• am
  • ru
  • en
Версия для печати
30.09.2009

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Araks Pashayan (medium)

1990-ականների սկզբներից հայ-ադրբեջանական հակամարտության միջազգայնացումը խնդիրը դարձրեց նաև «իսլամական օրակարգի» բաղկացուցիչը։ Ադրբեջանը միջազգային, այդ թվում՝ իսլամական շրջանակներում ձեռնամուխ եղավ ակտիվ քարոզչության՝ փորձելով իսլամական համերաշխության գաղափարը և միջազգային իսլամական ռեսուրսն օգտագործել Ղարաբաղյան հարցում իսլամական պետությունների, մասնավորապես՝ իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի` Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) աջակցությունը ձեռք բերելու համար:

Մասնավորապես՝ Թուրքիայի գործուն միջամտությամբ հայ-ադրբեջանական հակամարտության թեման 1992-ից` Ստամբուլի կոնֆերանսից ի վեր, ամրագրվեց իսլամական աշխարհի քաղաքական մարմնի օրակարգում, իսկ Ադրբեջանն անդամակցեց միջազգային իսլամական կրոնաքաղաքական այդ կառույցին:

Իսլամական պաշտոնական դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ

Իսլամական պաշտոնական դիրքորոշումն առաջին հերթին արտահայտվում է Իսլամական կոնֆերանսի միջոցով, որը 1993թ. մինչ օրս պարբերաբար անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Հայաստանը ներկայացնելով իբրև «զավթիչ», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող և Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող երկիր՝ պահանջելով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն առանց վերապահումների վերադարձնի Լեռնային Ղարաբաղը, «գրավյալ» շրջանները, իրականացնի խնդրի վերաբերյալ ՄԱԿ բանաձևերը:

Մեկ անգամ չէ, որ Իսլամական կոնֆերանսը կոչ է արել իսլամական պետություններին և միջազգային հանրությանը՝ «օգտագործել քաղաքական և տնտեսական ազդեցիկ միջոցներ՝ վերջ դնելու հայկական ագրեսիային և ադրբեջանական տարածքների բռնազավթմանը», զերծ մնալ Հայաստանին զինված ուժեր և սպառազինություններ կամ այդ նպատակով Հայաստանին տարանցման տարածք տրամադրելուց, որպեսզի վերջինս հնարավորություն չունենա ընդլայնել հակամարտությունը, իսկ «գրավյալ» տարածքներում ադրբեջանցի ազգաբնակչության դեմ գործողությունները որակել է իբրև «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»:

Հատկանշական է, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ ծրագիր առաջ չի քաշել կամ որևէ կառուցողական քայլ չի արել, չնայած կողմ է հակամարտությունը բանակցային ճանապարհով (ԵԱՀԿ շրջանակներում) կարգավորելու գաղափարին: Անհասկանալի է, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում, որպես զիջումներ անող միակ կողմ, դիտարկվում է Հայաստանը, որն անհապաղ պետք է դուրս գա բոլոր «գրավյալ» տարածքներից: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի հիշատակվում որպես հակամարտող կողմ, իսկ նրա իշխանությունները, որ ձևավորվել են ընտրությունների արդյունքում, համարվում են «ոչ լեգիտիմ» և «հանցագործ»:

Խորամուխ չլինելով հարցի էության մեջ՝ անդամ երկրները քվեարկում են Ադրբեջանի և նրա համախոհ երկրների կազմած` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շեշտող նախագծերի օգտին, հաշվի չառնելով, թե որքանով են դրանք նպաստում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:

ԻԿԿ Բաքվի կոնֆերանսը

Հատկանշական է, որ Ադրբեջանը, որպես կանոն, փորձում է իսլամական ֆորումները առավելագույնս օգտագործել սեփական քարոզչության և Ղարաբաղյան խնդրին հնչեղություն տալու համար։ Անգամ 2006թ. սեպտեմբերին Բաքվում ԻԿԿ տուրիզմի նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը որոշեց բարձրացնել հայ-ադրբեջանական հակամարտության հարցը:

Միայն վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տեղի ունեցան ԻԿԿ երկու կարևոր հանդիպումներ, որտեղ հերթական անգամ հայ-ադրբեջանական թեման դարձավ քննարկման առարկա: Դրանք, ճիշտ է, նոր բան չավելացրին Հայաստանի նկատմամբ որդեգրված նախկին դիրքորոշման մեջ, սակայն ի հայտ բերեցին առկա իրողությունները՝ այն, որ Ադրբեջանը շարունակում է ակնկալել իսլամական աշխարհի աջակցությունը, որի խոսուն դրսևորումներից մեկը ՄԱԿ-ում Ադրբեջանի օգտին իսլամական պետությունների քվեարկություններն են:

ԻԿԿ հանդիպումներից մեկը Բաքվում ապրիլի 21-22-ին տեղի ունեցած իսլամական պետությունների իրավապահ մարմինների ղեկավարների կոնֆերանսն էր, որտեղ ընդունվեցին Բաքվի հռչակագիրը և այլ փաստաթղթեր: Կոնֆերանսը նվիրված էր վերազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարին:

Հատկանշական է, որ հանդիպմանը, խոսելով միջազգային բնույթի տարբեր հանցագործությունների և ահաբեկչության մասին, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը փորձեց միջազգային հանրությանը ցույց տալ, որ իր երկիրը որքան ժամանակ է «տառապում է հարևան Հայաստանի ագրեսիայից, որը գրավյալ ադրբեջանական տարածքներում ստեղծել է չվերահսկվող տարածքներ, որտեղ ծաղկում են թմրաբիզնեսը, ապօրինի զենքի վաճառքը, փողերի լվացումը»: Ադրբեջանի նախագահը ձգտում էր համոզիչ կերպով ի ցույց դնել, որ «այդ շրջաններում կատարվող հանցագործությունները սպառնալիք են ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»1` այդօրինակ ձևով հիմնավորելով իսլամական պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհի մակարդակով:

Բաքվի հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում ԻԿԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Իզզեթ Քամալ Մուֆթին նշեց, որ եթե լինեն ԻԿԿ անդամ պետություններ, ովքեր ընդառաջ չգնան պաշտոնական Երևանի հետ չհամագործակցելու կազմակերպության որոշմանը, ապա կազմակերպությունը ճնշում կգործադրի այդ երկրների վրա2: Նման դիտարկումն, իհարկե, այնքան էլ իրատեսական չէ, եթե հաշվի առնենք, որ ԻԿԿ մի շարք հանդիպումներից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն անհիմն ձևով հայտարարել են, որ իսլամական պետություններն այլևս դադարեցնելու են Հայաստանի հետ իրենց շփումները:

ԻԿԿ Դամասկոսի կոնֆերանսը

ԻԿԿ հաջորդ հանդիպումը վերաբերում է արտաքին գործերի նախարարների 36-րդ կոնֆերանսին, որը տեղի ունեցավ մայիսի 23-25-ը, Դամասկոսում, ուր ընդունվեց 24 կետից կազմված «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ» բանաձևը3, ինչը կրկնում էր ԻԿԿ նախորդ որոշումները՝ շեշտադրելով խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Սակայն հյուրընկալող երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր ելույթում իսլամական աշխարհի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելիս հայ-ադրբեջանական հակամարտության թեմային չանդրադարձավ: Այս խնդրին չանդրադարձավ նաև թուրքական ծագմամբ ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելուդդին Իհսանօղլուն, ով աջակցում է ադրբեջանական քարոզչությանը։

Ի դեպ, մեկ անգամ չէ, որ իսլամական աշխարհի առաջնորդները շրջանցում են Ղարաբաղյան խնդիրը, ինչը փաստում է, որ «ադրբեջանական գրավյալ տարածքների» հարցն իսլամական աշխարհում այնքան էլ հնչեղություն չունի:

Եզրակացություններ

Իսլամական այլ պետությունների համեմատ` Ադրբեջանի համագործակցությունն ԻԿԿ-ի հետ բացառիկ լայն ընդգրկում ունի: Գրեթե ամեն տարի Բաքվում տեղի են ունենում ԻԿԿ տարբեր ձևաչափի հանդիպումներ: Նման ակտիվություն կազմակերպությունում ցուցաբերում են բացառիկ պետություններ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը, որպես կանոն, ընդգծում է ԻԿԿ աջակցությունն Ադրբեջանին, ինչը, ըստ նրա, կօգնի միջազգային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար: Բացի այդ, աստիճանաբար Ադրբեջանն իր համար նպաստավոր դիրքեր է ստեղծում նաև արաբական աշխարհում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի հեղինակությունն իսլամական աշխարհում զգալիորեն աճել է, իսկ միջազգային իսլամական գործոնը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում շարունակում է բացասական ներազդեցություն ունենալ, ինչն առաջին հերթին արտահայտվում է համաիսլամական պաշտոնական դիրքորոշման փաստով, ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձևերին հօգուտ Ադրբեջանի քվեարկելու հանգամանքով, ԻԿԿ կողմից Ադրբեջանին տրամադրվող նյութական և բարոյական աջակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականության ջանքերն այսուհետև նույնպես պետք է ուղղված լինեն իսլամական աշխարհում ադրբեջանական քարոզչության հակազդեցությանը՝ իսլամական շրջանակներում ամրագրելով այն միտքը, որ արաբական իսլամական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Պաղեստինյան խնդրի և Ղարաբաղյան հարցի միջև շատ եզրեր կան:

1Глава Азербайджана выступает за координацию странами ОИК борьбы с оргпреступностью, www.interfax-religion.ru

2ОИК призвала исламские страны не сотрудничать с захватнической Арменией, news-ru.trend.az; Conference of OIC Heads of Law Enforcement Agencies wraps up; adopts Baku Declaration, www.oic-oci.org

3RESOLUTION NO.9/36-POL ON THE AGGRESSION OF THE REPUBLIC OF ARMENIA AGAINST THE REPUBLIC OF AZERBAIJAN, The Thirty-Sixth Session of the Council of Foreign Ministers (Session of Enhancing Islamic Solidarity), held in Damascus, Syrian Arab Republic from 28 Jamadul Awal – 1 Jamadul Thani 1430 H (23-25 May 2009).


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր