• am
  • ru
  • en
Версия для печати
31.05.2011

ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

   

Արաքս Փաշայան1

Արաբական աշխարհում սկսված հեղափոխական շարժումների ալիքը մարտի կեսերից տարածվեց նաև Սիրիայում: Մարտի 18-ին Սիրիայի հարավարևելյան Դարաա քաղաքում տեղի ունեցավ բազմամարդ հավաք2: Հենց Դարաայում առաջին անգամ իշխանությունները կոշտ ուժ կիրառեցին ցուցարարների դեմ: Հետագայում հակակառավարական ելույթներ տեղի ունեցան Սիրիայի այլ քաղաքներում` Հալեպում, Կամիշլիում, Հոմսում, Լաթաքիայում, Բանիասում, Տարտուսում, Իդլիբում, Դեյր Զորում, Համայում, Դումայում և այլուր: Իշխանությունների և ցուցարարների միջև բախումների հետևանքով արդեն զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իշխանության եկավ 2000-ին, հոր` Հաֆեզ ալ-Ասադի (1970-2000թթ.) մահից հետո` ինչ-որ իմաստով ժառանգական դարձնելով արդեն իսկ ավտորիտար իշխանության փոխանցման մեխանիզմը3: Սիրիա-ադրբեջանական համարվող այդ համակարգն այսօր, սակայն, հայտնվել է քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ:

Արաբական աշխարհում սկսված հեղափոխական ալիքն ի սկզբանե որոշակի մտահոգություն առաջացրեց Սիրիայի իշխող վերնախավում, թեև Բաշար ալ-Ասադը հավաստիացնում էր, որ Սիրիան զերծ կմնա անկայունությունից: Արդյունքում, սակայն, Սիրիան ևս ներքաշվեց հակակառավարական հուզումների մեջ:

Ի տարբերություն արաբական այլ երկրների, Սիրիայի վարչակարգը բավական արագ արձագանքեց ցուցարարների պահանջներին4: Մարտի 30-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Բաշար ալ-Ասադը համաձայնեց, որ իշխանությունները շատ դեպքերում չեն արդարացրել ժողովրդի հույսերը, ինչը կապված է եղել 2001-ից ի վեր միջազգային հարաբերություններում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների և Սիրիային ուղղված մարտահրավերների հետ: Միևնույն ժամանակ, Սիրիայում ստեղծված իրավիճակը համարելով արտաքին դավադրության արդյունք` Բաշար ալ-Ասադը նոր ձևավորված հանգամանքների ճնշման տակ բարեփոխումների գործընթացի արհեստական արագացումը համարեց անընդունելի և վնասակար:

Ապրիլի 3-ին Սիրիայում ձևավորվեց նոր կառավարություն` գյուղատնտեսության նախկին նախարար Ադել Սաֆարի գլխավորությամբ: Սակայն մինչ այդ, մարտի 26-ին, Սիրիայի անկախության տոնի կապակցությամբ (որ նշվում է ապրիլի 17-ին) Բաշար ալ-Ասադի հրամանով ազատ արձակվեցին 200-250 քաղբանտարկյալներ, ինչը կարելի է համարել նշանակալից իրադարձություն5:

Լուրջ զիջում կարելի է համարել 1963-ից գործող հատուկ դրության մասին օրենքի վերացումը: Ոչ պակաս շոշափելի էին նաև երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը` քրդերին արված զիջումները6: Նրանց մի զգալի հատվածը 1962թ. մարդահամարից հետո դուրս էր մնացել Սիրիայի քաղաքացիների ցուցակից և 49 տարի համարվում էր օտարերկրացի: Տասնամյակներ շարունակ քրդերի շրջանում կուտակվել են լուրջ դժգոհություններ` կապված նաև ազգային իրավունքների սահմանափակման հետ:

Ընդառաջ գնալով քրդերի շրջանում սկսված հակակառավարական տրամադրություններին` ապրիլի 5-ին Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունեց քուրդ ցեղապետերին: Վերջիններս նախագահին փոխանցեցին իրենց պահանջները, որոնցում առաջնային էր քաղաքացիության հարցը: Ըստ սիրիական պաշտոնական լուրերի` քրդական վերնախավը կողմ է արտահայտվել երկրի միասնականությանը և կայունությանը:

Ի վերջո, ապրիլի 7-ին, Բաշար ալ-Ասադի հրամանով սկսվեց 300 հազար քրդերի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Բացի այդ, Հասաքեի շրջանի քրդական բնակչությանն իշխանություններն ընդառաջեցին` սուբսիդավորելով ջրի հարկի մի մասը, չեղյալ համարելով հիմնականում ոռոգման ջրի օգտագործումից 1997-ից կուտակված հսկայածավալ հարկերը:

Նախագահի քայլերն ուղղված էին թուլացնելու քրդերի շրջանում նկատվող լարվածությունը: Միևնույն ժամանակ, իշխանությունները գիտակցում են, որ քրդական գործոնը նույնպես կարող է ապակայունացնել Սիրիան: Հատկանշական է, որ մարտի վերջերին Սիրիայի քրդաբնակ շրջաններում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջել էին քաղաքական ազատություններ և Իրաքի օրինակով` Սիրիայի տարածքում ինքնավարության տրամադրում:

Չնայած այն փաստին, որ Սիրիայում հակակառավարական տրամադրությունների ձևավորման համար կային քաղաքական և սոցիալական նախադրյալներ, որոնք, ըստ էության, դրսևորվեցին «դոմինոյի էֆեկտի» շնորհիվ, շատերը հակված են կարծելու, որ Սիրիայում վարչակարգի փոփոխության և երկրում լարվածության խորացման հարցում էական դերակատարություն ունեն արտաքին ուժերը: Շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիրները ռազմական և ֆինանսական աջակցություն են ստանում առանձին արաբական երկրներից` Իրաքից, Սաուդյան Արաբիայից, Լիբանանից և այլն:

Ըստ առանձին փորձագիտական տեսակետների` ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է Սիրիայի վարչակարգի փոփոխությամբ: Այս տեսանկյունից, հետաքրքրական է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի` սիրիացի զինվորականներին ուղղված կոչը, որը նա արեց մարտի վերջին Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նա սիրիացի զինվորականներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել Եգիպտոսի բանակից և չխանգարել ընդդիմադիրներին` մասնակցել բողոքի ակցիաներին:

Սակայն հազիվ թե իշխանությունների հետ սերտաճած սիրիական բանակը չսատարի իշխանությանը: Թե՛ իշխանության և թե՛ բանակի հիմնական կորիզն ալավիներ են, որոնք ղեկավարում են երկրի սուննի մեծամասնությանը: Այնպես որ, հազիվ թե բանակը ցանկանա երկրում առաջ բերել ճգնաժամ, որի հետևանքով Սիրիայում իշխանությունը կանցնի սուննիներին:

Սիրիայում ստեղծված իրավիճակը միջազգային առանձին շրջանակներում, այդ թվում` Իսրայելում և Իրանում, լուրջ անհանգստություն է առաջ բերել: Սիրիան Մերձավոր Արևելքի հանգուցային պետություններից մեկն է` առաջին հերթին որպես Իսրայելին հակազդող երկիր, նաև` որպես տարածաշրջանային անվտանգության ամենակարևոր երաշխավորներից մեկը: Սիրիան շատ կարևոր օղակ է Իրան-«Հիզբալլահ» համագործակցության շղթայում: Ոչ պակաս կարևոր է Սիրիայի դերը «Համասին» ցուցաբերվող քաղաքական և տարաբնույթ այլ աջակցության հարցում: Այնպես որ, Սիրիայի ներկա` բաասական վարչակարգի տապալմամբ Իրանը կկորցնի Մերձավոր Արևելքում միակ և հետևողական դաշնակցին, կտուժի համագործակցությունը «Հիզբալլահի» հետ: Իսկ սուննիների իշխանության գալու դեպքում երկկողմ շփումներում կարող է նույնիսկ լարվածություն առաջանալ, եթե հաշվի առնենք սուննի արաբական մի շարք վարչակարգերի հետ Իրանի լարված և մրցակցային հարաբերությունները:

Սիրիայում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ ոչ պակաս հետաքրքրական է նաև իսրայելական տեսանկյունը: Ճիշտ է, Իսրայելի համար մտահոգիչ են Սիրիայի հետ ունեցած ոչ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Իրանի և Սիրիայի հարաճուն ռազմավարական համագործակցությունը, սակայն Սիրիայի վարչակարգի պահպանման հարցում Իսրայելը, ըստ ամենայնի, պետք է որ շահագրգռված լինի, քանի որ ծանոթ է ալ-Ասադների քաղաքական մշակույթին:

Իսրայելական իշխանությունները պետք է որ արժևորեն Սիրիայի և Իսրայելի սահմաններին տիրող կայունությունը, որ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Բացի այդ, Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադին, ի տարբերություն Սադամ Հուսեյնի կամ Մուամար Քադաֆիի, կարելի է բնորոշել որպես որոշակիորեն կանխատեսելի, ինչը նույնպես շահեկան է թե՛ Իսրայելի և թե՛ միջազգային այլ ուժային կենտրոնների համար:

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն Իսրայելի և Սիրիայի կամ Սիրիայի և Արևմուտքի հարաբերությունները, եթե իշխանության գան պատերազմի կողմնակիցները կամ սուննի իսլամիստները: Ամենավատ սցենարն, իհարկե, կարող է կապված լինել Սիրիայում հնարավոր քաղաքացիական պատերազմի և քաոսի ձևավորման հետ:

Հարկ է նշել, որ ներկա փուլում իրավիճակը Սիրիայում թեև չափազանց լարված է, սակայն իշխանություններին առայժմ հաջողվում է վերահսկել իրավիճակը: Դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան դեպքերը հետագայում: Այն, որ իշխանություններն ուժ են կիրառում ցուցարարների դեմ, խոսում է այն մասին, որ նրանք անվստահ են, և որ իշխանության շրջանում որոշակի խուճապ կա: Բացի այդ, սովորական են դարձել իշխանությունների կողմից իրականացվող ձերբակալությունները: Ձերբակալվողների մեջ կան ոչ միայն սովորական ցուցարարներ, այլ նաև հասարակական-քաղաքական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպաններ:

Միջազգային զանգվածային լրատվամիջոցներով և դիվանագիտական խողովակներով տարածվող լուրերի համաձայն` ճիշտ է, Սիրիայում ներկա վարչակարգի դիրքերը երերուն են, սակայն շատ իրողություններ, ըստ ամենայնի, չափազանցված են և ներկայացվում են տեղեկատվական այն գործընթացի համատեքստում, որն ուղղորդված է խթանելու հեղափոխությունները Մերձավոր Արևելքում և որի մեջ «Ալ-Ջազիրան» բացառիկ դերակատարություն ունի:

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Բաշար ալ-Ասադը որոշակի հեղինակություն է վայելում հասարակության տարբեր շերտերում7: Բացի այդ, նա, ի դեմս բանակի և հատուկ ծառայությունների, դեռևս զգալի ռեսուրս ունի պայքարելու հակակառավարական հուզումների դեմ: Փաստ է նաև, որ սիրիական հասարակության մի զգալի հատվածը, որպես նախադեպ ունենալով մերձավորարևելյան մի շարք իրողություններ, գիտակցում է կայունության արժեքը:

Վերջին ամենամեծ ցնցումը Սիրիան ապրել է 1982թ. Համայի հայտնի դեպքերի ընթացքում, երբ իշխանությունները հողին հավասարեցրին «Մուսուլման եղբայրների» հենակետ դարձած Համա քաղաքը` արմատախիլ անելով կրոնաքաղաքական ընդդիմությունը:

Ամեն պարագայում, Սիրիայում ներկայումս ձևավորվել են լարվածության որոշակիորեն լուրջ և վտանգավոր օջախներ, որոնցից մեկը կապված է սուննիական գործոնի ակտիվացման հետ: Երկրի մեծամասնություն համարվող սուննիները մի քանի տասնամյակ է, ինչ ստիպված են հանդուրժել ալավիների գերիշխանությունը: Բացի այդ, Սիրիայում հասարակության առանձին շերտեր, հիմնականում սուննիական, զգալիորեն կրոնականացված են, ինչը, ըստ էության, քաղաքական ակտիվության լուրջ հենք ունի: Պատահական չէ, որ Հաֆեզ ալ-Ասադն այդքան հետևողական պայքար ծավալեց կրոնական ակտիվիստների դեմ` ձախողելով Սիրիան իսլամական պետության վերածելու վերջիններիս ծրագրերը:

Բացի քաղաքական խնդիրներից և ժողովրդավարական ազատությունների բացակայությունից, Սիրիայում կան նաև սոցիալական լուրջ հիմնահարցեր` կոռուպցիա, գործազրկություն, ցածր կենսամակարդակ, աղքատություն և այլն8:

Սիրիայի հնարավոր անկայունացումը, ըստ ամենայնի, կընթանա առավել բարդ ու ցավոտ, քանի որ Սիրիան միատարր հասարակություն չէ, ինչպես Եգիպտոսը: Սիրիան էթնիկ և դավանական բարդ խճանկար է, և ցանկացած անկայունություն կարող է խարխլել փխրուն հանդուրժողականության մթնոլորտը` հասարակության շրջանում ի հայտ բերելով երկփեղկվածություն: Միևնույն ժամանակ, դժվար է կանխատեսել, թե հնարավոր դրամատիկ սցենարի դեպքում Սիրիայում ինչ ուժեր կարող են իշխանության գալ, քանի որ ներկայում ո՛չ կրոնական և ո՛չ էլ աշխարհիկ հատվածում որևէ կազմակերպված քաղաքական ուժ կամ ինստիտուցիոնալ ընդդիմություն երկրում գոյություն չունի:

Սիրիահայերը` նոր մարտահրավերների առջև

Սիրիան Հայաստանի համար զգալի կարևորություն ունեցող երկիր է` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այնտեղ մեծ թվով հայեր են ապրում: Սիրիայում մոտ ութսուն հազարանոց բավական կազմակերպված հայկական համայնք կա: Հայերը հիմնականում կենտրոնացած են Հալեպում և Դամասկոսում: Սիրիահայ համայնքը զգալի ազատություններից է օգտվում: Գործում են մարզական, մշակութային, սկաուտական միություններ, ավելի քան 30 վարժարան, եկեղեցիների ծիսական լեզուն հայերենն է: Բացի այդ, հայությունը Սիրիայում միակ գործող համայնքն է, որին թույլատրվել է դպրոցներում դասավանդվել ազգային լեզուն: Հայերը վայելում են Սիրիայի իշխանությունների և նաև հասարակության համակրանքը:

Այս իրողությունները հասկանալի են դարձնում հայ համայնքի քաղաքական վարքագիծը և իշխանամետ դիրքորոշումը: Հայերը Բաշար ալ-Ասադի վարչակարգի մեջ տեսնում են իրենց ապահովության երաշխիքը: Սիրիայի սահմաններից դուրս սիրիահայերը, ի պաշտպանություն Բաշար ալ-Ասադի, հանրահավաքներ են կազմակերպել, մասնավորապես, Հայաստանում և Ֆրանսիայում:

Սակայն Սիրիայի ներկա վարչակարգի տապալումը, հնարավոր է, որոշակի բացասական ազդեցություն ունենա հայ համայնքի վրա, առավել ևս եթե այդ երկրում իշխանության գան կրոնաքաղաքական ուժեր: Մերձավոր Արևելքում ցանկացած անկայունության ժամանակ թիրախ են դառնում հենց էթնիկ փոքրամասնությունները: Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունեցել տարածաշրջանի հայ համայնքների վրա: Թե՛ Եգիպտոսի 1956թ. հեղափոխությունից, թե՛ 1975թ. Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմից, թե՛ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո մեծացավ հայերի արտագաղթը դեպի Արևմուտք:

Մեկ այլ տեսակետի համաձայն` Սիրիայում ներկայումս պայքար է ծավալվում հանուն ժողովրդավարության: Հետևաբար, չի բացառվում, որ ապագա Սիրիայում հայերը, մյուս քաղաքացիների նման, օգտվեն ժողովրդավարական ազատություններից, ինչպես, օրինակ, Լիբանանում: Այդ դեպքում, սիրիահայ համայնքն էլ հնարավորություն կունենա հասարակական-քաղաքական ոլորտում դրսևորվելու:

Ամեն պարագայում, այսօր Սիրիայի հայ համայնքի անվտանգությունը վտանգված չէ, և իշխանությունները դեռ զգալի ռեսուրս ունեն` դիմակայելու հակազդեցությանը:

Սիրիան իր պատմության ընթացքում, մասնավորապես Երկրորդ աշխարհամարտից հետո, բազմաթիվ ճգնաժամեր է հաղթահարել: Արդյո՞ք երկրի ներկա վարչակարգը կկարողանա հաղթահարել հերթական ճգնաժամը՝ ցույց կտա ժամանակը:

1«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ։

2Նախօրեին այստեղ մի խումբ դպրոցականներ էին ձերբակալվել` պատերին հակակառավարական կարգախոսներ գրելու պատճառով: Հանրահավաքը տեղի ուենցավ ի պաշտպանություն դպրոցականների: Ցուցարարները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ վանկարկում էին «Ալլահ, Սիրիա, ազատություն և վերջ»` պահանջելով սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհապաղ անցկացում:

3Բաշարը, ընդհանուր առմամբ, շարունակեց նախորդ նախագահի քաղաքական ուղեգիծը` իր ղեկավարման առաջին շրջանում որոշակի քաղաքական ազատություններ մտցնելով, ինչը հայտնի է «դամասկոսյան գարուն» անունով: Երկրում զգալիորեն ակտիվացավ հասարակական դիսկուրսը, ինչը, սակայն, կարճ կյանք ունեցավ` տևելով մինչև 2001թ. սեպտեմբերը:

4Ընդառաջ գնալով երկրում սկսված հակակառավարական հուզումներին` 30%-ով բարձրացվեց պետական աշխատողների աշխատավարձը, բարձրացվեցին թոշակները, վերանայվեց հարկային քաղաքականությունը: Ալ-Ասադը խոստացավ բարեփոխումներ անցկացնել իրավապահ և դատական համակարգերում, ներդնել բազմակուսակցական համակարգ, մեծացնել լրատվամիջոցների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ անցկացնել, լուծել նոր աշխատատեղերի հարցը:

5Ըստ առանձին տեղեկությունների` ազատ արձակվածները հիմնականում իսլամիստներ են: Ընդհանրապես, Սիրիայում հաշվվում են հազարավոր քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում պահվում են Դամասկոսից ոչ հեռու գտնվող Սեյդնայայի բանտում:

6Քրդերը բնակվում են երկրի հյուսիս-արևելքում` Հասաքեի շրջանում, կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը:

7Հակակառավարական հուզումներին զուգահեռ, մայրաքաղաք Դամասկոսում և այլ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր` ի պաշտպանություն նախագահի, որի կողմնակիցները, ի տարբերություն ընդդիմադիրների, վանկարկում են «Ալլահ, Սիրիա, Բաշար և վերջ» կարգախոսը:

8Արաբական երկրներում, կապված ժողովրդագրական բարձր ցուցանիշների հետ, հասարակության մեծամասնությունը հիմնականում երիտասարդներ են, ինչը նշանակում է, որ ամեն տարի իշխանությունները մեծ թվով նոր աշխատատեղեր պետք է բացեն, որը դյուրին խնդիր չէ Սիրիայի համար:

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր