ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Էդուարդ Լ.ԴանիելյանՆորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.
Գարեգին Նժդեհի՝ ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված գիտահրապարակախոսական ժառանգությունն ուսումնասիրելիս, այսօր էլ արդիական է հնչում նրա խոսքը. «Գիտութիւն, կրօն` սրանք թշնամիներ չեն, այլ` զինակիցներ, որոնցից մեկը գործում է մտքի, միւսը` սրտի միջոցով»1: Այն բնորոշում է նրա գաղափարական մոտեցումը երիտասարդ սերնդի դաստիարակությանը, որի հիմքերի հիմքն է իր սահմանմամբ` հայրենաճանաչումը, որը սնում է հայրենասիրության գաղափարը և ազգային գաղափարախոսության ամուր հիմքերի վրա ձևավորում աշխարհաճանաչումը: Իր հոգու լույսով Գարեգին Նժդեհը բանտային գրառումներում հայազգի սերունդներին պատգամել է. «Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»2:
Հայրենի ակունքներից եկող պատմության իմացությունն է հային ամբողջական` լիարժեք ազգային էությամբ պահում, քանզի այլ պարագայում, ըստ Գարեգին Նժդեհի, «պակասավոր է այն հայը, ով հայրենի պատմութեան իմաստասիրութիւնը, նրա յետագայ զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցեալը… Վա°Û այն ժողովրդին, որի անցեալն իր համար լոկ մի գերեզման է անխօս: Չկայ աւելի մեծ ծառայութիւն իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցեալ կեանքի: Նոր Խորենացիներ, Եղիշեներ թող ճակատագիրը չզլանայ մեզ»3:
Ազգային գաղափարաբանության մշակման գործում Գարեգին Նժդեհն առաջնային է համարում օտար, խաթարիչ ազդեցություններից ազատագրումն ու հայկական մտածողության կազմակերպումը, այլապես՝ «Հայութիւնը կը մնայ պառակտուած ու ցրուած, հոգեբանօրէն, կը մնայ տկար` միշտ պատրաստի որս իր երկու թշնամիների – Հայաստանում` իր հարեւանների, Հայաստանից դուրս` օտարացման վտանգի համար: Պատմութիւնը աճապարում է – չդանդաղինք»4:
Հայրենաճանաչությունը որքանով հիմնարար է, այնքանով խորն են հայրենասիրության գիտակցման արմատները, բարձր ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը, ու ոչ մի օտար հողմ չի կարող հայորդուն պոկել իր հայրենի հողից: Առավել դժվար էր Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում ու հաջորդած արհավիրքների հետևանքով օտար ափերում հայտնված երիտասարդ սերնդի հայապահպանության խնդիրը:
Ազգանվեր պայքարի հսկայական փորձով լի Գարեգին Նժդեհը խորապես վշտացած էր Հայության վիճակից թե՛ Հայրենիքում և թե՛ սփյուռքում: Հայության վտանգված իրավիճակը Գարեգին Նժդեհը համարում էր թուլության հանգեցնող պառակտության հետևանք՝ նշելով. «Հայութեան հայեացքն ուղղւած չէ արտաքին թշնամուն, որ հարկադրւած լինի չափաւորելու կամ ի սպառ արգիլելու ներքին տարակարծութիւնները»: Նժդեհը հրամայաբար կոչ էր անում հիշել «գալիք աղէտը, - թրքական վտանգը, որ դամոկլեան սրի նման կախված է» Հայության գլխին5:
Գարեգին Նժդեհն ազգային խնդիրների լուծման ասպարեզում շարժիչ ուժ է համարում երիտասարդությունը, ուստի ասում է. «Հոգեփոխել քեզ կուզեի ճշմարտութեան ուժով, փրկել քեզ եւ քո միջոցաւ գաղութահայութիւնը կեղծիքի գերութիւնից»6:
Գտնվելով սփյուռքում՝ Գարեգին Նժդեհն իր հայրենապաշտության հիմքում շարունակում էր դավանել Հայրենիքի և Ազատության գաղափարը: Նժդեհը, հոգևոր առաջընթացի և դրանից ծնվող նյութականացված հաղթանակի գրավականը համարելով դառը ճշմարտությունն իմանալը, հորդորում է. «Ահա ճշմարտութիւնը, հայ երիտասարդ – սպանիչը կեղծիքի, ճշմարտութիւնը, որով զինւած, դու աննահանջ կռւի պիտ դուրս գաս տգիտութեան ու վատութեան դէմ: Դու պիտ սպանես կեղծիք հրէշը, որ սպառնում է մեր ազգի նիւթական եւ բարոյական գոյութեան… Ճշմարտութեան թագավորութիւնը մեր կեանքում, իրական եւ անսասան պիտ դարձնի մեր ժողովրդի յաղթանակը իր արտաքին թշնամիների հանդէպ»7:
Հայ ազգի փրկության սրբազան մտահոգությամբ մեծ զորավարը, հայրենյաց հավատամքով պայքարի ելած երիտասարդությանը հորդորելով ապրել միայն Հայրենիքի և Անկախության համար, ասում է. «դու պիտի լինես ուխտւածների սերունդ եւ որպէս այդպիսին, պիտ վերադաստիարակես քեզ եւ ապա դառնաս դաստիարակիչը հայրերիդ»8:
Որդիներ և հայրեր խնդիրը Գարեգին Նժդեհը դիտում էր ոչ թե սերունդները համարելով որպես կենսաբանական հասկացողություն, այլ` հոգեբանական որոշ բովանդակություն, քանզի դա ցեղի հայտնությունն է, ժողովրդի նոր օրը: Հայրերի ուղիով գնալ, նշանակում է` ավելի մեծ թափով ու նվիրումով շարունակել նրանց գործը` ոչ թե կրկնել նրանց տկարություններն ու սխալները, այլ սրբագրել: Նորը մի նոր արժեքային առավելություն է գոյություն ունեցող հնի վրա, գրում է Նժդեհը9:
Օտարության մեջ հայրենի արժեքներից օտարանալու վտանգը պառակտության և նյութապաշտության հետևանք համարելով՝ Նժդեհը հոգեփոխման կոչով երիտասարդությանը հորդորում էր դառնալ հայրերի հակապատկերը, քանզի, ինչպես ինքն է ասում` «շատերը նրանցից չուզեցին գիտենալ, թէ ինչպէս մեր ժողովրդի մի մասը պայքարեց յանուն ազատ եւ անկախ Հայրենիքի: Մեր անհաւասար Ազատամարտի օրերին, երբ հայութիւնը աստիճանաբար կը բարձրանար դարերի ստրկութեան ճահճից… հեռուներից խօսեցին Հայաստանի մասին, առանց այդ եօթնիցս սուրբ և հերոսական երկիրը ճանաչած լինելու»10:
Երիտասարդության վերադաստիարկվելու և «հայրերի դաստիարակիչը» լինելու առաջադրանքը հոգևոր լուծում էր պահանջում, քանզի թե՛ ճշմարտությունը և թե՛ ազգային ոգին բարոյահոգևոր առաքինությունների արգասիք են: Եվ հենց այդ ոգեղեն ուժով Նժդեհն ասում է. «Ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ Հային: Հաւատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտւած և վրիժակ սերունդ - դիւցազնախառն սերունդը մեր»11:
Հեռուն էր տեսնում Մեծն Նժդեհը: Ուխտված և վրիժակ սերնդի փառապանծ հայորդիներին գլխավորեց հերոսի մահով զոհված` Արցախյան պատերազմի և ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: 2010թ. հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ հանդիպման ժամանակ, ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին, ընդգծեց, որ Արցախյան պատերազմի տարիներին… սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Առանձնակի կարևորություն է ներկայացնում Գարեգին Նժդեհի ցեղակրոն հասկացության՝ հայի հոգևոր ամբողջականությունն արտահայտող իմաստասիրական եզրի հայրենի պատմությունից սնվող` ազգային հզոր արժեհամակարգով հարատևող բովանդակությունը: Դա Գարեգին Նժդեհի հոգիընկալմամբ` Հայրենիքն է, հավատամքը՝ հայրենապաշտությունը, որի գիտակցումը յուրաքանչյուր ազգանվեր հայի տրվում է անմնացորդ` մինչև արյան վերջին կաթիլը հոգևոր նվիրումով` անցյալի, ներկայի և ապագայի ոգեղեն ընկալումով Հայրենիքի պաշտպանությունը, քանզի «մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական»12։
Խիստ արդիական է հնչում Գարեգին Նժդեհի պատասխանը նրանց, ովքեր իրենց անձնական կշռաքարերով ծանր ու թեթև անելով` թերահավատությամբ են մոտենում անկախության գաղափարին: Այդպիսի անձանց խարազանելով և իր դաստիարակիչ խոսքն ուղղելով երիտասարդությանը՝ Նժդեհը գրում է. «Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ և Հայ, արժանի Անկախութեան… Անկախ Հայրենիք ունենալը իրաւունք լինելուց զատ եւ պարտականութիւն է: Որովհետեւ ցեղերի ուրոյն հանճարը անկաշկանդօրէն աճում է եւ ստեղծագործում միայն բացարձակ Անկախութեան մէջ»13:
Եվ միայն այդ ոգով է հնարավոր գիտակցել ազգի արժանապատիվ տեղը համաշխարհային հանրության մեջ, այլ ոչ թե թվաքանակով, ինչպես այսօր, ցավոք, երբեմն նույնպես հնչում է տարբեր ամբիոններից: Այդպիսի թերարժեքության բարդույթով տառապողներին Գարեգին Նժդեհը պատասխանել է. «Չկան մեծ ու փոքր ազգեր: Կան հաւասար իրաւունքներով անդամները մարդկութեան ընտանիքի… Ճշմարիտ մեծութիւն չի թւական գերազանցութիւնը»14:
Երիտասարդության դաստիարակությանն ուղղված ճշմարտության ազատարար նշանակության մասին Գարեգին Նժդեհի` քաջերի զենքով հայրենի սահմանների պաշտպանության մասին մտքի հիմքում Մովսես Խորենացու պահպանած ռազմավարական նշանակության իմաստությունն է` «Սահմանք քաջաց, զէնն իւրեանց, որքան հատանէ` այնքան ունի»15: Հոգևոր իմաստով ճշմարտության մասին Գարեգին Նժդեհի մտքի («Ճշմարտութիւնը… դա աստւածային այն լոյսն ու ջերմութիւնն է, որով կը սնւի ու կը հզօրանայ հոգին` անհատի և ժողովրդի… Եղիր ճշմարտութեան քարոզիչը, առաւել` ճշմարտութեան ուսուցիչը մեր կեանքում»16) հիմքում Քրիստոսի խոսքն է. «Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ»17:
Ճշմարտության և արդարության ուժն է, որ միավորեց և տասնապատկեց Հայրենիքի և Սփյուռքի` ամբողջական Հայության զավակներին` Հայկյան ոգով` իրենց կյանքը Արցախյան ազատամարտին անմնացորդ նվիրումով կերտելու հաղթանակը: Գարեգին Նժդեհը ապագա հաղթանակների կարևորագույն գրավականը համարում է հայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդությանը. «Կայ, հայ երիտասարդութիւն, կայ Մեծ Հայրենիքը»18:
1 Խօսակցութիւն մը զօրավար Գ.Նժդեհի հետ, Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006, էջ 642:
2 Նույն տեղում` Խորհրդածութիւններ պատմութեան մասին, էջ 347:
3 Նույն տեղում, էջ 339-340:
4 Նույն տեղում` Խօսք հայ երիտասարդութեանը, էջ 524:
5 Նույն տեղում` Որդիների պայքարը հայրերի դէմ, էջ 76:
6 Նույն տեղում, էջ 75:
7 Նույն տեղում, էջ 85:
8 Նույն տեղում, էջ 78:
9 Նույն տեղում` Նոր սերունդը, էջ 582:
10 Նույն տեղում, էջ 78:
11 Նույն տեղում, էջ 75:
12 Նույն տեղում, էջ 346:
13 Նույն տեղում, էջ 79-80:
14 Նույն տեղում, էջ 116:
15 Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 29:
16 Որդիների պայքարը հայրերի դէմ, էջ 86, 105:
17 Աւետարան ըստ Յովհաննու, 8.32:
18 Որդիների պայքարը հայրերի դէմ, էջ 90:
ՀՀ Սփյուռքի նախարարություն, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, «Նորավանք» ԳԿՀ, դեկտեմբերի 15, 2011, Երևան:
«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2012
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]