• am
  • ru
  • en
Версия для печати
01.07.2009

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Руский

   

Արաքս Փաշայան

organizaciya-islamskaya-konferenciya (medium)1990-ականների սկզբներից ի վեր Ադրբեջանը միջազգային, այդ թվում` իսլամական շրջանակներում ձեռնամուխ եղավ ակտիվ քարոզչության` ձգտելով Ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ իրեն: Ի թիվս այլ կռվանների` Ադրբեջանը ձգտում էր իսլամական համերաշխության գաղափարն օգտագործել մուսուլմանական պետությունների, մասնավորապես իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի` Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) աջակցությունը ձեռք բերելու համար:

Մասնավորապես Թուրքիայի գործուն միջամտությամբ հայ-ադրբեջանական հակամարտության թեման 1992-ից` Ստամբուլի կոնֆերանսից ի վեր դարձավ ԻԿԿ քաղաքական օրակարգի բաղկացուցիչը, իսկ Ադրբեջանն անդամակցեց միջազգային կրոնաքաղաքական այս կառույցին: Հայ-ադրբեջանական հակամարտության թեման տեղ է գտել ոչ միայն ԻԿԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովներում եւ արտգործնախարարների կոնֆերանսներում, այլեւ կազմակերպության ամենատարբեր ձեւաչափերում։

Իսլամական կոնֆերանսը, որպես կանոն, Հայաստանին խստորեն դատապարտել է իբրեւ «ագրեսոր», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող եւ Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող մի երկիր եւ պահանջել, որպեսզի Հայաստանն առանց վերապահումների վերադարձնի Լեռնային Ղարաբաղը, «գրավյալ» բոլոր շրջանները, իրականացնի խնդրի վերաբերյալ ՄԱԿ բանաձեւերը: Իսլամական կոնֆերանսը «գրավյալ» տարածքներում ադրբեջանցի ազգաբնակչության դեմ գործողությունները որակել է իբրեւ «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» եւ կոչ արել իսլամական պետություններին ու միջազգային հանրությանը` «օգտագործել քաղաքական եւ տնտեսական ազդեցիկ միջոցներ` վերջ դնելու հայկական ագրեսիային եւ ադրբեջանական տարածքների բռնազավթմանը», զերծ մնալ Հայաստանին զինուժ եւ սպառազինություններ կամ այդ նպատակով` տրանզիտային տարածք տրամադրելուց, որպեսզի վերջինս հնարավորություն չունենա ընդլայնել հակամարտությունը:

Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես կարողանում է իսլամական ֆորումները լավագույնս օգտագործել սեփական քարոզչության եւ Ղարաբաղյան խնդրին հնչեղություն տալու համար։ Անգամ 2006թ. սեպտեմբերին Բաքվում ԻԿԿ տուրիզմի նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը որոշեց բարձրացնել հայ-ադրբեջանական հակամարտության հարցը:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցան ԻԿԿ երկու կարեւոր հանդիպումներ, որտեղ հերթական անգամ հայ-ադրբեջանական թեման դարձավ քննարկման առարկա: Դրանք, սակայն, որեւէ նոր բան չավելացրին Հայաստանի նկատմամբ որդեգրված նախկին դիրքորոշման մեջ, այլ ի հայտ բերեցին գոյություն ունեցող իրողությունները` մեկ անգամ եւս շեշտադրելով, որ Ադրբեջանը շարունակում է խնդրի հարցում ակնկալել իսլամական աշխարհի աջակցությունը:

ԻԿԿ հանդիպումներից մեկը ս.թ. ապրիլի 21-22-ը Բաքվում տեղի ունեցած իսլամական պետությունների իրավապահ մարմինների ղեկավարների կոնֆերանսն էր, որը նվիրված էր վերազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարին:

Հատկանշական է, որ հանդիպմանը, խոսելով միջազգային բնույթի տարբեր հանցագործությունների եւ ահաբեկչության մասին, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը նշեց, որ իր երկիրը որքան ժամանակ է` «տառապում է հարեւան Հայաստանի ագրեսիայից, որը գրավյալ ադրբեջանական հողերում ստեղծել է չվերահսկվող տարածքներ, որտեղ ծաղկում են ապրում թմրաբիզնեսը, ապօրինի զենքի վաճառքը, փողերի լվացումը»: Նրա կարծիքով` «հանցագործությունները, որ կատարվում են այդ շրջաններում, սպառնալիք են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»` այդ տեսանկյունից նույնպես հիմնավորելով իսլամական պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ` աշխարհի մակարդակով:

Բաքվի հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում ԻԿԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Իզզեթ Քամալ Մուֆթին նշեց, որ եթե լինեն ԻԿԿ անդամ պետություններ, որոնք ընդառաջ չգնան պաշտոնական Երեւանի հետ չհամագործակցելու ԻԿԿ որոշմանը, ապա կազմակերպությունը պետք է ճնշում գործադրի այդ երկրների վրա: Նման դիտարկումն, իհարկե, այնքան էլ իրատեսական չէ, եթե հաշվի առնենք, որ ԻԿԿ մի շարք հանդիպումներից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե իսլամական պետություններն այլեւս դադարեցնելու են Հայաստանի հետ իրենց շփումները:

ԻԿԿ հաջորդ հանդիպումը վերաբերում է արտաքին գործերի նախարարների 36-րդ կոնֆերանսին, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 23-25-ը Դամասկոսում, ուր ընդունվեց 24 կետից կազմված «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ» բանաձեւը, որը կրկնում էր ԻԿԿ նախորդ որոշումները, շեշտադրում խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Սակայն հյուրընկալող երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր ելույթում իսլամական աշխարհի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելիս հայ-ադրբեջանական հակամարտության թեմային չանդրադարձավ: Հատկանշական է, որ այլ իսլամական խնդիրների մասին խոսելիս հայ-ադրբեջանական թեմային չանդրադարձավ նաեւ ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելուդդին Իհսանօղլուն, ով աջակցում է ադրբեջանական քարոզչությանը: Ի դեպ, մեկ անգամ չէ, որ իսլամական աշխարհի առաջնորդները շրջանցում են Ղարաբաղյան խնդիրը, ինչը փաստում է, որ ադրբեջանական «գրավյալ» տարածքների հարցն իսլամական աշխարհում չունի լայն հնչեղություն:

Հատկանշական է, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, պարբերաբար անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, դրա կարգավորման ուղղությամբ որեւէ ծրագիր առաջ չի քաշել կամ որեւէ կառուցողական քայլ չի արել, չնայած որ կողմ է խնդիրը բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ շրջանակներում կարգավորելու գաղափարին: Անհասկանալի է, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում` որպես զիջումներ անող միակ կողմ դիտարկվում է Հայաստանը, որն անհապաղ պետք է դուրս գա բոլոր «գրավյալ» տարածքներից: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի հիշատակվում որպես հակամարտող կողմ, իսկ նրա իշխանությունները, որ ձեւավորվել են ընտրությունների արդյունքում, համարվում են «ոչ լեգիտիմ» եւ «հանցագործ»:

Խորամուխ չլինելով հարցի էության մեջ` անդամ երկրները քվեարկում են Ադրբեջանի եւ նրա համախոհ երկրների կազմած` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շեշտող նախագծերի օգտին` առանց հաշվի առնելու, թե որքանով են դրանք նպաստում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:

Կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը բացառապես առաջնորդվում է իսլամական համերաշխության սկզբունքով: Այս պարագայում, բնականաբար, անհնար է վստահել ԻԿԿ-ին` որպես անաչառ կառույցի, մինչդեռ վերջինս, օգտագործելով իր միջազգային հեղինակությունը, կարող էր որեւէ ձեւով նպաստել խնդրի կարգավորմանը: Եվ վերջապես, իսլամական պետությունները պետք է գիտակցեն, որ արաբական իսլամական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Պաղեստինյան խնդրի եւ Ղարաբաղյան հարցի միջեւ շատ ընդհանրություններ կան, որ դրանք երկուսն էլ առնչվում են ազգերի ինքնորոշման սկզբունքին:

Միեւնույն ժամանակ, հարց է առաջանում, թե որքան է անվիճարկելի ԻԿԿ հեղինակությունն իսլամական աշխարհում, եւ որքանով է իրատեսական Հայաստանի նկատմամբ ԻԿԿ-ի կողմից քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների իրականացումը:

Պետք է նշել, որ ԻԿԿ-ին շատ դեպքերում չի հաջողվել եւ չի հաջողվում հասնել իսլամական հիմնախնդիրների կարգավորմանը, քանի որ տարբեր են իսլամական պետությունների աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ու շահերը: Փաստ է, որ ԻԿԿ-ն չունի գործուն մեխանիզմներ եւ համապատասխան ռեսուրսներ իր որոշումներն իրականացնելու համար, այդ իսկ պատճառով դրանք շատ դեպքերում մնում են թղթի վրա: Բացի այդ, ԻԿԿ որոշումներն իրավական առումով պարտադիր չեն անդամ պետությունների համար:

Պետք է նշել, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԻԿԿ որոշումները հիմնականում քարոզչական բնույթ են կրում: Իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին առաջին հերթին արտահայտվում է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձեւերը հօգուտ Ադրբեջանի քվեարկելու հանգամանքով, Ադրբեջանին ԻԿԿ-ի կողմից տրամադրվող նյութական եւ բարոյական աջակցությամբ:

Իսլամական այլ պետությունների համեմատ` Ադրբեջանի համագործակցությունն ԻԿԿ-ի հետ աննախադեպ մեծ չափեր է ընդունել: Գրեթե ամեն տարի Բաքվում տեղի են ունենում ԻԿԿ տարբեր ձեւաչափի հանդիպումներ: Նման ակտիվություն ԻԿԿ-ում ցուցաբերում են բացառիկ պետություններ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը, որպես կանոն, ընդգծում է ԻԿԿ աջակցությունն Ադրբեջանին, ինչը, ըստ նրա, կօգնի միջազգային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հեղինակությունն իսլամական աշխարհում զգալիորեն աճել է:

Այսօր Հայաստանն ԻԿԿ բազմաթիվ անդամ պետությունների հետ ունի բարեկամական հարաբերություններ, որոնց հետ համագործակցում է ամենատարբեր ոլորտներում: Սակայն կան նաեւ արմատական դիրքորոշում ունեցող պետություններ, ինչպես, օրինակ` Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, որոնք հրաժարվում են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել` պատճառ բերելով Ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն փաստը մնում է փաստ, որ ԻԿԿ-ում Հայաստանի դեմ կազմված բանաձեւերի օգտին քվեարկում են անգամ Հայաստանի բարեկամ երկրները, ինչը թերեւս պետք է դիտարկել միջազգային իսլամական հարթության մեջ: Այդ իսկ պատճառով Հայաստանի արտաքին քաղաքականության ջանքերն առավել արդյունավետ ձեւով պետք է ուղղորդել իսլամական աշխարհում ադրբեջանական քարոզչության չեզոքացմանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր