ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
- Պրն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է այսօր իրաքահայ համայնքում երկրից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո:
- Ամերիկյան զորքերի մի մասը միայն վերջերս լքեց երկիրը, և դեռևս շատ վաղ է կանխատեսումներ անել: Հայերը, ինչպես Իրաքի մնացած քաղաքացիները, սպասում են երկրում վերջնական կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև առաջիկայում Իրաքում կառավարության ձևավորմանը: Իրաքում հիմա բավական լարված իրավիճակ է սուննի և շիա քաղաքական խմբավորումների միջև, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ լծակներ ունենալ իշխանության մեջ:
- Ի՞նչ փոփոխություններ կրեց համայնքը պատերազմի տարիներին:
- Իրաքահայ համայնքը բավական բարգավաճ էր ամեն իմաստով, այդ թվում` մշակութային, սակայն պատերազմի տարիներին այն մեծ վնասներ կրեց, ամեն ինչ կարծես տակնուվրա եղավ, զգալիորեն կրճատվեց հայերի թվաքանակը, համայնքը կորցրեց նախկին դիրքերը: Անվտանգության երաշխիքների բացակայության և երկրում սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքով հարյուրավոր իրաքահայեր հեռացան երկրից` հաստատվելով Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Արևելքում (հիմնականում` Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում): Ցավոք, հայերի արտագաղթը շարունակվում է նաև հիմա:
- Արդյո՞ք Իրաքի հայ համայնքին հաջողվել է պատերազմի ընթացքում պահպանել իր հիմնական ազգային կառույցները:
- Ճիշտ է, պատերազմի շրջանում համայնքը ստիպված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, սակայն ազգային կառույցները հիմնականում պահպանված են: Իրաքի հայ համայնքի գործերը հաջողությամբ ընթանում են իրաքահայ թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի գլխավորությամբ: Համայնքը գործում է ըստ Կանոնադրության (կամ Ազգային սահմանադրության), որը վավերացված է պետության կողմից: Համայնքի բարձրագույն իշխանությունն ազգային կենտրոնական վարչությունն է, որն ընտրվում է չորս տարին մեկ և ունի իր ատենապետը: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2010թ. մայիս-հունիս ամիսներին: Այժմ իրաքահայերը հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, որտեղ գործում են հայկական չորս եկեղեցի և ազգային հինգ միություն՝ Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միությունը (որն, ի դեպ, գործում է 1926-ից), Իրաքի հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որն ունի առանձին մարզական ակումբ, Հ.Մ.Ը.Մ.-ն, Իրաքի հայ տիկնանց մշակութային միությունը:
- Հայտնի է, որ իրաքահայերը եկեղեցիներ, դպրոցներ, կրթական, մարզական և ազգային այլ միություններ ունեն նաև Բաղդադից դուրս:
- Այո, դրանք հիմնականում գտնվում են Բասրայում, Քիրքուքում, Էրբիլում, Մոսուլում, Դոհուքում, Զախոյում, Ավզրուկում, Հավրեզքում: Մեկական հայկական եկեղեցի կա Բասրայում, Քիրքուքում, Զախոյում, Մոսուլում, Ավզրուկում: Երկու տարի առաջ, 2008-ին, եկեղեցի հիմնվեց Դոհուքում (Ս.Ներսես Շնորհալի), ծրագրվում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում և Հավրեզքում: Որոշակիորեն անմխիթար է վիճակը Մոսուլում: Այստեղ կար երկու հայկական եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել է 1857-ին, իսկ մյուսը նորակառույց էր, որը նախքան օծվելն ու բացվելը 2004-ին ավերվեց։ Սկսվել է հայերի հոսքը դեպի Էրբիլ: Այնտեղ, ճիշտ է, հայությունը քիչ է, սակայն ստվարանալու միտում ունի: Ի դեպ, ծրագրվում է թե՛ Էրբիլում, թե՛ Հավրեզքում եկեղեցիներ կառուցել: Հայերով է սկսել բնակեցվել Մոսուլի մոտ գտնվող Ալ-Կոուշ բնակավայրը, որի հարևանությամբ վերջերս Քուրդիստանի դեմոկրա-տական կուսակցության անդամ, ժամանակին իրաքյան Քուրդիստանի ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանի կողմից կառուցվեց փոքրիկ մի գյուղ՝ մոտ 24 բնակարաններով՝ Մոսուլից գաղթած հայ ընտանիքների համար, որը կոչվեց Աղաջանյան: Իրաքի հայաբնակ գյուղական բնակավայրերի մեջ առանձնանում է քրդախոս հայերով բնակեցված Ավզրուկը, որ փաստորեն գտնվում է Զախոյի և Դոհուքի միջև: Գյուղն ունի եկեղեցի, նաև` դպրոց, թաղական խորհուրդ։ Հատկանշական է, որ Ավզրուկում ապրող հայերը թեև իրենց կենցաղավարությամբ ու մշակույթով ավելի մոտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական բարձր ինքնագիտակցությամբ, ամուր կառչած են ազգային և կրոնական ավանդույթներին: Ավզրուկում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, սակայն երիտասարդները Զախո և շրջակայքի այլ քաղաքներ են գնում աշխատելու, այնպես որ՝ բոլորը չէ, որ հողագործությամբ են զբաղվում: Ավզրուկի հարևանությամբ են գտնվում Սումայլ գյուղաքաղաքը և Շիքանդալ փոքրիկ գյուղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաև հայեր: Ի դեպ, քրդախոս են նաև Զախո քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930-ականներից: Այստեղ հայերն ունեն թաղական խորհուրդ։ Հայերը սկսում են աշխուժանալ նաև Դոհուքում: Այս շրջանի հայերը բոլորը եկեղացապաշտ են, ձգտում են հայ մնալ:
- Փաստորեն, հայաբնակ նոր բնակավայրերի ձևավորման գործընթաց է սկսվել քրդաբնակ շրջաններում, որոնք հայապահպանության տեսանկյունից նոր նշանակություն են ձեռք բերել:
- Այո, համայնքում ներքին տեղաշարժեր եղան: Այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում հայկական նոր համայնքների ձևավորման և ամրապնդման գործընթաց: Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում Հավրեզքը, որ վերահիմնվել է 2005-ին: Այնտեղ ապրում են Բաղդադից, Բասրայից, Մոսուլից տեղափոխված` քաղաքաբնակ և հայախոս իրաքահայեր: Հավրեզքում կա դպրոց, թաղական վարչություն: Նշենք, որ Հավրեզքը 1920-ականներին հիմնել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լևոն փաշա Շաղոյանը։ 1970-ականների վերջերին Սադամ Հուսեյնի օրոք պետական և քրդական զորամիավորումների միջև բախումների հետևանքով գյուղից հայ բնակչությունը դուրս է բերվել: Ընդհանրապես, հյուսիսային` սահմանամերձ շրջանում գտնվող շատ բնակավայրեր դատարկվել են: Հավրեզքը վերահիմնվել է 2005թ. Սարգիս Աղաջանի աջակցությամբ, ում շնորհիվ Հավրեզքում կառուցվել է 115 տուն: Վերաբնակվողները հիմնականում քաղաքաբնակեր են` Բաղդադից, Բասրայից, Մոսուլից: Նշեմ, որ իրաքահայ թեմի առաջնորդը և Ազգային կենտրոնական վարչության անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Իրաքի հայկական համայնքներ, այդ թվում՝ Հավրեզք, իրենց ուշադրության մեջ պահելով տեղերում ընթացող գործընթացները։
- Փաստորեն, հայերի և քրդերի միջև որոշակի համագործակցություն կա:
- Այո, հայերն իրենց ապահով են զգում քրդաբնակ շրջաններում: Հատկանշական է, որ իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային` 111 տեղանոց խորհրդարանի անդամ է (2009-ից) հայազգի Արամ Շահեն Բաքոյանը` ավզրուկցի, որը երկար տարիներ անդամագրված է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Ի դեպ, Արամ Բաքոյանը ժամանակին Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ էր։
- Ի՞նչ վիճակում է ազգային կրթության հարցն Իրաքում:
- 1970-ականներից հայկական ազգային վարժարանները (ինչպես մնացած ազգային կրթական հաստատությունները) Իրաքում պետականացվեցին: Այն ժամանակ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի գոնե հնարավոր դառնա հայերենի և կրոնի ուսուցումն արդեն պետական դպրոցներում: Եվ ահա 2003-ից հետո, երբ որոշակի հնարավորություններ ընձեռվեցին փոքրամասնություններին, հայերն Իրաքում փորձեցին վերականգնել ազգային վարժարանի ինստիտուտը: 2004-2005-ից բացվեց Բաղդադի միակ հայկական ազգային վարժարանը, որը ներկայումս մոտ 130 աշակերտ ունի: Վարժարանը կից է մայր եկեղեցուն: Այս տարի մի շարք իրաքահայ ուսուցչուհիներ վերապատրաստվել են Հայաստանում: Ի դեպ, Իրաքի քրիստոնյաների մեջ հայերն առաջինն էին, որ ձեռնամուխ եղան ազգային վարժարանի բացմանը:
- Ինչպիսի՞ն են իրաքահայ համայնքի հարաբերությունները պետության հետ:
- Իրաքահայերն Իրաքի լիիրավ քաղաքացիներ են, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ Իրաքի մնացած ժողովուրդները: Ներկայումս իրաքահայ համայնքն ակտիվորեն համագործակցում է կրոնի հարցերով զբաղվող պետական մարմնի հետ: Բացի այդ, հայ համայնքը բա-վական լավ փոխհարաբերություններ ունի թե՛ սուննի, թե՛ շիա համայնքների և նրանց ղեկավարների հետ: Բարիդրացիական են հարաբերություններն էթնիկ այլ խմբերի, այդ թվում` քրդերի և թուրքմենների հետ: Հատկանշական է, որ չնայած Իրաքում հայերը քրիստոնայների մեջ, թերևս, ամենափոքր թիվն են կազմում, Քրիստոնյա համայնքների համայնքապետերի խորհրդի քարտուղարը Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն է: Այս իրողությունն ի ցույց է դնում Ավագ սրբազանի կարողությունները:
- Ինչպե՞ս եք տեսնում իրաքահայ համայնքի հեռանկարը:
- Միջին Արևելքի, այդ թվում՝ իրաքահայ համայնքի համար աստիճանաբար ավելի ու ավելի է դժվարանում ազգային գոյապահպանության հեռանկարը: Ինչ վերաբերում է իրաքահայերին, ապա մենք, ինչպես Իրաքի մնացած քաղաքացիները, պետք է հուսանք երկրում վերջնական կայունության հաստատմանը:
Զրույցը վարեց «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Արաքս Փաշայանը
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]