ԹԱԼԻՇՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Թալիշներն իրանական հնագույն ժողովուրդներից են, որոնք բնակվում են Ադրբեջանի հարավ-արեւելյան` Իրանին սահմանամերձ կասպիական շրջաններում (Լենքորան, Լերիկ, Մասալին, Աստարին, Յարդմիլին), նաեւ` Բաքվում եւ հարակից շրջաններում, ինչպես նաեւ Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում: Ադրբեջանի թալիշները շիադավան են, իսկ Իրանի թալիշները` սուննիադավան, նաեւ սուֆիական նակշբանդի ուղղության հետեւորդներ:
Թալիշների հետ կապված կնճռոտ հարցերից մեկն այդ ժողովրդի թվաքանակի մասին տարաբնույթ տվյալներն են։ Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաեւ այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։ Նույն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են 112.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ընդհուպ մինչեւ կես միլիոն թալիշներ։
XIX դարում ռուս-պարսկական պատերազմների եւ դրանց արդյունքում կնքված Գյուլիստանի (1813թ.) եւ Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով վերջ դրվեց թալիշական խանության գոյությանը, եւ թալիշաբնակ հյուսիսային շրջաններն անցան Ռուսաստանի վերահսկողությանը: XX դարում թալիշներն ինքնավար պետական միավորում ստեղծելու երկու անհաջող փորձ կատարեցին: Առաջինը 1919-ին էր, երբ թալիշներն ապստամբեցին մուսավաթական Ադրբեջանի դեմ եւ հռչակեցին Խորհրդային Մուղանի Հանրապետությունը, որը երեք ամսվա կյանք ունեցավ: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո թալիշաբնակ հյուսիսային շրջանները հայտնվեցին Խորհրդային Ադրբեջանի կազմում` վերջնականորեն բաժանելով Իրանի եւ Ադրբեջանի թալիշներին:
Ընդհուպ մինչեւ 1930-ականների վերջերը Ադրբեջանում թալիշների ազգային իրավունքները որոշակիորեն պաշտպանվում էին. նրանք սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Սակայն այդ շրջանից ի վեր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականությունների հետեւանքով թալիշներն աստիճանաբար սկսեցին ձուլվել: Ոչ թուրքական տարրի, այդ թվում` թալիշների նկատմամբ կիրառվող կոշտ քաղաքականության արդյունքում թալիշերենը սկսեց աստիճանաբար դուրս մղվել` հօգուտ ադրբեջաներենի: Վտանգվեց նաեւ թալիշական ինքնության գաղափարը:
Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատեւելով մինչեւ օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում եւ ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաեւ հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի եւ թալիշական ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլեւս փակուղի մտավ:
Տասնամյակների ընթացքում իրականացված հետեւողական քայլերի արդյունքում թալիշական շրջանակներում ուսուցման եւ հաղորդակցության հիմնական լեզուն դարձավ ադրբեջաներենը: Թալիշերենը պահպանեց իր նշանակությունը հիմնականում առանձին գյուղական շրջաններում` որպես ընտանեկան շփման միջոց:
Հատկանշական է, որ Ադրբեջանում թալիշերենով հրատարակություններ գրեթե չկան, հազվադեպ դարձած թալիշական մամուլը եւ գրականությունը հիմնականում հրատարակվում են ադրբեջաներենով: Գոյություն ունի թալիշերենով հեռարձակվող 15 րոպե տեւողությամբ ռադիոեթեր:
Միեւնույն ժամանակ, թալիշների թուրքացման գործընթացը զուգորդվեց Ադրբեջանի նոր պատմության համար ոչ ցանկալի հնագույն թալիշական տեղանունների անվանափոխությամբ կամ թուրքացմամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում թալիշների մասին չի խոսվում, նրանք, ընդհանուր առմամբ, դիտարկվում են որպես Լենքորանի բնակիչներ կամ Լենքորանի մշակույթի կրողներ։
Թալիշների նկատմամբ խտրականության մեկ այլ ապացույց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտոնավարում են ոչ թե թալիշներ, այլ տարբեր շրջաններից, հատկապես Նախիջեւանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբեջանցիների եւ քրդերի վերաբնակեցում, իսկ առկա սոցիալ-տնտեսական ահագնացող դժվարությունների պայմաններում թալիշ երիտասարդների մի զգալի մասը ստիպված է արտագաղթել։ Առկա միտումները տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու եւ թալիշական խնդրից վերջնականորեն ձերբազատվելու հստակ նպատակ են հետապնդում։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների համոզմամբ` թալիշական ազգային շարժումն իր հիմքում անջատողական է, միտված Ադրբեջանից եւ Իրանից անջատված տարածքների վրա անկախ թալիշական պետության ստեղծմանը։ Մինչդեռ իրականում թալիշ գործիչների մեծ մասը հակված է խոսել ոչ թե անկախության կամ ինքնավարության, այլ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում թալիշների ինտեգրման, Բաքվի կողմից նրանց` որպես առանձին էթնոս ճանաչելու մասին։ Թալիշները ցանկանում են ունենալ հավասար իրավունքներ, կրթություն ստանալ մայրենի լեզվով, չհետապնդվել ազգային պատկանելության համար: Այդ տեսանկյունից հետաքրքիր դիտարկում է արել վտարանդիության մեջ գտնվող թալիշ ազգային գործիչ Ալիքրամ Հումատովը, որը 2009-ին այցելել էր Ռուսաստան։ Ռուս լրագրող Յանա Ամելինայի հետ զրույցի ժամանակ նա առաջ էր քաշել թալիշների ինքնակազմակերպվելու եւ ինքնավարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ա.Հումատովի համոզմամբ` միայն Ադրբեջանի երբեւէ ժողովրդավարացումը (ինչը հազիվ թե հավանական է) կարող է օգնել թալիշներին` վերականգնելու իրենց ազգային իրավունքները:
Առանձին տեսակետների համաձայն` չնայած վարչակարգի դիմակայությանը, թալիշական ազգային շարժումն իր մեջ ինքնակազմակերպվելու ուժ երբեւէ կգտնի, անշուշտ, եթե դա այլեւս ժամանակավրեպ չլինի։ Չնայած ժամանակ առ ժամանակ ընդհատակում գտնվող թալիշական ազգային շարժման անդամները հայտարարություններ են անում, սակայն դրանք, հասկանալի պատճառներով, որոշակիորեն կաշկանդված են։ Այդ իմաստով` թալիշական օրակարգերը բավական կենսունակ են արտերկրում (ինչը նկատի է առնում հիմնականում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, եվրոպական որոշ երկրներ), որտեղ գործում են թալիշական կազմակերպություններ։ Դրանք առաջ են քաշում թալիշական ազգային իրավունքների վերականգնումը տարբեր ձեւաչափերում` հիմնականում Ադրբեջանի կազմում։ Հատկանշական է, որ թե՛ սփյուռքում եւ թե՛ Ադրբեջանում բնակվող թալիշների շրջանում տիրապետող են հիմնականում երկու կողմնորոշումներ` ռուսամետությունն ու իրանամետությունը։ Կան նաեւ բացառապես սեփական ժողովրդի ուժերին ապավինող շրջանակներ, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Արեւմուտքի աջակցության ակնկալիքներն այլեւս սպառել են իրենց։ Ամեն պարագայում, թալիշական սփյուռքը միակ ասպարեզն է ազգային զարթոնքի համար։
Առանձին հետազոտողներ նշում են, որ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների շրջանում նկատվում են նաեւ իսլամական վերածննդի շարժումներ: Ինչ վերաբերում է թալիշական շրջաններին, ապա դրանք գրեթե զերծ են Իրանի կրոնական ազդեցությունից, իսլամական արմատական գաղափարախոսություններից, չնայած իսլամի նկատմամբ կա հետաքրքրության աճ։ Տեղի հոգեւորականները ենթարկվում են Ալլահշյուքյուր Փաշազադեին, չնայած իրենց կրոնական կենտրոնը համարում են Իրանը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները թալիշական խնդիրների նկատմամբ ժամանակի ընթացքում նորանոր` նաեւ անսպասելի դրսեւորումներ են ձեռք բերում: Ասվածի ապացույցն է 2007թ. փետրվարին թալիշ երկու հայտնի մտավորականների բանտարկությունը` Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Նրանցից մեկը Թալիշական մշակութային կենտրոնի տնօրեն, «Թոլիշի սյադո» (Թալիշների ձայն) թերթի խմբագիր, թալիշագետ Նովրուզալի Մամեդովն է, մյուսը` նույն կենտրոնի քարտուղար, արեւելագետ-իրանագետ Էլման Գուլիեւը։ Պետությանը դավաճանելու մեղադրանքով Ն.Մամեդովն ազատազրկվել է տասը, իսկ Է.Գուլիեւը` վեց տարով: Հետաքրքիր է, որ վերջիններս մշտապես աչքի են ընկել իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունքով:
Թալիշ մտավորականների ձերբակալությունն Ադրբեջանում անարձագանք չմնաց։ Փաստը դատապարտող հայտարարություն տարածեցին Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, առանձին իրավապաշտպան կառույցներ, ովքեր Ն.Մամեդովին ճանաչեցին իբրեւ քաղբանտարկյալ։ 2007-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին շրջանառվող լուրերը թույլ տվեցին առանձին վերլուծաբանների, այդ թվում` Ն.Մամեդովի իրավապաշտպան Հիլալ Մամեդովին պնդել, որ նման քայլով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ի ցույց դնել ԱՄՆ-ին, որ սեփական երկրում չեզոքացնում են իրանական հետաքրքրությունները պաշտպանող ուժերին։ Մամեդովի համոզմամբ` դրանով Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոֆիլակտիկ աշխատանք են տանում, որպեսզի էթնիկ փոքրամասնությունները չպայքարեն իրենց իրավունքների համար: Թալիշական խնդիրներն Ադրբեջանում շոշափում են նաեւ ուժային տարբեր կենտրոնների հետաքրքրությունները, առաջին հերթին` Իրանի եւ Ռուսաստանի։ Իրանը Թալիշստանը, իսկ ավելի ճիշտ, Իրանից ժամանակին անջատված հյուսիսային Թալիշստանը, դիտարկում է որպես իրանական աշխարհի բաղկացուցիչ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր Թեհրանը թալիշական շրջաններում իրականացրել է գործուն քարոզչություն` իր քաղաքական եւ կրոնական ազդեցությունը տարածելու համար: Միեւնույն ժամանակ, Իրանը մշտապես զգուշանում է սեփական երկրում թալիշական գործոնի ակտիվացումից:
Թե՛ թալիշներին եւ թե՛ Ադրբեջանի էթնիկ այլ փոքրամասնություններին առնչվող խնդիրները կարեւոր գործոն են Ռուսաստանի համար` Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ Ռուսաստանում են ապաստան գտել եւ գտնում թալիշական ազգային շարժման բազմաթիվ գործիչներ, այստեղ կան թալիշ աշխատանքային էմիգրանտներ, եւ վերջապես` թալիշական սփյուռք։
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ըստ էության դարձել է թալիշական շարժման ինտելեկտուալ եւ տեղեկատվական հովանոցը, այն հրապարակայնորեն չի արձագանքում թալիշական խնդիրներին: Այս հանգամանքը շատ ցավագին է ընդունվում թալիշների կողմից, որոնց կարծիքով` Ռուսաստանը պատմականորեն պատասխանատվություն ունի թալիշական խնդիրների նկատմամբ: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա վերջինս ներկա փուլում հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում իրանական ծագում ունեցող թալիշներին աջակցելու համար:
Թալիշական շարժման հեռանկարները մշուշոտ են: Տեսականորեն, թալիշական ազգային շարժումը, դաշնակիցներ եւ անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու պարագայում, կարող է աշխուժանալ: Թալիշ առանձին գործիչներ հեռանկարում չեն բացառում նաեւ զինված պայքարի հնարավորությունը:
Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ եւ երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսեւորման նորանոր ձեւեր: Միեւնույն ժամանակ, թալիշների օրինակը մեկ անգամ եւս ի ցույց է դնում, որ էթնիկ փոքրամասնություններն Ադրբեջանում հեռանկար չունեն։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]