• am
  • ru
  • en
Версия для печати
06.04.2009

ՄՈՋԱՀԻԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

EnglishРуский

   

Արաքս Փաշայան

MUJAHIDEEN (original)Մոջահիդների1 ինստիտուտը, իր ներկա ձեւաչափով, կազմավորվեց 1980–1990-ականներին` աֆղանական պատերազմի արդյունքում եւ կապված էր «սառը» պատերազմի իրողությունների հետ: Աֆղանական պատերազմի ողջ ընթացքում (1979–1988) ԱՄՆ-ը, մասնավորապես` սաուդական եւ պակիստանյան հատուկ ծառայությունների միջոցով, ֆինանսական եւ ռազմական լայնածավալ աջակցություն ցույց տվեց խորհրդային բանակի դեմ կռվող ռազմական խմբավորումներին: Արդյունքում, արդեն պատերազմի ավարտից եւ երկրից խորհրդային ուժերի դուրսբերումից հետո ձեւավորվեց ռազմական գործողությունների մեծ փորձ ունեցող աֆղանցիների ու նաեւ` արաբ աֆղանցիների2 այն ռեսուրսը, որը հետագայում հատուկ նշանակություն տալով հանուն իսլամի մղվող պատերազմին եւ «իսլամական համերաշխության» գաղափարին` մասնակցեց Ալժիրում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում եւ Կովկասում ծավալվող ռազմական գործողություններին։ Նույն այդ ռեսուրսը լավագույնս օգտագործվեց միջազգային մի շարք ահաբեկչությունների նախապատրաստման ու իրականացման ժամանակ։

Հատկանշական է, որ 1991–1994թթ., իսկ ավելի ակտիվ ձեւով` 1993–1994թթ. ընթացքում (մինչեւ 1994թ. մայիսին կողմերի միջեւ կնքված զինադադարը) մոջահիդներն ադրբեջանական կողմից մասնակցեցին նաեւ Ղարաբաղյան պատերազմին:

Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորումից ի վեր խնդրի կարգավորման հարցում մեծ ակնկալիքներ ուներ իսլամական շրջանակներից, որի հետ համագործակցությունը թվում էր խոստումնալից: Անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանն ընդգծում էր իր պատկանելությունն իսլամական աշխարհին` ձգտելով հայ-ադրբեջանական հակամարտությանը կրոնական շեշտադրումներ տալ:

1993-ին, երբ ռազմական ուժերի հաշվեկշիռն արմատապես փոխվեց հօգուտ հայերի, Ադրբեջանն (արդեն Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո) ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեց պատերազմական գործողությունների մեջ ներգրավելու իսլամական պետություններից հավաքագրված վարձկանների, մասնավորապես` մոջահիդների: 1993թ. օգոստոսին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովը հանդիպեց Աֆղանստանի վարչապետ եւ «Հեզբե էսլամի» («Իսլամական կուսակցության») առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթիյարին` պայմանավորվածություն ձեռք բերելով մոջահիդներին Ադրբեջան ուղարկելու մասին: Իսկ մի քանի ամիս անց, դեկտեմբերին, Բաքու այցելեց աֆղանական մի պատվիրակություն, որի կազմում էր աֆղանցի հայտնի դաշտային հրամանատար Ռաշիդ Դուսթումը` քննարկելու պետական մակարդակով հաստատված համագործակցությանն առնչվող հարցեր: Արդյունքում` Բաքվի եւ Քաբուլի միջեւ հաստատվեց օդային կապ։ Ադրբեջան ուղարկված մոջահիդների մեջ գերակշռում էին աֆղանցիները (չնայած կային նաեւ արաբ աֆղանցիներ): Նրանք հիմնականում «Հեզբե էսլամիի» խմբավորման մարտիկներն էին: Առանձին փորձագետների համոզմամբ` մոջահիդների տեղափոխումը Բաքու չէր իրականանա առանց պակիստանյան եւ ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցության։

Մինչ օրս հստակեցված չէ ռազմական գործողություններին մասնակցած մոջահիդների թվաքանակը, որը, տարբեր տվյալներով, տատանվում է 1000-3000-ի շրջանակներում: 1994թ. Washington Post-ի հրապարակումներից մեկում նշված է, որ ադրբեջանական բանակում ներգրավված են վարձկաններ Աֆղանստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից եւ Թուրքիայից, իսկ մասնավորապես Թուրքիան եւ Իրանը Բաքվին տրամադրել են ռազմական հրահանգիչներ։ Նույն աղբյուրը, հղում անելով արեւմտյան դիվանագետների, նշում է, որ 1993թ. Ադրբեջանը հավաքագրել է 1000 աֆղան մոջահիդի։

Առանձին տեղեկությունների համաձայն` մոջահիդները տեղակայվել են Ղարաբաղյան ռազմաճակատի մեծ մասամբ հարավարեւմտյան շրջաններում` Ֆիզուլիի եւ Զանգելանի ուղղություններում։ Նրանք գրեթե չեն շփվել ադրբեջանցի զինվորականների հետ, ինչը պայմանավորված է եղել մի քանի պատճառներով: Ադրբեջանցի զինվորները չեն հետեւել շարիաթական նորմերին, օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, ինչը վերաճել է կողմերի միջեւ բախումների: Բացի այդ, մոջահիդները հակակրանք են ունեցել նաեւ ադրբեջանական բանակում կռվող սլավոնական ծագմամբ վարձկանների նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունները փորձել են քողարկել ռազմական գործողություններին մոջահիդների մասնակցությունը: Խնդրին հնչեղություն չտալու համար թաքցվել է աֆղանցիների շրջանում իրական զոհերի թիվը, եւ ոչ բոլոր մահացածների աճյուններն են Աֆղանստան ուղարկվել3:

Հատկանշական է, որ Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձել են հակազդել իսլամական շրջանակներից Ադրբեջանին ցույց տրվող ռազմաքաղաքական օգնությանը: Ասվածի ապացույցն է 1994թ. մայիսին Հայաստանի նախագահի նամակը Աֆղանստանի ղեկավարությանը, որտեղ անհանգստություն է արտահայտված Ղարաբաղյան պատերազմում մոջահիդների ներգրավվածության կապակցությամբ: Պատասխան նամակում Աֆղանստանի նախագահը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Աֆղանստանի քաղաքացիների մասնակցությունը` հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, ինչը կարելի է դիտարկել սոսկ որպես դեկլարատիվ քայլ:

Այս առումով, ուշագրավ է նաեւ 1994թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի` Վարձկանների գծով մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցողին ուղղված Հայաստանի արտգործնախարարության նամակը, որում արտահայտված է Հայաստանի իշխանությունների դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում լայնորեն ներգրավված եւ Ադրբեջանի կողմից հավաքագրված վարձկանների փաստի կապակցությամբ4: Նամակում վարձկանների (ԱՊՀ-ից եւ այլ երկրներից` Իրանից, Թուրքիայից եւ Աֆղանստանից) մասին տվյալներն ամրագրված են համապատասխան աղբյուրներով: Մոջահիդների վերաբերյալ ներկայացված են մի շարք մանրամասներ, նշված են նրանց ծառայությունների ոլորտները (860 եւ 723 մոտորային բրիգադներ, օդային, ցամաքային, հրետանային ուժեր, հատուկ ծառայություններ) եւ տեղակայման շրջանները (Ժդանովի, Շամխորի շրջաններ, Մինգեչաուրին հարող շրջան, Ալ-Բայրամլի քաղաք), կցված են 12 վարձկանների անուններ: Նրանցից մեկն Աֆղանստանի քաղաքացի Բախտիյար Վերբոլլահ Բաբերզաին է (Մոզարի Շարիֆ բնակավայրից), ով գերի է ընկել 1994թ. ապրիլին ղարաբաղյան ուժերի կողմից, որի միջոցով էլ բացահայտվել են մոջահիդներին վերաբերող մի շարք իրողություններ:

Չնայած Ադրբեջանի իշխանությունները հերքում են ռազմական գործողություններին մոջահիդների մասնակցությունը, այն այլեւս ապացուցված պատմական իրողություն է, ինչի համար հիմք են դարձել ռազմաճակատում զոհված մոջահիդների (իրենց ավանդական հագուստով) մարմինները, ինչպես նաեւ Աֆղանստանի պաշտոնական լեզուներով (դարի եւ փուշտու) փաստաթղթերը, Աֆղանստանում եւ Պակիստանում հրատարակված կրոնական գրականությունը եւ այլ իրեղեն ապացույցներ, որ հայտնաբերվել են ղարաբաղյան պաշտպանական ուժերի կողմից։

Ղարաբաղյան պատերազմին մոջահիդների մասնակցության վերաբերյալ վերջերս հետաքրքրական ուսումնասիրություն է իրականացրել իսպանական Real Instituto Elcano հետազոտական կենտրոնի աշխատակից Միքայել Թարընբին5: Նա «Մոջահիդները Լեռնային Ղարաբաղում» իր հետազոտության մեջ շեշտադրում է մի քանի հարցեր` Ղարաբաղյան պատերազմին մոջահիդների մասնակցության հարցը եւ նրանց դերակատարությունը հետագա ջիհադական շարժումներում: Լեռնային Ղարաբաղում հայտնված մոջահիդներին նա բաժանում է երեք հիմնական խմբի: Առաջին խմբում Ադրբեջանից կովկասյան այլ շրջաններ անցած եւ այլ հակամարտություններում ներգրավվածներն են, երկրորդում` Ադրբեջանում հաստատվածները (ովքեր դարձան Ադրբեջանում մարտնչող իսլամի հենարանը), իսկ երրորդ խմբում մահացած աֆղանցիներն են:

Հետազոտողի կարծիքով` պատերազմը վերապրած մոջահիդների մեծ մասը վերադարձավ հայրենիք, մյուս մասն առավելապես ներգրավվեց հակառուսական պայքարում` չեչենական պատերազմում, որտեղ ներդրվեց նաեւ Ղարաբաղյան պատերազմի փորձը: Նրանցից էր Սաուդյան Արաբիայի քաղաքացի, չեչենական ծագումով հայտնի դաշտային հրամանատար Խատաբը, ով աֆղանստանյան ջիհադից հետո սկզբում մասնակցել է Տաջիկստանում հակակառավարական իսլամիստական շարժումներին, այնուհետեւ` Ղարաբաղյան պատերազմին։ Օգտագործելով Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ձեռք բերված կապերը` Խատաբն Ադրբեջանից անցել է Հյուսիսային Կովկաս (Չեչնիա եւ Դաղստան) եւ մինչեւ սպանվելը (2002թ.) եղել ջիհադական շարժման ամենահանգուցային դեմքերից մեկը: 2005թ. իր հարցազրույցում ադրբեջանական բանակի հրամանատար Ազեր Ռուսթամովը նշել է, որ Ղարաբաղյան պատերազմում կռվել են հարյուրավոր չեչեն կամավորներ, որոնց ղեկավարել են չեչեն դաշտային հրամանատարներ Շամիլ Բասաեւն ու Սալման Ռադուեւը։ Սակայն ունենալով մեծ կորուստներ` նրանք ստիպված են եղել հեռանալ:

Մ.Թարընբին բավական հետաքրքիր մի դիտարկում է անում: Նա նշում է, որ Ղարաբաղյան պատերազմը որոշակիորեն դուրս մնաց միջազգային ջիհադական շարժման տեսադաշտից: Մարտնչող իսլամի հռետորականության մեջ այս խնդրին անդրադարձներ գրեթե չեղան։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմում բազմաթիվ մոջահիդներ սպանվեցին, ջիհադական շարժման գործիչներից ոչ մեկը (այդ թվում` Բեն Լադենը) այս թեմային ոչ մի անգամ չի անդրադարձել։ Հետազոտողի կարծիքով` դա առավելապես կապված է այն հանգամանքի հետ, որ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմը պարտություն կրեց։ Բացի այդ, ինչպես նշում է Թարընբին, մոջահիդները մասնակցել են պատերազմին` առաջին հերթին որպես վարձկաններ (այլ ոչ թե` կամավորներ)։

Ղարաբաղյան պատերազմում մոջահիդների ներգրավումը որոշակիորեն նպաստեց, որպեսզի Ադրբեջանում իսլամական ծայրահեղական առանձին կառույցներ (այդ թվում` վահաբական) հիմնավորվեն։ Դեռեւս 1990-ականներից Ադրբեջանում գործում էին միջազգային իսլամական արմատական մի շարք կազմակերպությունների մասնաճյուղեր («Հիզբ Աթ-թահրիր», «Թաբլիղի Ջամաաթ», «Ալ-ջիհադ Ալ-իսլամի», «Ջեյշ Ուլ-իսլամ», «Ալ-Ջիհադ» եւ այլն): Ադրբեջանի տարածքը շատ դեպքերում օգտագործվել է Չեչնիա եւ Դաղստան զենք, ֆինանսական, նյութական եւ այլ միջոցներ ու զինյալներ տեղափոխելու համար:

2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ամերիկյան լրատվամիջոցների, մասնավորապես Նյու Յորքի Associated Press-ի հաղորդման համաձայն` դեռեւս 2001թ. սեպտեմբերի 10-ին Կոնգրեսի հետազոտական ծառայությունը (Congressing Research Service) իր հրապարակած զեկույցում արձանագրել է, որ առանձին խմբավորումներ եւ անհատներ, ովքեր կապ ունեն Ուսամա Բեն Լադենի եւ «Ալ-Կաիդայի» հետ, օգտագործել են Ադրբեջանի տարածքը` որպես ահաբեկչության ցանցի հենակետ։ Նշվել է, որ 1998թ. Նայրոբիի (Քենիա) եւ Դար էս Սալամի (Տանզանիա) ամերիկյան դեսպանատների պայթյուններից հետո Հետախուզության դաշնային բյուրոն արձանագրել է Բաքվի «Իսլամական ջիհադի» («Ալ-Ջիհադ Ալ-իսլամի») մասնաճյուղի իր համախոհների հետ Բեն Լադենի հեռախոսային 60 զանգ։ (Պատահական չէ, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ում շատերը խոսում էին ահաբեկչության մեջ ադրբեջանական հնարավոր հետքի մասին)։ Այդ շրջանում եւ ապա 2001-ից հետո Ադրբեջանի վրա կար Վաշինգտոնի ճնշումը` պայքարելու երկրում իսլամական արմատական խմբավորումների դեմ, ինչին եւ ձեռնամուխ եղան ադրբեջանական իշխանությունները։ Սակայն այսօր էլ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներում կա իսլամի արմատականացման հնարավոր վտանգ, ինչն իրենց մշտական տեսադաշտում են պահում երկրի հատուկ ծառայությունները։

Փաստորեն, հետխորհրդային տարածքում մոջահիդներն իրենց առաջին փորձարկումն անցան ղարաբաղյան ճակատում։ Հայկական պաշտպանական ուժերը, ըստ էության, կարողացան լավագույնս դիմագրավել միջազգային ջիհադական կառույցներին։ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կրած ծանր պարտությունը եւ աֆղանցիների մեծ կորուստներն էին պատճառը, որ մոջահիդները հեռացան Ադրբեջանից` շարժվելով Հյուսիսային Կովկաս եւ Բալկաններ։

1Իսլամում մոջահիդը (ծագում է արաբերեն ջահադա արմատից) հանուն Աստծո եւ հավատքի կռվող մարտիկն է: Իսլամական աշխարհում այս եզրը լայն տարածում ունի եւ բնորոշում է այն անձանց, ովքեր մասնակցում են ազգային, սոցիալական եւ կրոնաքաղաքական շարժումներին: Արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցներում եւ ընդհանրապես գիտական գրականության մեջ մոջահիդներ ասելով շատ դեպքերում նկատի են առնվում իսլամական ծայրահեղական գրոհայինները:

2Արաբ աֆղանցիներն արաբական տարբեր երկրներից Աֆղանստանում կռված կամավորներն էին, որոնց գործունեությունն աֆղանական պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից հետո համակարգել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ուսամա Բեն Լադենը, ով 1988-ին մոջահիդների տվյալների հավաքագրման հիման վրա ստեղծեց «Ալ-Կաիդա» (բառացի` բազա) ահաբեկչական խմբավորումը:

3Hayk Demoyan, Karabakh Drama. Hidden Acts, Yerevan, 2003, էջ 91-92։

4Մանրամասն տե՛ս Letter dated 21 December 1994 from the Deputy Minister for Foreign Affairs of the Republic of Armenia addressed to the Special Rapporteur of the Commission on Human Rights on the question of the use of mercenaries (http://www.un.org/documents/ga/docs/50/plenary/a50-390add1.htm):

5Michael Taarnby, The Mujaheddin in Nagorno-Karabakh: A Case Study in the Evolution of Global Jihad (http://www.realinstitutoelcano.org/wps/portal/rielcano_eng/Content?WCM_GLOBAL_CONTEXT=/Elcano_in/Zonas_in/International+Terrorism/DT20-2008):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր