
ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էդուարդ Լ.Դանիելյան
Պ.գ.դ.
Զեկուցում՝ կարդացված ԱՐՇԱԼՈՒՅՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅՈՑ Միջազգային գիտաժողովում, Երևան, 2016:
Հնագույն ժամանակներից բնության երևույթները և տարրերն անսպառ աղբյուր են եղել բնապաշտության համար, որի հիմքի վրա ձևավորվող կրոնական և հավատքային ընկալումներով էր պայմանավորված աստվածաբանական պատկերացումների առաջացումը: Դրախտի և Հավիտենական Ուխտի խորհրդապաշտությամբ Արարատի լեռներում, ըստ Աստվածաշնչի Վուլգատա տարբերակի` Արմենիա-Հայաստանում է վկայվել միաստվածային աստվածապաշտությունը:
Ժամանակի ընթացքում բնության տարրերի հոգևոր ընկալմամբ միաստվածային ընկալումից տարանջատվում էր բազմաստվածայինը: Մինչդեռ հոգևոր ընկալումների գերագույն ասպարեզը մնում էր երկինքը, որի մ.թ.ա. VIII-III հազարամյակներից Հայկական լեռնաշխարհում դիտարկման վկայություններն են Արարատի, Արագածի, Ուխտասարի լեռնալանջերին, Գեղամա և Վարդենիսի, Արցախի, Նախիջևանի, Գողթնի, Վանանդի, Վասպուրականի, Հայկական Տավրոսի, Կորդուքի լեռներում գտնվող ժայռապատկերները և մ.թ.ա. VI-III հազարամյակների քարե աստղադիտարանները՝ Զորաց կամ Դիք-դիք քարեր (Քարահունջ) և Մեծամոր: Հատկանշական է, որ երկինքը որպես հոգևոր ներշնչանքի ոլորտ Հայաստանի առումով ներկայացված է Արարատի լեռներում Աստծո հաստատած առաջին` Հավիտենական Ուխտի և որպես դրա վկայություն ծիածանի, ինչպես նաև Հայկի համաստեղության մասին` «…աստեղք երկնից՝ Հայկիւն հանդերձ եւ ամենայն զարդուն երկնից…» [1, Եսայի, ԺԳ, 10; 2, էջ 105] աստվածաշնչյան տեղեկություններում:
Հայոց հոգևոր ավելի քան յոթհազարամյա պատկերացումների հիմքում են նախնիների պաշտամունքը և Բարու հաղթանակը չարի նկատմամբ: Հավատքի ծագումնաբանական արմատներին բնորոշ չէր բարին չարի զուգակից համարելը, «երկակիությունը» [3; 4; 5; 6, pp. 19, 31, 122], այսինքն` Բարսեղ Կեսարացու բնութագրմամբ` «երկարմատականությունը» [7, էջ 29-31; 8, с. 269]: «Երկակիությունը», ինչպես դիպուկ դիտարկել է ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը, բացակայում էր հայոց հեթանոսության մեջ, որով հայկական հեթանոսական կրոնը սկզբունքայնորեն տարբերվում էր իրանական զրադաշտականությունից [9, с. 269]: Հայկը, Արամը, Տիգրանը, ինչպես նաև հայկական էպոսի հերոսները մերժում և կործանում են արտաքինից եկող՝ չարը մարմնավորող և կռապաշտություն սերմանող ուժերին։ Հայկյան սերունդները հավատարիմ են հայրենի հավատքի վկայության արմատներից եկող ազգային արժեքներին:
Պատմականորեն այդ բացատրվում է Հայկական լեռնաշխարհում` Լուսապաշտության և քաղաքակրթության բնօրրանում, Հայ ազգի բնիկությամբ և էթնիկական միատարրությամբ:
Հազարամյակներ անց Լույսի պաշտամունքի վկայության շարունակականությունն իր դրսևորումը գտավ բնօրրանում` Հայաստանում, որտեղ I դարում քրիստոնեական հավատքն Առաքելական քարոզությամբ ընձյուղվում էր ճշմարիտ աստվածպաշտության ակունքներին, որով հաստատվեց Հայ Առաքելական եկեղեցին: Իսկ նույն դարում, հակառակ աստվածաշնչյան ճշմարտության, Փիլոն Եբրայեցին գրել է. «Ասին Դկղաթայ եւ Արածանւոյ աղբիւրքն բղխել ի Հայոց լերանցն. Եւ անդ դրախտ ոչ է, այլ եւ ոչ երկուք եւ այլ աղբիւրք գետոյն» [10, էջ 9]: Այն, որ Փիլոնը ձգտել է մերժել Հայոց լեռներից դրախտի գետերի բխումը, ապացուցում է հակառակը` հնում քաջ հայտնի էր Հայոց լեռների սրբազան նշանակությունը: Եվ հենց պատասխանը V դարում տվել է Վարդանանց պատմիչ Եղիշեն. «Երկու գետով (Եփրատ և Տիգրիս- Է.Դ.) և տապանաւն գեր ի վերոյ եմք քան զյոլովս» [11, էջ 245]:
Երկու դար անց Անանիա Շիրակացու մշակած բնափիլիսոփայական հայացքների լույսի ներքո որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նախաքրիստոնեական ու վաղքրիստոնեական դարաշրջանների գիտական զարգացումների շրջանակներում կրոնական պատկերացումների դրսևորումների նկատմամբ նրա կիրառած մեթոդաբանությունը: Անտիկ գիտության և Ոսկեդարյան մեծ մտածողների` Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Դավիթ Անհաղթի գիտական ժառանգությանը ստեղծագործաբար մոտենալով` Անանիա Շիրակացին VII դարի երկրորդ կեսին նոր գիտական արժեքներ ստեղծեց՝ իր գիտակրթական գործունեությունը շարունակելով Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակաշրջանում:
Աստծո գերագույն էության հիմնական հատկանիշների մշտնջենավորության և անսահմանության բնափիլիսոփայական ընկալումն արտացոլվել է հայ վաղմիջնադարյան մատենագրության մեջ: Եզնիկ Կողբացին աստվածաբանական-իմաստասիրական մոտեցումով է հիմնավորել միաստվածության գաղափարը: Դավիթ Անհաղթը աստվածճանաչողության ածանցյալ է դիտել իմաստասիրությունը՝ մասնավորապես նշելով. «Շնորհեաց Աստուած զիմաստասիրութիւն վասն զարդարելոյ զմարդկային հոգի» [12, էջ 158], այսինքն՝ այն մաքրում է կրքերից և հնարաւորություն տալիս աստվածաբանել:
Շիրակացին բնափիլիսոփայական խնդիրները հետազոտելիս գաղափարական առումով նախաքրիստոնեական ժամանակների փիլիսոփաների մի մասին անվանել է «բարի», իսկ մյուսին` «չար իմաստասերներ» [13, էջ 34]: Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու ներկայացուցիչներին, ապա նրանց Շիրակացին անվանել է «մեր սուրբ հայրեր և վարդապետներ»: Նախաքրիստոնեական դարաշրջանի ուսմունքների և դրանց կրողների հիշատակման առիթով Շիրակացին կիրառել է «արտաքին» կամ «հեթանոսական» տերմինները: «Հեթանոս» բառի հիմքում է հունարեն «էթնոս»` «ցեղ, ազգ» բառը և հին հայոց հավատքի ու քրիստոնեության սկզբնական շրջանի առումով նշանակել է «ցեղ, ազգ», իսկ միջնադարում՝ «ոչ քրիստոնյա, այլակրոն» [14, էջ 80; 15, էջ 74]: Այսինքն՝ հեթանոս բառին պատմական տարբեր դարաշրջաններում տարբեր իմաստ է տրվել: Այսպիսով, հին հայոց հավատքի և վաղ քրիստոնեական դարաշրջանի առումով «հեթանոսական» բառը նշանակել է ցեղային, ազգային: Այս հանգամանքը պետք է նկատի ունենալ, երբ Աստվածաշնչի, Մովսես Խորենացու, Եղիշեի և մյուս պատմիչների ու հայրախոսական երկերի միջոցով անդրադարձ է կատարվում հազարամյակների խորքից եկող հայոց հոգևոր պատմության ակունքներին:
Շիրակացու աստվածաբանական հայացքները կենտրոնանում են արարչագործության արգասիք` բնության ու բնական երևույթների ճանաչողության շուրջ: Նա միաստվածության գաղափարով կամրջել է հին և վաղմիջնադարյան գիտական մոտեցումները, գրելով` արտաքին բարի փիլիսոփաները «զմի աստուածութիւնն խոստովանեցին` անեղ և ամենակատար, պատճառ ամենայն եղելոց`երեւելեաց և իմանալեաց» [13, էջ 34]: Աստծուն` տարրերի շարժման պատճառ դիտելու դրույթի առիթով Անանիա Շիրակացին հիշատակել է Արիստոտելին:
Արիստոտելն իր փիլիսոփայական հայացքներում այն եզրակացությանն էր եկել, որ Տիեզերքը տարածության առումով սահմանափակ է, իսկ «վերին երկնքի» շարժման աղբյուրը` «նախաշարժիչն է» [16, с. 578, прим. 10]:
Շիրակացին ճշմարիտ է համարում «տեսական ուսումնասիրությամբ» զբաղվողների համար նախնիների բանիմաց խոսքերին հետևելը: Աստվածաբանության մեջ գիտական ճանաչողության կարևորության մասին գրելիս Շիրակացին բանականի առումով նշել է, որ անհրաժեշտ է սկսել ճանաչողությունը նրանից, ինչը սկիզբ ունի, քանզի այն, ինչը սկիզբ ունի, առաջանում է ինչ-որ սկիզբ չունեցողից, և հենց այդ անսկիզբը անբացատրելի և բանականության համար անհասանելի է, սակայն ճանաչվում է իմանալիի միջոցով: Իսկ այն, ինչ ճանաչվում է, իմանալի է դառնում բանականության միջոցով [13, էջ 34]: Շիրակացու իմացաբանական այս դրույթն, աստվածաբանական հենքով հանդերձ, ակնհայտորեն կապվում է փիլիսոփայական մտքի հետագա մշակումների հետ: Մասնավորապես, Կանտն իր անդրանցական փիլիսոփայության մեջ բանականությամբ իմանալի երևույթների ճանաչողությունը բնութագրել է «ինքնին իրը» (Das Ding in sich) տերմինով:
Միաստվածության ընկալումների հանգուցալուծումով Շիրակացին դիտարկում է Աստծո մասին նախաքրիստոնեական և քրիստոնեական դարաշրջանների պատկերացումների շարունակականությունը` գաղափարական հիմք ստեղծելով բնափիլիսոփայական և ձևավորվող բնագիտական հայեցակարգերը ճանաչողական հունով ուղղորդելու նպատակով: Այս ուղղությամբ դիտարկելով միաստվածության գաղափարը՝ Շիրակացին գրում է. «Միաստվածությունը խոստովանող բարի փիլիսոփաները ասացին, որ նրա էությունը ոչ մտքով, ոչ էլ խոսքով է ընկալվում, և հենց ինքն է սկիզբը և Արարիչն այն ամենի, ինչ երևում է և ճանաչվում»: Այստեղից, ըստ Շիրակացու, սկսվում է բնության ճանաչողությունը, քանզի նրանից սկիզբ առած տարրերը թվով չորսն են. առաջինը` հուր, երկրորդը` հողմ, երրորդը` հող, չորրորդը` ջուր [13, էջ 34]:
Երկրի ձևին վերաբերող հարցում Շիրակացին բերում է «արտաքին բարի փիլիսոփաների» երկու տեսակետները: Մեկի համաձայն` այն ուներ սկուտեղի ձև, իսկ, ըստ մյուսի` գնդի: Շիրակացին փաստարկներ է բերել՝ ապացուցելով այդ վերջինիս ճշմարիտ լինելը: Նա համաձայնել է բարի փիլիսոփաների հետ, ովքեր ասել են, թե ծովը երկրի վրա է և դրա մեջտեղում և այլն:
Գնահատելով աստղաբաշխությամբ զբաղվող քաղդեացիներին, եգիպտացիներին և նրանցից ընդօրինակած հույներին՝ Շիրակացին գրել է, որ քաղդեացիները հմուտ էին աստղաբաշխության մեջ և ջանում էին երկնքի մասին ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել, սակայն չկարողացան երկնային զարդերի դիտարկումներից ավելի վեր բարձրանալ` հասնել դրանց արարչության ճանաչողությանը, ուստի սկսեցին լուսատուները և համաստեղությունները աստվածներ համարել: Այդ կարգով նրանք դրանց վերագրեցին հատկություններ, որոնք իբրև թե ազդում են մարդկանց ճակատագրերի վրա: Եզնիկ Կողբացին [17, էջ 154, 156] և Անանիա Շիրակացին քննադատել են քաղդեական աստղագուշակությունը՝ միևնույն ժամանակ տեղեկություններ հաղորդելով Կենդանակերպի, մոլորակների և այլ աստղերի, ինչպես նաև խավարումների մասին: Ինչ վերաբերում է սնոտիապաշտությանը սնուցող աստղագուշակության քննադատությանը` Շիրակացին շեշտում է. «Ես պիտի կշտամբեմ քաղդեացի աստղաբաշխների ցնդաբանությունը, որին շատերը հավատում են» [18, էջ 84]: Շիրակացին, աստղագուշակությունը և կախարդություններն անհեթեթություն համարելով, եզրակացրել է, որ դրանք աստվածներ չեն` ո՛չ մեծ ու փոքր լուսատուները, ո´չ նույն ինքը՝ երկինքը և ո´չ էլ երկիրը, քանզի մոլորությամբ դեգերում են և անհրաժեշտության դեպքում շարժման մեջ դրվում մի հզորագույնի կողմից: Այստեղից պարզ է, որ մեկ ուրիշն է նրանց Արարիչը, որը կարող է այս ամենը շարժել, և նա է Աստված [19, էջ 7-8]: Շիրակացին ցույց տվել, որ աստղային երկնքի ուսումնասիրությունից ստացված տվյալների կիրառման կարևորագույն բնագավառներն են ճանապարհորդությունները և եղանակի կանխագուշակությունը:
Այսպիսով, հնուց եկող միաստվածության գաղափարը, ուրույն կերպով արտացոլվելով անտիկ փիլիսոփայությունում, վաղ միջնադարում հայ բնափիլիսոփայական միտքը, քրիստոնեական ըմբռնմամբ իմաստավորեց արարչակերտ բնության ճանաչման համատեքստում: Ելնելով միաստվածության գաղափարից և ղեկավարվելով գիտական մտքի շարունակականության պահպանման սկզբունքով՝ Անանիա Շիրակացին ամուր հիմքերի վրա է կառուցել իր բնափիլիսոփայական համակարգը:
Աղբյուրներ և գրականություն
1. Գիրք Աստուածաշունչք Հին եւ Նոր Կտակարանաց, Վենետիկ, 1860:
2. Է.Լ. Դանիելյան, Հին հայոց դիցաբանական պատկերացումները աստղային երկնքի մասին, ՊԲՀ, 1989, N 3:
3. Donini A., Storia del Christianesimo, Milano, 1977.
4. Dumézil G., Les dieux souverains des Indo-Européen. Paris, 1977.
5. Dumézil G., L’ idéologie tripartite des Indo-Européens, 1958.
6. Frye R.N., The Heritage of Persia. Cleveland and New York, 1963.
7. Սրբոյ Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկիացւոյ Ճառք վասն վեցօրեայ արարչութեանն, ի Վենետիկ, 1830:
8. Предстательство за христиан Афиногора Афинянина, христианского философа. Перев.с древнегреческого и коммент. А. В. Муравьева. ВДИ, N 3, 1993.
9. Мовсес Хоренаци, История Армении. Перевод с древнеармянского языка, введение и примечания Гагика Саркисяна, Ереван,1990.
10. Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ի Հայս. որ են մեկնութիւն Ծննդոց եւ Ելից, Վենետիկ, 1826:
11. Լևոն Խաչիկյան, Եղիշեի «Արարածոց մեկնութիւնը», Երևան, 1992:
12. Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան: Համահաւաք քննական բնագիր, ծան. Ս.Արեւշատեանի, Երեւան, 1960:
13. Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, ի լոյս ած Ք. Պատկանեան, Ս. Պետերբուրգ, 1877:
14. Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, Վենետիկ, 1837:
15. Հ.Աճառյան, Հայոց լեզվի արմատական բառարան, հ. Գ, Երևան, 1926:
16. Аристотель, Соч.,ред., автор вступ. статьи и прим. И. Д. Рожанский, М., 1981.
17. Եզնկայ Կողբացւոյ Եղծ աղանդոց, Վենետիկ, 1826:
18. Անանիա Շիրակացի, Մատենագրություն: Թարգմ., առաջաբանը և ծան., Ա.Գ.. Աբրահամյանի և Գ.Բ. Պետրոսյանի, Երևան, 1979:
19. Է.Լ.Դանիելյան, Քաղդեական աստղագուշակության քննադատությունը Անանիա Շիրակացու կողմից, 4-րդ Անդրկովկասյան կոնֆերանսի (գիտության պատմություն) աշխատություններ, Երևան, 1972:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]