Իսլամական խաղաքարտ Ղարաբաղյան հակամարտությունում
1990-ականների սկզբներից ի վեր Ադրբեջանը միջազգային, այդ թվում՝ իսլամական շրջանակներում ձեռնամուխ եղավ ակտիվ քարոզչության՝ ձգտելով Ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Ի թիվս այլ կռվանների՝ իսլամական համերաշխության գաղափարը կարող էր լավագույնս օգտագործվել իսլամական պետությունների աջակցությունը ձեռք բերելու համար: Մահմեդական շրջանակներում դեռևս կշիռ չունեցող հետխորհրդային Ադրբեջանը, անկախություն ձեռք բերելուց ի վեր, ձգտում էր ընդգծել իր պատկանելությունն իսլամական աշխարհին: Դեռևս 1992թ. Շրի Լանկայում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ անտարբերությունը հավասար է իսլամական համերաշխության պատվիրանների մոռացությանը:
Ադրբեջանի ջանքերը, անշուշտ՝ ոչ առանց Թուրքիայի աջակցության, տվեցին իրենց որոշակի արդյունքները: 1992-ից ի վեր իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), Հայաստանին սկսեց դատապարտել իբրև «ագրեսոր», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող և Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող մի երկիր: Մեկ անգամ չէ, որ Իսլամական կոնֆերանսը կոչ է արել մահմեդական պետություններին և միջազգային հանրությանը՝ «օգտագործել քաղաքական և տնտեսական ազդեցիկ միջոցներ՝ վերջ դնելու հայկական ագրեսիային և ադրբեջանական տարածքների բռնազավթմանը», «զերծ մնալ Հայաստանին զինված ուժեր և սպառազինություններ տրամադրելուց», իսկ «գրավյալ» տարածքներում ադրբեջանցի ազգաբնակչության դեմ գործողությունները որակվել են իբրև «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: Բանաձևեր, որոնց օգտին քվեարկում են անգամ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իսլամական պետությունները: Իսլամական աշխարհում Հայաստանի նկատմամբ ձևավորվել են արմատական տրամադրություններ։ Նման մտայնություն ունեցող պետությունները (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Բանգլադեշ) Հայաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատումը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Իսլամական կոնֆերանս կազմակերպության Բաքվի համաժողովները
Չնայած Ադրբեջանն, իր իսկ սահմանադրության համաձայն, աշխարհիկ պետություն է, երկրի իշխանությունները սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով օգտագործում են իսլամական գործոնը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Քաղաքական գործիչները՝ իշխանական, թե ընդդիմադիր, շատ դեպքերում դիմում են իսլամական հռետորականությանը:
Արտաքին քաղաքականության մեջ իսլամական ուղղությունը Ի.Ալիևի իշխանության օրոք պահպանեց առաջնայնությունը։ Ադրբեջանն այսօր ակտիվորեն համագործակցում է իսլամական բարձրագույն քաղաքական մարմնի հետ և համարվում է նրա ակտիվ անդամներից մեկը:
2006թ. Ադրբեջանում տեղի ունեցան ԻԿԿ երկու կարևոր հանդիպումներ: Առաջինը հունիսի 19-21-ը արտաքին գործերի նախարարների XIII կոնֆերանսն էր, որի արդյունքում ստորագրվեցին եզրափակիչ փաստաթուղթը (որի 45 և 46-րդ կետերը վերաբերում են Հայաստանին), մյուսը Բաքվի հռչակագիրն է (տե՛ս Հավելված): Երկու փաստաթղթերում էլ Հայաստանն անվանված է «ագրեսոր»:
1993-ից ի վեր Իսլամական կոնֆերանսը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման որևէ ծրագիր առաջ չի քաշել կամ որևէ կառուցողական քայլ չի արել: Հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում` որպես զիջումներ անող միակ կողմ դիտարկվում է Հայաստանը, որն անհապաղ պետք է դուրս գա բոլոր «գրավյալ» տարածքներից, իսկ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի հիշատակվել որպես հակամարտող կողմ (նրա իշխանությունները համարվում են «ոչ լեգիտիմ» և «հանցագործ»): Խորամուխ չլինելով հարցի էության մեջ՝ անդամ երկրները քվեարկում են Ադրբեջանի և նրա համախոհ երկրների կազմած նախագծերի օգտին՝ առանց հաշվի առնելու, թե որքանով են դրանք նպաստում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: ԻԿԿ-ն հարցի մասին ողջ տեղեկատվությունը ստանում է միակողմանի աղբյուրից՝ տվյալ դեպքում Ադրբեջանից:
Ուշագրավ է, որ Բաքվի կոնֆերանսի օրերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովը տարածեց ապատեղեկատվություն այն մասին, որ իսլամական պետությունները խզելու են իրենց հարաբերությունները Հայաստանի հետ: Մինչդեռ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի և համագործակցում է իսլամական մի շարք երկրների հետ:
Մոտ երեք ամիս անց, սեպտեմբերի 9-12-ը, Բաքվում տեղի ունեցավ իսլամական պետությունների տուրիզմի նախարարների V կոնֆերանսը, որի բացմանը հանդես եկավ նախագահ Ի.Ալիևը: Նրա ելույթը նվիրված էր իսլամական միասնության և իսլամական աշխարհին սպառնացող մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությանը։ Այս համատեքստում Ալիևը իսլամական աշխարհի ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռեց Ղարաբաղյան խնդրի վրա։
Որքան էլ տարօրինակ է, իսլամական երկրների միջև տուրիզմի և բարեկամական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, դատապարտվեցին Ադրբեջանի դեմ հայկական կողմի գործողությունները: Իսկ ադրբեջանական աղբյուրները հանդիպման մասին խոսելիս առաջին հերթին ընդգծում էին ոչ թե տուրիզմի ոլորտում իսլամական երկրների ձեռքբերումները, այլ Ղարաբաղյան հարցը: Բաքվի հռչակագրի մի շարք դրույթներ վերաբերում են Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիային», այդ թվում՝ «գրավյալ տարածքներում» իրականացված հրդեհներին՝ կրկնելով հունիսին արտգործնախարարների կոնֆերանսում ընդունված բանաձևի դրույթները:
Հատկանշական է, որ միջազգային թերևս առաջին կառույցը, որն անմիջապես արձագանքեց «գրավյալ տարածքներում» սկսված հրդեհներին, Իսլամական կոնֆերանսն էր: Սեպտեմբերի 11-ին Բաքվում նախագահ Ի.Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն վերջինիս տեղեկացրեց, որ հրդեհների վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ընդունման հարցում ԻԿԿ-ն ոչ պակաս դերակատարություն է ունեցել, իսկ ինքն անձամբ է այդ մասին Քոֆի Անանին նամակ ուղարկել: Նշենք, որ 2004թ. կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրված Թուրքիայի ներկայացուցիչ և իսլամական աշխարհում մեծ համարում ունեցող Է.Իհսանօղլուն մեծապես աջակցում է միջազգային շրջանակներում ադրբեջանական PR-ին:
Ադրբեջանը ԻԿԿ նախաձեռնություններում
2006թ. սեպտեմբերի 3-ին Ստամբուլում պաշտոնապես բացվեց Երկխոսության և համագործակցության Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի գրասենյակը, որն, ի դեպ, ստեղծվել է Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ազգային ասամբելայի առաջարկով և ծրագրով: Ֆորումի հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2003թ. օգոստոսին Բաքվում: Ի դեպ, ֆորումի առաջին նախաձեռնություններից մեկն ադրբեջանական քարոզչության ոգով գրված «Ղարաբաղ. փաստեր և հետևանքներ» գիրքն է՝ ԻԿԿ նոր նախագծի՝ «Հակամարտություններ և հումանիտար աղետներ ԻԿԿ երկրներում» շարքի առաջին հրատարակությունը, որը բաժանվեց հունիսին Բաքվում տեղի ունեցած իսլամական պետությունների արտգործնախարարների հանդիպման մասնակիցներին: Ֆորումի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ներկայացուցիչ Էլշադ Իսքանդերովն է։
Նշենք, որ Ադրբեջանն առաջարկել է 2007թ. Բաքվում անցկացնել «Զանգվածային լրատվամիջոցների դերը հանդուրժողականության և փոխհամաձայնության հարցում» խորագրով ԻԿԿ կոնֆերանսը, ինչին արդեն հավանություն է տրվել:
Իսլամական գործոնը՝ հօգուտ Ադրբեջանի
Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով՝ Բաքուն ծրագրել է սերտորեն համագործակցել Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ բոլոր պետությունների հետ: Վերջին շրջանում Ադրբեջանը զգալի քայլեր է անում՝ բարելավելու հարաբերությունները նաև արաբական իսլամական աշխարհի հետ: Արաբական աշխարհում, որտեղ ավանդականորեն ամուր են Հայաստանի դիրքերը, Ադրբեջանը շատ «բացեր» ունի: Այս տեսանկյունից ուշագրավ է 2006թ. օգոստոսի վերջին Հորդանանի Աբդալլահ թագավորի առաջին պաշտոնական այցը Բաքու, որի ընթացքում ստորագրվեց միջկառավարական պայմանագիր:
Հիշեցնենք, որ Հորդանանը, ինչպես նաև Իսլամական կոնֆերանսի բազմաթիվ անդամ պետություններ 2002թ. ՄԱԿ ԳԱ 57-րդ նստաշրջանում քվեարկեցին հօգուտ «ՄԱԿ և ԵԱՀԿ համագործակցության մասին» որոշման մեջ փոփոխություն մտցնելու օգտին, ինչը ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանին ձեռնտու պայմաններ է ապահովում:
ԻԿԿ-ն դեմ է, որպեսզի Ղարաբաղյան հարցը դասվի «սառեցված հակամարտությունների» շարքին, կողմ է, որպեսզի խնդրի կարգավորման հարցը փոխանցվի ՄԱԿ:
Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը մշտապես ընդգծում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին, ինչը կօգնի միջագային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար1:
Այսպիսով՝
- Ադրբեջանը, որի հեղինակությունն իսլամական աշխարհում որոշակիորեն աճել է, ԻԿԿ շրջանակներում ձգտում է հասնել Հայաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:
- Իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին առաջին հերթին արտահայտվում է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձևերը հօգուտ Ադրբեջանի քվեարկելու հանգամանքով: Իսլամական աշխարհն այդպիսով ի ցույց է դնում իսլամական համերաշխության գաղափարի կենսունակությունը: ՄԱԿ-ում իսլամական պետությունների նման կեցվածքն առաջիկայում հազիվ թե փոփոխման ենթակա լինի:
- Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի և «ադրբեջանական գրավյալ տարածքների» հարցն իսլամական աշխարհում չունի այն հնչեղությունը, ինչպես շատ այլ հարցեր: Բաքվի հանդիպումները որևէ նոր բան չավելացրին Հայաստանի նկատմամբ որդեգրված դիրքորոշման մեջ, այլ ի հայտ բերեցին գոյություն ունեցող իրողությունները:
- Հայաստանի արտաքին քաղաքականության ջանքերն իսլամական գործոնը չեզոքացնելու ուղղությամբ այնքան էլ արդյունավետ չեն: ՀՀ արտաքին գերատեսչությունը պետք է փորձի հնարավորինս հակազդել ադրբեջանական լոբբինգին:
- Վերջին շրջանում, կապված Միջին Արևելքում ընթացող գործընթացների հետ, միջազգային հարաբերություններում ակտիվացել է իսլամական գործոնի նշանակությունը, ինչը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի համար:
- Չի բացառվում, որ առաջիկայում տարածաշրջանում ընդլայնվող արևմտյան ազդեցությանը հակազդելու արդյունքում Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առավել արժևորի իսլամական ուղղությունը` նոր պայմանավորվածություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ։ Այս իրողությունը ղարաբաղյան հակամարտության մեջ կարող է խթանել իսլամական գործոնի նշանակությունը։
1 Ի դեպ, ԻԿԿ շրջանակներում գործող առանձին կառույցներ, այդ թվում՝ Իսլամական զարգացման բանկը, Ադրբեջանին նաև որոշակի ֆինանսական օգնություններ և վարկեր են տրամադրում, փախստականների շրջանում իրականացնում բազմաթիվ ծրագրեր:
Հավելված
Բաքվի հռչակագիրըՀաստատված Իսլամական կոնֆերանսի արտաքին գործերի նախարարների 33-րդ նստաշրջանում Իրավունքների, ազատությունների և արդարության ներդաշնակությանը նվիրված նստաշրջան Հիջրայի 1427թ. 23-25 ջումադա ալ-ավալ (հունիսի 19-21), Բաքու, Ադրբեջան
Մենք՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներս և պատվիրակությունների ղեկավարներս, մասնակցելով Իսլամական կոնֆերանսի արտաքին գործերի նախարարների 33-րդ նստաշրջանին (Իրավունքների, ազատությունների և արդարության ներդաշնակության նստաշրջան), որը տեղի ունեցավ Ադրբեջանի Հանրապետությունում, Բաքվում, Հիջրայի 1427թ. 23-25 ջումադա ալ-ավալին (2006թ. հունիսի 19-21), քննարկելով իսլամական ումմայի առջև դրված հիմնական խնդիրները, հայտարարում ենք հետևյալը.
- Մենք կրկին հայտարարում ենք մեր հավատարմությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպության կանոնադրության նպատակներին, խնդիրներին և սկզբունքներին և կրկին հավաստում ենք մեր հավատարմությունը ԻԿԿ բարձրամակարդակ հանդիպումներում և նախարարների կոնֆերանսներում ընդունված բանաձևերի իրականացմանը։
- Մենք կրկին հավաստում ենք մեր նվիրվածությունը խաղաղության, հումանիզմի և հանդուրժողության վեհ գաղափարներին՝ ի պատասխան 21-րդ դարում մարդկության առջև ծառացած խնդիրների։ Իսլամին վերջին ժամանակներս սպառնացող մարտահրավերները մեզ հարկադրում են էլ ավելի համախմբվել մեզ միավորող արժեքների շուրջ և ամրապնդել համերաշխությունը։
- Մենք աջակցում ենք տնտեսական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ԻԿԿ անդամ երկրներում ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման ոլորտներում բարեփոխումները շարունակելուն և կարևոր նշանակություն ենք տալիս մշակութային, կրոնական ու ռասայական բազմազանության պաշտպանությանը։ Այդ բազմազանությունը չպետք է հակամարտության աղբյուր հանդիսանա, այլ, ավելի շուտ, պետք է ծառայի փոխադարձ հարստացման նպատակներին և երկխոսություն առաջացնի կրոնների և քաղաքակրթությունների միջև։
- Մենք խիստ անհանգստացած ենք աճող իսլամատյացությամբ և կոչ ենք անում ձեռնարկել կոնկրետ ջանքեր քաղաքակրթությունների, մշակույթների և կրոնների միջև երկխոսության ընդլայնման և փոխըմբռնման հաստատման ուղղությամբ՝ հանդուրժողության, հարգանքի ու կրոնի և համոզմունքների ազատության սկզբունքների խրախուսման հիման վրա։ Այս առնչությամբ մենք ողջունում ենք ԻԿԿ գլխավոր քարտուղարության՝ իսլամատյացության դրսևորումների մոնիթորինգ անցկացնելու համար ԻԿԿ դիտորդական խորհուրդ ստեղծելու աշխատանքը։ Իսլամի վերաբերյալ հանրակրթական դպրոցների ծրագրեր մշակելու գործում ԻԿԿ համապատասխան հաստատությունների և Եվրամիության միջև կապերի հաստատումն այս համատեքստում հատուկ նշանակություն ունի։ Մենք կոչ ենք անում ԻԿԿ բոլոր անդամ պետություններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, մասնավորապես՝ հայտարարել Մուհամեդ մարգարեի (Ալլահի աղոթքը և խաղաղությունը նրա հետ) հիշատակին նվիրված տարիներ, ամիսներ, շաբաթներ։ Մենք նաև կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել ամբողջ աշխարհի հասարակության, ներառյալ երիտասարդական լսարանը, իրազեկության աստիճանը, և ընդգծում ենք զանգվածային լրատվության որոշիչ դերն այս գործում։ Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Ադրբեջանի առաջարկությունը՝ 2007թ. Բաքվում կազմակերպել ԻԿԿ կոնֆերանս՝ նվիրված հանդուրժողության և փոխըմբռնման հաստատման գործում զանգվածային լրատվամիջոցների դերին։
- Ուշադրության առնելով քաղաքակրթությունների միջև երկխոսության և իսլամական աշխարհի ու այլ մշակույթների և քաղաքակրթությունների միջև հարաբերությունների ընդլայնումը՝ մենք, դիմելով միջազգային հանրությանը, հաստատում ենք մեր հավատարմությունը կապերի և շփումների ընդլայնման գործին և խաղաղության, ազատությունների, իրավունքների ու արդարության ներդաշնակությանը։
- Մենք վճռականապես դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով, հայտնում ենք մեր խորին կարեկցանքն ու աջակցությունն այն երկրներին, որոնք դարձել են ահաբեկչական հարձակումների զոհ, դատապարտում ենք նաև ահաբեկչությունը որևէ կրոնի, մշակույթի կամ ժողովրդի հետ կապելու ցանկացած փորձ, քանի որ այդ գլոբալ չարիքը չունի ո՛չ կրոնական, ո՛չ ազգային պատկանելություն։ Մենք կրկին հայտարարում ենք մեր հավատարմությունը ահաբեկչության դեմ պայքարի և այն արմատախիլ անելու գործում համերաշխության ամրապնդմանը, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և ներուժի ավելացմանն ուղղված գործունեության ամրապնդման հիման վրա։ Այս առումով մենք հարկ է, որ օգտագործենք ԻԿԿ անդամ պետությունների՝ ահաբեկչության դեմ պայքարի կուտակած փորձը՝ ի թիվս այլոց նաև հանուն խաղաղության ձեռքբերման, ազգային հաշտության քաղաքականության խրախուսման հիման վրա։
- Ներկայում միջազգային հանրությունը բախվում է նոր գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների, որոնք պահանջում են միջազգային համագործակցության ամրապնդում ՝ միջազգային ահաբեկչության, վերազգային հանցագործության, զենքի, թմրանյութերի ու մարդկանց առևտրի ապօրինի շրջանառության դեմ համընդգրկուն և համաձայնեցված համատեղ պայքարի միջոցով։
- Մենք կրկին հայտարարում ենք, որ արաբա-իսրայելական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորումը մեր կազմակերպության հիմնական խնդիրներից է և մեր ումմայի առանցքային հիմնախնդիրը։ Պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, պաղեստինյան պետության ստեղծումը՝ Ալ-Կուդս Ալ-շարիֆ (իմա՝ Երուսաղեմ) մայրաքաղաքով, Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի օկուպացված բոլոր արաբական տարածքների ազատագրումը, Պաղեստինի բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը իրենց տներ և նրանց սեփականության վերականգնումը, ՄԱԿ ԱԽ 242 և 338 բանաձևերի և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 194 բանաձևի իրականացումը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության հաստատման հիմնական պայմաններն են։ Մենք հարգում ենք 2006թ. հունվարի 25-ին Պաղեստինում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և աջակցում ենք պաղեստինցի ժողովրդի ձեռնարկած ժողովրդավարական քայլերը՝ ուղղված օրինական կառավարության ձևավորմանը։ Մենք կրկին հայտարարում ենք մեր աջակցությունը Բեյրութում բարձր մակարդակով անցկացված արաբական պետությունների գագաթաժողովում առաջ քաշված արաբական խաղաղ նախաձեռնությանը, «ճանապարհային ուղեցույց» ծրագրին և «հող խաղաղության դիմաց» սկզբունքին և կոչ ենք անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը և այլ դոնորների՝ վերականգնել օգնությունը պաղեստինցի ժողովրդին։ Մենք դիմում ենք «քառյակին»՝ կոչ անելով անհապաղ վերսկսել խաղաղ գործընթացը և չընդունել Իսրայելի միակողմանի միջոցառումները, որոնք հակասում են խաղաղ գործընթացի սկզբունքներին։
- Մենք կոչ ենք անում անդամ պետություններին միանալ «Ալ-Կուդս Ալ-շարիֆ» և «Ալ-Կուդս» հիմնադրամներին և ընդլայնել առկա գործընկերության շրջանակները՝ այն նախագծերի ֆինանսավորման նպատակով, որոնք թույլ կտային ամրապնդել պաղեստինյան տնտեսության ներուժը, ինչպես նաև ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարդկանց տառապանքների թեթևացմանը՝ Զարգացման իսլամական բանկի ղեկավարությամբ, իրենց արդյունավետությունն ապացուցած մեխանիզմների միջոցով, և կամավոր նվիրատվություններ անել «Բայթմալ-Ալ-Կուդս» կազմակերպության և «Ալ-Կուդս» հիմնադրամներին։
- Մենք վճռականապես աջակցում ենք Իրաքի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք հանձնարարում ենք գլխավոր քարտուղարին մշակել գործնական ուղիներ, որպեսզի ԻԿԿ-ն ավելի ազդեցիկ դեր խաղա Իրաքում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մենք նաև հայտարարում ենք Իրաքում ահաբեկչական ռազմական գործողություններին վերջ դնելու, եղբայրական այդ երկրում կայունություն և անվտանգություն ապահովելու, վերականգնողական աշխատանքներն ավարտելու և Իրաքի կառավարությանն ու ժողովրդին տնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Այս առումով մենք ողջունում ենք Իրաքի հարևան երկրների 9-րդ խորհրդակցությունը, որն անցկացվելու է Իրանի Իսլամական Հանրապետությունում 2006թ. հուլիսի 8-10-ը։
- Ընդունելով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում վերջին ժամանակներս ձեռք բերված էական առաջընթացը՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգակերտման գործում, մենք հավատարիմ ենք մնում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին համակողմանի օգնությունը շարունակելուն՝ ընթացիկ վերականգնողական գործընթացին նպաստելու նպատակով։
- Մենք հաստատում ենք բոլոր անդամ պետությունների հիմնարար և անքակտելի իրավունքը՝ ուսումնասիրել, արտադրել և օգտագործել ատոմային էներգիան խաղաղ նպատակներով՝ իրենց համապատասխան իրավական պարտավորությունների համաձայն։ Մենք կարծում ենք, որ ԱԷՄԳ երաշխիքների և ստուգումների վերաբերյալ բոլոր հարցերը, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են Իրանին, պետք է կարգավորվեն ԱԷՄԳ՝ որպես գործակալության անդամ երկրների համապատասխան պարտավորություններն ստուգող իրավասու կազմակերպության, շրջանակներում։ Այս առնչությամբ մենք արտահայտում ենք մեր համոզվածությունն այն բանում, որ Իրանի միջուկային խնդրի միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է առանց որևէ նախնական պայմանի, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը բոլոր համապատասխան կողմերի մասնակցությամբ՝ Չլուծված հարցերի կարգավորման գործակալության աշխատանքները դյուրացնելու նպատակով։
- Միջուկային զենքից զերծ գոտու ստեղծումը մենք դիտարկում ենք որպես դրական քայլ համընդհանուր միջուկային լիցքաթափման նպատակին հասնելու ճանապարհին, և կրկին հայտարարում ենք մեր աջակցությունը Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու գործում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և ԱԽ համապատասխան բանաձևերի համաձայն։ Մինչև նման գոտու ստեղծումը մենք պահանջում ենք, որպեսզի Իսրայելն անհապաղ միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և իր միջուկային օբյեկտներն անհապաղ ենթարկեցնի ԱԷՄԳ համապարփակ երաշխիքներին։
- Մենք կրկին վճռականապես դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ և համառորեն կոչ ենք անում հայկական օկուպացիոն ուժերին անմիջապես, լրիվ և անվերապահ կերպով դուրս գալ Ադրբեջանի զավթված տարածքներից։ Մենք կարծում ենք, որ հայ բնակիչների ապօրինի վերաբնակեցումը զավթված ադրբեջանական տարածքներում, ապօրինի տնտեսական գործունեությունը և բնական պաշարների շահագործումը գրավյալ տարածքներում վնաս են հասցնում խաղաղության գործընթացին։ Մենք դատապարտում ենք ադրբեջանական մշակութային և պատմական հուշարձանների շարունակվող ոչնչացումը և պահանջում ենք, որ Հայաստանը Ադրբեջանին փոխհատուցի միջազգային իրավունքի համապատասխան՝ Հայաստանի կողմից հասցված նյութական վնասի դիմաց։ Մենք հայտարարում ենք մեր խորին անհանգստությունը գրավյալ տարածքներում վերջերս բռնկված զանգվածային հրդեհների կապակցությամբ և պահանջում ենք, որ օկուպացիոն ուժերն անհապաղ միջոցներ ձեռնարկեն էկոլոգիական աղետը կանխելու համար։ Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ կոչ անելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Մենք համառորեն կոչ ենք անում ԻԿԿ անդամ պետություններին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում։
- Մենք հայտարարում ենք մեր աջակցությունը Կիպրոսյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ երկու կողմերի քաղաքական հավասարության հիման վրա, և հաստատում ենք մեր համերաշխությունը Հյուսիսային Կիպրոսի մեր իսլամադավան եղբայրներին և քույրերին։ Մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ԻԿԿ անդամ պետություններին, կոչ անելով ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի վերջ տրվի Կիպրոսի թուրքերի մեկուսացմանը և համագործակցություն հաստատվի տնտեսական, մշակութային, գիտական, տեխնիկական և այլ ոլորտներում։
- Մենք կրկին հայտարարում ենք մեր աջակցությունը Ջամուի և Քաշմիրի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի համաձայն, և Քաշմիրի ժողովրդի ակնկալիքներին։ Մենք կոչ ենք անում պաշտպանել Քաշմիրի բնակիչների իրավունքները և համաձայն ենք տրամադրել հնարավոր քաղաքական ու դիվանագիտական աջակցությունը Քաշմիրի ժողովրդի իսկական ներկայացուցիչներին օտարերկրյա զավթման դեմ նրանց պայքարում։
- Մենք բարձր ենք գնահատում Սուդանում խաղաղության ապահովման և ազգային հաշտեցման գծով վերջին ժամանակներս տեղի ունեցած կառուցողական իրադարձությունները՝ Սուդանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, և կոչ ենք անում ԻԿԿ անդամ պետություններին և միջազգային հանրությանը՝ աջակցել Սուդանի վերականգնմանը՝ ի շահ նրա բարգավաճման և միասնականության։
- Մենք բարձր ենք գնահատում Սոմալիի անցումային դաշնային հաստատությունների հիմնումը։ Մենք կրկին հայտարարում ենք մեր հավատարմությունը Սոմալիի միասնականությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը։ Մենք կոչ ենք անում սոմալիական բոլոր խմբակցություններին՝ մասնակցել ազգային հաշտեցմանը Սոմալիի անցումային դաշնային կառավարության հետ։
- Մենք կարևոր նշանակություն ենք տալիս այն նախաձեռնությունների համապարփակ իրականացման ակտիվացմանը, որոնք ուղղված են ընդհանուր շուկայի և ազատ առևտրի գոտու ստեղծմանը իսլամական երկրներում, և անհրաժեշտ ենք համարում խրախուսել առևտրի զարգացումը ԻԿԿ անդամ պետությունների միջև։ Նշելով Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ առևտրի ազատականացման շուրջ բազմակողմանի բանակցություների կարևորությունը՝ մենք կարևորում ենք նաև ԱՀԿ-ի հետ բանակցությունների օրակարգում գտնվող հարցերի տեսությանը նվիրված խորհրդատվությունների անցկացումը՝ հենվելով ԻԿԿ տնտեսական ինստիտուտների աջակցության վրա։
- Մենք ընդգծում ենք տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցության նշանակությունը և խրախուսում ենք այն համագործակցությունը, որը հետապնդում է միջտարածաշրջանային կապերի կատարելագործման, ինչպես նաև ԻԿԿ անդամ պետությունների էներգետիկ ռեսուրսների յուրացման և փոխադրման արդյունավետության բարձրացման նպատակներ՝ որպես դրանց սոցիալ-տնտեսական զարգացման էական գործոն։
- Մենք կրկին նշում ենք ԻԿԿ այն անդամ պետությունների հիմնախնդիրների ու պահանջմունքների մասին, որոնք ելք չունեն դեպի ծով, և կարևոր նշանակություն ենք տալիս համապատասխան իսլամական ֆինանսական հաստատությունների կողմից այդ երկրներին անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական օգնություն տրամադրելուն՝ դրանց տարանցիկ փոխադրումների համակարգի կատարելագործման նպատակով։
- Մենք որոշում ենք կայացնում հրապարակել ԻԿԿ անդամ պետությունների՝ իսլամական ժառանգության հետ կապ ունեցող հնագիտական, պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ցանկը և ուսումնասիրել ագրեսիայի, պատերազմի կամ բռնության այլ տեսակի գործողություններով դրանց հասցված վնասի հարցը՝ Կրթության, գիտության և մշակույթի հարցերով իսլամական կազմակերպության և Իսլամի պատմության, արվեստի ու մշակույթի հետազոտական կենտրոնի հովանու ներքո։
- Մենք բարձր գնահատական ենք տալիս ԻԿԿ և նրա բոլոր կառույցների գործադրած ջանքերին՝ գործողությունների տասնամյա ծրագրի շրջանակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։
- Վկայակոչելով գործողությունների տասնամյա ծրագիրն ու Իսլամական կոնֆերանսի երրորդ արտահերթ նստաշրջանի, ներառյալ Աղքատության դեմ պայքարի հիմնադրամի հաստատության որոշումները՝ մենք սրտագին երախտագիտություն ենք հայտնում երկու սրբազան մզկիթների պահապան Աբդալլա իբն Աբդել Ազիզ թագավորին՝ ֆոնդին նրա հատկացրած շռայլ նվիրատվության համար՝ $1 մլրդ-ի չափով։
- Մենք կոչ ենք անում համընդգրկուն բարեփոխումներ անցկացնել ՄԱԿ ԱԽ-ում՝ բոլոր ասպեկտներով, որպեսզի այն դառնա ավելի ժողովրդավարական, ներկայացուցչական, թափանցիկ և հաշվետու։ Մենք հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ ընդլայնված կազմում ԻԿԿ անդամ պետությունների համարժեք ներկայացուցչության հարցի շուրջ։
- Մենք դիմում ենք բոլոր անդամ պետություններին՝ կոչ անելով քվեարկել միջազգային համաժողովներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում ԻԿԿ անունից ներկայացվող բանաձևերի օգտին։
- Մենք ողջունում ենք ԻԿԿ Վիեննայի խմբի ստեղծումը ԻԿԿ անդամ պետությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով։ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակներում կապերի ընդլայնման և համակարգման նկատառումներով մենք հանձնարարում ենք ԻԿԿ վարչական և ֆինանսական կոմիտեին ու գլխավոր քարտուղարությանը՝ ուսումնասիրել Վիեննայում ԻԿԿ դիտորդական ներկայացուցչության ստեղծման հարցը, ինչպես նաև գնահատել ԻԿԿ առկա այլ դիտորդական ներկայացուցչությունների դերը և այս հարցի մասին զեկույց ներկայացնել արտաքին գործերի նախարարների հաջորդ կոնֆերանսին, և խնդրում ենք ԻԿԿ գլխավոր քարտուղարությանը արագացնել Բրյուսելում ԻԿԿ դիտորդական ներկայացուցչության հիմնումը։
- ԻԿԿ շրջանակներում քաղաքական խորհրդատվությունների և որոշումների ընդունման գործընթացի կատարելագործման նպատակով մենք առաջարկում ենք անդամ պետություններին դիտարկել անդամ պետությունների՝ ԻԿԿ կենտրոնակայանին կից մշտական ներկայացուցչությունների ստեղծման հարցը։
- Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Ինդոնեզիայի կառավարությանը և ժողովրդին վերջերս տեղի ունեցած կործանարար երկրաշարժի կապակցությամբ և կարևոր նշանակություն ենք տալիս տարերային աղետներից, համաճարակներից, տնտեսական ճգնաժամերից, հակամարտություններից և փախստականների հիմնախնդիրներից տուժած ԻԿԿ անդամ պետություններին տնտեսական և հումանիտար օժանդակության ցուցաբերմանը։
- Մենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում ԻԿԿ գլխավոր քարտուղարությանը և կազմակերպության աշխատակիցներին գլխավոր քարտուղարության բարեփոխման գործընթացի արագացման և նոր աշխատաոճի ձևավորման գործում նրանց ակտիվ դերակատարության համար, ինչը որոշիչ նշանակություն ունի զանազան խնդիրների արդյունավետ լուծման, մասնավորապես՝ գործողությունների տասնամյա ծրագրի իրականացման համար։ Մենք բարձր ենք գնահատում նաև այն դերը, որ կատարում է գլխավոր քարտուղարը մահմեդական աշխարհի շահերի առաջմղման գործում՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես և Արևմուտքի առանցքային պետությունների հետ նրա ունեցած բարձրամակարդակ կապերի միջոցով։ Դրա վառ վկայությունն են այն ջանքերը, որոնք վերաբերում են իսլամատյացությանը և անարգական ծաղրանկարներին։
- Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում եղբայրական Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին սիրալիր ընդունելության և Իսլամական կոնֆերանսի արտաքին գործերի նախարարների 33-րդ նստաշրջանը հոյակապ կազմակերպելու համար։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]