերել ճգնաժամ, որի հետեւանքով Սիրիայում իշխանությունը կանցնի սուննիներին:

Ընդհանրապես, թե՛ Արեւմուտքից եւ թե՛ Իսրայելից Սիրիայի վարչակարգի, մասնավորապես Բաշար Ալ-Ասադի դեմ արված ցանկացած հայտարարություն իրականում ոչ թե թուլացնելու, այլ ամրապնդելու է նրա հեղինակությունը երկրի ներսում` հաշվի առնելով արաբական, այդ թվում սիրիական հասարակություններում հակահրեական եւ հակաարեւմտյան տրամադրությունների բարձր ցուցանիշը:

Սիրիայում ստեղծված իրավիճակը միջազգային առանձին շրջանակներում, այդ թվում` Իսրայելում եւ Իրանում, լուրջ անհանգստություն է առաջ բերել: Սիրիան Մերձավոր Արեւելքի հանգուցային պետություններից մեկն է` առաջին հերթին որպես Իսրայելին հակազդող երկիր, նաեւ` որպես տարածաշրջանային անվտանգության ամենակարեւոր երաշխավորներից մեկը: Սիրիան շատ կարեւոր օղակ է Իրան-«Հիզբալլահ» համագործակցության շղթայում: Ոչ պակաս կարեւոր է Սիրիայի դերը «Համասին» ցուցաբերվող քաղաքական եւ տարաբնույթ այլ աջակցության հարցում: Այնպես որ, Սիրիայի ներկա` բաասական վարչակարգի տապալմամբ Իրանը կկորցնի Մերձավոր Արեւելքում միակ եւ հետեւողական դաշնակցին, կտուժի համագործակցությունը «Հիզբալլահի» հետ: Իսկ սուննիների իշխանության գալու դեպքում երկկողմ շփումներում կարող է նույնիսկ լարվածություն առաջանալ, եթե հաշվի առնենք սուննի արաբական մի շարք վարչակարգերի հետ Իրանի լարված եւ մրցակցային հարաբերությունները:

Սիրիայում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ ոչ պակաս հետաքրքրական է նաեւ իսրայելական տեսանկյունը: Ճիշտ է, Իսրայելի համար մտահոգիչ են Սիրիայի հետ ունեցած ոչ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ Իրանի եւ Սիրիայի հարաճուն ռազմավարական համագործակցությունը, սակայն Սիրիայի վարչակարգի պահպանման հարցում Իսրայելը, ըստ ամենայնի, պետք է որ շահագրգռված լինի, քանի որ ծանոթ է Ալ-Ասադների քաղաքական մշակույթին:

Իսրայելական իշխանությունները պետք է որ արժեւորեն Սիրիայի եւ Իսրայելի սահմաններին տիրող կայունությունը, որ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Բացի այդ, Սիրիայի ներկա վարչակարգը, ի տարբերություն Սադամ Հուսեյնի կամ Մուամար Քադաֆիի վարչակարգերի, կարելի է բնորոշել որպես որոշակիորեն կանխատեսելի, ինչը նույնպես շահեկան է թե՛ Իսրայելի եւ թե՛ միջազգային այլ ուժային կենտրոնների համար:

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն Իսրայելի եւ Սիրիայի կամ Սիրիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները, եթե իշխանության գան պատերազմի կողմնակիցները կամ սուննի իսլամիստները` ի դեմս «Մուսուլման եղբայրների»:

Հարկ է նշել, որ ներկա փուլում իրավիճակը Սիրիայում թեեւ լարված է, սակայն իշխանություններին առայժմ հաջողվում է վերահսկել իրավիճակը: Դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան դեպքերը հետագայում: Այն, որ իշխանություններն ուժ են կիրառում ցուցարարների դեմ, խոսում է այն մասին, որ նրանք անվստահ են եւ որ իշխանության մեջ որոշակի խուճապ կա: Բացի այդ, սովորական են դարձել իշխանությունների կողմից իրականացվող ձերբակալությունները: Ձերբակալվողների մեջ կան ոչ միայն սովորական ցուցարարներ, այլ նաեւ հասարակական-քաղաքական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպաններ, այդ թվում` կանայք: Մարտի 16-ին Դամասկոսի Մարջա հրապարակում ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացված լուռ երթի ժամանակ ձերբակալվեց դամասկոսցի հայտնի կին ակտիվիստ Սուհեյր Ատտասին, որն ազատ արձակվեց միայն ապրիլի սկզբին: Ատտասիների հայտնի ընտանիքից սերող Սուհեյրը Սիրիան համարում է «լռության թագավորություն», որտեղ մարդիկ կաշկանդված են, սխալ տեսակետներ ունեն իշխանափոխության մասին` այն ասոցացնելով քաոսի հետ: Ի դեպ, նաեւ Սուհեյր Ատտասիի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում կազմակերպված ակցիան` ի պաշտպանություն եգիպտացի ցուցարարների, նույնպես զերծ չմնաց բռնությունից:

Միջազգային զանգվածային լրատվամիջոցներով եւ դիվանագիտական խողովակներով տարածվող լուրերի համաձայն` ճիշտ է, Սիրիայում ներկա վարչակարգի դիրքերը երերում են, սակայն շատ իրողություններ, ըստ ամենայնի, չափազանցված են եւ ներկայացվում են տեղեկատվական այն գործընթացի համատեքստում, որն ուղղորդված է խթանելու հեղափոխությունները Մերձավոր Արեւելքում եւ որի մեջ «Ալ-Ջազիրան» բացառիկ դերակատարություն ունի:

Սակայն չպետք է անտեսել նաեւ այն հանգամանքը, որ Բաշար Ալ-Ասադը որոշակի հեղինակություն եւ աջակցություն է վայելում հասարակության տարբեր շերտերում: Հակակառավարական հուզումներին զուգահեռ, մայրաքաղաք Դամասկոսում եւ այլ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ եւ երթեր` ի պաշտպանություն նախագահի, որի կողմնակիցները, ի տարբերություն ընդդիմադիրների, վանկարկում են «Ալլահ, Սիրիա, Բաշար եւ վերջ» կարգախոսը: Բացի այդ, Բաշար Ալ-Ասադը, ի դեմս բանակի եւ հատուկ ծառայությունների, դեռեւս զգալի ռեսուրս ունի պայքարելու հակակառավարական հուզումների դեմ:

Փաստ է նաեւ, որ սիրիական հասարակության մի զգալի հատվածը, որպես նախադեպ ունենալով մերձավորարեւելյան մի շարք իրողություններ, գիտակցում է կայունության արժեքը: Վերջին ամենամեծ ցնցումը Սիրիան ապրել է 1982թ. Համմայի հայտնի դեպքերի ընթացքում, երբ իշխանությունները հողին հավասարեցրին «Մուսուլման եղբայրների» հենակետ դարձած Համմա քաղաքը` արմատախիլ անելով կրոնաքաղաքական ընդդիմությանը:

Ամեն պարագայում, Սիրիայում կան լարվածության որոշակիորեն լուրջ եւ վտանգավոր օջախներ, որոնից մեկն այլեւս կապված է սուննիական գործոնի ակտիվացման հետ: Երկրի մեծամասնություն համարվող սուննիները, մի քանի տասնամյակ է, ինչ ստիպված են հանդուրժել ալավիների գերիշխանությունը: Բացի այդ, Սիրիայում հասարակության առանձին շերտեր, հիմնականում սուննիական, զգալիորեն կրոնականացված են, ինչը, ըստ էության, իր մեջ ունի քաղաքական ակտիվության լուրջ հենք: Պատահական չէ, որ Հաֆեզ Ալ-Ասադն այդքան հետեւողական պայքար ծավալեց կրոնական ակտիվիստների դեմ` ձախողելով Սիրիան իսլամական պետության վերածելու վերջիններիս ծրագրերը:

Նշված խնդիրներին զուգահեռ, Սիրիայում կան նաեւ սոցիալական լուրջ հիմնահարցեր` գործազրկություն, ցածր կենսամակարդակ, աղքատություն եւ այլն: Միաժամանակ, արաբական երկրներում, կապված ժողովրդագրական բարձր ցուցանիշների հետ, հասարակության մեծամասնությունը հիմնականում երիտասարդներ են, ինչը նշանակում է, որ ամեն տարի իշխանությունները մեծ թվով նոր աշխատատեղեր պետք է բացեն, որը դյուրին խնդիր չէ Սիրիայի համար:

Սիրիայի հնարավոր անկայունացումը, ըստ ամենայնի, կընթանա առավել բարդ ու ցավոտ, քանի որ Սիրիան միատարր հասարակություն չէ, ինչպես Եգիպտոսը: Սիրիան էթնիկ եւ դավանական բարդ խճանկար է, եւ ցանկացած անկայունություն կարող է խարխլել փխրուն հանդուրժողականության մթնոլորտը` հասարակության շրջանում ի հայտ բերելով երկփեղկվածություն: Միեւնույն ժամանակ, շատ դժվար է կանխատեսել, թե հնարավոր դրամատիկ սցենարի դեպքում Սիրիայում ինչ ուժեր կարող են իշխանության գալ, քանի որ ներկայում ո՛չ կրոնական եւ ո՛չ էլ աշխարհիկ հատվածում որեւէ կազմակերպված քաղաքական ուժ կամ ինստիտուցիոնալ ընդդիմություն երկրում գոյություն չունի:

Հայաստանի համար Սիրիան զգալի կարեւորություն ունեցող երկիր է: Առհասարակ, արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար չափազանց կարեւոր են` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այնտեղ մեծ քանակությամբ հայեր են ապրում: Սիրիայում մոտ ութսուն հազարանոց բավական կազմակերպված հայկական համայնք կա: Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիներն արդեն իսկ իրենց համերաշխությունն են հայտնել իշխող վարչակարգին` նրանում տեսնելով իրենց ապահովության երաշխիքը: Նշենք նաեւ, որ Սիրիայի սահմաններից դուրս սիրիահայերը, ի պաշտպանություն Բաշար Ալ-Ասադի, հանրահավաքներ են կազմակերպել, մասնավորապես, Հայաստանում եւ Ֆրանսիայում:

Ընդհանրապես, Բաշար Ալ-Ասադը վայելում է երկրի քրիստոնյաների աջակացությունն ու համակրանքը. վերջիններս զգալի ազատություններից են օգտվում: Սակայն Մերձավոր Արեւելքում ցանկացած անկայունության դեպքում առաջին հերթին տուժում են հենց քրիստոնյաները, որոնց դիրքերը դառնում են խոցելի: Ներկայում, պայմանավորված տնտեսական եւ քաղաքական պատճառներով, Մերձավոր Արեւելքում, այդ թվում` Սիրիայում, քրիստոնյաների, նաեւ` հայերի շրջանում մեծանում է արտագաղթը: Ամեն պարագայում, Սիրիայում իշխանափոխությունն ամենեւին ձեռնտու չէ հայերին, առավել եւս եթե այդ երկրում իշխանության գան կրոնաքաղաքական ուժեր:

Սիրիան իր պատմության ընթացքում, մասնավորապես Երկրորդ աշխարհամարտից հետո, բազմաթիվ ճգնաժամեր է հաղթահարել: Արդյո՞ք Սիրիայի ներկա վարչակարգը կկարողանա հաղթահարել հերթական ճգնաժամը, ցույց կտա ժամանակը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր