ԹՈՒՐՔ-ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանը էթնիկ եւ դավանական առումով բարդ խճանկար ունեցող երկիր է: Այստեղ բնակվում են թե՛ քրիստոնյա, թե՛ իսլամ փոքրամասնություններ: Մուսուլմանների թիվը շուրջ կես միլիոն է: Նրանց մեջ կան երկու հիմնական մեծ խմբեր: Դրանք են` սուննիադավան էթնիկ վրացիները, որոնք բնակվում են Թուրքիային սահմանակից Աջարիայում1 եւ շիադավան ադրբեջանցիները, ովքեր հավաքական ձեւով ապրում են Քվեմո-Քարթլի (ադրբեջանական տարբերակով` Բորչալու) նահանգում, ինչը նկատի է առնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանակից Մառնեուլի, նաեւ Գարդաբանի, Բոլնիսի եւ Դմանիսի շրջանները2:
Մուսուլմաններ կան նաեւ Վրաստանի այլ շրջաններում` այդ թվում` Թբիլիսիում: Իսլամադավան են նաեւ Պանկիսի կիրճում բնակվող եւ վայնախյան էթնիկ խմբին պատկանող քիստերը (մոտ 12.000), որոնց շրջանում տարածում ունի սուֆիականությունը:
Վրաստանում իսլամական էթնոդավանական փոքրամասնություններին առնչվող գործընթացները, որոնց վրա շատ դեպքերում զգալի է արտաքին դերակատարների ազդեցությունը, ժամանակ առ ժամանակ որոշակի հնչեղություն են ձեռք բերում` ուրվագծելով մասնավորապես թուրք-իսլամական գործոնի նշանակությունը:
Ադրբեջանական հիմնահարցը Վրաստանում
Վրաստանի ադրբեջանցի գործիչների համոզմամբ՝ իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ադրբեջանական փոքրամասնության նկատմամբ: Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ձեւավորվել է որոշակի դիսկուրս, ինչի արդյունքում սահմանվել են ադրբեջանական համայնքի հիմնահարցերը, որոնք գլխավորապես սոցիալ-տնտեսական եւ մշակութային ուղղվածություն ունեն: Առանձնացվում են երեք հիմնական եւ անհետաձգելի խնդիրներ, որոնք կապված են հողի սեփականաշնորհման3, ազգային կրթության եւ լեզվի4 հետ: Կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կապվում են պետական պաշտոններում ադրբեջանցիների ներգրավման անհրաժեշտության, ադրբեջանական տեղանունների վրացականացման անթույլատրելիության, ադրբեջանական բնակության տարածքներում ենթակառուցվածքների զարգացման, գործազրկության կրճատման եւ այլ իրողությունների հետ: Ադրբեջանցի գործիչների պնդմամբ` ի տարբերություն ինքնավարության պահանջով հանդես եկող ջավախքահայերի, ադրբեջանցիների պահանջները քաղաքական բնույթ չեն կրում: Սակայն Թբիլիսիի տեսանկյունից` դրանք առավելապես քաղաքական ենթատեքստ ունեն:
Ադրբեջանի պարագան
Պաշտոնական Բաքուն առերեւույթ չի կիսում Վրաստանի ադրբեջանցիների այն մտայնությունը, թե իշխանությունները նրանց նկատմամբ խտրական քաղաքականություն են իրականացնում, այլ ստեղծված հիմնահարցերը փորձում է բացատրել Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով եւ ադրբեջանցիների՝ վրացերենին չտիրապետելու հանգամանքով: Բաքուն ի ցույց է դնում, որ չի միջամտում ադրբեջանցիների ներքին խնդիրներին եւ ձգտելով պահպանել ռազմավարական գործընկերությունը Թբիլիսիի հետ` ամեն կերպ փորձում է զսպել ադրբեջանական համայնքի գործողությունները: Ասվածի ապացույցն է ս.թ. մարտի 10-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեայի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովին ձերբակալելու փաստը: Մինչ այդ Գյուլմամեդովը վրացական իշխանություններից պահանջել էր դադարեցնել ազգային խտրականությունն ադրբեջանցիների նկատմամբ, ադրբեջաներենը դարձնել պետական լեզու:
Չնայած ադրբեջանցիների խնդիրների նկատմամբ Բաքվի արտաքուստ զսպված դիրքորոշմանը, իրականում պատկերը որոշակիորեն այլ է: Հենց Ադրբեջանում են գործունեության պարարտ հող գտնում Վրաստանի ադրբեջանցի ակտիվիստները: Նույն Ադրբեջանում են տեղի ունենում Վրաստանի ադրբեջանական կամ իսլամական տարաբնույթ կազմակերպությունների համագումարները։ Պատահական չէ, որ 2006թ. օգոստոսին Բաքվում ստեղծվեց Վրաստանի ադրբեջանցիների միջազգային խորհուրդը՝ Ադրբեջանի մայրաքաղաքում շտաբ-բնակարանով։ Ի դեպ, կառույցի նախագահ ընտրվեց թբիլիսիաբնակ էթնիկ ադրբեջանցի Ֆազիլ Ալիեւը, ով հետագայում, 2007թ., մասնակցեց Վրաստանի նախագահական ընտրություններին, իսկ նույն Դ.Գյուլմամեդովն ընտրվեց նախագահության կազմում:
Մեծ թիվ են կազմում ադրբեջանական լրատվամիջոցներին Վրաստանի ադրբեջանցի գործիչների տված հարցազրույցները, Ադրբեջանում նրանց մամլո ասուլիսները: 2008-ի դեկտեմբերի վերջին ադրբեջանական «Թրենդ նյուզ» լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում Վրաստանի ադրբեջանական «Հեյրաթ» ազգային շարժման առաջնորդ Ալիբալա Ասկերովը, ամփոփելով 2008 թվականը, արձանագրել է, որ վրացական իշխանություններն ադրբեջանական խնդիրների լուծման ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել, չեն կատարել իրենց խոստումները, չի ստեղծվել էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող որեւէ պետական մարմին:
2009թ. հունվարին «Նորություններ-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տարածել է Վրաստանի ադրբեջանական կոնգրեսի նախագահ Ալի Բաբաեւի այն տեսակետը, թե չնայած այն փաստին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները եղել են վրացիների կողքին, նյութական օգնություն ցույց տվել փախստականներին, Թբիլիսիի համար նրանք երկրորդ կարգի մարդիկ են, որոնք կարեւորություն են ստանում միայն ընտրությունների ժամանակ:
Մարտի վերջին Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ եւ պառլամենտական Սաբիր Ռուսթամխանլին «Թրենդ նյուզին» հայտնել է, որ Վրաստանում գործում է ադրբեջանցիներին արտաքսելու գաղտնի ծրագիր, որի արդյունքում ադրբեջանական դպրոցները բռնությամբ վրացականացվում են, վերջիններիս իրավունքները ոտնահարվում են, այնպիսի պայմաններ են ստեղծվում, որպեսզի ադրբեջանցիները հեռանան երկրից:
Թուրքիայի պարագան
Վրաստանում թուրք-իսլամական գործոնի պահպանումը եւ ակտիվացումն առանձնապես հետաքրքրում են Թուրքիային, որը Սպիտակ տան հետ համաձայնեցված կերպով այլեւս ներգրավվել է Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում։ Թուրքիան, որը Կովկասը համարում է իր ավանդական ազդեցության շրջանը, Վրաստանում իսլամականացմանը միտված քայլեր սկսեց ձեռնարկել դեռեւս 1990-ականներից, երբ զգալի թվով թուրք քարոզիչներ Վրաստանում որոշակի գործունեություն ծավալեցին:
Հատկանշական է, որ 2006թ. հունիսի 20-ին Թուրքիայի Էրզրում քաղաքում հռչակվեց Վրաստանի Իսլամական դեմոկրատական կուսակցությունը. հռչակագրի տակ ստորագրեցին Վրաստանի իսլամական փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ (ադրբեջանցիներ, վրացիներ, չեչեններ, ինգուշներ, թուրք-մեսխեթցիներ եւ աջարներ)։ Անկախ կուսակցության հետագա ճակատագրից, ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է աջակցել Վրաստանի մուսուլմանների համախմբմանը։
Պատահական չէ, որ Եվրոպական խորհրդին Վրաստանի անդամակցության ժամանակ հենց Թուրքիայի նախաձեռնությամբ է, որ Վրաստանը ստանձնել է թուրք-մեսխեթցիների վերադարձը կազմակերպելու պարտավորությունը:
Վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Բաքուն եւ Անկարան պատրաստվում են ճնշումներ գործադրել Վրաստանի վրա՝ պահանջելով իրական ինքնավարություն տալ Աջարիային, ինքնավարություն շնորհել Քվեմո-Քարթլիին, կազմակերպել թուրք-մեսխեթցիների հայրենադարձությունը։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ում զետեղված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը նպատակ ունի քաղաքացիություն տալ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներին: Թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական ԶԼՄ-ում եւ թե՛ Վրաստանի ադրբեջանցի գործիչների կողմից պարբերաբար հնչում է այն տեսակետը, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման միակ երաշխիքը Վրաստանը դաշնության վերածելն է։
Եզրակացություններ
Վրաստանում թուրք-իսլամական գործոնի ակտիվացումը նկատի է առնում ոչ միայն էթնոքաղաքական պահանջների աշխուժացում (իսկ հեռանկարում նաեւ՝ անջատողական պահանջներ) իսլամական առանձին շրջանակներում, այլեւ` ժողովրդագրական աճ հօգուտ թուրքական կամ իսլամական տարրի, ինչն առավել կամրապնդվի Սամցխե-Ջավախքում թուրք-մեսխեթցիների հնարավոր վերաբնակեցման պարագայում: Զուգահեռաբար եւ համատեղ ձեւով թուրքական տարրի ներկայացվածությունը Քվեմո-Քարթլիում եւ Ջավախքում կվերացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա անջրպետը։ Սա այն հարցն է, որն անմիջականորեն կապ ունի նաեւ Հայաստանի ազգային շահերի հետ, քանի որ նման զարգացումների դեպքում Հայաստանը բոլոր կողմերից կհայտնվի թուրքական տարրի շրջափակման մեջ։
Ցանկացած պահի թե՛ Անկարան եւ թե՛ Բաքուն Թբիլիսիի դեմ որպես կռվան կարող են օգտագործել հենց թուրք-իսլամական գործոնը: Չի բացառվում, որ Վրաստանում թուրք-իսլամական գործոնի ակտիվացման դեպքում Բաքուն եւ Անկարան գործեն համատեղ: Ի վերջո, Աջարիայով եւ Քվեմո-Քարթլիով են անցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի կոմունիկացիաներ, ինչպիսիք են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան եւ Բաքու–Սուպսա նավթամուղերը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։
Հատկանշական է, որ վրացական փորձագիտական հանրությունը Վրաստանում թուրք-իսլամական գործոնի նշանակությանը գրեթե չի անդրադառնում։ Չի կարևորվում նաև Վրաստանում հայկական տարրի հետ համագործակցության կարևորությունը, ինչը մեր համոզմամբ, կարող է Վրաստանի (նաև Հայաստանի) համար շահեկան լինել տարածաշրջանում թուրքական էքսպանսիան դիմագրավելու առումով։
1Ներկայումս մուսուլմանները կազմում են Աջարիայի բնակչության 30 տոկոսը։
21989թ. Վրաստանում ապրում էր մոտ 307,6 հազար ադրբեջանցի: 2002թ., վերջին մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիների թիվը նվազել է մինչեւ 284,8 հազար: Ադրբեջանական տվյալներով` Վրաստանում ապրում են կես միլիոն ադրբեջանցիներ:
3Հողի խնդիրն առաջ է եկել նախագահ Է.Շեւարդնաձեի օրոք իրականացված ագրարային բարեփոխումների ժամանակ, ինչի արդյունքում հիմնականում հողագործությամբ եւ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ադրբեջանցիների մեծ մասը դուրս մնաց հողի սեփականաշնորհման գործընթացից եւ ներկայումս ստիպված է աշխատել վարձակալած եւ վրացիներին պատկանող հողակտորներում: Առկա խնդրի հիմնական պատճառներից մեկն այն է, որ իշխանությունները սահմանային շրջանները համարում են կարեւոր ռազմավարական վայրեր եւ հրաժարվում են սեփականացնել ադրբեջանցիների հողակտորները:
42005թ. Կրթության մասին օրենքի համաձայն` Վրաստանի բոլոր դպրոցները պետք է անցնեն վրացական ուսուցման համակարգին՝ պահպանելով ազգային լեզվի ուսուցումը, ինչը կսկսի կիրառվել 2009թ. սեպտեմբերից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]