• am
  • ru
  • en
Версия для печати
01.10.2018

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018

Սամվել Մանուկյան, սոց․գ․թ․, «Նորավանք» Գիտակրթական հիմնադրամի փորձագետ

Խնդիրը

Ազգային ինքնության հետ կապված հարցերը արդի սոցիոլոգիական կարևորագույն խնդիրների շարքում են։ Ինչպես անձի, այնպես էլ հասարակական խմբի, այդ թվում նաև ազգի ինքնությունը բարդ է և բազմաշերտ։ Ինքնության կառուցվածքում կարևոր դեր ունի հիշողությունը։ Ավելին՝ առանց հիշողության գոյություն չունի որևէ ինքնություն։

Ներկայում գլոբալ փոփոխությունների հիմնական ուղղություններից է գլոբալ քաղաքացիական հասարակության կազմավորումը, ինչը ենթադրում է մարդու` բացի անձի մակարդակից ավելի բարձր կարգի ցանկացած ինքնության կազմալուծում և վերացում, այդ թվում սեռային, ընտանեկան, համայնքային, էթնիկ, ազգային և քաղաքակրթական։ Այս կոնտեքստում արդեն քառորդ դար է, ինչ հատվածայնացվում է Հայաստանի պատմությունը։ Դա վերաբերվում է հատկապես Հայաստանի խորհրդային շրջանի պատմությանը։ Չնայած, երբեմն Հայաստանի ինֆորմացիոն դաշտում հայտնվում են նյութեր, որոնք ներկայացնում են Խորհրդային Հայաստանի սոցիալական, գիտական և մշակութային նվաճումները, այնուամենայնիվ, ինֆորմացիոն «մեյնսթրիմն է» Խորհրդային Հայաստանի պատմության վարկաբեկումը, որն ընթանում է «Խորհրդային Հայաստանը գաղութացված, տոտալիտար, մարդատյաց պետություն էր» կոնցեպտի ներքո, որից էլ տրամաբանորեն բխում է, որ «ամոթալի» անցյալից գերադասելի է ձերբազատվել՝ մոռանալ։

Այս կոնտեքստում առաջանում են մի քանի կարևոր հարցեր՝ ինչպիսի՞ն է ներկայիս երիտասարդ սերնդի Խորհրդային Հայաստանի վերաբերյալ պատկերացումների ընդհանուր պրոֆիլը, որքանո՞վ է այն համապատասխանում ներկայիս երիտասարդների պետությունից ակնկալիքներին։ Այս հարցերին տրված գիտականորեն հիմնավորված պատասխանները կարևոր են պատկերացում կազմելու համար Հայաստանի հասարակությունում Հայաստանի պատմության ընկալման վիճակի, դրա սպոնտան զարգացման ուղղության և հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձևավորելու համար դրա բովանդակության այնպիսի մեկնաբանությունը, որը նպաստում է ազգային ինքնության և արժանապատվության պահպանմանը և պաշտպանությանը։ Հոդվածում փորձ է կատարված ուրվագծել այդ հարցերի պատասխանները ԵՊՀ ուսանողության օրինակով։

Մեթոդաբանություն

Ուսումնասիրության հայեցակարգը. Հետազոտությունում վեր են հանվել ԵՊՀ ուսանողության կողմից հասարակության առավել պահանջված բնութագրերը։ Կառուցվել են Խորհրդային Հայաստանի և արդի Հայստանի Հանրապետության հասարակություններում այդ բնութագրերի համեմատական պրոֆիլները։ Ստացված արդյունքների համադրման միջոցով փորձ է կատարվել ստանալ վերը սահմանված հարցերի պատասխանները։ Հետազոտության տվյալները հավաքագրվել են 2016 թ.-ին։

Ընտրանքը. Հետազոտության ընդհանուր համակցությունն էր Երևանի Պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողները, ընդամենը՝ 9219 անձ։ Իրականացվել է 4-աստճան շերտավորված (ֆակուլտետ, կուրս, մասնագիտություն, ուսումնական խումբ), կլաստերային, պատահական սկզբնակետով մեխանիկական ընտրանք, ծավալը՝ 314։ Վիճակագրական հավաստիության մակարդակը՝ ± 5.0%։

ԵՊՀ-ն Հայաստանի բուհերի առաջատարն է։ ԵՊՀ-ում է սովորում Հայաստանի ուսանողության շուրջ 21%-ը։ Այդ պատճառով ԵՊՀ ուսանողության ուսումնասիրությունը բավարար հիմքեր է տալիս պատկերացում կազմելու Հայաստանի ուսանողության գիտելիքների մակարդակի, ինչպես նաև պատմական հիշողության մասին։ Ընդ որում, հիմնավորված ենթադրություն կարելի է համարել այն, որ այստեղ այդ բնութագրերի մակարդակը հանրապետական միջինից բարձր է։

Արդյունքներ

Ուսանողության համար առավել ընդունել հասարակության բնութագրերը. Այս կոնցեպտն ուսումնասիրվել է հետևյալ կերպ։ Ուսանողներին ներկայացվել է քարտ, որը պարունակում էր հասարակության առավել կարևոր յոթ բնութագրերի ցանկը1 և հարց է տրվել. «Այս քարտում նշվածներից որո՞նք են Ձեր համար երեք առավել կարևորները»։ Հարցվողին թույլ էր տրվել ներկայացված ցանկից ըստ կարևորության նշել երեք բնութագիր։ Հասարակության բնութագրերի ցանկը և ուսանողների կողմից տրված պատասխանների բաշխումները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1. ԵՊՀ ուսանողների համար հասարակության առավել կարևոր բնութագրերի տարածվածությունը։


Տվյալները ցույց են տալիս, որ ԵՊՀ ուսանողների համար հասարակության առաջին ամենակարևոր բնութագիրն է՝ սոցիալական արդարությունը (այն որպես առաջին ամենակարևոր բնութագիր նշել է հարցվածների 36%-ը), երկրորդը՝ մասնագիտական և կարյերային աճի հնարավորություններն են (25%), իսկ երրորդը՝ վստահությունն ապագայի նկատմամբ (14%)։ Դրանց հետևում է՝ մարդկանց միջև վստահությունը» (14%): Հատկանշական է, որ, որպես առաջին գերակայություն առավել ցածր տարածվածություն ունեն՝ հարստանալու հնարավորությունը (4%) որը «մաքուր» կապիտալիստական հասարակարգի կարևորագույն բնութագրերի ինվարիանտն է, հասարակությունում իդեալների առկայությունը (5%), որը «մաքուր» սոցիալիստական հասարակության կարևորագույն բնութագրերի ինվարիանտն է և քաղաքական ազատությունները (6%), որը «մաքուր» քաղաքացիական հասարակության ինվարիանտն է:2

Ուսանողների աշխարհայացքի միաչափ գնահատումից («ո՞րն է ամենակարևորը» հարցի միջոցով) բազմաչափ գնահատման («նշեք երեք առավել կարևորները») անցման դեպքում, ստանում ենք իրավիճակի այլընտրանքային պատկեր3։ Պարզվում է, որ ուսանողության շրջանում հասարակության առավել կարևոր բնութագրերից առավել տարածված է անձնական հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմանը՝ մասնագիտական ու կարյերային աճի հնարավորությունները, որը երեք հնարավորից նշել է ուսանողների 71%-ը, և, որը նշանակալիորեն առաջ է անցել սոցիալական արդարությունը (նշել է 59%-ը) և մարդկանց միջև վստահություն (56%) բնութագրերից։

Խորհրդային Հայաստանի և արդի Հայաստանի Հանրապետության բնութագրերի պրոֆիլները. Պրոֆիլները կազմավորվել են հետևյալ հարցին տրված պատասխանների միջոցով. «Եկեք համեմատենք 1970-80-ական թվականների Սովետական և՝ ներկայիս Հայաստանը։ Ձեր կարծիքով, դրանցից ո՞րն իր ժամանակի համար ուներ ...», որից հետո հաջորդաբար թվարկվել են հասարակության 15 բնութագիր։ Բնութագրերը խմբավորվել են չորս պրոֆիլներում: 1. «Երկրի ընդհանուր զարգացածության պրոֆիլ», որում տրված է երկրում արդյունաբերության, կրթության, գիտության և մշակույթի զարգացածության համեմատությունը: 2. «Երկրում սոցիալական կարգի պրոֆիլ», որում տրված է երկրում կարգ ու կանոնի, սոցիալական արդարության, ապագայի նկատմամբ վստահության, մարդկանց միջև վստահության, համամարդկային իդեալներին ձգտման և եկեղեցու նկատմամբ հարգանքի համեմատությունը: 3. «Երկրում անձի զարգացման հնարավորությունների պրոֆիլ», որում տրված է քաղաքական ազատությունների, մասնագիտական և կարյերային աճի և հարստանալու հնարավորությունների համեմատությունը: 4. «Երկրի անվտանգության պրոֆիլ», որում տրված է հայ ազգի ֆիզիկական և ազգային արժեքների պաշտպանվածության համեմատությունը։

Գծապատկեր 1. Խորհրդային Հայաստանի և արդի Հայաստանի Հանրապետության բնութագրերի պրոֆիլները


«Երկրի ընդհանուր զարգացածության» վերաբերյալ ուսանողների պատկերացումները ամբիվալենտ են։ Նրանք համարում են, որ Խորհրդային Հայաստանն ուներ իր ժամանակի համար ավելի զարգացած արդյունաբերություն և կրթություն, ապա արդի Հայաստանի Հանրապետությունն ունի գիտության և տեխնիկայի ավելի մեծ նվաճումներ և ավելի զարգացած մշակույթ։ «Երկրում սոցիալական կարգի» տեսակետից Խորհրդային Հայաստանն ավելի զարգացած էր, քան արդի Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ՝ համամարդկային իդեալների ձգտման և եկեղեցու նկատմամբ հարգանքի առկայությունից։ «Երկրում անձի զարգացման հնարավորությունների» և «Երկրի անվտանգության» տեսակետից արդի Հայաստանի Հանրապետությունն ավելի զարգացած է, քան Խորհրդային Հայաստանը։

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ ուսանողների պատկերացումներում առկա են տարրեր, որոնք համապատասխանում են պատմական իրականությանը և տարրեր` որոնք չեն համապատասխանում։ Մասնավորապես, ադեկվատ չեն ուսանողների պատկերացումները ՀԽՍՀ-ում և ՀՀ-ում գիտության զարգացման վերաբերյալ։ Դրա մասին են վկայում ՀԽՍՀ 1985 թ. և ՀՀ 2016 թ. գիտության ոլորտի մի քանի հանգուցային ցուցանիշները։ Մասնավորապես, եթե ՀԽՍՀ-ում կար 253 գիտական հիմնարկ, ապա ՀՀ-ում՝ միայն 69, ՀԽՍՀ-ում գիտության ոլորտում զբաղվածներ կազմել են 53800, իսկ ՀՀ-ում՝ 5615, ՀԽՍՀ-ում կար 8150 գիտության դոկտոր, իսկ ՀՀ-ում՝ 2841 (որոնց նշանակալի հատվածը՝ մնացել են ՀԽՍՀ-ից), ՀԽՍՀ-ում կար 6751 գիտության թեկնածու, իսկ ՀՀ-ում՝ 1578 [1, 2]։ Ցուցանիշների շարքը կարելի է շարունակել։

Ադեկվատ չեն ուսանողների պատկերացումները մշակույթի զարգացածության վերաբերյալ։ Դրա մասին են վկայում մասնավորապես այն, որ ՀԽՍՀ-ում հայ և համաշխարհային դասականների հրատարակությունների տիրաժները, որպես կանոն, կազմում էին մի քանի տասնյակ հազար օրինակ, իսկ ՀՀ-ում՝ մի քանի հարյուր։ «Կյանքի որակը Հայաստանում 2014» հետազոտությունում, երբ առաջարկվել էր թվարկել մշակույթի հայ գործիչներ, ապա երիտասարդները առավելապես նշել են ՀԽՍՀ ժամանակաշրջանի գրողների, նկարիչների և կոմպոզիտորների։ Հարկ է նշել, որ նույն հետազոտության տվյալներով Հայաստանի 18-30 տարեկան բնակչությունը նշանակալիորեն ավելի վատ է տեղեկացված համաշխարհային դասական մշակույթին, քան 60 և ավելի տարեկանները։

Ադեկվատ չի համեմատությունը Ձգտում դեպի համամարդկային իդեալները բնութագրի տեսակետից։ Ներկայիս ուսանողների շրջանում թերզարգացած են հասարակագիտական գիտելիքները։ Մասնավորապես, նրանց միայն 7%-ը գիտի, թե ինչ հասարակարգ է այսօր Հայաստանում [3]։ Նրանց պատկերացումներում համամարդկային արժեքները վերաբերվում են ընդամենը անձի ազատություններին (ինչը ինֆորմացիոն դաշտի առավել ինտենսիվ քարոզվող իդեոլոգեմների համակարգն է), որոնք առաջնային են աշխարհի բնակչության մոտ 15%-ի շրջանում։ Կոլեկտիվիստական արժեքները ստվերված են։ Ուսանողների գիտելիքներում բացակայում է սոցիալիստական փիլիսոփայական և սոցիալական հայացքների մի քանի հազարամյա պատմությունն և տեսությունը։ Մասնավորապես նրանք տեղյակ չեն, որ սոցիալիստական բարոյականությունը՝ քրիստոնեական բարոյականության աշխարհիկ տարբերակն է։

Ադեկվատ չեն ուսանողների պատկերացումները «Երկրի անվտանգության» պրոֆիլի տեսակետից։ Մասնավորապես, հայ ազգի ֆիզիկական պաշտպանվածության արդի նշանակալի բարձր գնահատականն, ըստ էության, ժառանգվել է Խորհրդային ժամանակաշրջանից, երբ, գերտերության` ԽՍՀՄ կազմում գտնվելու հետևանքով, հայաստանաբնակ հայերի աշխարհընկալումից փաստորեն անհետացել էր Թուրքիայի կողմից վտանգի զգացողությունը, որը դեռևս հարատևում է Հայաստանում ՌԴ ռազմաբազաների առկայության և ՀԱՊԿ անդամության արդյունքում։ Է՛լ ավելի ոչ ադեկվատ է համեմատությունը ազգային արժեքների պաշտպանվածության տեսակետից։ Ժամանակի հեռավորությունից ակնհայտ է, որ Խորհրդային Հայաստանում աննախադեպ պաշտպանված էր և զարգանում էր ազգային մշակույթը՝ ընդլայնվելով և իր մեջ ներառելով համաշխարհային դասական բարձր մշակույթը, ինչը պայմանավորված էր ԽՍՀՄ և ՀԽՍՀ մշակութային հստակ քաղաքականությամբ՝ դաստիարակել ազգային և համաշխարհային դասական մշակույթը և սոցիալիստական (= հումանիստական, կոլեկտիվիստական, «աշխարհիկ քրիստոնեական») արժեհամակարգը կրող անձ։

Միանգամայն ադեկվատ են ուսանողների պատկերացումներն այն մասին, որ արդի Հայաստանի Հանրապետությունում խորհրդային Հայաստանի համեմատ, ավելի զարգացած են «Անձի զարգացման հնարավորություններ» պրոֆիլի բոլոր բաղադրիչները՝ քաղաքական ազատությունները, մասնագիտական և կարյերային աճի հնարավորությունները, հարստանալու հնարավորությունը, ինչպես նաև «Երկրում սոցիալական կարգի» պրոֆիլի՝ հարգանք եկեղեցու նկատմամբ բաղադրիչը։

Ստացված արդյունքների առաջին մոտավորությամբ ընդհանրացման դեպքում, ՀԽՍՀ և ՀՀ համեմատության 15 բնութագրերից 10-ում (Գծապատկեր 1-ի 1, 2, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13 հարցերը), կամ՝ 67%-ում, ուսանողների հարաբերականորեն ավելի մեծ մասը տվել է ադեկվատ պատասխան։

Խորհրդային Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների աղբյուրները. Այս կոնցեպտը գնահատվել է հետևյալ հարցի միջոցով. «Այս Քարտում նշված ինֆորմացիայի աղբյուրներից նշեք երեք առավել կարևորները որոնցով հիմնականում տեղեկություններ եք ստացել Սովետական Հայաստանի մասին» (Աղյուսակ 3)։

Աղյուսակ 2. Խորհրդային Հայաստանի վերաբերյալ ԵՊՀ ուսանողների ինֆորմացիայի աղբյուրները


ՀԽՍՀ մասին ուսանողների առավել տարածված տեղեկությունների աղբյուրը նրանց ծնողներն են` նրանց, երեք հնարավոր պատասխանների շարքում նշել է ուսանողների 71%-ը։ Վիճակագրական հավաստիության սահմաններում, երկրորդ տեղում են խորհրդային շրջանի ֆիլմերը (երեք հնարավորից նշել է ուսանողների 50%-ը) և դպրոցը (46%): Դրանց հետևում են՝ գրքերը, հեռուստատեսայն հաղորդումները և ինտերնետը։ Հատկանշական է, որ համալսարանը` բացահայտորեն նշված ինֆորմացիայի աղբյուրների շրջանում, զբաղեցրել է վերջին տեղը (14%):

Հարկ է ուշադրություն դարձնել, որ խորհրդային շրջանի ֆիլմերը, որպես Խորհրդային Հայաստանի մասին ինֆորմացիայի 1-ին աղբյուր՝ ամենատարածվածն են (28%): Հաշվի առնելով, որ ներկայում խորհրդային շրջանի ֆիլմերից առավելապես հեռարձակվում են 1970-1980-ականների ֆիլմերը, որոնք ներկայացնում են Խորհրդային Հայաստանը «լճացման փուլում», որոնք գեղարվեստական մեծ ուժով արտահայտում են այդ ճգնաժամային փուլի համակարգային և սոցիալական արատները, ապա այդ ֆիլմերի ազդեցությունը երիտասարդների աշխարհայացքի վրա պետք է ենթադրել, որ ամբիվալենտ է և արժանի է հատուկ ուսումնասիրության։

Եզրակացություններ

Ուսանող երիտասարդության շրջանում, շնորհիվ նրանց ծնողների և դպրոցի, պահպանվել են Խորհրդային Հայաստանի վերաբերյալ բավարար ադեկվատ պատկերացումներ։ Այնուամենայնիվ, նրանց աշխարհայացքում խաթարված են խորհրդային շրջանում Հայաստանի մշակույթի, գիտության, ֆիզիկական պաշտպանվածության, ազգային արժեքների պաշտպանության և համամարդկային իդեալներին ձգտման մասին պատկերացումները։

Խորհրդային Հայաստանի և խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ նշված ոչ ադեկվատ պատկերացումները նվազեցնում են Հայաստանի ապագա վերնախավերի շրջանում երկրի զարգացման ուղիների, մոտեցումների և մեթոդների շրջանակը, մասնավորապես այն գործոնների ընկալումը, որոնք նպաստել են Խորհրդային Հայաստանի աննախադեպ արագ արդյունաբերական, գիտական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև ֆիզիկական և մշակութային պաշտպանվածությանը։

Հաշվի առնելով, որ ուսանողների շրջանում պատմական ադեկվատ հիշողության ձևավորման հարցում համալսարանն ունի իր կարգավիճակին և հեղինակությանն անհամապատասխան փոքր նշանակություն, անհրաժեշտ է քննական վերլուծության ենթարկել համալսարաններում Հայոց պատմության խորհրդային շրջանի ներկայացվածության և մեկնաբանությունների խնդիրները։ Մասնավորապես, պարտադիր է դրանց ներկայացումն ու մեկնաբանությունները համաշխարհային պատմության կոնտեքստում։

1 Բնութագրերի ցանկը կազմավորվել է ՀՀ Կառավարության պատվերով հեղինակի կողմից 2011-2016 թթ. իրականացված «Կյանքի որակը Հայաստանում» համապետական մասշտաբի ներկայացուցչական վեց զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների շարքի, ՀՀ ԿԳՆ պատվերով 2013-2015 թթ. ընթացքում Հայաստանի ամբողջ ուսանողնության շրջանում իրականացված երեք հետազոտությունների տվյալների համադրման միջոցով։

2 Ստացված տվյալների համատեքստում անուղղակիորեն իր բացատրությունն է ստանում երիտասարդության շրջանում 2018 թ. ապրիլի հայաստանյան «Թավշյա հեղափոխության» ընդունելիության բացառիկ բարձր աստիճանը։ Սոցիալական անարդարության կարևորագույն պատճառներից է կոռուպցիան, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի կոչը գործարկում և կոնսոլիդացնում է սոցիալական անարդարության բացակայության համընդհանուր ընկալումը։ Հիշենք, որ 1988 թ.-ին գործարկված էր ըստ էության նույնական հայեցակարգ-կարգախոս-ուղերձը. «Կոմունիստական նոմենկլատուրան տոտալ կոռումպցաված է, որի պատճառով ղարաբաղի հարցը չի կարող լուծում ստանալ ԽՍՀՄ կազմում»։ Այն կիրառվել է որպես ղարաբաղյան շարժման ընդլայնման, կոնսոլիդացման և իմաստափոխման տեխնոլոգիայի առանցք։ Եթե ազգային մակարդակում այդ թեզը հանդիսացել է ազգամիջյան հարաբերություններում անարդարության շտկման հիմքը, ապա գլոբալ մակարդակում այն հանդիսացել է ԽՍՀՄ-ի, որպես աշխարհաքաղաքական բևեռի և սոցիալիզմի՝ որպես արդար հասարակարգի քաղաքակրթական հայեցակարգի կազմալուծման տեխնոլոգիաների հիմքը։

3 Ակնհայտ է, որ «ամենակարևորը» և «երեք առավել կարևորները» տարբեր սոցիալական տեխնոլոգիաների հայեցակարգային հիմքեր են։ Այդ պատճառով ներկայացված երկու՝ «ոչ ամբողջությամբ համընկնող» պրոֆիլները ոչ թե միմյանց հերքում, այլ՝ միմյանց լրացնում են։

Գրականություն

1. Схема развития и размещения производительных сил Армянской ССР на период до 2005 года. Часть I. Госплан Армянской ССР НИИ Экономики и Планирования. Ереван 1988, էջ՝ 227-251։

2. Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թ․ հունվար-հուլիսին․ Տեղեկատվական ամսական զեկույց։ Ազգային վիճակագրական ծառայություն։ Երևան 2017, էջ՝ 204-209։

3. Մանուկյան Ս. Ա. Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ / 21-րդ ԴԱՐ, N5 (63), 2015, էջ 41-52։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր