ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Էդուարդ Լ.Դանիելյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ-խորհրդական
Գարեգին Նժդեհը 1929թ. Բեյրութում հրապարակեց հայ մտավորականությանը հասցեագրված՝ ծրագրային բնույթ ունեցող «Բաց նամակները»՝ «Քննադատել - հոգեպես տառապել է նշանակում» բնաբանով [1]: Այն լույս աշխարհ եկավ հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակաշրջանում: Հայոց ցեղասպանության միջոցով Արևմտյան Հայաստանը զավթած Թուրքիան շարունակում էր հակահայկական քաղաքականությունը: Դրան էին գումարվել Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Խորհրդային Հայաստանի գոյության սկզբնական ժամանակաշրջանում՝ 1921թ. հայկական հողերի հաշվին օտար զավթիչների կողմից կատարված տարածքային բռնակցումները1, ինչպես նաև երկրում սաստկացող քաղաքական բռնաճնշումները, որոնք աղետաբեր էին հայ ժողովրդի համար:
1922թ. ՌԿ(բ)Կ 12-րդ կոնֆերանի` «Հակախորհրդային կուսակցությունների ու հոսանքների մասին» հատուկ որոշման ընդունմանը հաջորդած տարիներին, Խորհդային Միությունում միակուսակցական (կոմունիստական) գաղափարախոսության գերակայությամբ ամբողջատիրական, վարչահրամայական համակարգի հաստատման պայմաններում, այլ կուսակցություններն ու միությունները վերացվեցին, նրանց անդամների մի մասը կամ փախուստի դիմեց, կամ էլ վտարվեց երկրից, իսկ շատերը քաղաքական բռնաճնշումների ենթարկվելով՝ ձերբակալվեցին և գնդակահարվեցին: Նմանատիպ բռնաճնշումներ տեղի էին ունենում նաև Խորհրդային Հայստանում [8, էջ 318-322]: Հայ հասարակական-քաղաքական մտքից բխող՝ ազգային գաղափարներ արտահայտող յուրաքանչյուր դրսևորում դաժանորեն հետապնդվում էր: Քաղաքական բռնաճնշումների սուր ծայրն ուղղվել էր ազգային գաղափարների կրողների, հայ մտավորականների՝ գիտնականների, դասախոսների, գրողների, բանաստեղծների, ռազմական գործիչների, ուսուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականության դեմ [9, 10]:
Հայ ազգին և Հայրենիքին ծառայելուն նվիրված սերնդի դաստիարակության գործում Հայկական սփյուռքը նույնպես միավորիչ ազգային գաղափարախոսության կարիք ուներ:
Գարեգին Նժդեհը, զգոնության հրամայականով նշելով, որ քաղաքական ցնցումները հոգեբանորեն անհետևանք չէին մնացել, գրել է. «Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փոփոխութիւններ առաջ եկան... Եվ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ` մեր տրամադրութեանց` արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու…»: Այդ պայմաններում նա մտորում էր հայկական անկախ պետության վերակերտման մասին, ընդ որում, հսկայական կորուստների պայմաններում, կարևոր համարելով հազարամյակների պատմություն ունեցող ազգային հոգեկերտվածքի և անկախության գաղափարի պահպանումը: Նա գրել է. «Աղէտներից ու փորձութիւններից հետո պատմութեան բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մէջ անկախութեան գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանութիւն…»: Նժդեհը, ստեղծված ծանրագույն իրավիճակին սթափ մոտենալով, արտաքին և ներքին ռազմավարական և քաղաքական բոլոր դժվարությունները (ընդգծելով պանթյուրքիզմից եկող վտանգները) հաշվի առնելով, Հայոց անկախ պետության վերականգնման նեցուկ համարելով Խորհրդային Հայաստանը, գրել է. «Բնական է, որ Հայոց պետութեան կորիզը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանը… Չլինէին մահմեդական Արեւելքի իւրայատուկ պայմանները եւ իսլամ ժողովուրդի փոխյարաբերութիւնները, դարերի արիւնոտ իրողութիւններով հոգեբանութիւն դարձած անհանդուրժողութիւնը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցէ անկարելի չլիներ Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը եւ աւելորդ` մեր մտահոգութիւնը» [1, էջ 54]:
Գարեգին Նժդեհը, որպես հմուտ ռազմագետ, Հայաստանին սպառնացող գերագույն վտանգը համարում էր հսկայական մարդկային կորուստների և օտարների կողմից կատարված տարածքային բռնազավթումների հետևանքով երկրի ռազմավարական դիրքի համար ստեղծված ծանրագույն իրավիճակը: Այդ մասին նա գրել է. «Սակայն մի ակնարկ քարտէսի վրայ կը բաւի հասկանալու այն, թէ ինչ է սպասում մեզ… Հայաստանի ռազմագիտական բոլոր կարեւոր կէտերը խլւած են: Նա պաշարւած է մեր դարաւոր թշնամու կողմից: Այդ պաշարումը դրւած է այնպիսի հաշիւներու վրայ, որոնք մի ակնյայտնի իմաստ ունին` յարմար պարագային… ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայութիւնը» [1, էջ 54-55]:
Գարեգին Նժդեհը զորավարական և պետական գործչի իր մեծ փորձով նախազգուշացնում էր տարածաշրջանային այն սպառնալից իրավիճակի մասին, որը ցեղասպան Թուրքիայի և արհեստածին խորհրդային Ադրբեջանի կողմից իրագործվող հակահայկական քաղաքականության հետևանքով ստեղծվել էր հայության համար: Զգոնության կոչով դիմելով մտավորականությանը՝ նա գրել է. «Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կէտերից… Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունենք ինքնապաշտպանութեան ծրագիր եւ ինքնապաշտպանունակ զէնք» [1, էջ 55]: Գարեգին Նժդեհն ապագան տեսնում էր ինքնապաշտպանական ներուժի հզորացման, ոգեղեն միասնականցման և սեփական շահի գիտակցման ճանապարհով: Գաղափարական ասպարեզում այդ մարմնավորվեց ի դեմս Տարոնականության շարժման:
Գարեգին Նժդեհը, ձգտելով հայրենակիցների մեջ վերականգնել մարտական ոգին, գրել է. «Բարոյա-նիւթական առաջընթաց - ասել է` ներոյժ ինքնապաշտպանութիւն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանութիւնը: Այլեւս ոչ ոք է հաւատում… թէ կարելի է կանգնեցնել առաջընթացի յաղթական կառքը` գետինը փռւած պարտւածների եւ թոյլերի հառաչանքներով: Այլեւս ոչ ոքի համար է գաղտնիք, թէ պետութիւնները բնական հակառակորդներ են, որոնցից ամէն մէկը ձգտում է տարածւել, ուժեղանալ, շահել իր հարեւանների հաշւին: Յարձակւում է նա, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու` լաւագոյն պաշտպանողականը համարելով նախայարձակողականը: Յարձակւում է նա, ով իր դիմացը թուլութիւն է տեսնում: Ամէն մի ժողովուրդ, երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած, նախապատրաստւում է, անում այն, ինչ որ անում են բոլորը: Թոյլը սարսափում է` չլինի թէ կուլ գնայ ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցէ իրեն: Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են եւ դառնում որսը նրանց, որոնց ոյժը աճում է եւ ծաւալւում անդիմադրելիօրէն» [1, էջ 55-56]:
Գարեգին Նժդեհը, XX դարի 20-30-ական թվականների աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով, միջազգային ասպարեզում՝ միջպետական հարաբերություններում տիրող երկու հիմնական սկզբունքների է անդրադարձել, գրելով. «Հասկանանք եւ հետեւեալը.
- Յանուն խաղաղութեան չեն կնքում պայմանագրերը, այլ յանուն պետութիւնների օրւայ կենսական շահերի:
- Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյութիւն ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրիշի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահավէտ թւաց` նրանք թքում են պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղութեան: Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը…» [1, էջ 56]:
Գարեգին Նժդեհը, մատնացույց անելով ուղղակի սպառնալիքները, նախազգուշանում էր. «Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Արևմտյան Հայաստանի, այլեւ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել – դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար» [1, էջ 57]:
Գարեգին Նժդեհն իր «Բաց նամակներում» մտորելով հայկական անկախ պետության վերականգնման և հայրենադարձության մասին, գրել է. «Ներկայ Հայաստանը կազմում է հազիւ 1/12-ը մեր պատմական Հայրենիքի… Դա հայրենի անկիւն է: Այժմ իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփիւռս աշխարհի ցաք ու ցրիւ եղած հայրենազուրկ հայութեան` գաղութահայութեան, որի թափառիկ վիճակն աղետաւոր է երկու տեսակէտից. նախ, որ նա ենթակայ է ստոյգ կորստեան, օրինակ` Թուրքիայում՝ կոտորածի, այլ վայրերում` խաղաղ բնաջնջումի, ձուլումի… Մի ճակատագիր, որ երկմտութեան և տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային յոռետեսութեան: Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակւած է այս հիվանդութեամբ, այդպիսին կանգնած է գերեզմանի ափին: Չսարսափի՜նք, բայց եւ առանց սին պատրանքների եւ աւելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտութիւնը – մեր ապագան վտանգւած է» [1, էջ 57-58]:
Գարեգին Նժդեհը կարևորել է պատմական անցյալից դասեր քաղելը՝ ազգի կյանքում առաջընթացն ապահովելու համար: Ուստի, ապագային սպառնացող վտանգը զգալով՝ նա նշել է. «Անիմաստ կը լինէր այս ճշմարտութիւնն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ և ոչ ցնցէ… Աղետաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ` աղետաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի` անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների` ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք` ժողովուրդները»: Ինքնաճանաչումը, պատմական փոփոխվող իրավիճակներում ազգային կյանքի ընթացքի վերիմաստավորումը նկատի ունենալով` Գարեգին Նժդեհը գրել է. «Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը…» [1, էջ 58]:
Գարեգին Նժդեհը, բարձր գնահատելով հայ ժողովրդի ստեղծագործ արգասիքները, փրկության միակ միջոցը համարել է Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելը: Նա գրել է. «Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամռան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմռան մասին - զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ: Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը…Մենք կուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն…» [1, էջ 56]:
Հաղթանակի հասնելու համար հոգեպես բարձրանալու անկյունաքարը համարելով ինքնադաստիարակությունը՝ Գարեգին Նժդեհը գրել է. «Անհատ թէ ժողովուրդ – սրանք միշտ էլ աւելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին - սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթէ սրանց չի պակասում սեփական ուժերով ոտքի կանգնելու կամքը… Վաղը յաղթելու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մեջ կը տանի յաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտութիւնը եւ աշխատենք վաղւայ համար – եթէ չենք ուզում կորչել որպէս ազգ» [1, էջ 71-73]:
Գարեգին Նժդեհի խոսքերը դեպի ապագան՝ համայն հայությանն ուղղված կոչ է՝ միասնականորեն դիմակայելու ազգի առաջ ծառացած մարտահրավերներին:
11921թ. Մոսկվայի մարտի 16-ի և Կարսի հոկտեմբերի 13-ի թալանչիական խորհրդա-թուրքական ապօրինի պայմանագրերով [2; 3] քեմալականները բռնազավթեցին Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (Սուրբ Մարիամ) Արարատ լեռով, իսկ Նախիջևանի տարածքում արհեստածին «Ադրբեջանի խնամակալությամբ» («այդ խնամակալությունը մեկ այլ՝ երրորդ պետության չզիջելու պայմանով»), իբրև թե, ինքնավարություն էր ստեղծվելու [4]: 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի (Կավբյուրո) ապօրինի որոշումով տեղի էր ունեցել Արցախի բռնակցումը խորհրդային Ադրբեջանին [5, с. 639; 6, с. 220], ինչպես նաև (Կավբյուրոյի հուլիսի 7-ի և Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի հուլիսի 16-ի նույնպես ապօրինի որոշումներով) Ջավախքի բռնակցումը խորհրդային Վրաստանին [7, էջ 285-289, 295-330]:
Աղբյուրներ և գրականություն
1. Գարեգին Նժդեհ, Բաց նամակներ հայ մտաւորականութեան, Բեյրութ, 1929 (Գ.Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006, էջ 53-73):
2. Юрий Барсегов, "Преступный сговор"– Анив, 2006, N 2. http://aniv.ru/archive/31/prestupnyj-sgovor-jurij-barsegov/
3. Ара Папян, Экспертиза Московского российско-турецкого договора (16 марта 1921 г.) согласно международному праву. http://pandukht.livejournal.com/208428.html
4. Юрий Барсегов, "Преступный сговор"– Анив, 2006, N 3. http://aniv.ru/archive/32/prestupnyj-sgovor-prodolzhenie-jurij-barsegov/
5. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий, т. I, Составитель, ответственный редактор, автор вступительной статьи и комментария д. ю. н., проф. Ю.Г. Барсегов, M., 2008.
6. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий, т. II, Комментарии к документам. Том II / Д. ю. н., проф. Ю.Г. Барсегов; M., 2009.
7. Ա.Մելքոնյան, Ջավախքը XIX դարում և XX դ. առաջին քառորդին, Երևան, 2003:
8. Վ.Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940թթ., Երևան, 2006:
9. Արմենակ Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953թթ.,Երևան, 1999:
10. Ստեփան Ստեփանյանց, Հայ Առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Երևան, 1994:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]