
ՀԱՅԿԱԿԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ XVII ԴԱՐՈՒՄ
Է.Լ.Դանիելյան`Պատմագիտության դոկտոր, «Նորավանք» ԳԿՀ խորհրդական
Մինչ աշխարհագրական մեծ հայտնագործությունները` միջազգային առևտրական կապերը զարգացել են Արևելյան կիսագնդի հայտնի աշխարհի սահմաններում [1] ցամաքային, գետային և ծովային ուղիներով [2]: Հումքի աղբյուրներով և ապրանքների տեսականիով էր պայմանավորված տարբեր երկրների մասնակցության աստիճանը միջազգային առևտրին:
Արևելքի և Արևմուտքի միջև իր ռազմավարական կարևոր դիրքով և քաղաքակրթական զարգացումներով Հայաստանը հնուց ներգրավվել էր միջազգային առևտրի մեջ [3, pp. 203-227]: Դեռևս նեոլիթի (նոր քարի դար) և էնեոլիթի (պղնձի-քարի դար) դարաշրջաններում Հայկական լեռնաշխարհից վանակատ է արտահանվել Միջագետքի և Միջերկրականի արևելյան ավազանի երկրամասեր [4, p. 46]: Իսկ վաղ բրոնզի դարաշրջանում շումերներն օգտվում էին Հայկական լեռնաշխարհի պղնձից [5, s. 21-25; 6, էջ 140]: Մետաղագործության շնորհիվ Հայաստանը բրոնզի և վաղ երկաթի դարերում մետաղամշակման արդյունքներ էր արտահանում Արևելքի երկրներ: Բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ Դ.Մ. Լանգն իր «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում գրել է. «Հին երկիր Հայաստանը գտնվում է բարձր լեռներում… Միջագետքը իր Շումերի և Բաբելոնի հին քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ միասին, թեպետ սովորաբար, ժամանակակից իմաստով դիտվում է որպես քաղաքակիրթ կյանքի գլխավոր աղբյուր, Հայաստանը նույնպես իրավունք ունի համարվելու մարդկային մշակույթի բնօրրաններից մեկը… Ավելին, Հայաստանն իրավունք ունի համարվելու հին մետաղամշակության ավելի քան հինգհազարամյա հնության օջախներից մեկը…» [7, p. 9]:
Մ.թ.ա. III հազ. շումերական դյուցազնավեպի հաղորդումներն Արատտայի1 մասին [8], այդ ու հաջորդ հազարամյակի կեսերին Հայաստանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում, ի թիվս բազմազան իրերի, եգիպտական, միտաննական, կասսիտական և ասորեստանյան կնիքների և ծովախեցիների հայտնաբերումը վկայում են Միջագետքի, ներառյալ Պարսից ծոցի ավազանի, ինչպես նաև Միջերկրականի ավազանի երկրների հետ եղած առևտրական կապերի մասին [12, էջ 64-65; 13, էջ 43-44]:
Պարսից տերությունում գտնվող Շոշը (հնագույն ժամանակներում Էլամի մայրաքաղաքը, այնուհետև Աքեմենյանների ձմեռային նստավայրը) [14, III, 140, V, 49, 53] և Փոքր Ասիայի արևմուտքում` Լյուդիայի մայրաքաղաք Սարդերը կապվում էին Հայաստանի հարավարևմտյան շրջաններով անցնող «Արքայական» կոչվող մեծ ճանապարհով [14, V, 52]: Հին ժամանակներից Հայաստանը Միջագետքի երկրների հետ հաղորդակցվում էր նաև գետային ճանապարհով: Հերոդոտոսը (մ.թ.ա. 484 - մոտ. 425թթ.) տեղեկություններ է պահպանել Հայաստանից` Եփրատ և Տիգրիս գետերով դեպի Բաբելոն կատարվող նավարկության մասին. «Բաբելոնի միջով գետ է հոսում, որի անունն է Եփրատ: Այն հոսում է Արմենիայից, մեծ է, խոր ու արագահոս… Տիգրիսը բխում է Արմենիայից»: Գետային նավերը, որոնցով Հայաստանից նավարկություն էին կատարում, պատմիչի նկարագրությամբ, կլոր էին ու ամբողջովին կաշեպատ: Հայաստանում կտրած ուռիներով պատրաստվում էին նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով: Նավին տրվում էր վահանի նման կլոր ձև: Ամբողջ նավը լցվում էր ծղոտով, բեռներով և թողնվում հոսանքն ի վար: Նավը վարում էին երկու ղեկային թիակներով: Մեծ մասամբ կարմիր կարասներով գինի էր փոխադրվում: Յուրաքանչյուր նավի մեջ կար մի կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը: Բաբելոն հասնելուց և բեռը վաճառելուց հետո վաճառվում էր նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշին բարձվում էր գրաստների վրա և հետ էր տարվում Հայաստան, քանի որ գետի արագության պատճառով հնարավոր չէր նավել գետն ի վեր: Այնուհետև, նույն ձևով պատրաստվում էին ուրիշ նավեր [14, I, 194]:
Համաշխարհային առևտրի ասպարեզում կարևոր էր Հայաստանի ռազմավարական դիրքն առաջավորասիական տարածաշրջանում` հատկապես հնուց հայտնի Մետաքսի ճանապարհի միջազգային համակարգում: Քաղաքաշինության հին ավանդույթներով հայտնի Հայաստանը վերելք ապրեց Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի և, հատկապես, Հայոց տերության արքայից արքա Տիգրան Բ Մեծի գահակալության ժամանակներում: Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ու Տիգրանի անունը կրող մյուս նորակառուց քաղաքները վկայում են հնագույն ժամանակներից եկող հայ շինարարական արվեստի բարձր մակարդակի մասին: Հազարամյակների խորքից եկող հայոց քաղաքակրթական զարգացումներից բխող Տիգրան Բ Մեծի գործունեությունը տարածվեց Հայոց տերության մեջ մտած Առաջավոր Ասիայի մեծագույն մասի վրա [15, էջ 3-12]: Տիգրան Մեծն իր հսկողության տակ վերցրեց Մետաքսի ճանապարհի` Հնդկաստանի սահմաններից մինչև Միջերկրական ծովի առափնյա Դաշտային Կիլիկիայի, Սիրիայի և Փյունիկիայի վաճառաշահ նավահանգիստները հասնող ուղիները [16, XIV, 5, 2]:
Վաղ միջնադարում Հայաստանի գիտակրթական համակարգում մեծ տեղ էր տրվում աշխարհագրությանը և տիեզերագիտությանը: V դարում Մովսես Խորենացու հեղինակած և նրա գործը VIIդ. շարունակած ու խմբագրած Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում տեղեկություններ են հաղորդվում Հնդկական, Հունական (Միջերկրական) և Վրկանից (Կասպից) ծովերով նավարկության մասին: Հնուց եկող հայ-հնդկական կապերի մասին են վկայում Հնդկաստանի բնական հարստություններին և էթնիկական կազմին վերաբերող նյութերը «Աշխարհացույց»-ում [17, էջ 266, 274, 308-310]: Անանիա Շիրակացին «Տիեզերագիտություն»-ում հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում աստղային երկնքով նավագնացության մասին: Նա գրում է, որ Երկնիբևեռ և Սայլ կոչվող աստղերը Մեծ արջի համաստեղության համակարգում տեսանելի նշանացույցներ են ծովագնաց ճանապարհորդների համար [17, էջ 96]:
Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի վրա գտնվող քաղաքներից վաղ միջնադարից վերելք ապրեցին հինավուրց Ջուղան, Նախիջևանը, Կարինը, Մանազկերտը, Դվինը, իսկ X-XIդդ. Հայոց Բագրատունյաց մայրաքաղաք Անին և այլ քաղաքներ [18, с. 70-71; 19; 20], որոնք գիտության և մշակույթի, արհեստների [21] ու առևտրի խոշոր կենտրոններ էին:
Հայոց մեջ նավագնացության գործը մեծ զարգացում ապրեց XII-XIV դարերում, երբ Կիլիկիայի Հայկական իշխանապետությունը, այնուհետև թագավորությունը դարձավ ծովային պետություն իր ռազմական և առևտրական նավատորմերով, որն ընդգրկվեց Միջերկրականի ավազանի ծովային առևտրի համակարգում [22; 23, с. 400]: Կիլիկյան Հայաստանը Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասն էր դեպի Եվրոպայի նավահանգիստները: Միևնույն ժամանակ, այն դարձավ միջազգային ծովային օրենսդրության մեջ առաջադեմ փոփոխություններ կատարողը:
Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում էր «մերձափնյա իրավունքը» (Jus litoris), որի համաձայն, նավաբեկված նավերի բեռները, անձնակազմը և ուղևորներն ափատիրոջ կամքով սեփականացվում էին: Այդ իրավունքը գործում էր նաև Միջերկրական ծովի ավազանի առափնյա արևելյան երկրներում։ Ինչպես նշել է Յու.Բարսեղովը, նավաբեկվածներին պաշտպանող հրովարտակներ են հրապարակել 1290 և 1320թթ. Բյուզանդիայում հօգուտ բարսելոնացիների, 1227թ. և 1461թ. Ֆրանսիայում հօգուտ իտալացիների, այնուհետև` ֆլամանդացիների, հոլանդացիների և բրաբանտացիների, սակայն դրանք, հիմնականում, ապարդյուն էին, և թալանը հնարավոր չէր կասեցնել [24, էջ 100-101]։ Կիլիկյան Հայաստանում «մերձափնյա իրավունքի» դեմ պայքարը կրեց ավելի խորքային և հետևողական բնույթ։
1184թ. Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» դատապարտել էր այդ երևույթը՝ նախազգուշացնելով դրանից հեռու մնալ, «թէ ի մերոց պատահի ազգաց տիրելոց ծովու» [25, էջ 415]: Յու.Բարսեղովը նշել է, որ «մերձափնյա իրավունքը» վերացնելու համար պահանջվեց մեկ հազարամյակ՝ IX-Xդդ. եզակի մասնակի սահմանափակումներից մինչև XIX-XXդդ. միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների կնքումը: Այս խնդրի առնչությամբ «Հայոց Դատաստանագրքի» համապատասխան դրույթների համեմատությունն այլ պետությունների նմանօրինակ օրենսդրական ակտերի հետ, ինչպես նշում է գիտնականը, բացի ժամանակագրական առաջնությունից, տարբերվում է նաև իր առաջադիմական բովանդակությամբ [24, с. 95-98,103]։
Հայոց արքա Լևոն Բ Մեծագործը (1198-1219թթ.) պայքարեց ծովահենության դեմ և մեծ ջանքեր գործադրեց «մերձափնյա իրավունքի» վերացման ուղղությամբ։ Այդ իրավունքից հրաժարումն առաջին անգամ միջազգային իրավական նորմի բնույթ ստացավ 1201թ.։ Այդ տարի Լևոն արքան հրաժարվեց «մերձափնյա իրավունքից» Վենետիկի հանրապետության օգտին, ինչպես այդ արել էր ճենովացիների կապակցությամբ [24, с. 105]: Իրավական այդ նորմի գործադրումը Կիլիկյան Հայաստանում հետագա զարգացում է ստանում Հեթում I-ի (1226-1269թթ.) և Լևոն III-ի (1270-1289թթ.) օրոք [26, pp. 106, 110, 126; 24, с. 105-106]: Կիլիկյան Հայաստանն օրինապահ և հուսալի գործընկեր էր ծովային առևտրի գործում, ինչի վկայությունն է նրա հիշատակությունը Միջերկրական ծովի եվրոպական և մերձավորարևելյան նավահանգիստներում կնքված բազում առևտրական փաստաթղթերում:
Հայ առևտրական-ծովագնացները ծանրակշիռ մասնակցություն են ունեցել նաև «մանիլյան առևտրում»` հատկապես Դիաշի ու Վասկո դա Գամայի հայտնագործություններից հետո գործնական կապեր հաստատելով պորտուգալացիների հետ Հնդկական օվկիանոսում: Հետաքրքիր է, որ դեռևս XVIդ. պորտուգալական պոետ Լուի դե Կամոենը իր «Լուսիադ կամ Հնդկաստանի հայտնագործումը» էպիկական պոեմում, նկատի ունենալով աստվածաշնչյան Դրախտը, սրբազան Արարատ լեռը և Եփրատ ու Տիգրիս գետերի ակունքները, հայերի մասին գրել է. «Նրանք, որ մշակում էին գեղեցիկ Հայաստանի հողը, որտեղ սուրբ լեռից երկու գետեր են հոսում` այն ինչը Էդեմն էր ուխտագնացի աչքին» [27, p. 118]:
Հայերի դերը «մանիլյան առևտրում» աճում է ХVIIդ.: Ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն նշում էր, որ իր ժամանակ «առևտրի այնպիսի տեսակ չկար, որը հայերը չվարեին» [28, vi, pp. 158-159, Appendix, pp. 76-77; 29, с. 73-78], իսկ ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչ Ֆրանսուա Մարտենը նշել է, որ, բացի պորտուգալացիներից, Մանիլա էին «թույլատրվում հնդիկ և հայ առևտրականները» [30, p. 125]: Մադրասում 1711-1714թթ. գրանցված անգլիական փաստաթղթերից հետևում է, որ հայերն իրենց ձեռքում էին պահում Մանիլայի և Չինաստանի հետ Հնդկաստանի ունեցած մասնավոր առևտրի կեսը: Յու.Բարսեղովը, մանրամասն հետազոտելով «մանիլյան առևտրում» հայ վաճառական-ծովագնացների մասնակցության խնդիրը, եզրակացրել է, որ գործնականորեն Մանիլա կարող էին մտնել միայն հայ վաճառականների նավերը, քանի որ Անգլիան, Ֆրանսիան և Հոլանդիան մեծ մասամբ թշնամական հարաբերությունների մեջ էին Իսպանիայի հետ: Միևնույն ժամանակ, հայ վաճառականների ծառայությունից օգտվում էին անգլիացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները, պորտուգալացիները, իսպանացիները: Մադրասի Սեն-Ջորջ ֆորտի գրանցումները վկայում են հայկական դրոշի տակ նավերի Մադրասից, Սուրաթից, Բոմբեյից, Կալկաթայից և այլ նավահանգիստներից Մանիլա նավարկելու մասին: Սուրաթից Մանիլա գնացող նավերի տերերն էին Խոջա Մինասը, Խոջա Ստեփան Մարկը, Հովհաննես Մարքարը [31, p. 169; 29]:
XVI-XVII թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական վիճակն առավել վատթարացել էր թե՛ օսմանների աղետաբեր ասպատակությունների և թե՛ պարսից Շահ Աբաս I-ի կազմակերպած «մեծ բռնագաղթի» հետևանքով, երբ ավերվեցին հինավուրց հայոց տնտեսական և մշակութային կենտրոն Ջուղան և մի շարք այլ բնակավայրեր: Իր գանձարանը հարստացնելու նպատակով Շահ Աբասը քայլեր ձեռնարկեց շրջադարձելու առաջավորասիական առևտրական ուղղությունը դեպի Պարսից ծոց [32, էջ 325]: Ելնելով իր շահերից՝ նա արտոնություններ շնորհեց Հին Ջուղայից գաղթեցված և Նոր Ջուղայում հաստատված հայ վաճառականությանը, որը ստացավ ինքնավարության իրավունք: Նոր Ջուղայի հետ կապված խնդիրները մանրամասն ուսումնասիրել են Լեոն, Աշ.Հովհաննիսյանը, Լ.Խաչիկյանը, Հ.Փափազյանը, Վ.Բայբուրթյանը2, Շ.Խաչիկյանը և այլ հետազոտողներ:
Նոր Ջուղայի հիմնադրումից հետո ջուղայահայության վաճառական կամ խոջայական կապիտալը [34] մետաքսի առևտրի ուղիներով, մի կողմից` կասպյան-վոլգյան ջրային ճանապարհով մուտք գործեց Ռուսաստան և այնտեղից Եվրոպա, իսկ մյուս կողմից, Իրանով` Հնդկաստան: Երկու դեպքում էլ կարևորվեցին ծովային բեռնափոխադրումները:
XVI-XVIIդդ. Բաքվից և Աստրախանից կատարվող ծովային առևտուրը մեծ մասամբ կենտրոնացած էր հայերի ձեռքում [35, էջ 442; 36, с. 274; 37], ինչի զարգացմանն ավելի նպաստեց Նոր Ջուղայի հայ վաճառականությունը՝ շնորհիվ 1667 և 1673թթ. ռուս-հայկական առևտրական պայմանագրի3:
Հայկական վաճառականության հետ եվրոպական ընկերությունների մրցակցության նախանշանները երևացին, երբ Ռուսական կայսրությունը, ելնելով իր ներքին շուկային սպառնացող վտանգից, վերացրեց անգլիական Արևելահնդկական ընկերության` Իրանի հետ Ռուսաստանի վրայով կապ պահպանելու արտոնությունները: Փաստորեն, այդ ուղիով արտաքին առևտրի մենաշնորհը մնաց հայ վաճառականության ձեռքում: Իսկ հոլանդացիների ու անգլիացիների մրցակիցներն էին իտալացիներն ու իսպանացիները: Հայ առևտրականների քաղաքական չեզոք դիրքը տարբեր կողմերի հետ համագործակցելու հնարավորություն էր տալիս:
Առավել արդյունավետ էին հայ-հոլանդական առևտրական կապերը, ինչը նպաստում էր Ամստերդամում հաստատված հայկական գաղթօջախի հզորացմանը, որը հայտնի էր մշակութային խոշոր ձեռքբերումներով, հատկապես հայ տպագրության բնագավառում: Վանանդեցի գերդաստանի ներկայացուցիչների ջանքերով տպագրվում են Շարակնոցը, «Համատարած Աշխարհացոյց»-ը (1695թ.), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և այլն [32, էջ 616-617]: Հատկանշական է դարերի ընթացքում ջուղահայության հայկական կապիտալի դերն ազգային գործերում: Այն իր նշանակությամբ ավելին էր, քան բարեգործությունը՝ ընդգրկելով հայության բազում կենտրոնները` Իրանում և Հնդկաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում: Հնդկաստանի հայկական համայնքներում մի քանի դարերի ընթացքում հայ գիտակրթական և մշակութային գործի զարգացումը հանգեցրեց Հայրենիքը` Արևմտյան և Արևելյան Հայաստանն ազատագրելու Մադրասի հայ հայրենասերների խմբի ծրագրի հասունացմանը (XVIIIդ. երկրորդ կես):
XVIIդ. վերջին Կոստանդին Ջուղայեցու «Աշխարհաժողով գիրք» վերնագրով դասագրքի համաձայն, հայերն արհեստներով և առևտրական գործերով զբաղվում էին Հնդկաստանի տասնյակ առևտրաարհեստագործական կենտրոններում [32, էջ 335, 337, 447; 38, էջ 11]: Հնդկաստանի ծովային առևտրում տարածված էր «ծովային վարկի» կիրառումը, որի մասին տեղեկություններ են պահպանվել՝ կապված հայկական խոջայական կապիտալի հետ [38, էջ 161-167]։
Բրիտանական, ֆրանսիական և դանիական Արևելահնդկական ընկերությունները սկզբնապես օգտագործում էին հայերի առևտրական մեթոդների և կապերի հնարավորությունները, մասնավորապես` Հնդկաստանում: Նրանք հսկայական եկամուտներ էին ստանում, քանի որ սկզբնական շրջանում հայերը եվրոպական նավեր էին վարձում: 1688թ. Խոջա Քալանթարի և Լոնդոնի առևտրականների ընկերության միջև կնքված համաձայնությամբ երաշխավորվում էին հայ վաճառականների իրավունքները և արտոնությունները Հնդկաստանում: Ժամանակի ընթացքում հայերը գնում և կառուցում էին իրենց նավերը` դառնալով եվրոպական առևտրականների մրցակիցը: Այսպես ծովահենության ավար դարձան հայ վաճառականներ` Հովհան և Հովսեփ Մարգարյանների բարձր կարգի երկու առևտրական նավերը` «Նոր Երուսաղեմը» և «Սանկտա Կրուզը» [40, с. 62-69]: Յու. Բարսեղովը դիտարկել է, որ հայերի ծովային առևտրի բազմադարյա պատմությունը միևնույն ժամանակ դրամատիկ պատում է եվրոպական ծովահենների դեմ նրանց մղած պայքարի մասին, քանզի հայերը նպաստում էին ազատ նավագնացության, բաց ծովի առաջադիմական սկզբունքների հաստատմանը [41, с. 35-42]:
«Քեդաղ Մերչանտի» («Քեդաղի առևտրական») ճակատագիրը ծովահենության զոհ դարձած հայկական առևտրական նավերի թվին է պատկանում [42, с. 70-73]: Եվ այսօր դրա նավաբեկված մասերի հայտնաբերումը Դոմինիկյան Հանրապետության Կատալինա կղզու մոտ և ուսումնասիրությունը [43; 44, pp. 47-49; 45], արժեքավոր ներդրում է համաշխարհային առևտրական նավագնացության պատմության մեջ հայկական ժառանգության նշանակության գնահատման գործում:
1Արատտայի տեղադրությունը Լ.Ն. Պետրոսյանն առաջարկել է Հայկական լեռնաշխարհում՝ նշելով, որ այն համապատասխանել է Արարատ անվանը [9, էջ 123; հմմտ. 10, pp. 68-70; 11, էջ 29-32]:
2Վ.Բայբուրթյանը, հետազոտելով Իրանի և եվրոպական երկրների միջև XVIIդ. տնտեսական հարաբերություններում Նոր Ջուղայի հայկական գաղութի խաղացած դերը, անդրադարձել է նաև նախորդ դարաշրջանին, մասնավորապես` 1580թ. Պարսից ծոցից օվկիանոսային ճանապարհով հայերի կողմից մետաքսի բեռներ Իսպանիա և Պորտուգալիա տեղափոխելուն [33, с. 31-33]:
3Շ.Խաչիկյանը, վերանայելով այն ավանդական տեսակետը, թե 1667թ. առևտրական պայմանագիր կնքող հայկական կողմը Նոր Ջուղայում գոյություն ունեցած «Հայկական առևտրական ընկերությունն» էր, եզրակացրել է, որ պայմանագիր ստորագրող Ստեփան Ռամադանսկին և Գրիգոր Լուսիկովը Նոր Ջուղա հայկական քաղաքի ինքնավար մարմինների կողմից լիազորված բանագնացներն էին [38, էջ 24-25]: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Նոր Ջուղայում հաստատված հայ ազնվականության տոհմածառերի, մասնավորապես՝ նախիջևանյան ծագում ունեցող Մանուկի որդուց սերող Աղազարյան, իսկ հետագայում Լազարյան կոչված գերդաստանի վերաբերյալ հետազոտությունը [39, VII]:
Աղբյուրներ և գրականություն
- Дитмар А.Б., Рубежи ойкумены, м., 1973.
- Дитмар А.Б., От Птолемея до Колумба, М., 1989.
- Danielyan E.L., Le consequence politique de la position stratégique de l’Arménie dans l’économie du mond ancient et medieval. – “Armeniaca”, etudes d’historie et de culture arméniennes, Provence, 2004.
- Dixon J., Cann J. and Renfrew C., Obsidian and the Origins of Trade. – «Scientific America», 1968, N218.
- Landsberger B., Assyrische Handelskolonien in Kleinasien aus dem dritten Jahrtausend, Leipzig, 1925.
- Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երևան, 1971:
- David M. Lang, Armenia Cradle of Civilization. London, 1970.
- Kramer S.N., Enmerkar and the Lord of Aratta: a Sumerian Epic Tale of Iraq and Iran, Philadelphia, 1952.
- Պետրոսյան Լ.Ն., «Հայ ժողովրդի փոխադրամիջոցներ», «Հայ ազգաբանություն և բանահյուսություն» ժողովածու, 6, Երևան, 1974:
- Kavoukjan M., Armenia, Subartu and Sumer. The Indo-European Homeland and Ancient Mesopotamia, Montreal, 1987.
- Մովսիսյան Ա., Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա, Երևան, 1992:
- Փիլիպոսյան Ա., Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. III-I հազ. հուշարձաններից հայտնաբերված ծովախխունջները որպես հնագիտական և ազգագրական հետազոտությունների սկզբնաղբյուր, «Հին Հայաստանի մշակույթը», XI, Երևան, 1998:
- Փիլիպոսյան Ա., Հայաստանի հինարևելյան կնիքները որպես Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական փոխառնչությունների սկզբնաղբյուր, «Հայկական քաղաքակրթությունը հնագույն ժամանակներից մինչև քրիստոնեության ընդունումը» գիտաժողովի հիմնադրույթներ, Երևան, 2000:
- Herodotus, with an English transl. by A.D.Godley, in four volumes, in four volumes, 1957-1960.
- Դանիելյան Է., Տիգրան II Մեծի քաղաքակրթական գործունեության ռազմավարությունը, ՊԲՀ, 2006, N2:
- The Geography of Strabo, with an English. Transl. by H.Jones, in eight volumes, VI, London, 1960.
- Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979:
- Манандян Я.А., О торговле и городах Армении в сязи с мировой торговлей древних времен (Vв. до н.э.- XVв. н.э.), изд. 2-е, Ереван, 1954.
- Мартиросян А., На Великом Шелковом Пути, Ереван, 1998.
- Мартиросян А., Мировые пути через Армению и Переднюю Азию по Карте Пейтингера, Ереван, 2003.
- Աբրահամյան Վ.Ա., Արհեստները Հայաստանում IV-XVIIIդդ., Երևան, 1956։
- Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885:
- Микаелян Г., История Киликийского Армянского государства, Ереван, 1952.
- Барсегов Ю.Г., Отказ армян от “берегового права”, ՊԲՀ, 1971, N 1։
- Մխիթարայ Գօշի Դատաստանագիրք Հայոց, Վաղարշապատ, 1880:
- Langlois V., Le trésor des chartes d’Arménie ou cartulaire de la Chancellerie royal des Roupéniens, Venise, 1863.
- Luis de Camoens, The Lusiad; or the Discovery of India. An epic poem, transl. from the Portuguese by W.J.Mickle, London, 1877.
- Jean Baptist Tavernier, The Six Voyages... into Persia and the East Indies, London 1677.
- Барсегов Ю., Филиппины в морской торговле армян, “Анив”, 2008, N 5.
- L’Inde et les nations Europeennes en Asie au commencement du XVIII-e siecle, par Francois Martin, fondateur de la ville de Pondichery (Pierre Margry, Relations et memoires inedits pour servir à l'histoire de la France dans les pays d'Outre Mer, Challamel aîné, Paris, 1867.
- Records of Fort St. George. Diary and Consultation Book. 1678-1679, Madras, 1911.
- Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, Երևան, 1972:
- Байбуртян В.А., Армянская колония Новой Джульфы в XVII в., Ереван, 1969։
- Լեո, Խոջայական կապիտալը և նրա քաղաքական և հասարակական դերը հայերի մեջ, Երևան, 1934:
- Հակոբյան Հ., Ուղեգրություններ, աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, հ. Ա, ԺԳ-ԺԶ դարեր, Երևան, 1932:
- Английские путешественники в Московском государстве в XVI веке. Пер. с англ. Ю.Готье, Л., 1937.
- Ստեփանյան Գ., Համառոտ ակնարկ Կասպից ծովի հայկական նավատորմի պատմությունից, «Ծովի մշակույթը` մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում», Այաս ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակին նվիրված գիտաժողով (2010թ. մայիսի 14-16):
- Խաչիկյան Շ., Նոր Ջուղայի հայ վաճառականությունը և նրա առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ XVII-XVIII դարերում, Երևան, 1988:
- Լազարեան առեւտրական ընկերութեան հաշուեմատեանը (1741-1759թթ.), աշխատասիրութեամբ Շուշանիկ Խաչիկեանի, Երևան, 2006:
- Барсегов Ю., Пиратство и армянская морская торговля, «Анив», 2006, N 5.
- Барсегов Ю., Из истории борьбы армянского купечества против европейского пиратства в XVIIв. (в связи с захватом «Нового Иерусалима» и «Санкта Круз» английской пиратской организацией из Сиама), ՊԲՀ, N 2, 1984.
- Барсегов Ю., Дело королевского пирата Кидда, «Анив», 2006, N 5.
- "IU Team Finds Fabled Pirate Ship". INDYSTAR.COM. December 13, 2007, Pirate Captain William Kidd's Ship Possibly Found, http://www.foxnews.com/story/0,2933,316786,00.html
- Charles D. Beeker, Living Museums in the Sea – Shipwrecks as Marine Protected Areas, - The Undersea Journal, the Third Quarter, 2010.
- Mills E., A Find of Piratical Significance. - Naval History Magazine - April 2009 Volume 23, Number 2.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]